Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի տոնակատարության հրավերը հայերը որակել են որպես «սադրանք»

Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի տոնակատարության հրավերը հայերը որակել են որպես «սադրանք»

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը աշխարհի առաջնորդներին, այդ թվում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ Թուրքիայի կողմից կազմակերպված փառատոնին:
  • Թուրքիայում բնակվող քրիստոնյա հայերը Էրդողանի այս քայլը որակեցին որպես «սադրանք»:
  • Ինչու՞ էր պետք հանկարծակի նշել Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը ապրիլի 24-ին, եթե «այն սկսվել է 1915 մարտի 18-ին և ավարտվել է 1916-ի հուվարի վերջին»,-հարցնում է Հայաստանի նախագահը:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը աշխարհի առաջնորդներին, այդ թվում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ Թուրքիայի կողմից կազմակերպված փառատոնին: Զուգատիպությամբ, դա հենց այն օրն է, երբ հայերը պատրաստվում են նշել Օսմանյան Կայսրության կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը:

Թուրքիայում բնակվող քրիստոնյա հայերը Էրդողանի այս քայլը որակեցին որպես «սադրանք»: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» օրաթերթի համաձայն` տեղական աղբյուրները իրենց հերթին Էրդողանի հրավերը որակեցին որպես «հիվանդագին մարդու անպատվաբեր արարք»:

Հայաստանը 2015-ի ապրիլի 24-ին պատրաստվում է միջազգային միջոցառում կազմակերպել` նվիրված Հայոց Ցեղասպանության նահատակներին:

Հայերը դիտարկում են 1915-ի ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության սկիզբ: Հենց այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին և հետագայում սպանվեցին: Մինոսոտայի Հոլոքոստի և Ցեղասպանագիտության Կենտրոնի տվյալներով` 1914-ին Օսմանյան Կայսրությունում բնակվում էին 2,133,190 հայ, իսկ արդեն 1922-ին` 387,800, ինչը նշանակում է որ մոտ 1,75 միլիոն մարդ սպանվել է:

Իր նամակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Էրդողանին` քննադատելով «ավանդական ժխտողականության քաղաքականությունը» և պահանջելով, որ որևէ հոբելյանական միջոցառում կազմակերպելուց առաջ Էրդողանը պետք է հասարակայնորեն ճանաչի և դատապարտի ցեղասպանությունը:

«Մի կողմ թողնելով Գալիպոլիի ճակատամարտի նշանակությունը և Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմներում Թուրքիայի կասկածելի դերը` մարդ, որը խաղաղության և բարեկամության կոչ է անում, առաջին հերթին պետք է առերեսվի իր անցյալի, պատմական արդարության հետ, ինչպես նաև պետք է ճանաչի համամարդկային հիշողության բոլոր էջերը, այլ ոչ թե նրանք, որոնք նա է ցանկանում»,- գրել է  Սերժ Սարգսյանը:

Ինչու՞ էր պետք հանկարծակի նշել Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը ապրիլի 24-ին, եթե «այն սկսվել է 1915 մարտի 18-ին և ավարտվել է 1916-ի հուվարի վերջին»,-հարցնում է  Հայաստանի նախագահը:

Սարգսյանը նշում է, որ դաշնակիցների տեղակայումը Գալիպոլիի ճակատամարտում տեղի է ունեցել 1915-ի ապրլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է դա հետապնդում, եթե ոչ միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց Ցեղասպանության տարելիցի միջոցառումներից»,- հարցնում է նա: Սերժ Սարգսյանը նշում է, որ «Մինչ տոնակատարություններ կազմակերպելը, Թուրքիան ավելի կարևոր պարտականություններ ունի իր սեփական ժողովրդի և համայն մարդկության առջև` Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Որպես նամակի  հավելում Սերժ Սարգսյանը հիշեցնում է Էրդողանին. «Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment