Հայաստանի նոր կառավարությունը խաղադրույք է կատարում ազատ շուկայի վրա

Հայաստանի նոր կառավարությունը խաղադրույք է կատարում ազատ շուկայի վրա

Հոդվածի առանցքում

  • Կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ Փաշինյանն ասաց, որ «աղքատությունը մարդկանց մտքերում է», - ու հավելեց. «Տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն, ըստ էության, կախված են այն բանից, թե հայ քաղաքացիներից քանիսն են արձագանքելու մեր կոչին` դառնալ տնտեսական ակտիվիստ ու քանիսը կորոշեն օգտվել նույն հեղափոխական պլատֆորմի հնարավորություններից»: Իգիթյանը բարեփոխումները նույն ձևով բացատրեց: «Խոսքը ոչ թե ՀՆԱ-ի աճի մասին է, 3 կամ 5 տոկոս, այլ ինչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում օրենքին ու անձնական պատասխանատվությանը»:

Ուշադրությանն արժանի

 

Ջոն Ֆ. Քենեդու հայտնի խոսքերն իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով՝ վարչապետ Փաշինյանը ներկայացրեց նոր կառավարության գաղափարախոսական կողմնորոշումը:

Տնտեսական քաղաքականության շեշտը Փաշինյանն ու իր կառավարությունը դրել է միասնական եկամտահարկի նվազեցման, աշխատունակ քաղաքացիների նպաստների կրճատման և պետական աշխատողների ցուցակը կրճատելու վրա:

«Կառավարությունը ոչ թե միջնորդ, այլ՝ գործընկեր պետք է լինի», – Eurasianet –ի հետ զրույցում ասել է խորհրդարանական Հովհաննես Իգիթյանը՝ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքից: «Կառավարությանը չպետք է դիտարկել որպես գործատու, նրա դերը հաջողության հասնելու համար պայմաններ ստեղծելն է»:

Այս փիլիսոփայությունը զետեղված էր փետրվարին հրապարակված կառավարության հնգամյա ծրագրում, որն ինչպես Փաշինյանն էր խոստանում, պետք է «տնտեսական հեղափոխություն» ապահովեր:

Ծրագիրն ունի նպատակների լայն շրջանակ. վերակենդանացնել հայկական տնտեսությունը, նվազեցնել աղքատության ցուցանիշը, արմատախիլ անել կոռուպցիան ու ընդհանրապես բարելավել հայ բնակչության կենսամակարդակը: Բայց ծրագիրն իրականացնելու համար նախատեսված միջոցները հիշեցնում են 90-ականների տնտեսության տեսությունը, որն ավելի հայտնի է Վաշինգտոնյան կոնսենսուս անունով, ի դեպ այն այլևս արդիական չէ:

Ծրագրի միակ զգալի բարեփոխումը՝ միասնական հարկային դրույքաչափն է, որի դեպքում ակնկալվում է, որ նույնիսկ ամենաաղքատ հայերը նույն հարկային բեռն են կրելու ինչ՝ ամենահարուստները: Բարեփոխումը ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները պետք է իրենց եկամտի 23 տոկոսը հարկ վճարեն: համակարգի գործարկումից հինգ տարի անց, տեոկոսադրույքը կնվազի մինչև 20 տոկոս: (Ներկայիս համակարգը առաջադեմ է, որի մեջ ամենացածր հարկումը 23 տոկոս է, ամենաբարձրը `36 տոկոս): Բացի այդ, փոքր բիզնեսի զարգացումը խթանելու համար, 50,000 դոլարից պակաս տարեկան շրջանառությամբ ձեռնարկությունները կազատվեն հարկերից:

Թեև այս բարեփոխման ակնհայտ նպատակը հարկային բազայի ընդլայնումն է, այդուհանդերձ, որոշ վերլուծաբաններ, ինչպես օրինակ՝ Հրանտ Միքայելյանը, քննադատում են նախատեսվող բարեփոխումը՝ այն համարելով հնացած մակրոտնտեսական մտածողության արդյունք:

1980-ականների սկզբին Միացյալ Նահանգներում նմանատիպ սկզբունքների վրա հիմնված «Ռեյգանոմիկան» հանգեցրել է անհավասարության և սոցիալական շերտավորման ավելացմանը, ինչը ոչ միայն չի հաղթահարվել, այլև շարունակվում է մինչև օրս», – գրել է Միքայելյանը: «Հաշվի առնելով, որ անհավասարությունն այն է, ինչի հետևանքով տեղի ունեցավ հեղափոխությունը,, կառավարությունը մեծ ռիսկի է գնում»:

Կառավարությունը ձգտում է նաև կառավարման բյուրոկրատիայի օպտիմալացմանը, ասում է Իգիթյանը, – «Նախորդ իշխանության օրոք բազմաթիվ վարչություններ կրկնապատկվել են»: «Պատասխանատվությունների փոխանակման սկզբունքով նվազել է պատասխանատվության զգացումը»: Նա ասել է, որ առայժմ հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե արդյունքում որքան մարդ է կրճատվելու:

Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները բազմիցս ձևակերպել են տնտեսական խնդիրներն ու դրանց լուծումները բարոյահոգեբանական տեսանկյունից:

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ Փաշինյանն ասաց, որ «աղքատությունը մարդկանց մտքերում է», – ու հավելեց. «Տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն, ըստ էության, կախված են այն բանից, թե հայ քաղաքացիներից քանիսն են արձագանքելու մեր կոչին` դառնալ տնտեսական ակտիվիստ ու քանիսը կորոշեն օգտվել նույն հեղափոխական պլատֆորմի հնարավորություններից»:

Իգիթյանը բարեփոխումները նույն ձևով բացատրեց: «Խոսքը ոչ թե ՀՆԱ-ի աճի մասին է, 3 կամ 5 տոկոս, այլ ինչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում օրենքին ու անձնական պատասխանատվությանը»:

Առաջարկած բարեփոխումների մեջ է նաև սոցիալական նպաստների կրճատումն այն մարդկանց համար, որոնք ի վիճակի են աշխատել, նույնիսկ եթե գործազուրկ են: Կառավարությունը պնդում է, որ փոխարենը նպաստներ կստանան երեխաները, թոշակառուներն ու սահմանափակ կարողություններով անձինք: Նոյեմբերին խորհրդարանում ելույթ ունենալով՝ Փաշինյանն ասաց. «Մենք կօգնենք մեր քաղաքացուն ոտքի կանգնել, մեջքն ուղղել ու հավատալ սեփական ուժերին»: Հիմա խորհրդարանը քննարկում է նվազագույն թոշակը 16,000-ից 25,000 դրամ բարձրացնելու հարցը (մոտավորապես $33-ից՝ $52): Սեփական ուժերի վրա հույս դնելու կառավարության կոչը քննադատության արժանացավ:

«Սա նեոլիբերալիզմ է», – ասոում է Արմինե Իշխանյանը՝ Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի դասախոսը: «Փաշինյանը կառուցվածքային ու համակարգային գործոնները հաշվի չի առնում: Աղքատներին մեղադրում են աղքատ լինելու համար: Նրանց ծույլ են անվանում»:

«Անհատական, շուկայի վրա հիմնված մոտեցումը որևէ երկրում չի հաջողել», – պնդում է Իշխանյանը: «Այն երկրներում, որտեղ ներդրվել է նեոլիբերալ քաղաքականությունը, տեսանք նաև աղքատության ու անհավասարության աճ»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Փաշինյանն այլընտրանք չունի: Նա պետք է իրականացնի այս նեոլիբերալ ծրագրերը, քանի որ սոցիալական կառավարությունը հարուստների համար է, վերաբաշխելու համար դուք պետք է նախ՝ վաստակեք:

Կառավարության տնտեսական օրակարգում կան շուկայական մոտեցման որոշ հակակշիռներ: Կառավարությունը ծրագրում է մինչև 2021թ.-ը առողջապահության համակարգը վերափոխել ունիվերսալ առողջապահական համակարգի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment