Հայոց Ցեղասպանության ժխտումն աշխարհն ավելի դաժան է դարձնում

Հայոց Ցեղասպանության ժխտումն աշխարհն ավելի դաժան է դարձնում

Հոդվածի առանցքում

  • Ես ունեմ հայ մանկահասակ երևակայական քույր: Իրականում նա նաև ձեր քույրն է, քանի որ նույն կերպ բոլորս կրում ենք 8-ամյա երեխայի երևակայական պատկերը, որը, գտնվելով Սիրիայում, անցած մի քանի տարիներին վախենում է իր կյանքի համար: Վերջ ի վերջո բոլորս էլ մարդ ենք:
  • Իմ հայ մանկահասակ երևակայական քույրը 4 տարեկան է, շատ է խոսում, հեշտությամբ շեղվում է, իմ առջև, օրինակ, չի սիրում քաղցրավենիք ուտել, ինձ հետ կապ չունեցող պատճառներով նա մահացել է 1916-ին:
  • Թուրքական ժխտողականությունն ասում է. «Նա, հնարավոր է, չի մահացել, հնարավոր է և մահացել է, բայց դա հենց նրա մեղքն էր, քանի որ հայերը բացահայտ ապստամբել էին պետության դեմ»: Շատ հետաքրքիր պատերազմ է ստացվում, որտեղ 4-ամյա երեխաներն ու ծերերը սպառնում էին ժամանակին հզոր կայսրության գոյությանը, և հենց դա թույլ չտալու համար նրանց սպանելը շատ էլ նորմալ երևույթ է ու տեղավորվում է «ինքնապաշտպանության» մեջ:
  • Որպես պատմաբան, որն աշխատում է Առաջին աշխարհամարտի տարիներին և 1920-ականներին Հայոց Ցեղասպանության և դրա շուրջ քննարկումների վրա` ես պարզապես չեմ կարող ընկալել, որ 100 տարի անց առաջընթացն այսքան փոքր է, փաստացի, նրանք պարբերաբար հետքայլ են կատարում: Սրա բացահայտ ապացույցն այս շաբաթ արտահայտվեց մի զույգ մարդկանցով, որոնց դժվար թե որևէ երևույթ կարող է միավորել. Ֆրանցիսկոս պապն ու Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան լայն լուսաբանման արժանացավ ու գնահատվեց «PR աղետ Թուրքիայի համար»:
  • «Հայոց Ցեղասպանությունը պատմության մի կտորն է, որին թույլ չեն տվել մնալ պատմություն: Այն շարունակաբար թափանցում է ներկայի մեջ և չի կարողանում գտնել իր պատմական հանգստությունը»: Պատկերացրեք Գերմանիան 1920-ականներին, որտեղ մի պահ լայնորեն տարածված էր մի ամբողջական «ազգի սպանության» պնդումը, որն իրականացրել էր Օսմանյան վերնախավը Առաջին աշխարհամարտի տարիներին: Հայոց Ցեղասպանության մասին գրված է գերմանական դիվանագիտական փաստաթղթերում, որոնք հրապարակվել են 1919 թվականին:
  • Որոշ գիտնականներ պնդում են, որ Ցեղասպանության ժխտումը դրա վերջին փուլն է, բայց հայերի դեպքում ժխտումը Ցեղասպանության մասն ու դրա թափ հավաքող շրջանն է: Սկսած 1915 թվականից` աշխարհը բախվել է «ճշմարտության» համար ցավալի պատերազմի հետ, որը, փաստացի, պայքար է` ուղղված Ցեղասպանություն իրականացնելու իրավունքի դեմ, քանի որ թուրքական ժխտողականությունը կարողանում է խուսանավելով հասնել իր նպատակին:
  • 100 տարի շարունակ աշխարհի բոլոր մեծ երկրների լրատվամիջոցները քննարկում են ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի արտաբերած «G» բառը, սերունդներին բացվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության պատճառների մասին տեղեկությունը և այն, թե ինչու է դա հիշվում այդքան ոչ լիարժեքորեն ու ինչու են զոհերը ներկայացվում որպես իրենց ճակատագրի մեղավորներ:
  • Ռեյդին անհանգստացնում էր հասարակական կյանքում զանգվածային կոտորածները շարունակաբար արդարացնելու միտումը, որը տարիներով արտահայտվում էր գերմանական մամուլում: Այս առիթով նա գրել է. «Անհնար է ողջունել մամուլում և հասարակության մեջ հայկական սարսափների վերաբերյալ քննարկումների ոճը, որի վրա մեծանում են հաջորդ սերունդները: Նրանք սովորում են խոնարհվել օպորտունիզմի և ռեալպոլիտիկի առջև, ինչը գերիշխող դառնալու դեպքում կոչնչացնի բոլոր ազնիվ նպատակները»:

Ուշադրությանն արժանի

Ես ունեմ հայ մանկահասակ երևակայական քույր: Իրականում նա նաև ձեր քույրն է, քանի որ նույն կերպ բոլորս կրում ենք 8-ամյա երեխայի երևակայական պատկերը, որը, գտնվելով Սիրիայում, անցած մի քանի տարիներին վախենում է իր կյանքի համար: Վերջ ի վերջո բոլորս էլ մարդ ենք:

Իմ հայ մանկահասակ երևակայական քույրը 4 տարեկան է, շատ է խոսում, հեշտությամբ շեղվում է, իմ առջև, օրինակ, չի սիրում քաղցրավենիք ուտել, ինձ հետ կապ չունեցող պատճառներով նա մահացել է 1916-ին: Ոչ ոք նրան չի գնդակահարել, նրա ծնողներին սպանել են, ու նա պարզապես մնացել է առանց ուտելիքի, խնամքի ու պատշաճ ապաստանի: Նա պարզապես դրանից մահացել է:  Որքան էլ որ փորձում եմ, որքան էլ որ ունեմ դրա կարիքը, չեմ կարողանում ուշքի գալ նրա մահից ու տառապանքներից: Ես պետք է հիշեմ նրան, հարգեմ նրա հիշատակը, կյանքը և մահը: Ես նաև պետք է հոգ տանեմ նրա նկատմամբ, կամ էլ գիտակցաբար անտեսեմ:

Խնդիրն այն է, որ ես պարզապես չգիտեմ, թե որտեղ սգամ նրա մահը, քանի որ իմ երևակայական հայ երեխան անընդհատ է մահանում՝ կրկին ու կրկին: Մենք ու մեր հայ քույրերը մնացել ենք 1915-1916 թվականներում: Թուրքական ժխտողականությունը (և դրան օգնողները) նրան, բայց նաև մեզ թույլ չեն տալիս հանգստանալ: (Պարզապես նայեք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքի վերևի հատվածին):

Թուրքական ժխտողականությունն ասում է. «Նա, հնարավոր է, չի մահացել, հնարավոր է և մահացել է, բայց դա հենց նրա մեղքն էր, քանի որ հայերը բացահայտ ապստամբել էին պետության դեմ»:

Շատ հետաքրքիր պատերազմ է ստացվում, որտեղ 4-ամյա երեխաներն ու ծերերը սպառնում էին ժամանակին հզոր կայսրության գոյությանը, և հենց դա թույլ չտալու համար նրանց սպանելը շատ էլ նորմալ երևույթ է ու տեղավորվում է «ինքնապաշտպանության» մեջ: Հենց այստեղ մենք արդեն տեսնում ենք  ժխտողականության հետ բանավիճելու անիմաստությունը: Խոսքը չի գնում, ժամանակակից ռազմական լեզվով ասած, «զուգորդված վնասի» մասին:

Ոչ, իմ հայ քույրը իր մյուս քույրերի, եղբայրների, պապիկների ու տատիկների հետ արտաքսվել է այնպես, որ ի վերջո մահանա: Ես տեսնում եմ նրան գերմանացի գրող ու Օսմանյան կայսրությունում դաշտային նախկին բժիշկ Արմին Ուեգների հայտնի նկարում, որն այսօր Հայոց Ցեղասպանության խորհրդանշական լուսանկարներից մեկն է: Ես լսում եմ այս ահագնացող ձայները, որոնք ինձ ասում են, որ շատ նորմալ է իմ հայ մանկահասակ քրոջը սպանելը…

Որպես պատմաբան, որն աշխատում է Առաջին աշխարհամարտի տարիներին և 1920-ականներին Հայոց Ցեղասպանության և դրա շուրջ քննարկումների վրա` ես պարզապես չեմ կարող ընկալել, որ 100 տարի անց առաջընթացն այսքան փոքր է, փաստացի, նրանք պարբերաբար հետքայլ են կատարում:

Սրա բացահայտ ապացույցն այս շաբաթ արտահայտվեց մի զույգ մարդկանցով, որոնց դժվար թե որևէ երևույթ կարող է միավորել. Ֆրանցիսկոս պապն ու Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան լայն լուսաբանման արժանացավ ու գնահատվեց «PR աղետ Թուրքիայի համար», ինչը ցույց է տալիս, որ անցած դարի ընթացքում ինչ-որ բան սարսափելիորեն սխալ է առաջ ընթացել:

Ճանաչման հաղթանակը նշելու փոխարեն, մարդիկ հարց են տալիս, թե ինչու էր Վատիկանն այսքան սպասում, ինչու էր հանձնվել ժխտողականությանը երկար տասնամյակներ և ինչու էր դա մոռացված: Մյուս կողմից, դրանից առաջ Հայոց Ցեղասպանության իրազեկման հարցով զբաղվում էր Քիմ Քարդաշյանը` բարոյական հարցը բարձրացնելով Վատիկանից առաջ: Մենք` Քարդաշյանները, ես, իմ հայ քույրը, աշխարհը և ժխտողները, երկար ժամանակ է խաղում ենք այս ընդունել-չընդունել այլանդակ խաղը: Չափից ավելի երկար ժամանակ:

«Հայոց Ցեղասպանությունը պատմության մի կտորն է, որին թույլ չեն տվել մնալ պատմություն: Այն շարունակաբար թափանցում է ներկայի մեջ և չի կարողանում գտնել իր պատմական հանգստությունը»:

Պատկերացրեք Գերմանիան 1920-ականներին, որտեղ մի պահ լայնորեն տարածված էր մի ամբողջական «ազգի սպանության» պնդումը, որն իրականացրել էր Օսմանյան վերնախավը Առաջին աշխարհամարտի տարիներին: Հայոց Ցեղասպանության մասին գրված է գերմանական դիվանագիտական փաստաթղթերում, որոնք հրապարակվել են 1919 թվականին: Հետագայում հրապարակվել է դրանց ավելի ընդգրկուն տարբերակը, և այսօր հասանելի են դրանց անգլերեն, նաև օնլայն տարբերակները:

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակցի դիվանագիտական միայն այդ փաստաթղթերն արդեն անհնար են դարձնում «G» բառի չօգտագործումը: Վերադառնանք 1920-ականներ:  Դիվանագիտական այս փաստաթղթերը լայնորեն քննարկման են արժանացել: Շատ փորձագետներ գրել են իրենց դիտարկումները, որոնք հրապարակվել են թերթերում:

Նախկին որոշ զինվորականների և աջակողմյան հայացքներով անհատների  որոշակի դիմադրությունից հետո հաստատվեց «ազգի սպանության» մասին իրազեկությունն ու այդ ձևակերպման համընդհանուր ճանաչումը: Բայց դրանից հետո նախկին (գերմանացի) ժխտողները նախաձեռնեցին մեկ այլ հակահարված, որից հետո քննարկումներն ավարտվեցին Ցեղասպանությունն արդարացնող հոդվածներով: Ավելի ուշ եկավ Հիտլերը, համաշխարհային մեկ այլ պատերազմ և դրանից էլ ավելի մեծ հանցագործություն մարդկության դեմ:

Հայոց Ցեղասպանությունը պատմության մի կտոր է, որին թույլ չեն տվել մնալ պատմություն: Այն շարունակաբար թափանցում է ներկայի մեջ և չի կարողանում գտնել իր պատմական հանգստությունը: Թուրքական ժխտողականությունն անընդհատ կանխում է Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվածների, փրկվածների, նրանց ժառանգների, իրավահաջորդ պետությունների և սփյուռքերի հանգստանալը: Ոչ միայն այսօրվա հայերն ու թուրքերը, այև 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը աշխարհի պատմության մասն են, որը դեռ նողկալի պայքարի գերին է, որն ընթանում է պարզ փաստերի անընդմեջ ներկայացմամբ:

Որոշ գիտնականներ պնդում են, որ Ցեղասպանության ժխտումը դրա վերջին փուլն է, բայց հայերի դեպքում ժխտումը Ցեղասպանության մասն ու դրա թափ հավաքող շրջանն է: Սկսած 1915 թվականից` աշխարհը բախվել է «ճշմարտության» համար ցավալի պատերազմի հետ, որը, փաստացի, պայքար է` ուղղված Ցեղասպանություն իրականացնելու իրավունքի դեմ, քանի որ թուրքական ժխտողականությունը կարողանում է խուսանավելով հասնել իր նպատակին: Սա տարբերվում է այլ Ցեղասպանությունները ժխտելուց, քանի որ այս դեպքում հիմնականում խոսք է գնում տեղի ունեցածն արդարացնելու մասին:

1915-1916 թվականներին հանցագործների մեղքը շատ հստակ է: Ցեղասպանության մեղսագործներին արդարացնելու և այդպիսիններին հիշատակելու փորձերը մարդկային գիտակցությունից դուրս են:

1894-96 թվականներին Աբդուլ Համիդ 2-րդի (Օսմանյան սուլթան) ժամանակ հայկական սարսափներից հետո գերմանացի հայտնի այլախոհ Մարտին Ռեյդը բարձրաձայնել էր գերմանական մամուլում հայերի դեմ բռնությունները արդարացնելու հարցը: Մյուսները նույնիսկ կիրառել են «Ցեղասպանություն» բառի գերմաներեն տարբերակը` նկարագրելով այդ իրադարձությունները: Դա Ռաֆայել Լեմկինի ստեղծած ձևակերպումից շատ առաջ էր: Ռեյդին անհանգստացնում էր հասարակական կյանքում զանգվածային կոտորածները շարունակաբար արդարացնելու միտումը, որը տարիներով արտահայտվում էր գերմանական մամուլում:

Այս առիթով նա գրել է. «Անհնար է ողջունել մամուլում և հասարակության մեջ հայկական սարսափների վերաբերյալ քննարկումների ոճը, որի վրա մեծանում են հաջորդ սերունդները: Նրանք սովորում են խոնարհվել օպորտունիզմի և ռեալպոլիտիկի առջև, ինչը գերիշխող դառնալու դեպքում կոչնչացնի բոլոր ազնիվ նպատակները»:

Ռեյդի ահազանգից 120 տարի անց մենք մի պահ կանգ ենք առնում և մտածում Ցեղասպանության ժխտողականության երկարատև ազդեցության, Ցեղասպանությունն արդարացնելու, միաժամանակ այդ պայմաններում ի հայտ եկող նոր սերունդների մասին: Այս հարցը արյունոտ 20-րդ դարի պատմության չդադարող աղմուկն է, որ լսում են մեր ականջները` հուշելով, որ Ցեղասպանությունը կարող է և հաջողել, որ դա իրականացնելը կարող է և նորմալ լինել:

Ամեն անգամ, երբ ինչ-որ կարևոր մարդ կիրառում է «G» բառը, թուրքական ժխտողականությունը պատասխանում է, և իմ հայ մանկահասակ քույրը կրկին ու կրկին մահանում է:

Մի ամբողջ դար՝ դժոխքի ցեղասպանական այս շրջապտույտից հետո, ժամանակն է, որ բոլորս կիրառենք «G» բառը և վերջնականապես ոչնչացնենք այս անեծքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment