Սիրիահայերին արտագաղթը հիշեցրել է մեկ դար առաջ կատարված ցեղասպանության ցնցումը

Սիրիահայերին արտագաղթը հիշեցրել է մեկ դար առաջ կատարված ցեղասպանության ցնցումը

Հոդվածի առանցքում

  • Սիրիայի հազարավոր հայեր փախել են այդ երկրից, խուսափելով կռիվներից, հարյուրավոր հայեր էլ վերջերս հավաքվել էին Երևանի կենտրոնում: Նրանք եկել էին միասին նշելու Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական կենտրոնական ավագ դպրոցի 60-ամյակը, հայ ինքնության հիմնաքարը մի քաղաքում, որն այժմ ավերված է պատերազմից:
  • «Մենք Հայոց Ցեղասպանությունը վերապրածների հետնորդներն ենք», - ասաց Լենա Հալաջյանը, որը գլխավորում է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը, հասարակական խումբ, որն օգնում է փախստականներին հարմարվել նոր պայմաններին: «Ես վախենում եմ, որ պատմությունը կրկնվում է»:
  • 44-ամյա ջութակահարը Հալեպից փախել է ավելի քան երկու տարի առաջ: Մյուսների նման նա էլ ասաց, որ նոր կյանք է սկսել հեռանալուց հետո իր կյանքի մեծ մասը թողնելով ետևում:
  • Խորը սպիները ձգվում են ամբողջ թիկունքով և նա դժվարանում է նստել: Գրիգորն ասաց, որ 2013-ի ամռանը, ալ Կաիդայի հետ կապված Ալ Նուսրա ճակատի զինյալները Սիրիայի հյուսիսարևելյան Իդլիբ նահանգում առևանգել էին իրեն երթուղային ավտոբուսից: Մի քանի ժամից նա փախել է ու հասել իշխանության կողմից հսկվող անցակետը, որտեղ ապահով էր: Փորձությունը համոզեց նրան, որ հեռանալու ժամանակն է:
  • Սեպտեմբերին, Իսլամական պետության զինյալները ռմբակոծեցին հայկական եկեղեցին ու թանգարանը արևելյան Սիրիայի Դեր Զոր քաղաքում, որը հավերժացնում է թուրքերի կողմից կատարված կոտորածների զոհերի հիշատակը: Համայնքի անդամներն ասում են, որ կորցրել են զանգվածային սպանությունների մանրամասնությունների վերաբերյալ հազվագյուտ փաստաթղթեր:
  • Մարտի վերջին ծայրահեղական զինյալները Թուրքիայի սահմանից լցվեցին սիրիահայ Քեսաբ քաղաքը: Բնակչության մեծ մասը փախավ դեպի հարավ, տարածք, որը դեռևս Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է: Քեսաբը հայերի շրջանում հայտնի է որպես մեկ դար առաջ Թուրքիայից փախած հայերի ապաստան:

Ուշադրությանն արժանի

Փոքր թմբուկների հարվածների ու փողերի ձայների ներքո Սիրիայում հայտնի հրուշակագործի շոկոլադները հանձնում են ամբոխին: Այնուհետև դահլիճում լռություն է տիրում: Մի րոպե հիշում են գրեթե չորս տարի Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավելի քան 200.000 զոհվածների հիշատակը:

Սիրիայի  հազարավոր հայեր փախել են այդ երկրից, խուսափելով կռիվներից, հարյուրավոր հայեր էլ վերջերս հավաքվել էին Երևանի կենտրոնում:  Նրանք եկել էին միասին նշելու Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական  կենտրոնական ավագ դպրոցի 60-ամյակը, հայ ինքնության հիմնաքարը մի քաղաքում, որն այժմ ավերված է պատերազմից:

«Հայկական դպրոցները հայ ինքնությունը կենդանի են պահում»,-ասաց մի կին, ով 2012-ի հուլիսին ապստամբների քաղաք ներխուժելուց հետո փախել էր Հալեպից: Մյուսների նման հարցազրույցի ժամանակ նա էլ չներկայացավ, անվտանգության նկատառումներից ելնելով. «Իմ ծնողներն են հաճախել այդ դպրոց, ես էլ եմ հաճախել, դպրոցը…»

«Գանձ է հայերի համար»,-միջամտեց մեկ այլ երիտասարդ կին:

Ներկաները լքել են իրենց տներն ու բիզնեսը, դպրոցներն ու տնտեսությունները, փախել են  Հայաստանի մայրաքաղաք, քանի որ Սիրիան վերածվել է քաոսի: Շատերը ժառանգներն են այն մարդկանց, որոնք գնացել են Սիրիա խուսափելով Օսմանյան կայսրությունում 1915- 1918-ի Հայոց Ցեղասպանությունից , որն այսօր ժամանակակից Թուրքիայի հանրապետությունն է: Թուրքական կառավարությունը վիճարկում է փաստը, որ ցեղասպանություն է կատարվել: Այդ ժամանակներից հետո էթնիկ հայերի ներկա արտագաղթը դարձել է առավել կարևոր տեղափոխություններից մեկը:

«Մենք Հայոց Ցեղասպանությունը վերապրածների հետնորդներն ենք», – ասաց Լենա Հալաջյանը, որը գլխավորում է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը, հասարակական խումբ, որն օգնում է փախստականներին հարմարվել  նոր պայմաններին: «Ես վախենում եմ, որ պատմությունը կրկնվում է»:

Տոնակատարության մասնակիցները կարդում են հայկական պոեզիան, դիտում Հալեպի դպրոցի տեսահոլովակը, որտեղ ցույց են տալիս համեստ գրադարանն ու ուսանողներին, որոնք ձեռքերը վերև բարձրացրած թափահարում են, ձգտելով պատասխանել ուսուցչի հարցին: Քառյակը, այդ թվում, Հալեպի հայտնի ջութակահար Հովհաննես Մուբայեդը, նվագում է  Խորհրդային Հայաստանի հանգուցյալ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Վարդերով աղջիկների պարը:

44-ամյա ջութակահարը  Հալեպից փախել է ավելի քան երկու տարի առաջ: Մյուսների նման նա էլ ասաց, որ նոր կյանք է սկսել հեռանալուց հետո իր կյանքի մեծ մասը թողնելով ետևում:

«Հիմա փորձում եմ աշխատել որպես երաժշտության ուսուցիչ», – ասաց Մուբայեդը, որը Հալեպում պետական ​​երաժշտական ​​դպրոց էր ղեկավարում: «Հայաստանում սկսեցի հենց սկզբից:  Քայլ առ քայլ առաջ եմ գնում, գուցե կարողանամ ոտքի կանգնել»: Շատ փախստականներ դարձան գրոհայինների թիրախ: «Նրանք ինձ ձեռնաշղթաներ հագցրեցին, աչքերս կապեցին, երբ  իմացան, որ հայ եմ», – ասաց սիրիահայը, որը ներկայացավ որպես Գրիգոր: «Հետո ինձ մտրակեցին  ու  դաղեցին»:

Խորը սպիները ձգվում են ամբողջ թիկունքով և նա դժվարանում է նստել:  Գրիգորն ասաց, որ  2013-ի ամռանը, ալ Կաիդայի հետ կապված Ալ Նուսրա ճակատի  զինյալները Սիրիայի հյուսիսարևելյան Իդլիբ նահանգում առևանգել էին իրեն երթուղային ավտոբուսից: Մի քանի ժամից նա փախել է ու հասել իշխանության կողմից հսկվող անցակետը, որտեղ ապահով էր: Փորձությունը համոզեց նրան, որ հեռանալու ժամանակն է:

Շատ սիրիահայերի էլ առևանգել են իրենց  հարստության համար: Մի մասն էլ սպանվել է փոխհրաձգության կամ աղանդավորական պատճառներով: Սիրիահայերը երկրի 10% քրիստոնյա փոքրամասնության մի մասն են կազմում և  ռազմատենչ սունի մահմեդականների թիրախ են դարձել, որոնք ընդդիմության գերիշխող մասն են:

Շատ սիրիահայեր խոսում են արաբերեն ու  հայերեն, ինչն օգնում է արագացնել նրանց ինտեգրումը Երևանում:

Հայկական սփյուռքում մշակութային արմատները պահպանելու համար հայկական դպրոցները անգնահատելի դեր են կատարում: Հայ բարեգործական ընդհանուր միությունը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, խթանում է հայկական ինքնության պահպանմանը, ֆինանսական միջոցներ է տրամադրում Հալեպի դպրոցին: Ավագ դպրոցը շարունակում է գործել, բայց բնակչությունը կտրուկ նվազել է:

«Խնդիրն այն է, որ ուսանողների համար այնտեղ գնալը շատ վտանգավոր է», – ասել է 71-ամյա Յակոբ Միքայելյանը,  դպրոցի նախկին ադմինիստրատորը, ում 2013 թվականին առևանգել էր  ապստամբական մի խումբ ու փրկագին պահանջել:

Սեպտեմբերին, Իսլամական պետության զինյալները ռմբակոծեցին  հայկական եկեղեցին ու թանգարանը արևելյան Սիրիայի Դեր Զոր քաղաքում, որը հավերժացնում է թուրքերի կողմից կատարված կոտորածների զոհերի հիշատակը: Համայնքի անդամներն ասում են, որ կորցրել են զանգվածային սպանությունների մանրամասնությունների վերաբերյալ հազվագյուտ փաստաթղթեր ու նաև նշում են, որ արդեն քանդված հուշահամալիրի հիմքում թաղված էին շատ զոհվածների ոսկորները:

«Հուշահամալիրը կենդանի վկայությունն էր այն ամենի, ինչ կատարվել էր հայերի հետ», – ասաց Հալաջյանը: «Նրանք ուզում են ջնջել մեր պատմությունը»:

Ապրիլին ամբողջ աշխարհում հայերը պատրաստվում են հիշատակել ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, հետևաբար Թուրքիայի աջակցությունը Սիրիայի ապստամբներին առաջացնում է նրանց զայրույթը: Կառավարությունը աջակցում է տարաբնույթ ապստամբ խմբակցություններին, այդ թվում արմատական ​​իսլամիստներին, որոնք ագրեսիվ պայքար են մղում իրենց նպատակին հասնելու՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու համար:

Մարտի վերջին ծայրահեղական զինյալները Թուրքիայի սահմանից լցվեցին սիրիահայ Քեսաբ քաղաքը: Բնակչության մեծ մասը փախավ դեպի հարավ, տարածք, որը դեռևս Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է: Քեսաբը հայերի շրջանում հայտնի է որպես մեկ դար առաջ Թուրքիայից փախած հայերի  ապաստան:

Դպրոցի տարեդարձի հավաքին երգչախումբը երգում է հայկական  օրհներգեր, քանի որ արարողությունը մոտենում է ավարտին:

Շրջանավարտների սերունդները  գրկախառնվում են, իսկ լուսանկարիչը իր տեսախցիկ հետևում է նրանց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment