Համաշխարհային մամուլը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի և Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին

Համաշխարհային մամուլը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի և Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին

Հոդվածի առանցքում

  • Վերմոնտի ներկայացուցիչների պալատն ու սենատը միաձայն ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը և այդ տարվա ապրիլի 24-ը հռչակեցին Հայոց Ցեղասպանության հիշատակման օր: Բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ ամերիկահայ հանրության ջանքերի շնորհիվ:
  • Կիպրոսի խորհրդարանը երկուշաբթի օրը եկել է համաձայնության փոփոխության ենթարկել ցեղասպանության ժխտմանը վերաբերող գործող օրենսդրությունը և քրեականացնել ցեղասպանության ժխտումը, եթե այդ ցեղասպանությունը ճանաչված է տեղի խորհրդարանի կողմից:
  • Cyprus Mail-ի մեկ այլ «Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը Կիպրոսում» հրապարակումը անդրադառնում է կիպրահայ համայնքի Մեծ Եղեռնի հիշատակմանը նվիրված միջոցառումներին, որոնք ընդգրկում են Հայոց Ցեղասպանությանը նվիրված նամականիշի թողարկում, մշակութային, գիտական միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպում, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրում:
  • Pasadena Now-ն հաղորդում է, որ ապրիլի 18-ին Փասադենայում կբացվի 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը՝ Հայոց Ցեղասպանությանը, նվիրված հուշարձան:
  • CSV News-ը «Ապրիլի 25. Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հանրային արվեստի ցուցահանդես» հոդվածում անդրադառնում է Լոս Անջելեսի Grand Park-ում Մեծ Եղեռնի հիշատակին կազմակերպված «Iwitness» ինտերակտիվ արվեստի ցուցահանդեսին, որի հեղինակներն են նկարիչներ Արա Օշագանն ու Լևոն Փարյանը:

Ուշադրությանն արժանի

Համաշխարհային մամուլը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով շարունակում  է անդրադառնալ աշխարհի տարբեր հատվածներում ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների, ցուցահանդեսների, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման հետ կապված զարգացումներին:

Burlington Free Press-ը անդրադառնում է ԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմնի Հայոց Ցեղասպանության ճանաչմանը «Վերմոնտի պատգամավորները ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը» հոդվածում:

Այն հաղորդում է, որ Վերմոնտի ներկայացուցիչների պալատն ու սենատը միաձայն ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը և այդ տարվա ապրիլի 24-ը հռչակեցին Հայոց Ցեղասպանության հիշատակման օր: Բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ ամերիկահայ հանրության ջանքերի շնորհիվ, մասնավորապես Վերմոնտից երկու ամերիկահայերի՝ գրող Քրիս Բոհջալյանի ու լոբիստ Ջեսիկա Օսկիի ակտիվ մասնակցությամբ, իսկ բանաձևի հեղինակն ու առաջարկողը՝ Վերմոնտի խորրդարանի դեմոկրատ պատգամավոր, արմատներով Իրանից գաղթած ասորի Ջոան Լենեսն է:

Բանաձևի ընդունումից հետո Բոհջալյանն ու մեկ այլ ամերիկահայ Դանա Վոլրաֆը ելույթ ունեցան Վերմոնտի ներկայացուցիչների պալատում: Ի դեպ, ինչպես հաղորդում է Burlington Free Press-ը, ցեղասպանության բանաձևի ընդունման նույն օրը Վերմոնտի նահանգային խորհրդարանում ընթանում էր թուրքական մշակույթին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ամերիկաթուրքական ասոցիացիաների խորհուրդը: Վերջինս հերքեց, որ թուրքական մշակութային միջոցառումը Վերմոնտի օրենսդիր մարմնում կապված է Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման հետ:

Շարունակելով ցեղասպանության ճանաչման թեման՝ Cyprus Mail պարբերականը «Հայոց Ցեղասպանության ժխտման քրեկանացման համաձայնություն» հոդվածում նշում է` Կիպրոսի խորհրդարանը երկուշաբթի օրը եկել է համաձայնության փոփոխության ենթարկել ցեղասպանության ժխտմանը վերաբերող գործող օրենսդրությունը և քրեականացնել ցեղասպանության ժխտումը, եթե այդ ցեղասպանությունը ճանաչված է տեղի խորհրդարանի կողմից:

Սպասվում է, որ օրենսդրության փոփոխությունը տեղի կունենա հինգշաբթի առավոտյան՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի՝ Կիպրոս կատարվելիք այցի ընթացքում: Պարբերականի հաղորդմամբ ՀՀ ԱԺ նախագահը պետք է ելույթ ունենա Կիպրոսի խորհրդարանում հինգշաբթի կեսօրին: Կիպրոսի օրենսդրությունը ցեղասպանության ժխտման կամ մարդկության դեմ հանցանքի, պատերազմի ժամանակ գործած հանցագործությունների ու ցեղասպանության փաստերի միտումնավոր խեղաթյուրման դեպքում նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում և/կամ 10 հազար եվրո տուգանք:

Cyprus Mail-ի մեկ այլ «Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը Կիպրոսում» հրապարակումը անդրադառնում է կիպրահայ համայնքի Մեծ Եղեռնի հիշատակմանը նվիրված միջոցառումներին, որոնք ընդգրկում են Հայոց  Ցեղասպանությանը նվիրված նամականիշի թողարկում, մշակութային, գիտական միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպում, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրում, Մեծ Եղեռնի թեմայով դասախոսությունների և հրապարակումների կազմակերպում: Կտպագրվեն նաև մի շարք գրքեր նվիրված ցեղասպանության նյութին ինչպես հայերեն, այնպես էլ հուներեն:

Pasadena Nowհաղորդում է, որ ապրիլի 18-ին Փասադենայում կբացվի 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը՝ Հայոց Ցեղասպանությանը, նվիրված հուշարձան: Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի բացումը հնարավոր դարձավ Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի կոմիտեի երեք տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Հուշահամալիրը 16 ֆուտ բարձրությամբ եռոտանի մի կառույց է, որը խորհրդանշում է Հայոց Ցեղասպանության օրերին այն կախաղանները, որի միջոցով թուրքական իշխանությունները մահապատժի էին ենթարկել հայ առաջնորդներին: Հուշահամալիրի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին ժամը 15:00 Փասադենայի Մեմորիալ պարկում (Pasadena’s Memorial Park):

CSV News-ը «Ապրիլի 25. Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հանրային արվեստի ցուցահանդես» հոդվածում անդրադառնում է Լոս Անջելեսի Grand Park-ում Մեծ Եղեռնի հիշատակին կազմակերպված «Iwitness» ինտերակտիվ արվեստի ցուցահանդեսին, որի հեղինակներն են նկարիչներ Արա Օշագանն ու Լևոն Փարյանը, իսկ ճարտարապետն է Վահագն Թովմասյանը: Շուրջ մեկ ամիս շարունակվող ինտերակտիվ ցուցահանդեսը պատկերում է Հայոց Ցեղասպանության վերապրածներին: Ապրիլի 25-ի բացման օրը այն կայցելի նաև Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ղեկավար Մայքլ Անտոնովիչը:

Write a comment