Հայաստանում արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականն արտասահմանում սիգարի ձեռնարկատեր է, որն ունի պարքեր
Ուշադրությանն արժանի
Որպես Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը զբաղվում է Երևանի համար ամենանուրբ` Ռուսաստանի հետ հարաբերություններով: Հուլիսին պաշտոն ստանալով՝ նա պարբերաբար հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, Փաշինյանի հետ Մոսկվա է մեկնել և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մասնակցած պատվիրակության կազմում է եղել: Դա սեպտեմբերի սկզբին էր:
Միաժամանակ Միացյալ Նահանգներում նա դատական քաշքշուքի մեջ էր չվճարված պարտքերի գործով: Նա ունի երկքաղաքացիություն՝ ԱՄՆ–ի և Հայաստանի: Ըստ Eurasianet-ի ուսումնասիրած հանրային փաստաթղթերի, վերջին երեք տարում Գասպարյանի դեմ երեք դատական գործ է հարուցվել չվճարված 25,000 դոլար պարտքի համար: Երկու գործերը փակված են, բայց երրորդը դեռ ընթանում է: Դա հոկտեմբերի 1-ին Ֆլորիդայի դատարանում նրա դեմ քննվող գործն է: Ամենավերջինը:
Թեև ֆինանսական դժվարությունները սովորական են, թվերն էլ այս գործում մեծ չեն, սակայն հարցերն անխուսափելի են: Հատկապես՝ Գասպարյանի խոցելիության և չեզոքության մասին: Շատ երկրներում պարտքերը պաշտոնանկությունների պատճառ են դառնում նույնիսկ ցածր պաշտոններ զբաղեցնողների համար: Միացյալ Նահանգներում նման ֆինանսական պատմությունը «կարմիր քարտ» է՝ ասում է Էնդի Ռայթը, որը Սպիտակ տանն Օբամայի նախագահության տարիներին աշխատել է խորհրդական:
Իհարկե, Հայաստանն այլ ավանդույթներ ունի, բայց Փաշինյանը Գասպարյանին իրեն խորհրդական է ընտրել և Հայաստանն ունի արտաքին քաղաքական սխալներ: Սա կարող է նյութ դառնալ քննադատների համար, որոնք ասում են` նոր լիդերի թիմը խնդրահարույց է:
2015-ին, երբ դատարանը քննում էր կրեդիտ քարտերի չվճարված պարտքերի գործով American Express-ի հայցն ընդդեմ Գասպարյանի, հրապարակվեց մի նամակ, որում Գասպարյանը գրել էր՝ «ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում է»:
2016-ին Գասպարյանը մեկնել էր Հայաստան` վաճառելու սեփականության մի մասը, վերադարձնելու ընկերոջ պարտքը՝ 10.000 դոլար: Դատարանին ներկայացված էլեկտրոնային նամակներում նա փորձում է ընկերոջը՝ Գրեգ Քահվաջյանին բացատրել իր դժվար իրավիճակը: Գասպարյանը Քահվաջյանի պարտքը պետք է վերադարձներ 2014-ին: Պատասխան նամակում նկատվում է, որ Քահվաջյանը կորցնում էր համբերությունը` գրելով. «Վերադարձրու ինձ իմ փողերը: Արդեն բավական է»:
Գասպարյանը Eurasianet-ին ասել է, որ դատական գործերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի:
«Դա քաղաքացիական հայց է, և ոչինչ չի փոխվի, եթե դուք գրեք այդ մասին, որովհետև դա ոչ ոքի չի հետաքրքրում: Սա խիստ անձնական հարց է», – ասել է Գասպարյանը` հավելելով, որ չի մասնակցելու դատական հաջորդ լսումներին, քանի որ «այդ հարցերի կարգավորում են իր փաստաբանները»: Դատարանի արձանագրություններում, սակայն, նշված է, որ Գասպարյանին ներկայացնում է ինքը` Գասպարյանը:
Փաշինյանից պաշտոն ստանալուց առաջ 52-ամյա Գասպարյանը Հայաստանում հայտնի չէր, քանի որ վերջին 20 տարիներն անցկացրել էր Ռուսաստանում և ԱՄՆ–ում: 1990-ականներին նա պաշտոններ էր զբաղեցրել արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ 1996-98-ին եղել էր ԱԳՆ խոսնակը:
Միաժամանակ նա ջերմ հարաբերություններ էր պահպանում Փաշինյանի հետ, որն այդ ժամանակ «Օրագիր» թերթի խմբագիրն էր: «Մենք իրար շատ լավ ճանաչում էինք դեռ այդ ժամանակից և կապ էինք պահպանում: Ինձ համար պատիվ է, որ նա առաջարկեց ինձ այս պաշտոնը, վստահեց միջազգային հարաբերությունների, նաև տնտեսական հարաբերությունների կարգավորումը»:
Կառավարությունից մի պաշտոնյա, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ Փաշինյանի գրասենյակում «որպես կանոն, խորհրդականների ու օգնականների թեկնածություններ չեն քննարկվում: Նրանք վարչապետի ծանոթներն են»:
Արտգործնախարարությունից հեռանալուց հետո Գասպարյանը մեկնեց Մոսկվա` դառնալով, ինչպես ինքն է ասում, «սիգար ծխելու ապրելակերպի» պիոներ: 2000-ականների սկզբին Գասպարյանը Ռուսաստանում հիմադրեց սիգարների մասին առաջին ամսագիրը` Hecho a Mano-ն: Գասպարյանն այն անվանում էր «շքեղության դպրոցի անհրաժեշտ ուղեցույց»:
Ավելի ուշ նա մեկնեց Ֆլորիդա` սիգարագործ և ռեստորաների ցանց ունեցող Ագուստո Ռեյեսի հետ հիմելու «Արսենը»՝ դոմինիկյան սիգարների իր սեփական բրենդը: «Արսեն» սիգարները վաճառվում էին ԱՄՆ–ում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Ապրանքային գիծը ներառում էր Pink for Men և Connoisseur հավաքածուները: Մինչև 2014-ը Գասպարյանը նաև Ֆլորիդայում գործող և սիգարի արտահանմամբ զբաղվող Vitolier ընկերության նախագահն էր:
Հայաստանի կառավարության կայքում ներկայացված Գասպարյանի կենսագրականում սիգարի բիզնեսի մասին ոչ մի խոսք չկա, բացակայում է նաև ռուսական նավթային ընկերություններից մեկում նրա վերջին աշխատանքի մասին տեղեկությունը: 2016-ին բիզնես ամսագրերից մեկը նրան ներկայացրել է որպես Իսպանիայում հիմադրված Esproenko International կորպորացիայի ամերիկյան մասնաճյուղի տնօրեն: Գասպարյանը հաստատել է, որ աշխատել է այդ ընկերությունում, բայց հավելել է, որ 2015-ին հեռացել է:
«2014-ից հետո ես որևէ կոմերցիոն հետաքրքրություն չեմ ունեցել: Ես Ռուսաստանում հրատարակչական բիզնես ունեի, դրանից հետո՝ սիգարի փոքր բիզնես, սիգարի գործարան Դոմինիկյան հանրապետությունում, որը փակել եմ: 2014-ից սկսած, ես որևէ տեղ որևէ բիզնես, առևտրային հետաքրքրություն չեմ ունեցել»,- ասել է Գասպարյանը:
«Կենսագրականում նման բացթողումները բարձրացնում են անվստահության մակարդակը: Եթե սա լիներ ԱՄՆ–ում, որոշ իրական կարմիր քարտեր կնշանակվեր այն գործակալությանը, որը պատասխանատու էր ճշտումներ կատարելու՝ նրան աշխատանքի վերցնելուց առաջ»,- ասում է Մարկ Զեյիդը:
Ըստ ՀՀ օրենքի, պաշտոնյան կարող է զրկվել պաշտոնից, եթե ներկայացել է կեղծ տեղեկություններ: «Արտաքին քաղաքականությանը» և «արտաքին տնտեսական հարաբերություններին» վերաբերող նուրբ տեղեկություններին հասանելիություն ունեցող անձը պետք է որ անցնի ստուգումներ:
Բիզնեսով զբաղվելուն զուգահեռ, Գասպարյանը Ֆլորիդայում շարունակում էր ակադեմիական կրթությունը: 2017-ին ավարտել է իր դոկտորականը Մայամիի Համալսարանում: Դիսերտացիայի վերնագիրը` «Էներգետիկ դիվանագիտություն. ԱՄՆ–ն և ՌԴ–ն»:
Նա նաև դասավանդում էր Մայամիի Dade College-ում: Նրա պաշտոնական կենսագրականում նշված է, որ Մայամիի համալսարանում և Dade College-ում դասախոսել է 2006-ից, սակայն Մայամիի համալսարանում նա դասավանդել է 2013-ից, Dade College-ում` 2015-ից, այս մասին Eurasianet-ին ասել է քոլեջի խոսնակը:
Ըստ ratemyprofessor.com-ում հրապարակված արձագանքների, Գասպարյանն ուսանողների շրջանում սիրված էր: «Նա իմ լավագույն պրոֆեսորն է: Նա ամեն ինչ անում է ուսանողներին օգնելու, ներկայացվող նյութը հասկանալու համար»,- 2015-ին գրել է Dade College-ի ուսանողներից մեկը:
«Ես սիրում եմ ակադեմիական միջավայրը, սիրում եմ դասավանդել»,- ասել է Գասպարյանը:
Ֆինանսական առումով նա պակաս հաջողակ էր: Դատական արձանագրություններից պարզվում է, որ 2015-ից սկսած չվճարված պարտքերի հարցով նրա դեմ երեք դատական գործ է հարուցվել: 2015-ին և 2016-ին նրա դեմ հայց էին ներկայացրել American Express-ը և Capital One Bankը` համապատասխանաբար 10.487 և 5.335 դոլար պարքի համար: Առաջին գործով դատավորը Գասպարյանին պարտավորեցրել էր վճարել պարտքը: Երկրորդ գործի քննությունը դադարեցրել է բանկը:
Քահվաջյանի հայցը դեռ ընթացքի մեջ է: Հոկտեմբերի մեկին նա Ֆլորիդայի դատարան է դիմել` պահանջելով վճարել պարտքը և վնասը` 19.600 դոլարի չափով: Նա Գասպարյանին անվանել է քաղաքացիական գող: Քահվաջյանը հրաժարվեց մեկնաբանել հայցը` նշելով, որ իր իրավական քայլերն արդեն խոսուն են:
Միևնույն ժամանակ Գասպարյանը զբաղվում է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններով, հանդիպում է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարին, Կրեմլի պաշտոնյաներին: Eurasianet-ին Գասպարյանն ասել է, որ իր պատասխանատվության առաջնահերթություններից է «կարգավորել միջազգային տնտեսական և արտաքին քաղաքական հարաբերությունները: Վարչապետի հետ մենք կարծում ենք, որ խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո, մենք հստակեցնելու են մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը»:
Գասպարյանը երբեմն հրապարակային մեկնաբանում է այլ հարցեր ևս: Հոկտեմբերի սկզբին նա հայտնվեց քաղաքական հակասության մեջ, երբ ասաց, որ Հայաստանում արտասահմանյան ներդրումների համար խոչընդոտներ չկան: Որոշ լրատվամիջոցներ դա ներկայացրեցին որպես հակափաստարկ Փաշինյանի պարբերական հայտարարություններին, որոնցում վարչապետը պնդում է, որ պառլամենտական վաղ ընտրություններն անհրաժեշտ են արտասահմանցի ներդրողներին հրապուրելու համար: Գասպարյանը ստիպված էր մամուլի ասուլիս հրավիրել պարզաբանումների համար:
Նա միացել է արտաքին քաղաքականության թիմին` բախվելով սխալների, նպաստելով այն տեսակետներին, որ Փաշինյանի արտաքին քաղաքականության հստակեցումը դեռ ընթացքի մեջ է: Հուլիսին Բրյուսելյան այցի ընթացում Փաշինյանը հրապարակային բողոքեց, որ Եվրամիությունը բավականաչափ օգնություն չի տրամադրում: ԵՄ ներկայացուցիչը պատասխանեց` ասելով, որ ԵՄ–ն նախ պետք է ստանա «հստակ առաջարկներ»: Ավելի ուշ 2008-ի ցույցերը բռնությամբ ցրելու գործով կառավարությունը մեղադրանքներ ներկայացրեց Յուրի Խաչատուրովին, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Սա Ռուսաստանի գլխավորությամբ ռազմական դաշինք է: Այս որոշումից առաջ Մոսկվայի հետ չէին խորհրդացել և Մոսկվայում զարմացած էին: Օգոստոսին Փաշինյան–Թրամփ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հրապարակային ջանքեր էին գործադրվում, բայց անարդյունք: Դրանից հետո Գասպարյանի նախորդը հրաժարական ներկայացրեց:
«Սա նախորդ կառավարության քաղաքականության շարունակությունն է` պաշտոնների նշանակել մարդկանց, որոնք բավականաչափ գիտելիքներ չունեն իրենց պաշտոնի համար: Փաշինյանի մարդիկ չունեն արտաքին քաղաքականության ձևակերպված տեսլական: Նրանք հստակ ընկալում չունեն, թե արտաքին քաղաքականության հարցերում Հայաստանն ինչ դիրքորոշում պետք է ունենա: Որոշ պաշտոնյաների նշանակումների շուրջ թափանցիկության բացակայությունը նշանակում է, որ իշխանությունը կենտրոնացած է Փաշինյանի շուրջ: Մենք Հայաստանում տեսնում ենք քաղաքական փակ համակարգ»,- Eurasianet-ին ասել է Մեծ Բրիտանիայի Լեյչեսթերի համալսարանի դոկտոր և տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը: