Հայկական հեղափոխությունը, որը մնաց աննկատ

Հայկական հեղափոխությունը, որը մնաց աննկատ

Հոդվածի առանցքում

  • Հարավային Կովկասի այս փոքր երկիրը ցույց տվեց աշխարհին, որ հեղափոխությունները չպետք է արյունալի լինեն: Կիրակի օրվա ընտրություններով հայերը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հաստատեցին որպես իրենց վարչապետ, նրան տալով ավելի քան 70 տոկոս ձայն, միաժամանակ դանդաղ ու խաղաղ տապալեցին նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանին և նրա կուսակցությունը՝ հանրապետականներին:

Ուշադրությանն արժանի

Երիտասարդներն էին ղեկավարում Հայաստանի «թավշյա հեղափոխությունը», սա է կարևորը: Դեկտեմբերի 9-ի ընտրությունները ցույց տվեցին, որ դա ճշմարտության մի մասն է:

«Ես 73 տարեկան եմ: Առաջին անգամ է, որ ունենք ազատ ու արդար ընտրություններ», – ասում է Սիրանույշ Աբովյանը: Նա ապրում է մայրաքաղաք Երևանում և եկել է մանկապարտեզում գտնվող ընտրատեղամաս: «Առաջին անգամ ես ինձ քաղաքացի եմ զգում, ոչ թե ստրուկ», – ասում է նա:

Վերջին յոթ ամիսների ընթացքում հայ հասարակության գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվեց: Երիտասարդ ու ծեր, գյուղացի ու քաղաքացի, ամբողջ երկիրը  ցնցվում է քաղաքական խոսակցություններից:

Թերևս, սա 2018 թ.-ի ամենաոգեշնչող քաղաքական իրողությունն է: Հարավային Կովկասի այս փոքր երկիրը ցույց տվեց աշխարհին, որ հեղափոխությունները չպետք է արյունալի լինեն: Կիրակի օրվա ընտրություններով հայերը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հաստատեցին որպես իրենց վարչապետ, նրան տալով ավելի քան 70 տոկոս ձայն, միաժամանակ դանդաղ ու խաղաղ տապալեցին նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանին և նրա կուսակցությունը՝ հանրապետականներին:

Հայերը գարնանը Twitter- ի, քաղաքացիական անհնազանդության և բառացիորեն ոստիկանությանն ընդգրկելու ռազմավարության միջոցով տապալեցին Սերժ Սարգսյանի կառավարությունը: Կիրակի օրը հանրապետականները չկարողացան ստանալ ձայների անհրաժեշտ 5 տոկոսը, որպեսզի երկու տասնամյակ իշխանություն լինելուց հետո նորից վերադառնան խորհրդարան:

Հայաստանում «մարդիկ դժգոհ էին տարբեր պատճառներով. մեծահասակները ծեր են և չեն կարող ապրել իրենց կենսաթոշակով, երիտասարդներն էլ ապագայի հեռանկար չեն տեսնում», – ասում է Արմեն Սարգսյանը: Նա Հայաստանի ներկա նախագահն է և ցույցերի թեժ ժանական միջնորդ էր  ցուցարարների ու վարչապետի միջև: «Այդ ամբողջ զայրույթը կուտակվել էր: Եվ պարզապես պատճառ էր պետք, որ ամեն ինչ պայթեր»:

 «ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԸ»

Այս դեպքում պատճառը իշխանությունը պահելու Սերժ Սարգսյանի քաղաքական խորամանկությունն էր: Չնայած նա խոստացել էր դա չանել, բայց այս տարվա ապրիլին Սարգսյանը թույլ տվեց, որ իր կուսակցությունն իրեն ընտրի վարչապետ: Նախագահության երկու ժամկետների ընթացքում նա քաղաքական իշխանության մեծ մասը նախագահի գրասենյակից հանձնել էր վարչապետի պաշտոնին:

Հայերի մեծ մասը հասկացավ, որ եթե միջոցներ չձեռնարկի, ապա երկիրը անդառնալիորեն կվերածվի կոռումպացված միակուսակցական պետության: Մի քանի անկախ խմբեր, ինչպես նաև անհատներ, սկսեցին երթեր կազմակերպել, գիշերել հանրային վայրերում և Twitteում ու Facebook-ում քարոզարշավներ անցկացնել, բողոքելով Սարգսյանի իշխանության դեմ:

«Այս տղաներն ու աղջիկները փողոցում բոլորից ավելի խելացի էին և ավելի արագաշարժ: Նրանք գիտեին, թե ինչ պետք է անեն », – ասում է պարոն Սարգսյանը: Նրանց հաջողությունը հիմնված էր ռազմավարության վրա, ըստ որի բողոքում էին օրենքին հետևելով, ակտիվ, սակայն խաղաղ ճանապարհով: Հետխորհրդային պետությունը քաղաքացիական անհնազանդության հետ կապված փորձ չուներ և դա անակնկալ էր:

Մարիա Կարապետյանը քաղաքացիական բողոքի նախաձեռնողներից  մեկն էր: Նա ասում է, որ իր ընկերների հետ որոշեցին  բողոքի ակցիա սկսել, երբ պարզ դարձավ, որ Սարգսյանը մտադիր չէ իշխանությունից հեռանալ: «Այս շարժումը ինքնաբուխ չէր:Այն վաղուց էր սկսվել, բայց շատ ճկուն էր, քանի որ ապակենտրոնացված էր»: Խմբի մարտական ​​կոչը՝ #RejectSerzh(Մերժիր Սերժին ), մի քանի շաբաթ Twitter- ում էր և դարձավ ամբողջ շարժման ոչ պաշտոնական կարգախոսը:

Միևնույն ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը բողոքի ցույց էր կազմակերպել իր մի քանի տասնյակ կողմնակիցների հետ: Նրանք Գյումրիից՝ հանրապետության երկրորդ խոշոր քաղաքից, որը 250 կիլոմետր հեռու է Երևանից, քայլեցին մայրաքաղաք: Երբ նրանք գիշերը եկան, Ազատության հրապարակում արդեն մոտ 200 հոգի բողոքի ակցիա էր անցկացնում,նրանցից  շատերն այնտեղ գիշերեցին: Երկու շարժումը միավորվեց:

Հարյուր հազարավոր մարդիկ ցույցերով արգելափակել էին ճանապարհներն ամբողջ երկրում: «Ցույցերը պետք է խաղաղ լինեին: Սեր և  հարգանք բոլորի հադեպ: Քանի դեռ հետևում ես դրան, կարող ես անել ինչ ուզում ես », սա անընդհատ օգտագործվում էր  փողոցներում ու սոցիալական կայքերում,- ասում է Կարապետյանը: Հայերը դա ընդունեցին  բառացիորեն: Նրանք երգում էին ոստիկանության աշխատակիցների համար, նրանց ծաղիկներ տալիս ու  անընդհատ կրկնում էին. «Ոստիկանը մերն է, ոստիկանը մերն է»: Շատերը հրաժարվեցին իրենց կոչումից ու միացան բողոքի ցույցերին:

Զանգվածային ցույցերի սկսվելուց երկու շաբաթ անց Սարգսյանը հրաժարական տվեց: Դրանից երկու շաբաթ հետո էլ`մայիսի 8-ին, ՀՀ խորհրդարանը պրն. Փաշինյանին ընտրեց վարչապետ: Մի հայ նկարագրեց մթնոլորտը որպես «աշխարհի ամենաերջանիկ ապոկալիպսիս»:

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՆՈՐ ԻՄԱՍՏ

Արդարադատության նախկին փոխնախարար և մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այն հազվադեպ հայերից է, որը բացահայտ է հարցականի տակ  դնում երկրի ընդունած ուղղությունը: «Փաշինյանը հիանալի է հանրային ելույթներում և ցույցեր կազմակերպելու հարցում, բայց նա չգիտի ինչպես աշխատացնել կառավարությունը», – ասում է նա:

Պարոն Մելիքյանը նաև կարծում է, որ նոր վարչապետը բավարար ջանք չի թափում հակառակորդների նկատմամբ ատելությունը սանձելու հարցում, հատկապես, երբ դրանք ուղղված են նախկին իշխող կուսակցությանը: Նա ասում է, որ ներկայում Հայաստանում կա ընդունելի միայն մեկ մոտեցում և եթե դու համարձակվում ես կասկածել կամ քննադատել այն, բոլոր կողմերից հարձակման ես ենթարկվում:

Առաջընթացը լի է մարտահրավերներով:Խնդիրների լուծումը կպահանջի գաղափարների, կարծիքների բազմազանություն և իշխանության քննություն:

Հայաստանը շարունակում է տառապել Խորհրդային Միության փլուզման պատճառով իր գրեթե ամբողջ արդյունաբերության քայքայման հետևանքներից: Գործազրկությունը տարածված է և բնակչության մեկ երրորդը ապրում է աղքատության գծից ցածր: Իր չորս հարևաններից երկուսի հետ Հայաստանի սահմանները մշտապես փակ են, Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի համար ընթացող հակամարտության, Թուրքիայում էլ Հայոց ցեղասպանության ճանաչման կարգավիճակի պատճառով:

Չնայած իր քննադատությանը, Մելիքյանը դրական փոփոխություն է տեսնում  հեղափոխությունից: «Մեր բնակչությունն ավելի է  հասունանում  այս գործընթացիշնորհիվ, տեղի է ունենում իշխանության սերնդափոխություն: Դա շատ կարևոր է »: Սակայն նա անհանգստացած է, որ ժողովրդի ակնկալիքները չափազանց բարձր են: Նա կարծում է, որ իրադրությունը շատ արագ կարող է  Փաշինյանի դեմ շրջվել, հատկապես հիմա, երբ հայերը սովորեցին անցանկալի առաջնորդին հեռացնելու միջոցները:

Երևանից 25 կմ հեռու գտնվող Չարենցավան քաղաքի դպրոցի նոր տնօրենն արդեն զգացել է այս մոտեցման բացասական ազդեցությունը: Դպրոցական խորհուրդը ընտրել էր նորին: Սակայն մայիսյան հեղափոխությունից ոգեշնչված աշակերտները որոշեցին դասադուլ անել: Այս շաբաթվա սկզբին Փաշինյանը այցելեց դպրոց և աշակերտներին ասաց, որ խորհուրդը օրինական է գործել, ուստի նրանք պետք է վերականգնեն դասերը մի քանի շաբաթ բոյկոտելուց հետո: Երեխաները հրաժարվեցին ենթարկվել  և հայտարարեցին, որ կպայքարեն «մինչև վերջ»:

Բայց դա միայն երբեմն անհանգստացնող բողոքի մշակույթը չէ, որը արթնացել է: Շատ հայեր առաջին անգամ հավատում են իրենց ինքնորոշման իրավունքին:

«Ես շատ բաների հետ համաձայն չեմ, բայց հեղափոխությունից ստացված ամենադրականն այն է, որ մարդիկ առաջ մտածում էին, որ իրենց ձայնը կարևոր չէ», – ասում է Մելիքյանը: «Հիմա նրանք փոխվել են և դա հրաշալի է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment