Հայ ներգաղթյալները կանգնել են ռուսական փոփոխվող աշխատաշուկայի առջև

Հայ ներգաղթյալները կանգնել են ռուսական փոփոխվող աշխատաշուկայի առջև

Հոդվածի առանցքում

  • Հունվարի սկզբին Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունը հաշվարկել է, որ սեզոնային աշխատանքի ժամանող արտասահմանցի աշխատողների քանակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 70 տոկոսով: Դրա պատճառը տնտեսության անկումն ու միգրացիոն նոր օրենսդրությունն է:
  • Հայաստանը հունվարի 1-ից միացել է Եվրասիական տնտեսական միությանը, որի մյուս անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Սա նշանակում է, որ նրանք առանց աշխատանքի թույլտվության մինչև երեք տարի կարող են աշխատել անդամ բոլոր երկրներում: Նրանց միայն պետք է անձնագիր և աշխատանքային պայմանագիր:
  • Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը վստահ է, որ հայերը միայն օգուտներ կստանան` լինելով օրինական միգրանտներ Եվրասիական միության տարածքում.Ռուսաստանը պայքարում է անօրինական միգրացիայի դեմ, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությունը ապահովում է աշխատուժի ազատ տեղաշարժ:
  • «Քանի դեռ մենք մուտք ենք գործել տնտեսական մի բլոկի մեջ, որի առանցքային անդամի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, կարևոր չէ, որ սահմանափակումները կվերացվեն»:

Ուշադրությանն արժանի

Նոր աշխատաշուկան ներգաղթյալների համար հեշտացնում է մուտքը Ռուսաստան, բայց այս տարի աշխատանքի հնարավորությունները ավելի քիչ են լինելու:

Ավելի քան տասը տարի Անդրանիկ Սահակյանը Ռուսաստանի Օրյոլ քաղաքում կատարում է շինարարի սեզոնային աշխատանք և գումար է ուղարկում Հայաստանում բնակվող իր մեծ ընտանիքին: Բայց Նոր տարվա արձակուրդներին բարեկամներին տեսակցելու նպատակով վերադառնալով Վանաձոր` նա վստահ չէ, որ սովորականի պես, մարտին կվերադառնա Ռուսաստան:

Սահակյանը մտահոգ է, քանի որ այս տարի նա աշխատանք չի գտնի Ռուսաստանի տնտեսության վիճակի պատճառով:

Նավթի գների անկումն ու արևմտյան պատժամիջոցները ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլին արժեզրկել են 40 տոկոսով, և քանի որ աշխատաշուկայում նվազում են ներդրումները, արտասահմանյան սեզոնային աշխատողները առաջիններից են լինելու,որ կկորցնեն աշխատանքը: Նրա խոսքով, «Ռուսաստանում իրավիճակն այժմ այլ է, աշխատանքը կանգնել է, նախկին վիճակից ոչինչ չի մնացել»:

Հունվարի սկզբին Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունը հաշվարկել է, որ սեզոնային աշխատանքի ժամանող արտասահմանցի աշխատողների քանակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 70 տոկոսով: Դրա պատճառը տնտեսության անկումն ու միգրացիոն նոր օրենսդրությունն է, որն ուժի մեջ է մտել հունվարի 10-ից:

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով, Մոսկվան փորձում է նվազեցնել արտասահմանյան աշխատողների քանակը, որոնց կարիքը նման պայմաններում չի զգում: Երբ տնտեսությունն աճում էր և նավթի գները բարձր էին, Ռուսաստանի ղեկավարությունը «հաշվարկել էր ներգաղթյալների քանակը, սահմանել էր քվոտաներ Ռուսաստանի ժողովրդագրական բացասական ցուցանիշները հավասարակշռելու համար: Դրանց միջոցով արտասահմանյան աշխատողները զբաղվում էին կոնկրետ աշխատանքով: Բայց այժմ այս ձևով աշխատանք այլևս չկա»:

Եթե հայերը կարողանան աշխատանք գտնել, կշահեն պարզեցված բյուրոկրատական համակարգից: Հայաստանը հունվարի 1-ից միացել է Եվրասիական տնտեսական միությանը, որի մյուս անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Սա նշանակում է, որ նրանք առանց աշխատանքի թույլտվության մինչև երեք տարի կարող են աշխատել անդամ բոլոր երկրներում: Նրանց միայն պետք է անձնագիր և աշխատանքային պայմանագիր:

Արտագնա որոշ հայ աշխատողներ մտահոգ են ռուսական նոր օրենսդրությամբ, որը գործում է հունվարի 10-ից և որի համաձայն արտասահմանցիները կարող են ենթարկվել վտարման ու կանգնել վերադառնալու արգելքի առաջ, եթե խախտեն բնակության կանոնները:Եվրասիական միությանը չանդամակցող երկների քաղաքացիները, օրինակ վրացիները, տաջիկները և ուզբեկները, բախվում են երեքից տասը տարի Ռուսաստան մուտք գործելու արգելքի վտանգին:

Արգելքի ժամկետը կախված է նրանից, թե որքան երկար են նրանք շարունակում անօրինական մնալ Ռուսաստանում թույլատրված երեք ամիսը լրանալուց հետո: Համեմատության համար կարելի է նշել, որ հայերն այս վտանգից ազատված են և վտարման կենթարկվեն միայն օրենք խախտելու, օրինակ առանց պայմանագրի աշխատելու դեպքում:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը վստահ է, որ հայերը միայն օգուտներ կստանան` լինելով օրինական միգրանտներ Եվրասիական միության տարածքում. «Ռուսաստանը պայքարում է անօրինական միգրացիայի դեմ, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությունը ապահովում է աշխատուժի ազատ տեղաշարժ: Ճիշտ այնպես, ինչպես Եվրամիությունն ունի ընդհանուր աշխատաշուկա, Եվրասիական միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի ու Ղազախստանի քաղաքացիները բոլոր չորս երկրներում ունեն աշխատողի հավասար կարգավիճակ»:

Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախաձեռնության խմբի ղեկավար և միգրացիոն հարցերի փորձագետ Ռուբեն Եգանյանի խոսքով, անցած տարի Հայաստանի մոտ 200  հազար քաղաքացիների արգելել են մուտք գործել Ռուսաստան նախկինում խախտումներ թույլ տալու համար: Նման արգելքների առաջ կանգնած «մեծ թվով մարդիկ կարող են հայտնվել անհույս վիճակում, քանի որ այստեղ (Հայաստանում) նրանք աշխատանք չունեն, իսկ Ռուսաստան մուտք գործելն արգելված է»:

Նրա խոսքով, տնտեսական միությանը միանալը կկարգավորի Ռուսաստանում հայերի աշխատելու խնդիրը, չնայած այդ երկրի տնտեսության խնդիրներին, որոնք, թվում է, ի չիք են դարձնում բոլոր օգուտները:

«Քանի դեռ մենք մուտք ենք գործել տնտեսական մի բլոկի մեջ, որի առանցքային անդամի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, կարևոր չէ, որ սահմանափակումները կվերացվեն»:

Ռուբլին արժեզրկվել է հայկական արժույթի նկատմամբ, ինչի հետևանքով միգրանտների` տուն ուղարկվող գումարներն այժմ ավելի քիչ են: Արտասահմանյան աշխատողների քանակի կրճատումը անխուսափելիորեն հանգեցնելու է դրամական փոխանցումների կրճատմանը:

Եղիազարյանը նշել է. «Ռուսաստանից կատարվող դրամային փոխանցումները հավասարազոր, անգամ ավելի մեծ են, քան Հայաստանի արտահանման տարեկան ծավալները: Արտահանումը տարեկան կազմում է 1.3-ից 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ դրամային փոխանցումները բանկային համակարգի միջոցով հասնում են 1.5 միլիարդ դոլարի: Պատկերացրե՛ք սրա ազդեցությունը մի երկրի վրա, որի ՀՆԱ-ն կազմում է տասը միլիարդ դոլար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment