«Հայերը ցանկանում են, որ 1915-ի կոտորածը ճանաչեն որպես հանցագործություն»

«Հայերը ցանկանում են, որ 1915-ի կոտորածը ճանաչեն որպես հանցագործություն»

Հոդվածի առանցքում

  • Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը 1915-ին ավելի քան 1 միլիոն հայերի ոչնչացումը հռչակեցին «հանցագործություն մարդկության դեմ» և այդ դաշնակիցները պաշտոնապես խոստացան պատժել ԱՄՆ-ի բնորոշմամբ վիթխարի աղետի, մի ամբողջ ցեղի դեմ կատարած ոճրագործության մեղավորներին: Բայց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր պատժել երիտթուրքերին այս «ոճրագործության» համար, որն այժմ կոչվում է «ցեղասպանություն», երբեք չիրականացվեց:
  • Այսպիսով, Բարաք Օբաման, ով դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը և 2008 -ին խոստացել է դա անել նախագահ ընտրվելուց հետո էլ, որպես նորընտիր նախագահ, չհանդգնեց արտասանել «ցեղասպանություն» բառը: Փոխարենը, նա այն կոչեց Մեծ եղեռն (հայերեն «մեծ հանցագործություն») և պնդեց, որ իր կարծիքը չի փոխվել:
  • Միացյալ Թագավորության ԱԳՆ, իհարկե, գիտեր, որ «ցեղասպանություն բառից խուսափելը խորամանկ քայլ է: Տեղեկատվության ազատության մասին օրենքում կա մի ներքին նշում, ըստ որի, «Բրիտանական կառավարությունը բաց է քննադատության համար բարոյական տեսանկյունից: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը... ներկա ուղղությունը միակ իրագործելի տարբերակն է: Նախարարներին խորհուրդ է տրվել խուսափել Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցանկացած միջոցառումներին մասնակցելուց, ինչպես նաև խուսափել այդ մասին խոսել Հոլոքոստի օրվա հիշատակումների ժամանակ:
  • ՄԹ ԱԳՆ կայքերը վերջերս հայտնել են, որ նախարարությունը հաստատել է երկրի «ավելի ակտիվ մասնակցությունը» հարյուրամյակի միջոցառումներին: Սակայն դեռևս չի վերացվել Հոլոքոստի հիշատակի օրը Հայոց Ցեղասպանությանը հղում անելու արգելքը: Պատմական ճշմարտությունը ընդունելու հարցում այս կառավարության պատրաստակամությունը պարզ կդառնա այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյան կամ ցանկացած նախարար կմասնակցի ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
  • Պահպանվում են 1915-ի բռնագրավված ակտիվներ, որը կարող են դեռ օգտակար լինել. ավերված եկեղեցիներ, որոնք կարող են վերականգնվել և վերադարձվել: Հայերը ցանկանում են վերականգնել իրենց պատմական հողերն արևելյան Թուրքիայում, ( ես առաջարկեցի, որ Թուրքիան Երևանից փառահեղ տեսք ունեցող Արարատ լեռը հանձնի որպես հաշտեցման ակտ): Բայց նրանք ավելին են ցանկանում և դրա իրավունքն ունեն:

Ուշադրությանն արժանի

Լեհաստան ներխուժումից առաջ Ադոլֆ Հիտլերը կոչ է արել իր գեներալներին գթասրտություն չցուցաբերել  այդ ժողովրդի հանդեպ, ոչ մի հաշվեհարդար չի լինի, քանի որ «ի վերջո, ով է այժմ խոսում հայերի ոչնչացման մասին»: «Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Այն սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Կոստանդնուպոլսում դրանից առաջ ու հետո «անհետացան»  մտավորականներն ու համայնքների ղեկավարները: Հայ ժողովրդի ավելի քան կեսի ոչնչացման հիշատակը ավելի կարևոր է, քան երբևէ: Չնայած Հիտլերը 1939-ին  ճանաչեց կոտորածը, մարդկության դեմ կատարված հանցագործությունը, որն իրականացրին Օսմանյան թուրքերը՝սպանելով այս հնագույն քրիստոնեական ժողովրդի մեծ մասին, երբեք չի հատուցվել կամ Թուրքիայի համար երբեք չի եղել ներողություն խնդրելու կամ հատուցման հարց:

Իսկ «Երիտթուրքերը», որոնք ղեկավարում էին Օսմանյան կառավարությունը, գազի վառարաններ չօգտագործեցին, բայց նրանք կոտորեցին տղամարդկանց, իսկ կանանց, երեխաներին և ծերերին անապատի միջով մահվան ուղարկեցին այն վայրերը, որոնք այսօր գտնվում են իսլամական պետության հսկողության տակ: Ճանապարհին հարյուր հազարավորները մահացան սովից կամ հարձակման ենթարկվեցին, իսկ շատ վերապրածներ էլ տիֆից մահացան համակենտրոնացման ճամբարներում: Թուրքական կառավարությունը հանձնարարել էր 1915-ին նրանց բռնի տեղահանել, իսկ հետո օրենքով թույլ տվեց գրավել նրանց հողերը, տներն ու եկեղեցիները՝ պատճառաբանելով, որ դրանք լքված են:

Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը 1915-ին  ավելի քան 1 միլիոն հայերի ոչնչացումը հռչակեցին «հանցագործություն մարդկության դեմ» և այդ դաշնակիցները պաշտոնապես խոստացան պատժել ԱՄՆ-ի բնորոշմամբ վիթխարի աղետի, մի ամբողջ ցեղի դեմ կատարած ոճրագործության մեղավորներին: Բայց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր պատժել երիտթուրքերին այս «ոճրագործության» համար, որն այժմ կոչվում է «ցեղասպանություն», երբեք չիրականացվեց:

Ժամանակակից Թուրքիան ֆինանսավորում է զանգվածային ցեղասպանության հերքման արշավը, պնդելով, որ մահվան երթերը ռազմական անհրաժեշտությամբ թելադրված տեղափոխություններ էին, իսկ ջարդերի (Եփրատն այնքան փաթաթված մարմիններով էր լցվել, որ փոխել էր հունը) ենթարկվել են մի շարք «անզուսպ պաշտոնյաներ»:

Թուրքիայում, այժմ կարող եք բանտ նստել, և ոմանք դա անում են, եթե փորձեք հաստատել, որ 1915-ին ցեղասպանություն է եղել: Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն այն ընդունվում է որպես հանցագործություն «թուրք ազգին վիրավորելու համար»:

Դրան հակառակ, որոշ եվրոպական երկրներում, հանցագործություն է համարվում Հայոց Ցեղասպանության ժխտումը: Շատ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Հունաստանի և Կանադայի խորհրդարանները, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգները Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են: Խնդիրն այն է, որ Թուրքիան «նյարդայնորեն» է ընդունում այդ թեման (neuralgic բառն օգտագործել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նկարագրելով իր վերաբերմունքը): Թուրքիան սպառնացել է վրեժխնդիր լինել, փակել իր օդանավակայանները ՆԱՏՕ-ի համար, երկրի սահմաններից հեռացնել փախստականներին:

Այսպիսով, Բարաք Օբաման, ով դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը և 2008 -ին խոստացել է դա անել նախագահ ընտրվելուց հետո էլ, որպես նորընտիր նախագահ, չհանդգնեց արտասանել «ցեղասպանություն» բառը: Փոխարենը, նա այն կոչեց Մեծ եղեռն (հայերեն «մեծ հանցագործություն») և պնդեց, որ իր կարծիքը չի փոխվել: Սակայն եթե Google-ում փնտրեք նրա 2008-ի նախընտրական ելույթը, կգտնեք նրա կարծիքը, որ դա ցեղասպանություն է:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա պատմությունն այստեղ նույնիսկ տարօրինակ է: 1915-ին ոչ մի ազգ ավելի վճռական չէր «մարդկության դեմ հանցագործությունը» բացահայտելու և պատժելու հարցում: Վայրագությունների ապացույցները հավաքված են Առնոլդ Թոյնբիի Կապույտ գրքում, և չնայած կառավարությունն այն հրատարակել էր քարոզչական նպատակներով, գիրքը դիմակայեց այն վարկաբեկելու բոլոր փորձերին: Վիստոն Չերչիլը դատապարտել է «հայերի տխրահռչակ համընդհանուր կոտորածն ու արտաքսումը …»: Վերջին տարիներին, ՄԹ ԱԳՆ-ն տեղեկացրել է նախարարներին իրադարձությունները կոչել «ողբերգություն», այն ժխտում է ցեղասպանությունը՝ պատճառաբանելով, որ «ապացույցները բավականաչափ միանշանակ չեն»:

Միացյալ Թագավորության  ԱԳՆ, իհարկե, գիտեր, որ «ցեղասպանություն բառից խուսափելը խորամանկ քայլ է: Տեղեկատվության ազատության մասին օրենքում կա մի ներքին նշում, ըստ որի, «Բրիտանական կառավարությունը բաց է քննադատության համար բարոյական տեսանկյունից: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը… ներկա ուղղությունը միակ իրագործելի տարբերակն է: Նախարարներին խորհուրդ է տրվել խուսափել Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցանկացած միջոցառումներին մասնակցելուց, ինչպես նաև խուսափել այդ մասին խոսել Հոլոքոստի օրվա հիշատակումների ժամանակ:

Այս դիրքորոշումն անընդունելի է, հատկապես, երբ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ բոսնիական սերբերը մեղավոր են Սրեբրենիցայի ցեղասպանության համար, որի ժամանակ 8000 տղամարդ էր սպանվել, 25000 կանանց և երեխաներին էլ արտաքսել էին: Բրիտանական արտգործնախարարությունը հրաժարվել է այն պնդումից, թե վկայությունները «ոչ բավականաչափ միանշանակ են»,  (չնայած Թուրքիայի կառավարության կայքը պնդում է, որ դա դարձյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն է), սկսվեց նոր բանաձևի որոնումը, որը կարող է պատասխանել  հարցին. «Արդյոք բրիտանական կառավարությունը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը»:

Հիմա, ՄԹ ԱԳՆ ասում է, որ կարեկցում է հայ ժողովրդին 1915-ի ողբերգության համար: Այն նաև պնդում է, որ կառավարությունները չպետք է լուծեն այդ «բարդ իրավական հարցը»: Սա  ցեղասպանությունից շեղվելու խորամանկ ձև է, մի փոքր, իհարկե, ճիշտ ուղղությամբ: Անցյալ տարի, նույնիսկ, խոսակցություն եղավ Հայոց Ցեղասպանության թանգարանին  Ազգային արխիվից  օսմանյան վայրագությունները հաստատող որոշ ֆայլերի օրինակները տրամադրելու վերաբերյալ: Սակայն, այն մերժվեց, պատճառաբանելով, որ իբր իրենց չեն կարող թույլ տալ լուսապատճենահանող ծախսերը՝ 431,20 ֆունտ ստեռլինգը: Ամենայն հավանականությամբ, պատճառը թուրքերի կատաղությունն էր:

ՄԹ ԱԳՆ կայքերը վերջերս հայտնել են, որ նախարարությունը հաստատել է երկրի  «ավելի ակտիվ մասնակցությունը» հարյուրամյակի միջոցառումներին: Սակայն դեռևս չի  վերացվել Հոլոքոստի հիշատակի օրը Հայոց Ցեղասպանությանը հղում անելու արգելքը: Պատմական ճշմարտությունը ընդունելու հարցում այս կառավարության պատրաստակամությունը պարզ կդառնա այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյան կամ ցանկացած նախարար կմասնակցի ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը: Նախարարները ապրիլի 25-ին ներկա կլինեն տարաբախտ-բրիտանական Anzac-ի Գալիպոլի մտնելու հարյուրամյակին նվիրված արարողությանը: Իսկ Երևանից այնտեղ թռչելը նրանց համար դժվար չէ, նրանք նաև վստահ են, որ Թուրքիան չի արգելի իրենց մուտքը երկիր:

Դարդանելի ափ դուրս գալն էլ իրականում դարձել է ցեղասպանության պատճառը: Այն օգտագործվեց որպես հայերի ոչնչացման արդարացում՝ պատճառաբանելով, որ նրանք կարող էին աջակցել դաշնակցային ուժերի ներխուժմանը: Վկայությունների ճնշող մեծամասնությունը հաստատում է ցեղասպանություն իրականացնելու  կառավարության  նպատակը: Գերմանացի և իտալացի դիվանագետներն ու չեզոք ամերիկացիները ցնցվել էին երիտթուրք առաջնորդների խոստովանությունից, որ իրենք պատրաստվում են վերացնել «հայկական հարցը» հայերին վերացնելով:

Դա երբեք չի կարող համարվել ցեղասպանության հիմնավորում: Դա հասկացել էր Ռաֆայել Լեմկինը՝ լեհ իրավաբանը, ով ստեղծեց այդ բառը և անխոնջ աշխատեց, որպեսզի  հայերի ոչնչացումը ճանաչվի որպես միջազգային հանցագործություն:

1948-ին ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության կոնվենցիայի ընդունմամբ Լեմկինը հասավ իր նպատակին: Այդ հանցագործության սահմանումը ներառում է  ռասայական կամ կրոնական խմբի մի մասի ոչնչացումը, այդ թվում նաև  կյանքին սպառնացող պայմանների ստեղծումը (ինչպես, օրինակ, մահվան երթերն են): Անկասկած դրա կիրառումը 1915-ին հանգեցնում է մեղավորության դատավճռի:

Դա, իհարկե, մեկ դար առաջ էր: Արդյո՞ք այն դարձյալ կարևոր է: Մեկ դար կենդանի հիշողության մեջ: Անցյալ տարի 103-ամյա կինը, որը փոքր երեխա էր, երբ մոր հետ անցել էր այրվող ավազների միջով, թեյ խմեց Օբամայի և աշխարհի ամենահայտնի հայ հետնորդի՝ Քիմ Քարդաշյանի հետ: Ամբողջ սփյուռքում վերապրածների երեխաների և թոռների  հոգեկան սպիներն ու հոգեբանական վնասվածքները այնքան ժամանակ իրենց զգացնել կտան, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հանցագործությունը և ներողություն խնդրել դրա համար:

Միջազգային իրավունքը կարող է որոշակի աջակցություն տրամադրել: Պահպանվում են 1915-ի բռնագրավված ակտիվներ, որը կարող են դեռ օգտակար լինել.  ավերված եկեղեցիներ, որոնք կարող են վերականգնվել և վերադարձվել: Հայերը ցանկանում են վերականգնել իրենց պատմական հողերն արևելյան Թուրքիայում, ( ես առաջարկեցի, որ Թուրքիան Երևանից փառահեղ տեսք ունեցող Արարատ լեռը հանձնի որպես  հաշտեցման ակտ): Բայց նրանք ավելին են ցանկանում և դրա իրավունքն ունեն: Նրանք ցանկանում են, որ Թուրքիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան ճանաչեն, որ 1915 թվականին իրենց ժողովրդի դեմ կատարվածը ոչ թե ողբերգություն է, այլ՝ հանցագործություն: Մարդկության դեմ կատարված հանցագործություն. Մեծ Բրիտանիան այսպես էր բնորոշել 1915-ին և պետք է կրկնի 2015-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment