Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո վարչապետը սկսում է հակամարտությունը դատավորների և Ղարաբաղի ղեկավարության հետ

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո վարչապետը սկսում է հակամարտությունը դատավորների և Ղարաբաղի ղեկավարության հետ

Հոդվածի առանցքում

  • Հանգստյան օրերին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բանտից անակնկալ ազատ արձակման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ինչպես իր երկրի դատական համակարգին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարներին` իր և իր կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու հարցով:

Ուշադրությանն արժանի

 

Քոչարյանին ազատ արձակելու դատարանի անակնկալ որոշումը խորացրեց ներքին և արտաքին  ճգնաժամը:

Հանգստյան օրերին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բանտից անակնկալ ազատ արձակման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ինչպես իր երկրի դատական համակարգին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարներին` իր և իր կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու հարցով:

Մայիսի 18-ին դատարանը Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշում կայացրեց: Նա մեղադրվում է 2008 թ. մարտին կեղծված ընտրությունների դեմ բողոքի ցույցերը բռնի ուժով դադարեցնելու համար: Քոչարյանը, որը նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահն է, ազատ է արձակվել տարածաշրջանի մյուս երկու՝ ներկա և նախկին  ղեկավարների անձնական երաշխավորությամբ:

Ի պատասխան, Փաշինյանը, որի համար առաջնային է Քոչարյանի դատական հետապնդումը, կոչ արեց իր կողմնակիցներին շրջափակել դատարանի շենքերը և արգելել մարդկանց մուտքն ու ելքը:

Փաշինյանը երկար ժամանակ դատական համակարգին  մեղադրում է  նախկին կառավարության պատվերներն ընդունելու համար: Սակայն փաստը, որ նա դրամատիկ գործողություններ  կատարեց դատավորի կայացրած վճռից անմիջապես հետո, որին նա դեմ էր, շատերին ստիպեց վարչապետին դատական համակարգը ոչ պատշաճ կերպով քաղաքականացնելու մեղադրանք ներկայացնել: Բիրմինգհեմի համալսարանի քաղաքագետ Գևորգ Օսկանյանը թվիթերյան էջում նշել է, որ դա «անթույլատրելի է դատական համակարգի անկախության համար»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել `քննադատելով Փաշինյանի կոչը: «Դատական համակարգում խնդիրներ կան, այդ թվում`դրա անկախությունը … բայց այդ խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական միջոցներով », – ասել է Թաթոյանը: «Հետևաբար, վարչապետի հայտարարությունը … չափազանց վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության և կայունության համար»:

Մայիսի 20-ին, մոտավորապես 1 100 հոգի, արձագանքելով Փաշինյանի կոչին, շրջափակեցին Երևանի 11 դատական շենքը: Սահմանադրական դատարանի մոտ հավաքվել էր մոտ 150 մարդ: «Ծիծաղելի է, որ գործադիր իշխանությունը հեղափոխական է, իսկ դատական համակարգը դեռևս հին ռեժիմի հսկողության տակ է», – EurasiaNet-ին ասաց Արթուր Պետրոսյանը:

«Դատական իշխանությունը կդառնա օրինական», – հայտարարեց շրջափակման մեկ այլ կողմնակից Հենրիկ Սերգոյանը: «Փաշինյանը գիտի,  ինչպես ազատ դարձնի կառավարությունն ու դատական համակարգը: Նա գիտի ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ: Մենք վստահում ենք նրան»:

Նույն օրն ավելի ուշ, Փաշինյանը հեռուստատեսային ելույթում անդրադարձավ իր կոչին. «Հայ ժողովուրդը դատարանն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացորդ, որտեղ մշտապես ժողովրդի դեմ նախագծվում և իրականացվում են դավադրություններ», – ասաց Փաշինյանը: Նա նաև ներկայացրեց դատական համակարգի բարեփոխման ծրագիրը, որը ներառում է « դատավորի քաղաքական կապերի, ընտանեկան վիճակի և ունեցվածքի » հրապարակումը և խնդրեց, որ նրանք, ովքեր կապ ունեն նախկին կառավարության հետ, հեռանան:

Փաշինյանը նաև Լեռնային Ղարաբաղի իշխանություններին մեղադրեց դավադրության մեջ, որի նպատակն է Ադրբեջանին հանձնել հայերի հսկողության տակ գտնվող տարածքներ և դրա համար մեղադրել իրեն: «Ես դա համարում եմ պետական  դավաճանություն, որպես  Հայաստանի վարչապետ, Արցախի անվտանգության երաշխավոր և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ես կընդունեմ ամենախիստ միջոցներն այս դավադիր նպատակներն արմատախիլ անելու  համար », – ասել է նա իր ելույթում: (Արցախը Ղարաբաղի հայկական անվանումն է):

Փաշինյանը նաև ասել է, որ խորհրդարանը պետք է հետաքննող հանձնաժողով ստեղծի, «ուսումնասիրելու 2016-ի ապրիլյան  պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակը (Ադրբեջանի հետ պայքարում կարճ բռնկումը) և ստանա մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»: Նա չի ճշտել, թե դրանք ինչ հարցեր են:

Փաշինյանը հանդիպում է դիմադրության, երբեմն հրապարակային, Լեռնային Ղարաբաղի իշխանություններից, որոնք սերտորեն համագործակցում էին Հայաստանի նախկին իշխանությունների հետ: Մայիսի 9-ին նա այցելեց Ղարաբաղ, որտեղ էլ նրան հարցրեցին տարածաշրջանում իր կառավարության դեմ ընդդիմության մասին: «Եթե ինչ-որ մեկը փորձում է Ղարաբաղը դարձնել հակահեղափոխության օջախ, ապա ժողովուրդը դա կվերածի հեղափոխության օջախի», – ասել է նա:

Ստեփանակերտում Փաշինյանի ամենահայտնի քննադատներից մեկը Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է: Մայիսի 19-ին Երևանում զենք փնտրելու նպատակով ոստիկանությունը կանգնեցրել է Բալասանյանի մեքենան, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնել է հայ վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որը Բալասանյանի հետ էր: Բալասանյանը թույլ չի տվել առանց օրդերի զննում անցկացնել, իսկ ոստիկանությունը հետագայում հանդես է եկել հայտարարությամբ, թե Բալասանյանը զննման թիրախ չէր:

«Հայաստանում 2018 թ. ապրիլյան հեղափոխությունից հետո Ղարաբաղում փորձ արվեց  հետևել այդ օրինակին, բայց իշխանությունները Երևանում, գուցե, պատերազմի վախից զսպվածություն ցուցաբերեցին», – ասաց Պետրոսյանը՝ Սահմանադրական դատարանի մոտ կանգնած ցուցարարը: «Արդյունքում, մեկ տարի հետ Լեռնային Ղարաբաղը դարձավ հակահեղափոխության կենտրոն»:

Ճգնաժամ առաջացրած իրադարձությունը՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, որը հետևեց մեկ շաբաթյա դատական լսումներին,  բևեռացրեց  Հայաստանը: Քոչարյանը մեղադրվում է 2008-ի իրադարձությունների հետ կապված «սահմանադրական կարգը տապալելու» մեջ, որի ժամանակ սպանվեց ութ ցուցարար և երկու ոստիկան: Լսումները՝ պարզելու համար, թե Քոչարյանին որտեղ պետք է պահեն, մինչ նա սպասում է իր դատավարությանը, սկսվեց մայիսի 13-ին: Լսումների ժամանակ Քոչարյանը մեղադրվեց նաև 3 միլիոն դոլարի կաշառք վերցնելու  համար, ինչը նա մերժեց: «Այս մեղադրանքը հորինված է, որպեսզի հնարավորինս երկարաձգվի իմ կալանավորումը, այլ բացատրություն չկա», – ասաց նա դատարանում:

Փաշինյանի դաշնակիցներից ոմանք հրապարակավ կոչ արեցին դատավորին մերժել Քոչարյանի գրավը: «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանի անդամ Հայկ Սարգսյանը Facebook-ով կոչ արեց մարդկանց գնալ դատարան և բողոքել՝ պահանջելով, որ «դատավորն արդար որոշում կայացնի», ինչն առաջացրեց Քոչարյանի փաստաբանների բողոքը: (Սարգսյանը հետագայում հեռացրեց գրությունը):

Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանը, ինչպես նաև նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը անձամբ եկան դատարան`յուրաքանչյուրը 500.000 դրամով (մոտ 1000 դոլար) ապահովելու Քոչարյանի գրավը: Դատարանի դահլիճում նրանք  ջերմագին գրկախառնվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, վրդովեցնելով նրան մեղադրողներին: Երբ Սահակյանն ու Ղուկասյանը դուրս եկան դատարանից, բողոքողները բղավում էին «ամոթ»:

Դատավարությունը, սակայն 2008 թ. դեպքերին չհասավ: «Փաստեր չկան մարդկանց մահվան, Քոչարյանի մասնակցության մասին, ընդհանուր առմամբ, ոչինչ չկա», – գրել է վերլուծաբան Հրանտ Միքայելյանը: «Փաշինյանի կողմնակիցները, հատկապես` քաղաքացիական հասարակությունից, մեղադրում են դատավորին և ցանկանում են արդարադատության համակարգի վերանորոգում իրականացնել, բայց դա մաքուր իրավական նիհիլիզմ է: Բացի այդ, վերջին շաբաթների ընթացքում ընթանում է ատելության քարոզչություն, կառավարությունը մոբիլիզացնում է մարդկանց, որոնք Քոչարյանի ազատ արձակման դեմ իբր ինքնաբուխ բողոքներ են իրականացնում »:

«Հետհեղափոխական Հայաստանում մշտապես այն վտանգը կա, որ Փաշինյանը, չկարողանալով արագ ու կայուն փոխակերպել երկիրը, հետ կգնա պոպուլիզմին,  որը նրան իշխանության բերեց:», – գրել է« Freedom House » իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպան Նեյթ Շենկանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment