Հայկական հեռուստաալիքն աննախադեպ տեսանյութ է հեռարձակել հայերի և ադրբեջանցիների բարեկամության մասին

Հայկական հեռուստաալիքն աննախադեպ տեսանյութ է հեռարձակել հայերի և ադրբեջանցիների բարեկամության մասին

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել տեսանյութ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է վերականգնվել: Տեսանյութը քննադատությունների ալիք է բարձրացրել շատ քաղաքացիների շրջանում, որոնք ասում են` նման տեսանյութ հեռարձակելը վաղաժամ որոշում էր և այն գործիք կդառնա Ադրբեջանի ձեռքում: Տեսանյութը եթերում է եղել հունվարի 21-ին` մի քանի անգամ, Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկումների ժամանակ:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել տեսանյութ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է վերականգնվել: Տեսանյութը քննադատությունների ալիք է բարձրացրել շատ քաղաքացիների շրջանում, որոնք ասում են` նման տեսանյութ հեռարձակելը վաղաժամ որոշում էր և այն գործիք կդառնա Ադրբեջանի ձեռքում:

Տեսանյութը եթերում է եղել հունվարի 21-ին` մի քանի անգամ, Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկումների ժամանակ: Դրանում հարցազրույցներ են Ադրբեջանի հետ սահմանակից Այգպար գյուղի բնակիչների հետ, որոնք պատմում են 1990-ականներից և ԼՂ-ում պատերազից առաջ ադրբեջանցիների հետ ընկերության մասին: Տեսանյութի եթերում հայտնվելուց մի քանի օր առաջ հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, որից հետո հայտարարություն էր տարածվել` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին: Եվ սկսվեցին շահարկումներ, որ տեսանյութը հենց այդ կոչի ֆոնին պատրաստվել:

«Այգեպարից մինչև Ադրբեջանի Ալիբեյլի գյուղ 1.5 կմ է: Խորհրդային տարիներին երկու գյուղի բնակիչներն ընկերներ էին և այցելում էին իրար: Որոշ այգեպարցիներ նույնիսկ աշխատում էին Ալիբեյլիում, և ալիբեյլիցիներ էլ` Այգեպարում: Ամեն առավոտ նրանք գնում էին աշխատանքի, երեկոյան վերադառնում իրենց գյուղերը», – նշվում է ռեպորտաժում, ապա այգեպարցիներից մեկը հավելում է,- «Կոմունիստների ժամանակ ամեն ինչ լավ էր: Ես այնտեղ շատ բարեկամներ ունեի»:

Լրագրող և Անի կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը նույն ռեպորտաժում վստահություն է հայտնում, որ հայերն ու ադրբեջանցիները մի օր նորից կկարողանան ապրել կողք-կողքի: «Առաջին իսկ հնարավորության դեպքում հայերը Գյանջայից նուռ կբերեն վաճառելու և ադրբեջանցիներն էլ այստեղից հայկական կոնյակ կտանեն:

Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական բովանդակությունը ուժեղ մոնիթորինգի է ենթարկվում իշխանությունների կողմից, իսկ ավելի հաճախ ուղղորդվում, և այս հեռուստատեսության դիրքորոշումը ԼՂ հարցում հիմնականում նշանակում է կառավարության դիրքորոշում:

«Տպավորություն է, որ իշխանությունները սկսել են իրագործել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ԱԳ նախարարների համաձայնությունը: Տեսեք ինչ տեսանյութ են պատրաստել: Տեսեք ինչ կարոտով են այգեպարցիները խոսում այն օրերի մասին, երբ այցելում էին Ալիբեյլի»,- ֆեյսբուքում գրել է հստակ հակաադրբեջանական դիրքորոշմամբ հայտնի Հրանտ Մելիլք-Շահնազարյանը:

Շատ հայեր կարծում են, որ առաջին քայլը պետք է կատարեր Ադրբեջանը: «Խաղաղության կառուցման ուղղությամբ մի քանի տեսանյութեր պատրաստելու կարիք կլինի, բայց դա պետք է անեն երկու կողմերը»,- ասում է Հանրայինի լրատվական և վերլուծական ծրագրերի նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը, որն ավելի քան մեկ տասնամյակ աշխատել է և ասում է` իրեն երբեք չեն հրահանգել նման տեսանյութ պատրաստել. «Թեման շատ զգայուն է և զգուշությամբ է պետք գործել: Ես չեմ կարծում, թե ռեպորտաժը սպոնտան էր»:

Գոլոս Արմենի թերթի մի հոդվածում նշված է, որ երբ Բաքուն նույնիսկ չի փորձում վերջ տալ հայաֆոբիային, Հայաստանում որոշ խմբեր անհասկանալի էնտուզիազմով սկսել են ժողովրդին խաղաղության պատրաստել: Թերթը հավելում է, որ խաղաղության մասին Բաքվի հիմնական ուղերձն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի իրենց պահմաններով, հակառակ դեպքում կլինի նոր ռազմական ագրեսիա:

Հասարակության անհամաձայնության պատճառներից մեկն այն է, որ տեսանյութում Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ձևակերպվում է որպես տարածքային վեճ, երբ հայերը հիմնականում նախընտրում են հարցը ձևակերպել Ղարաբաղի հայ բնակչության ինքնապաշտպանության շրջանակում: Պատերազմից առաջ ԼՂ բնակչության 3/4-ը հայեր էին, մյուսները` ադրբեջանցիներ: Հիմա` 100 տոկոսը հայեր են:

«Բանակցությունների ժամանակ ադրբեջանական կողմը ևս փորձում է Արցախի կոնֆլիկտը ձևակերպել որպես տարածքային վեճ», – գրում է հայկական լրատվակայք Այսօրը տեսանյութի մասին նյութում: Դրանում ենթադրություն կա, որ խաղաղության ուղղությամբ առաջին քայլերը պետք է անի Ադրբեջանը: Եվ եզրակացություն. «Հուսով ենք, որ հարևան գյուղում չեն մոռանա խաղաղության մասին և իրենց դիրքերից կրակ չեն բացի մի ժամանակ իրենց ընկերը եղած այգեպարցիների վրա»:

«Դժգոհությունների մեկ այլ պատճառ էլ այն է, որ տեսանյութը թույլ էր ու չկապակցված և նկատելի էր քարոզչության  մուրճը: Դա անհնար էր չնկատել», – ասում է Հարություն Հարությունյանը:

Հանրայինի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են վարկածը, թե կառավարությունն է թելադրել նման տեսանյութ պատրաստել: Նրանք ընդգծում են նաև, որ տեսանյութում անդրադարձ կա նաև Վրաստանի և Հարավային Օսեթիայի իրավիճակին` պնդելով, որ Վրաստանի կառավարությունը վրացիների և օսերի կապը չի արգելում, իսկ Ադրբեջանն արգելում է երկու կողմի մարդկանց առնչությունները:

«Մենք ցույց չէինք տալիս երկու հակամարտությունների նմանությունը, մենք ցույց էինք տալիս տարբերությունը: Տեսանյութում մենք ասում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարդկանց հորդորում է չայցելել Հայաստան և Արցախ և նա ատելություն է քարոզում տարիներ շարունակ: Օսերի և վրացիների օրինակով մենք ցույց ենք տալիս, որ նման ատելությունն ու ատելության խոսքն անձնական հարաբերություններում գոյություն չունի, հակառակը` վրացիները փորձում են ինտեգրել օսերին», – ասում է Հանրայինի լրատվական և վերլուծական ծրագրերի գործող ղեկավար Պետրոս Ղազարյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment