Հայաստանի ընտրություններն ու ապագան․ Ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանից

Հայաստանի ընտրություններն ու ապագան․ Ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանից

Հոդվածի առանցքում

  • Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր մեղրամիսը։ Դեկտեմբերի արտահերթ ընտրությունները Փաշինյանին և իր կողմնակիցներին փոքր-ինչ դադարի հնարավորություն տվեցին, սովորաբար դա 100 օր է տևում։ Խոստումներն արմատական են և հավակնոտ, սպասումները մեծ են, պայմանները՝ դժվարին։ Հայաստանը հետխորհրդային պատմության նոր էջ է բացում, բայց ապագան, ի տարբերություն քաղաքական կարգախոսների, մնում է մշուշոտ և անորոշ։

Ուշադրությանն արժանի

Նիկոլ Փաշինյանը վերցրեց ամեն ինչ: Առանց խորհրդարանական աջակցության ամիսներ շարունակ նա պայքարեց, որպեսզի լինի վարչապետ, վերջապես նա ստացավ անհրաժեշտ մեծամասնությունը: Ջախջախիչ հաղթանակը Փաշինյանին ուժեղ մանդատ ապահովեց՝ շարունակելու հեղափոխական փոփոխությունները: Հասարակությունն ունի ինչպես հույսեր, այնպես էլ լուրջ սպասումներ: Ինչևէ, հետևանքներն ու զարգացումները հիմա օրինականացված են: Այլևս չկա խոչընդոտ իրական փոփոխություններ սկսելու համար:

Ամեն ինչ սկսվեց 2016թ-ի հոկտեմբերին: Աշունը դանդաղորեն նստում էր Սևանի ափին: Հիշում եմ՝ Մարտունիում ընկերներիս հետ նստած մեկ գավաթ սուրճ էի վայելում: Այդ ժամանակ էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ի ղեկավարած խորհրդարանը հայտարարեցին սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցով երկիրն անցնում էր խորհրդարանական համակարգի: 2015թ-ի դեկտեմբերին հայաստանցի ընտրողների 63 տոկոսն «այո» ասաց առաջարկված փոփոխությանը: Հետո քննարկումների կենտրոնում հայտնվեց Սերժ Սարգսյանը, թե ինչ է անելու 2018-ի ապրիլից հետո, երբ նրա նախագահական մանդատի ժամկետն ավարտվի: Կասկած չկար, թե ով է հաղթելու 2017թ-ին սպասվող խորհրդարանական ընտրություններում: Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը՝ թվում էր, թե միակ տարբերակն է, այլընտրանքի հույս չկար:

2017թ-ի ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդ էի: Հիշում եմ, թե ինչպես էինք շրջում Վայոց Ձորի գյուղերով ՝ ամենաաղքատ մարզում: Ընտրության արդյունքները նույնն էին, ինչ վերջին 20 տարում: Հաղթողը հանրապետականներն էին, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարան մտավ որպես ընդդիմություն: Ընտրական պրոցեսը համեմատաբար բաց էր և չկային աչք ծակող խախտումներ: Երեկոյան վերադառնալով Երևան՝ գարեջրի գավաթի շուրջ Հայաստանի ապագան էինք քննարկում, երբ գործընկերներիցս մեկն ասաց. «Հույս չկա, հայերը համակերպվել են»: Բայց այնտեղ կար ակտիվ երիտասարդներից բաղկացած մի խումբ, որը ևս հետևել էր ընտրական պրոցեսին: Նրանք ժուռնալիստ և ակտիվիստ Նիկոլ Փաշինյանի նոր նախաձեռնության աջակիցներն էին: Նրանք նոր հույս էին բերում և ցանկանում էին աշխատել այդ ուղղությամբ: Այդուհանդերձ, Փաշինյանի «Ելք» դաշինքը միայն 7 տոկոս քվե ստացավ:

2018թ-ը սկսում էր այնպես, կարծես ոչինչ չէր էլ փոխվելու: Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտեց իր պաշտոնավարումը։ Կարեն Կարապետյանը դադարեցրեց վարչապետի իր լիազորությունները՝ պաշտոնն ազատելով Սարգսյանի համար (սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետն ամենաազդեցիկ անձն էր երկրում)։ Իրականություն էր դառնում անխուսափելին։ Որպես պատասխան՝ Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին դուրս գալ փողոց։ Մնացածը քաջ հայտնի է։ Ընկերս գրեց ինձ ու համակարգչի էկրանից այն կողմ կանչեց․ «Մենք հաղթեցի՜նք։ Կարո՞ղ ես պարկերացնել։ Մենք հաղթեցինք»։

Ազգային վերածնունդ

Այս տարի շոգ ամռանը ես մի քանի անգամ այցելեցի Հայաստան։ Ոչ միայն Երևանում, այլև մյուս քաղաքներում և գյուղերում տրամադրությունն էականորեն փոխվել է։ Հույսը երևակայածից ավելին է, կարծես Փաշինյանը տունը մաքրելիս լինի՝ արմատախիլ անելով հին կոռումպացված բյուրոկրատիան։

«Նրա հետ մենք այս բոլոր գանգստերների հախից կգանք։ Հայաստանը նորից կծաղկի»,- ասաց մի հայ։ Տարիներ շարունակ Հայաստան եմ եկել, երբեք այսպիսի բան չէի տեսել։ Հուսահատ և  կոմֆորմիստ հայերն անհետացել էին։ Հեղափոխական ոգին առաջնորդում էր դեպի ազգային վերածնունդ։

2018-ի դեկտեմբերի 9-ին Փաշինյանը և իր դաշինքը հաղթեցին արտահերթ ընտրություններում՝ մեծ ձայներով։ Կարող է թվալ, որ Հայաստանն էյֆորիայի նոր փուլ մտավ։ Միջազգային դիտորդները հաստատեցին, որ ընտրական գործընթացն օրինակելի էր։ Հեղափոխությունը շարունակվում է…

Բայց ինչպե՞ս դա պատահեց։ Ինչպե՞ս «Ելք»-ի 1,5 տարի առաջվա 7 տոկոս աջակցությունը դեկտեմբերի ընտրություններին դարձավ 70 տոկոս։ Ինչպե՞ս էր հնարավոր, որ քաղաքացիները, որոնց միակ ցանկությունն արտագաղթելն էր, դուրս գային փողոց փոփոխության համար։  Պատասխանը հավանաբար պարզ է. եթե դու և քո նախնիները տառապել եք պատմության ընթացքում, բնականից ավելի դիմացկուն եք դառնում։ Ղեկավարները տալիս են այնքան, որ սոված չմնաք, բայց նվազագույնով այդքան երկար ապրելը վերացնում է մարդկային արժանապատվությունը։ Հետո, երբ ոչինչ չունեք կորցնելու, անցնում եք սահմանագիծը։ Այդպես արեցին հայերը։

Այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը հասել է իր վերջնական փուլին։ Փաշինյանը հիմա ամեն ինչ ունի՝ սահմանադրական մեծամասնություն, լեգիտիմություն և միջազգային հանրության աջակցություն։ Հեղափոխությունը հեշտ է։ Իրական մարտահրավերը սեփական խոստումներն իրականացնելն է։

Արդյունքներ

ԵԱՀԿ-ն ընդգծել է, որ ընտրություններն «անցել են հիմնարար ազատությունների պահպանությամբ և վայելում են լայն հասարակության վստահությունը, որը պետք է պահպանվի հետագա ընտրական ռեֆորմների համար» և «ընտրական իրավունքի խախտումների բացակայությունը, ներառյալ ձայներ գնելը կամ ընտրողի վրա ճնշում գործադրելը, հնարավորություն ստեղծեց իրական մրցակցության համար»։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց, որ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը 70.4 տոկոս ձայն հավաքեց (132 մանդատից 88-ը)։ Երկրորդը Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» էր՝ 8.3 տոկոս (26 մանդատ), հաջորդը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր (նախորդ ընտրություններին մասնակցել էր «Ելք» դաշինքով), որը ստացավ 6.4 տոկոս քվե (18 մանդատ)։ Նախորդ իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը, 4.7 տոկոս հավաքեց և նույնիսկ ընտրական շեմը չհաղթահարեց։ Քվեարկողների մասնակցությունն ավելի ցածր էր, քան 2017-ի ընտրություններին, բայց Փաշինյանը խնդրահարույց ոչինչ չի տեսնում։ Ըստ նրա՝ 2017-ին մարդկանց ավտոբուսներով էին բերում ընտրատեղամասեր, այնպես որ, ավելի ցածր մասնակցություն իրականում նշանակում է ավելի ազատ ընտրություն։

Սպասումներ

Վարչապետ նշանակվելուց հետո (մինչև դեկտեմբերի ընտրությունները) Փաշինյանը պարբերաբար բողոքում էր, թե խորհրդարանում դեռ մեծամասնությունը կազմող Հանրապետականները կասեցնում են բարեփոխման ցանկացած փորձ, երբ որոշ առաջարկներ աջակցություն էին ստանում Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների կողմից։ Շատ սահմանափակ էր այն, ինչ կարող էր անել Փաշինյանը։ Մինչդեռ լինելով վետերան շախմատիստ՝ նա ստրատեգիական քայլ արեց։ Ուշ հոկտեմբերին հրաժարական տվեց, ինչն էլ անհնար դարձրեց նոր վարչապետի նշանակումը խորհրդարանի կողմից, որն էլ բերեց արտահերթ ընտրության և ջախջախիչ հաղթանակի։

Փաշինյանը հայտարարել է, որ ուզում է սոցիալական վստահություն կառուցել իր կառավարության նկատմամբ, մի բան, որը միշտ դժվար է եղել հետխորհրդային երկրներում։ Շատ դժվար կլինի դիմադրել գայթակղությանը և ստեղծել մի կուսակցություն, որն այլևս չի ներկայացնի միայն սեփական շահերը։

Ավելի խնդրահարույց կլինեն խոր կառուցվածքային բարեփոխումները։ Հայաստանի ազգային պարտքը հասել է 6.5 միլիարդ դոլարի, ահռելի մեծ քանակ 3 միլիոնից պակաս ազգաբնակչություն ունեցող երկրի համար։ Ինֆլյացիան օր օրի աճում է, աղքատությունը հազարավոր մարդկանց արտագաղթի է մղել։ Նույնիսկ հարկային բարեփոխումներն ու փողերի լվացման վերացումն էական չեն լինի։ Փաշինյանը պետք է բավականաչափ քաջություն ունենա՝ համոզելու հայերին, որ ցավոտ կրճատումներն անհրաժեշտություն են, եթե նույնիսկ դա լինի իր հանդեպ եղած աջակցության նվազման գնով։

Արտաքին քաղաքականություն

Եթե մեկը հարցներ, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն էին վարում Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը, հարմար բառը հավանաբար կլիներ «արձագանքող»։ Հայաստանի դժվար հարևանները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անընդհատ ճգնաժամային վիճակը և շրջափակումը միշտ արդարացում են եղել տարածաշրջանային հանդիպումներից խուսափելու համար։ Հենց սկզբից Փաշինյանը ընդգծել է նոր մոտեցումն արտաքին քաղաքականության մեջ՝ քայլ դեպի պրագմատիզմ և ակտիվ կարգավորում։

Ինչևէ, նոր կառավարությունը շարունակաբար կբախվի բալանսավորման խնդրին՝ Մոսկվայի հետ անվտանգության հարցով դաշնակցության և արևմտյան դեմոկրատական կուրսի։ Փաշինյանի այցերը Մոսկվա և Ստեփանակերտ ցույց են տալիս, թե որտեղ են Հայաստանի հետաքրքրությունները։

Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր մեղրամիսը։ Դեկտեմբերի արտահերթ ընտրությունները Փաշինյանին և իր կողմնակիցներին փոքր-ինչ դադարի հնարավորություն տվեցին, սովորաբար դա 100 օր է տևում։ Խոստումներն արմատական են և հավակնոտ, սպասումները մեծ են, պայմանները՝ դժվարին։ Հայաստանը հետխորհրդային պատմության նոր էջ է բացում, բայց ապագան, ի տարբերություն քաղաքական կարգախոսների, մնում է մշուշոտ և անորոշ։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment