Ինչո՞ւ է Հայաստանը ցանկանում Թուրքիայի հետ խաղաղության հասնել

Ինչո՞ւ է Հայաստանը ցանկանում Թուրքիայի հետ խաղաղության հասնել

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը կօգնի թուլացնել Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացրած օլիգարխային: Ավելին, դա կուժեղացնի Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ երկարաժամկետ կոնֆլիկտին վերջ տալու բանակցություններում: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի նվազեցնել նաև Մոսկվայից Հայաստանի կախվածությունը, հնարավորություն կտա Ադրբեջանին գազ արտահանել Եվրոպա Հայաստանի տարածքով` ավելի կարճ և էժան ճանապարհով, քան Վրաստանի առաջարկած տարբերակն է:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի ռեֆորմիստ վարչապետը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո հայտարարեց, որ պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության է եկել մայիսին զանգվածային ցույցերից հետո, ասում է, թե իր կառավարությունը պատրաստ է Հայաստանի պատմական թշնամու հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների և հույս ունի, որ Անկարան պատրաստ է նույնն անել:

43-ամյա Փաշինյանը պետության ղեկավարի դերում ստացել է մանդատ, որով պետք է արմատախիլ անի 1991թ-ին ստացած անկախության պահից ի վեր նախկին խորհրդային հանրապետությունը կեղեքող կոռուպցիան, գործազրկությունն ու աղքատությունը։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը կօգնի թուլացնել Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացրած օլիգարխային:

Ավելին, դա կուժեղացնի Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ երկարաժամկետ կոնֆլիկտին վերջ տալու բանակցություններում: Լեռնային Ղարաբաղը մեծամասնությամբ հայերով բնակեցված շրջան է, որը 1991թ-ից վիճարկում է իր անկախությունն Ադրբեջանի հետ: Ի աջակցություն Ադրբեջանին՝ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, ինչպես նաև ամբողջ հակամարտության ընթացքում զինել է Ադրբեջանին: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի նվազեցնել նաև Մոսկվայից Հայաստանի կախվածությունը, հնարավորություն կտա Ադրբեջանին գազ արտահանել Եվրոպա Հայաստանի տարածքով` ավելի կարճ և էժան ճանապարհով, քան Վրաստանի առաջարկած տարբերակն է:

Միաժամանակ Հայաստանի հետ խաղաղությունից Անկարան կշահեր ամերիկյան կոնգրեսում այդքան անհրաժեշտ դրական ֆոնը, երբ այնտեղ երկու կուսակցություններն էլ զայրույթով են քննարկում Թուրքիայում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների հարցը, Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգերը գնելու նախագահ Էրդողանի ծրագիրը: Սենատը և Ներկայացուցիչների պալատը սպառնում են մասշտաբային պատժամիջոցներով: Նաև կնվազի Կոնգրեսում 1915թ-ին ավելի քան 1.5 մլն օսմանցի հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու հնարավարությունը:

Իդեալական աշխարհում Թուրքիան ընդառաջ կգնար Հայաստանի առաջարկին, բայց իրական աշխարհում Անկարան մերժում է առանց նախապայմանների հարաբերությունները, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության չի հասել` վերադարձնելով ԼՂ շուրջ եղած որոշ տարածքներ: Բայց միշտ չէ այսպես եղել: 2009թ-ին Շվեյցարիայում Թուրքիան և Հայաստանը ստորագրել էին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը վերաբացելու մասին արձանագրություններ: Բայց թանաքը դեռ չէր չորացել, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը, արձագանքելով Ադրբեջանի ճնշումներին, հետ քայլ կատարեց` ասելով, որ նախ Հայաստանը պետք է զիջումների գնա ԼՂ հարցում:

Դրանից հետո, Կոլումբիայի համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանի խոսքով, Բաքվի ճնշումների հետևանքով գնդակը մնաց Անկարայի կիսադաշտում: Մուրադյանն Al-Monitor-ին ասել է. «Երևանում շատ չեն հավատում, թե Թուրքիան մոտ ժամանակներս իրարից կանջատի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և ԼՂ կոնֆլիկտի հարցերը»:

Էրդողանը շարունակում է որպես տարածաշրջանում իր գլխավոր դաշնակից դիտարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նույնիսկ փաստարկված հետաքննական նյութեր կան, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ընտանիքներին կապում են անձնական բիզնես շահեր: Բացի այդ ծայրահեղ ազգայնականների հետ Էրդողանի տակտիկական գործակցությունը ևս թույլ չի տա նրան դրական արձագանքել Փաշինյանի առաջարկին: Տարածաշրջանում պառակտվածությունից դիվիդենտներ ստացող Ռուսաստանը կշարունակի մնալ այս իրավիճակից առավելագույնը շահող կողմը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment