Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը նյարդայնացնում է Անկարային

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը նյարդայնացնում է Անկարային

Հոդվածի առանցքում

  • Հայոց Ցեղասպանության հուշարձանի տեղադրման շուրջ Թուրքիայի կառավարության և Շվեյցարիայի հայ համայնքի միջև կոնֆլիկտ է սկսվել:
  • Հայ ակտիվիստներն ու դիտորդները պնդում են, որ Շվեյցարիան տեղի է տվել թուրքական ճնշումներին: Ըստ լուրերի` ՄԱԿ-ը նույնպես անցել է Թուրքիայի կողմը: Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանությունից:
  • Շվեյցարահայ ակտիվիստ Ստեֆան Քրիստենսենի խոսքով, տեղական իշխանությունը կհետևի արտաքին գործերի նախարարության խորհրդին, բայց նախագծի կազմակերպիչները դիմելու են դատարան: «Բեռնը կամ Անկարան իրավական որևէ հիմք չունեն Ժնևին ճնշելու համար»:
  • Թուրք նախկին մի հետախույզ անձը չբացահայտելու սկզբունքով Ալ-Մոնիտորին ասել է, որ Թուրքիայի կառավարությունը «ծախսում է հարյուր հազարավոր դոլարներ»` գաղտնի գործողություններ իրականացնելով Հայոց Ցեղասպանության հուշարձաններ տեղադրելու դեմ:

Ուշադրությանն արժանի

1915-ին Օսմանյան Թուրքիայի հայերի նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շուրջ Թուրքիայի կառավարության և Շվեյցարիայի հայ համայնքի միջև հակամարտությունը մուտք է գործել վճռական փուլ: Հակասությունները սրվել են տասնամյակներ շարունակվող փոխադարձ կասկածամտությամբ և վիրավորանքով` խնդիրներ առաջացնելով Բեռնի կենտրոնական կառավարության և Ժնևի տեղական իշխանության միջև, որտեղ և նախատեսվում է տեղադրել հուշարձանը:

Ցեղասպանության հիշատակման օրվանից` ապրիլի 24-ից մի քանի ամիս առաջ խաղադրույքներն ավելին են, քան երբևէ, և առայսօր Թուրքիան առավելություն ունի:

Դեկտեմբերին Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեմ է Ժնևի կենտրոնում հայկական հուշարձանի տեղադրմանը, որովհետև «դաշնային իշխանության համար կարևոր է պահպանել Ժնևի բացարձակ չեզոքությունը», որտեղ տեղակայված են ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գրասենյակները: Այս մասին ցնծությամբ է հայտարարել  Թուրքիայի կիսով չափ պետական Անադոլու գործակալությունը:

Հայ ակտիվիստներն ու դիտորդները պնդում են, որ Շվեյցարիան տեղի է տվել թուրքական ճնշումներին: Ըստ լուրերի` ՄԱԿ-ը նույնպես անցել է Թուրքիայի կողմը: Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանությունից:

Ժնևում բնակվող հայ գիտնական Վիգեն Չեթերյանը Ալ-Մոնիտորի հետ զրույցում ասել է, որ «սա միջազգային սկանդալ է, քանի որ Շվեյցարիայի դիվանագիտությունը ինքնակամ հանձնվել է թուրքական պահանջներին: Արվեստի գեղեցիկ աշխատանքը տեղադրվելու համար այժմ փնտրում է ապահով վայր: Այն արտահայտում է մի ժողովրդի զոհողությունների և մարդկության հերքված հիշողությունը»:

Նախագիծը կոչվում է «Հիշողության լապտեր»` բաղկացած փողոցային ութ լամպերից, որոնք տեղադրված են կենտրոնական զբոսայգիներից մեկում գտնվող  կամարի վրա: Այն գտնվում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ՄԱԿ-ի նախորդի` Ազգերի Լիգայի նախկին կենտրոնակայանի` Ազգերի Պալատի շենքերի միջև:

Ըստ նախագծի, լուսարձակները պետք է տեղադրվեն ինը մետրի վրա, նրանցից կախված են արցունքի կաթիլներ, որոնց մեջ անցորդները կկարողանան տեսնել իրենց իսկ պատկերը: Լուսարձակների վրա գրված կլինեն տեղահանության և զրկանքի վերաբերյալ հոգեվերլուծաբան Ջանին Ալթունյանի տողերը, ում ծնողները փրկվել են Ցեղասպանությունից:

Մեկնաբանություն ստանալու համար Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հետ կապվել չհաջողվեց, նա չպատասխանեց զանգերին: Բայց թուրք պաշտոնյաները, որոնք խնդրեցին չբացահայտել իրենց ինքնությունը, Ալ-Մոնիտորին ասացին, որ 2008-ին ֆրանսահայ Մելիք Օհանյանի նախագծած բրոնզե հուշարձանը չտեղադրելու որոշումը Շվեյցարիայի կառավարությունը ընդունել էր «ոգևորված»: Ըստ Շվեյցարիայի դաշնային օրենքների, վերջին խոսքը պատկանում է Ժնևի տեղական իշխանությանը, որի վճիռը սպասվում է հունվարի կեսին: Շվեյցարահայ ակտիվիստ Ստեֆան Քրիստենսենի խոսքով, տեղական իշխանությունը կհետևի արտաքին գործերի նախարարության խորհրդին, բայց նախագծի կազմակերպիչները դիմելու են դատարան: «Բեռնը կամ Անկարան իրավական որևէ հիմք չունեն Ժնևին ճնշելու համար»:

Այն, որ շվեյցարացիները միշտ էլ իրենց զորակցությունն են հայտնել հայերին, նորություն չէ: 19-րդ դարի վերջում, երբ Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը բռնություններ կիրառեց հայերի դեմ, ավելի քան 400 հազար շվեյցարացիներ (բնակչության 13.7%-ը) ստորագրեցին պահանջագիր` պնդելով, որ Շվեյցարիան պետք է միջամտի Բարձր Դռան քաղաքականությանը և վերջ դնի դաժանություններին:

Շվեյցարացի դեղագործ Յակոբ Կանցլերը և իր կինը` էլիզաբեթը, զգալի տեղ են գրավել հերոսների հայկական պանթեոնում: 1899-ից 1922-ը զույգը Թուրքիայում և Լիբանանում փրկել է  հազարավոր հայ որբերի:

Շվեյցարիան ունի օրենք, որը քրեական հանցանք է որակում ցեղասպանության ժխտումը կամ արդարացնումը: 2007-ին դաշնային դատարանը թուրք գրող և աջակողմյան հայացքներով քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել ռասսայական խտրականության համար, քանի որ նա, գտնվելով շվեյցարական հողի վրա, Ցեղասպանությունը անվանել էր «միջազգային կեղծիք»:

Այս գործը հայտնվել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում (ՄԻԵԴ) 2013-ին: Ստրասբուրգում տեղակայված դատարանը վճռել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը: Մարտին Շվեյցարիան բողոքարկել է  ՄԻԵԴ-ի 17 դատավորներից բաղկացած Մեծ Ժողովի վճիռը:

Իրավաբանների իր թիմով Շվեյցարիային է միացել Հայաստանը: Այս գործի վերջին նորությունն այն էր, որ դրան միացել է Լիբանանում ծնված և մարդու իրավուքնների ոլորտում մեծ հարգանք վայելող Ամալ Ալամուդդինը, ով նաև դերասան Ջորջ Քլունիի կինն է: Պարզվեց, որ Ալամմուդինի մեծ հորեղբայրը` Նաջիբը, ամուսնացած էր Կանցլերի դստեր` Իդայի հետ:

Փերինչեքը պարզապես կրկնել է Թուրքիայի պաշտոնական տեսակետը: Թուրքիան հերքում է, որ 1915 թվականի ողբեգությունը Ցեղասպանություն էր: Թուրքիան իրադարձությունները տեսնում է բոլորովին այլ կերպ, պնդելով, որ հայերից շատերը մահացել են ցրտից, սովից և հիվանդություններից, երբ նրանց բռնի տեղափոխել են  Սիրիայի անատապատներ: Սա Թուրքիայի արտաքին քաղաքականության անկյունաքարն է: Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանների դեմ պայքարը հենց սրա մասն է:

Երբ Կալիֆոռնիայի Մոնտեբելլո բնակավայրի հայերը 1960 թվականին որոշեցին հուշարձան կառուցել, թոշակի անցած մի զինվորական, որը Թուրքիայի պատվավոր գլխավոր հյուպատոսն էր, քաղաքային խորհրդում լոբբսիտական ջանքեր գործադրեց դրա կառուցումը կանխելու համար:

Դրվագը շատ գունեղ նկարագրել է լրագրող Մայքլ Բոբելիանը 2009 թվականին լույս տեսած իր գրքում, որը կոչվում է «Հայաստանի երեխաները. Մոռացված ցեղասպանություն և մեկ դար ձգվող արդարության պայքարը»: Գրքից տեղեկանում ենք, որ Գոլդսմիթը մեղադրել է հայերին «կոմունիստական դավադրություն կազմակերպելու համար», և որ Պետքարտուղարությունը «ճնշում է գործադրել  Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի վրա` ստիպելով չեղարկել նախագիծը»:

Խորհուրդը քվեարկել է հուշարձանի կառուցման օգտին, բայց «ենթարկվել է Պետքարտուղարության ցանկությանը»` մերժելով Ցեղասպանության հիշատակման օրը քաղաքի հատուկ օրերի ցուցակում ընդգրկելու հայերի պահանջը: Թուրք նախկին մի հետախույզ անձը չբացահայտելու սկզբունքով Ալ-Մոնիտորին ասել է, որ Թուրքիայի կառավարությունը «ծախսում է հարյուր հազարավոր դոլարներ»` գաղտնի գործողություններ իրականացնելով Հայոց Ցեղասպանության հուշարձաններ տեղադրելու դեմ: Կալիֆոռնիան ԱՄՆ-ում հայկական ամենամեծ  սփյուռքի տունն է, այստեղ 1973-ից 1982 թվականներին, որպես վրեժ, հայերը թուրք երեք դիվանագետ են սպանել:

2011-ին հուշարձանների դեմ պատերազմը հասավ Կարս: Դա մի քաղաք է, որը մոտ է հայ-թուրքական փակ սահմանին, որտեղ նախկին քաղաքապետը շահագործման հանձնեց հաշտություն խորհրդանշող մի հուշակոթող: Թուրքիայի նախագահ (այդ պահին վարչապետ) Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանեց «գարշելի և այլանդակ», որը պետք է քանդել, իսկ այդ վայրում գեղեցիկ զբոսայգի կառուցել: Երկու հսկա արձանները միմյանց էին նայում, նրանց ձեռքերը միմյանց էին ուղղված ի նշան խաղաղության: Հուշարձանի ապամոնտաժումը սկսվեց արձանների գլուխներից, դա տեղի ունեցավ նույն տարվա ապրիլին: Նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյողլուի խոսքով «Հուշարձանի ապամոնտաժումը ավելի ծախսատար էր, քան դրա կանգնեցումը»:

Նման գործողությունները հակասում են այն մեղմությանը, որը վերջին շրջանում նկատվում է Թուրքիայի պետական դիրքորոշման մեջ: Անցած տարի Էրդողանը այնքան հեռու գնաց, որ ներողություն խնդրելու տարբերակ գտավ, երբ ապրիլի 24-ին իր հայտարարությամբ ընդունեց հայերի տառապանքների փաստը:

«Ցեղասպանություն» բառի օգտագործումը Թուրքիայում այլևս քրեական հանցնաք չէ: Ալ-Մոնիտորի հետ զրույցում Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի պատմության մասնագետ Հեղնար Զեյթլյան Ուոթենփողը նշել է, որ Թուրքիայի շարունակական ջանքները հուշարձանների դեմ «սարսափելի բռնություններ են մեր հիշելու իրավունքի և մեր ողջ լինելու ուրախության դեմ»:

Անկարան կարող է հաջողության հասնել` անջատելով Ժնևի «հիշողության լամպերը»: Անցյալի վերքերի բուժումը կարող է ավելի ծանր լինել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment