Ռուսաստանի և Թուրքիան Սիրիայում գործարքի են գնո՞ւմ, թե՞ բաժանվում են

Ռուսաստանի և Թուրքիան Սիրիայում գործարքի են գնո՞ւմ, թե՞ բաժանվում են

Հոդվածի առանցքում

  • Վերջին էսկալացիան առավել կարևոր է, քանի որ Մոսկվայի և Անկարայի միջև անցած տարվա սեպտեմբերին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել գետնին այդ տարածքներում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում պայմանագրի պայմանները բազմիցս խախտվել են, ռմբակոծության և բախումների հետևանքով զոհվել է մոտ 500 խաղաղ բնակիչ:

Ուշադրությանն արժանի

 

Վերջին մի քանի շաբաթում Սիրիայի հյուսիսարևմուտքում ռազմական նոր էսկալացիա է զարգանում: Ռուսաստանի և սիրիական ռեժիմի ուժերը մահացու գործողություն են սկսել Իդլիբ, Հալեպ ևՀամա նահանգների որոշ մասերում: Որոշումը կայացվել է նախկինում «Ալ-Քաիդայի» հետ գործող «Հայեթ Թահրիր ալ Շամ» խմբավորման երկու հարձակումներից հետո, որոնց հետևանքով զոհվել ապրիլի 27-ին զոհվել էր ասադական բանակի 22 զինծառայող:

Վերջին էսկալացիան առավել կարևոր է, քանի որ Մոսկվայի և Անկարայի միջև անցած տարվա սեպտեմբերին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել գետնին այդ տարածքներում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում պայմանագրի պայմանները բազմիցս խախտվել են, ռմբակոծության և բախումների հետևանքով զոհվել է մոտ 500 խաղաղ բնակիչ:

Թուրքական զորքը նույնպես թիրախավորվել է մայիսի սկզբին տեղի ունեցած երկու միջադեպերի ժամանակ: Հալեպի հյուսիսում սիրիական վարչակարգի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակող հենակետը, նաև քրդական ուժերը Թել Ռիֆաթի մոտակայքում հարձակվել են թուրքական դիրքերի վրա և սպանել մեկ թուրք զինվորի:

Այս հարձակումները և դրանց հետևած զարգացումները ցույց են տալիս, որ ռուս-թուրքական դաշինքում հայտնվել են զգալի ճեղքեր:

Մինչ այժմ Ռուսաստանն ու Թուրքիան ամրապնդել են իրենց համագործակցությունը Սիրիայում՝ Միացյալ Նահանգների ճնշման և իրենց  ընդհանուր շահի ֆոնին: Այնուամենայնիվ, դժվար է անտեսել մեծ հակասությունները: Մոսկվայի համբերությունը սպառվեց և որոշվեց «Հայեթ Թահրիր ալ Շամ» խմբավորման դեմ գործողությամբ ապահովել ապառազմականացված գոտու մասին պայմանավորվածության լիարժեք իրականացումը, իսկ թուրքական կողմը հիասթափվել է, քանի որ քրդերի Թել Ռիդաթից դուրս բերելու ռուսական խոստումները չեն իրականանում:

Քանի որ երկու երկրների համար ավելի ու ավելի բարդ է դառնում Սիրիայում համաձայնության գալը, Թուրքիան փորձում է «խաղալ» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ՝ ապահովելու իր շահերը Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին:

Վերջին ռազմական էսկալացիային նախորդել էր երկու զարգացում, որոնք խորացրեցին Մոսկվայի և Անկարայի միջև անվստահությունը:

Ապրիլի 25-26-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև Աստանայի բանակցությունների հերթական փուլն էր՝ առանց բեկումների: Մոսկվան հույս է հայտնել, որ Անկարան կաջակցի սիրիական խաղաղ բանակցություններին՝ ռեժիմի և ընդդիմության միջև համատեղ սահմանադրական կոմիտեի ստեղծման միջոցով, սակայն համաձայնությանը հնարավոր չի եղել հասնել:

Այնուհետև մայիսի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան և Վաշինգտոնը մոտ են Սիրիայի սահմանի երկայնքով Եփրատ գետի արևելքում «անվտանգության գոտի» ստեղծելուն: Չավուշօղլուի հայտարարությունը, հավանաբար, անհանգստացրեց Մոսկվային, որը որոշեց ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ երկու հիմնական ուղղություններով՝ Թել Ռիֆաթ և Իդլիբ:

Թել Ռիֆաթը գտնվում է Հալեպ նահանգի հյուսիսում՝ Եփրատ գետի արևմուտքում՝ փոքրիկ եռանկյունի մեջ, որտեղ քրդերը կարողացել են պահպանել վերահսկողությունը, երբ 2018-ին Աֆրինի ուղղությամբ թուրքական բանակի ռազմական գործողություններից հետո, թուրքական զորքը դուրս բերվեց: Այս շրջանը սահմաններ չունի այն տարածքների հետ, որոնք ևս վերահսկում են քրդերը, այլ հյուսիսում շրջապատված է թուրքական և Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերով, իսկ հարավարևելքում՝ սիրիական կառավարական բանակի և ռուսական ռազմական ոստիկանության ուժերով: 2018-ի փետրվարին քրդերը պայմանագիր են կնքել Մոսկվայի և Դամասկոսի հետ՝ տարածքում այս վերջին ուժերի վերահսկողության հաստատման մասին, ինչը  հիասթափեցրեց Թուրքիային:

Մինչ Ռուսաստանն ու Իրանը Թել-Ռիֆաթը պահպանում են որպես բուֆերային գոտի, որպեսզի Թուրքիան և այդ երկրի աջակցությունը վայելող սիրիական ուժերին պահեն մեկ ձեռքի հեռավորության վրա, Անկարան ցանկանում է վերահսկել այդ տարածքը՝ Աֆրինում ձեռք բերված ձեռքբերումներն ամրապնդելու և դեպի Մանբիջ շարժվելու համար՝ թույլ չտալու, որ քրդերը միավորվեն:

Թուրքիայի կարճաժամկետ նպատակն է լիովին վերահսկել Սիրիայի հետ սահմանը Եփրատի արևմտյան հատվածում և բացել Գազիանթեպ-Հալեպ ճանապարհը, որը թուրքական ձեռնարկություններին հնարավորություն կտա մուտք գործել Սիրիայի շուկա:

Իդլիբը նաև ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար: Անկարան վախենում է, որ եթե սիրիական վարչակազմը վերահսկի այդ նահանգը և շրջակա ապստամբ տարածքները, ապա Թուրքիան կկորցնի զգալի քաղաքական լծակներ սիրիական հակամարտության մեջ և կկանգնի սիրիացի փախստականների ևս մեկ խոշոր ալիքի առջև: Դա նաև կսահմանափակի Թուրքիայի ազդեցությունը Եփրատ գետի արևմուտքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, որը շրջապատված է ռուսական և իրանական ազդեցությամբ ուժերով ու քրդերով:

Ռուսաստանի համար Իդլիբը նույնպես կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Մ4 և Մ5 ավտոմայրուղիների մեծ մասն անցնում են այս նահանգով: Մայրուղիները կապում են Լաթաքիան և Հալեպը, Դամասկոսը և Հալեպը: Վերահսկողությունը այս կարևոր ճանապարհների վրա կարող է օգնել սիրիական ռեժիմին տնտեսության վերականգնման առումով: Ռուսաստանը պետք է վերահսկի որոշակի տարածքներ Արևմտյան Իդլիբում` Լաթաքիայում գտնվող իր ռազմակայանը հետագա հրետանային ռմբակոծումներից ապահովագրելու համար:

Այս ռազմավարական հակասությունների ֆոնին Մոսկվան կարծես թե բաց է Անկարային առաջարկել՝ ընդլայնել Թել-Ռիֆաթում վերահսկողությունը Իդլիբի հարավում ռուսական առաջխաղացման դիմաց: Սակայն նման գործարքի պայմանների շուրջ դժվար է բանակցել մի շարք պատճառներով:

Նախ, Ռուսաստանը, հազիվ թե կանաչ լույս տա թուրքական օդուժին` քաղաքը ռմբակոծելու համար, ինչպես անցյալ տարի տվեց Աֆրինում: Երկրորդ, քիչ հավանական է նաև, որ Իդլիբում Թուրքիան լայնածավալ ցամաքային ռազմագործողություն իրականացնի, քանի որ շատ լավ գիտի, որ դա կարող է իրեն նետել Վաշինգտոնի գիրկը: Երրորդ՝ Իրանը, սիրիական  ռեժիմը քրդերը, ամենայն հավանականությամբ, դեմ են Թել Ռիֆաթում ռուս-թուրքական գործարքին:

Այս պահին երկու ճակատներում հնարավոր են սահմանափակ և փոխադարձ զիջումներ, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան նախընտրում են հետաձգել իրենց շահերի բաց բախումը, փոխարենը կատարել լրացուցիչ գործարքներ` առանց տպավորություն ստեղծելու, թե զիջում են:

Միաժամանակ, երկու այլ գործոններ կարող են բարդացնել Անկարայի վիճակը: Նախ, ԱՄՆ-ը վերջերս առաջարկեց թուրքական կառավարությանը հետաձգել ռուսական արտադրության Ս-400 հրթիռային համակարգերի գնումը, ինչպես նաև գործարք Եփրատ գետի արևելքում: Վաշինգտոնը արդեն փորձեր է արել միջնորդ լինել թուրքական կողմի և քրդերի միջև: Այդ ճանապարհով անցնելը կարող էր Թուրքիային հեռացնել Աստանայի գործընթացի և Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելուց:

Երկրորդ, Թուրքիայի լռությունը Իդլիբում ռուսական գործողություններին կարող է վնաս հասցնել սիրիական ընդդիմությանը, ինչի արդյունքում թուրքական կողմի աջակցությունը վայելող սիրիական խմբավորումների հաշվին կմեծանա «Հայեթ Թահրիր ալ Շամ» խմբավորման ազդեցությունը: Անկարայի և Դամասկոսի միջև միջնորդ լինելու Թեհրանի շարունակական ջանքերը ևս կարող են թուլացնել սիրիական ընդդիմության վրա թուրքական ազդեցությունը:

Առայժմ ակնհայտ է, որ «ամեն ինչ ունենալու փորձերը», թերևս, չեն կարող լինել Թուրքիայի համար լավագույն ռազմավարությունը: Առաջիկայում կարող է որոշվել՝ արդյոք Անկարայի առաջնահերթությունը Եփրատ գետի արևելքում կամ արևմուտքում գործարքն է, և որ ամենակարևորն է, արդյոք պետք է հրաժարվի Թել Ռիֆաթից, Մանբիջից և Իդլիբից և ինչ գնով: Եթե ԱՄՆ-ը պնդի Ս-400-ի հարցում իր դիրքորոշումը, ապա Թուրքիան կարող է նաև ստիպված լինել ընտրել Թուրքիայի տնտեսությունը տապալող ԱՄՆ պատժամիջոցների և Իդլիբում ռուսական հարձակման միջև, որն էլ թոլացնում է թուրքական ազդեցությունը Սիրիայում:

Այս գործոնները, ինչպես նաև թուրք-ռուսական հարաբերություններում մշտական երկիմաստությունը նշանակում են, որ առաջիկայում Սիրիայի հյուսիսարևմուտքում հնարավոր են նոր էսկալացիա և անկանխատեսելի զարգացումներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment