Բողոքների վրա հիմնված քաղաքացիական հասարակության արժանիքներն ու թերությունները

Բողոքների վրա հիմնված քաղաքացիական հասարակության արժանիքներն ու թերությունները

Հոդվածի առանցքում

  • 1991 թ. անկախացումից ի վեր Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի շատ բողոքի, ազն թե կազմակերպության վրա հիմնված քաղաքացիական հասարակություն էր: Պատճառն այն է, որ ՀԿ-ները շատ վատ վարկանիշ ունեն երկրում: Ըստ Կովկասյան Բարոմետրի, վերջին տասնամյակում ՀԿ-ների հանդեպ վստահությունը մոտ 22% է: 2008-ի ցույցերից հետո Հայաստանում բողոքի ակցիաներն ավելի կենտրոնացված են: Հայերի մեծամասնության համար պարզ դարձավ, որ բողոքը քաղաքական ակտիվության դրսևորման միակ ձևն է, հաշվի առնելով քաղաքական համակարգի կոռումպացվածությունը: Այս միջավայրում ձևավորվեցին քաղաքականությանը բնորոշ «քաղաքացիական նախաձեռնություններ», հասարակական շարժումներ, որոնց ակտիվիստները կենտրոնացան որոշակի հարցերի վրա, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի սակագները կամ հասարակական տրանսպորտի ծախսերը Երևանում:

Ուշադրությանն արժանի

2018 թ.-ի Թավշյա հեղափոխությունը Հայաստանում, որն իշխանությունից զրկեց Սերժ Սարգսյանին և որպես վարչապետ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, զարմանալի էր: Քչերն էին կանխատեսում, որ մոտ երկու ամսից նա կհեռանա իշխանությունից: Շատերն էլ չէին սպասում, որ 2018 թ. դեկտեմբերի արտահերթ ընտրությունները Սարգսյանի կուսակցությանն ամբողջովին կհեռացնեն իշխանությունից, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ոչ մի տեղ չստացավ: Միաժամանակ, հեղափոխության ձևը՝ պետության քաղաքական գործերով մտահոգված մարդկանց իրականացրած բողոքի ակցիաները, զարմանալի չէին, հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիական հասարակության բնույթը:

Չնայած ոմանք թավշյա հեղափոխությունը համեմատել են 2000-ական թվականներին Եվրասիայում տարածված գունավոր հեղափոխությունների հետ, սա բոլորովին նույնը չէր: Գունավոր հեղափոխությունները հիմնականում ներգրավեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք խթանեցին և ձևավորեցին քաղաքացիական հասարակության խմբերի և ընդդիմադիր կուսակցությունների միջև ստեղծված դաշինքները: Դրանք կենտրոնացած էին ընտրությունների, այնտեղ տեղ գտած չարաշահումների վրա:

2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցան առանց ցնցումների: «Թավշյա հեղափոխության» պատճառը նոր, ավելի մեծ դերակատարում ունեցող վարչապետի պաշտոնը ստանձնելու Սարգսյանի ձգտումն էր: 2015 թ.-ին Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարվեցին Հայաստանը կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու համար, ինչը լայնորեն դիտարկվեց առանց ուղղակի ընտրության Սարգսյանի իշխանության մնալու հնարավորություն: Չնայած թավշյա հեղափոխությունը նման էր գունավորներին, քաղաքացիական հասարակության ուժի դրսևորման տեսանկյունից, այնուամենայնիվ, ի տարբերություն գունային հեղափոխությունների, քաղաքացիական հասարակության ֆորմալ կազմակերպություններն այստեղ մեծ դեր չխաղացին: Մասնավորապես, «թավշյա հեղափոխությունը» բնորոշվեց որպես զանգվածային բողոքի ու սոցիալական ցանցերի միջոցով ձևավորված հասարակական կազմակերպությունների շարժում, որն առաջնորդում էր ընդդիմության առաջնորդ Փաշինյանը:

1991 թ. անկախացումից ի վեր Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի շատ բողոքի, ազն թե կազմակերպության վրա հիմնված քաղաքացիական հասարակություն էր: Պատճառն այն է, որ ՀԿ-ները շատ վատ վարկանիշ ունեն երկրում: Ըստ  Կովկասյան Բարոմետրի, վերջին տասնամյակում ՀԿ-ների հանդեպ վստահությունը մոտ 22% է: 2008-ի ցույցերից հետո Հայաստանում բողոքի ակցիաներն ավելի կենտրոնացված են: Հայերի մեծամասնության համար պարզ դարձավ, որ բողոքը քաղաքական ակտիվության դրսևորման միակ ձևն է, հաշվի առնելով քաղաքական համակարգի կոռումպացվածությունը: Այս միջավայրում ձևավորվեցին քաղաքականությանը բնորոշ «քաղաքացիական նախաձեռնություններ», հասարակական շարժումներ, որոնց ակտիվիստները կենտրոնացան որոշակի հարցերի վրա, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի սակագները կամ հասարակական տրանսպորտի ծախսերը Երևանում: Նրանք, ընդհանուր առմամբ, ապաքաղաքական էին, քաղաքական փոփոխություններ չէին քարոզում, չէին ձգտում աշխատել պաշտոնական ՀԿ-ների կամ ընդդիմության հետ: Միևնույն ժամանակ, այդ քաղաքացիական նախաձեռնությունները ցանեցին թավշյա հեղափոխության սերմերը: Ակտիվիստները հասկացան, թե ինչն է աշխատում, և ինչը՝ ոչ: Թավշյա հեղափոխության ժամանակ Փաշինյանի և նրա համախոհների կիրառած մեթոդները հնարավորություն էին տալիս սովորական քաղաքացուն միանալ շարժմանն առանց երթին մասնակցելու: Օրինակ իրենց աջակցությունը ցույց տալու համար մարդիկ ազդանշան էին տալիս մեքենայով աշխատանքի գնալու ժամանակ, գիշերը թմբկահարում էին: Դրանք առաջին անգամ էին կիրառվում քաղաքացիական բողոքի ակցիաների ժամանակ:

Ի տարբերություն քաղաքացիական նախաձեռնությունների, 2018 թվականի բողոքի կենտրոնները որոշակիորեն քաղաքական էին: Նրանք ուզում էին Սարգսյանի պաշտոնանկությունը: Ապրիլի 23-ին Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է վարչապետի պաշտոնից`ասելով.« Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ես սխալվեցի »: Այնուհետև, մայիսի 8-ին, Փաշինյանը ընտրվեց վարչապետ:

Այնուամենայնիվ, Փաշինյանը դեռևս անշահավետ վիճակում էր, քանի որ նրա Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդարանում մի քանի տեղ ուներ: Ավելի լավ դիրք ունենալու համար նա կոչ արեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել: Նրա ընտրական դաշինքը՝ «Իմ քայլը», որը կազմված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և մի շարք անկախ թեկնածուներից, այս ընտրություններում հաղթեց՝ ստանալով ձայների մեծ մասը, չնայած որ մասնակցությունը ցածր էր: Այնուամենայնիվ, դարձյալ պարզ չէ, թե կոռուպցիայի դեմ ու Հայաստանի սովորական քաղաքացու տնտեսական վիճակի բարելավման համար պայքարից բացի էլ ինչ նպատակներ է հետապնդում Փաշինյանը: Հայաստանն, իսկապես, տառապում է կոռուպցիայից: Transparency International-ի տվյալով 180 երկրների ցուցակում Հայաստանը 105-րդ տեղում է,  բնակչության գրեթե մեկ երրորդն էլ ապրում է աղքատության գծից ցածր: Սակայն ընտրապայքարի ժամանակ «Իմ Քայլը» դաշինքն իր քարոզարշավը կենտրոնացրեց Փաշինյանի շուրջ, այլ ոչ թե քաղաքականություն ներկայացրեց: Փաշինյանի կառավարությունը ներկայումս իր գործողությունների ծրագրի մշակման գործընթացում է: Դա կարող է պարզաբանել, թե ինչպես են պայքարելու Հայաստանի առաջ կանգնած խնդիրների դեմ:

Մի քանի վերլուծաբանների անհանգստացնում է Իմ քայլի գերազանցությունը, չնայած կուսակցության գաղափարական միասնությունը պարտադիր չէ: Դա կարող է առաջացնել խնդիր, քանի որ, եթե Փաշինյանի կոալիցիան փլուզվի, ինչպես տեղի են ունեցել ժողովրդավարական այլ անցումային համատեքստերում, իրական բարեփոփումը կարող է սառեցվել: Հզոր, կազմակերպված քաղաքացիական հասարակության պակասը նշանակում է, որ դժվար կլինի Փաշինյանին պատասխանատվության ենթարկել: Մտահոգիչ է նաև, որ թեև Փաշինյանը նախկին հետաքննող լրագրող է, մեդիա դաշտի հետ նրա կառավարության հարաբերությունները լավ չեն, հատկապես, երբ լրատվամիջոցները քննադատում են նրա իշխանությունը: Խորհրդարանում հնչած իր ելույթում նա խիստ է խոսել ԶԼՄ-ների մասին:

Բացի այդ, Հայաստանը աշխարհագրական թույլ դիրքում է: Այն տնտեսապես կախված է Ռուսաստանից: Մինչև այժմ Ռուսաստանն ակտիվորեն չի միջամտել հետհեղափոխությանը Հայաստանում: Վերլուծաբանները պնդում են, որ Փաշինյանը ամեն ինչ արել է իր ուժերի հնարավորության սահմաններում, վստահեցնելու համար, որ ամեն ինչ կատարվում է ըստ կարգի: Մինչ օրս խոսք չի եղել ռեժիմի փոփոխության սահմանադրական օրինականության մասին, ինչպես Ուկրաինայում եղավ, չնայած նրան քննադատեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ այն խորհրդարանին հնարավորություն չտվեց ձևավորել ընտրական օրենսդրությունը: Բարեփոխումների հարցում նա նույնիսկ չդիմեց դրսի աջակցությանը, ինչպես դա արվեց Ուկրաինայում: Հավանաբար, դրա նպատակն է չզայրացնել Ռուսաստանին, և նա հետևողականորեն հայտարարում է, որ ցանկանում է շարունակել աշխատել Ռուսաստանի հետ: Միաժամանակ, Ռուսաստանի ուրվականը կարող է խոչընդոտել արդյունավետ բարեփոխումներին:

Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանն ընդգրկված է նաև Ադրբեջանի հետ սառեցված հակամարտությունում: Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, թե որքան դժվար է ժողովրդավարություն իրականացնել տարածաշրջանում, որտեղ ռազմական գործողությունները չեն դադարում: Հակամարտության պատճառով Հայաստանում ազգայնականությունն ու ազգայնական խմբերը նույնքան մտահոգիչ են, որքան Ուկրաինայում:

Թավշյա հեղափոխությունն արդյունավետ էր Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարցում: Այնուհանդերձ, դեռևս պետք է պարզել, թե բողոքների վրա հիմնված քաղաքացիական հասարակությունը որքան արդյունավետ կարող է պահպանել բարեփոխումների ներուժը: Բոստոնի քոլեջի պրոֆեսոր Մոհամմադ Ալի Քադիվարը պնդում է, որ զանգվածային մոբիլիզացիայի արդյունքում առաջացած ժողովրդավարական ձևավորումները կհամախմբվեն, եթե կազմակերպչական և ինստիտուցիոնալ հիմքեր լինեն այդ մոբիլիզացիաների համար: Դրանք էլ իրենց հերթին կդառնան նոր ռեժիմի քաղաքական հիմքը: Հայաստանը չի համապատասխանում այդ օրինակին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment