Մասնավոր կենդանաբանական այգիների էկզոտիկ կենդանիներով պարծենալը՝ հայաստանյան էլիտայի նոր խորհրդանիշ

Մասնավոր կենդանաբանական այգիների էկզոտիկ կենդանիներով պարծենալը՝ հայաստանյան էլիտայի նոր խորհրդանիշ

Հոդվածի առանցքում

  • Կառավարությունը աչք է փակում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների` որպես ընտանի կենդանիներ պահելու հանգամանքի վրա:
  • Հայաստանը կենդանիների ապօրինի վաճառքի տեսանկյունից միջազգային վատ համբավ ունի:
  • Երկրի տարածքում ռեստորանները իրենց ճաշացանկում ազատորեն արջի, վարազի և եղնիկի միս են առաջարկում:

Ուշադրությանն արժանի

ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևանները աղմուկի հետ կապված մշտական խնդիր ունեն: Սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե աղմկոտ միջոցառումների կամ մեքենաների շչակների մասին, այլ առյուծների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը պահում է իբրև տնային կենդանիներ մայրաքաղաքաք Երևանում, շարունակ մռնչում են:

Այս խնդիրը գնալով ավելի շատ հայերի է մտահոգում: Մասնավոր կենդանաբանական այգիները, որտեղ պահվում են առյուծներ, վագրեր, արջեր, դառնում են հարուստների և հայտնիների սիրած զբաղմունքը, իսկ կառավարությունը, ինչպես երևում է, միջամտելու մտադրություն չունի: Ընդհակառակը, վայրի բնությանը վերաբերող օրենսդրության մեջ վերջերս կատարված փոփոխությունները կարծես ժամանցի այս ձևի կազմակերպումը հեշտացնելու նպատակ են հետապնդում: Մասնավոր քաղաքացիները կարող են վայրի կենդանիներ պահել, ներառյալ նաև անհետացման վտանգի տակ գտնվող տեսակները, այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կենդանիների համար ապահովում են այնպիսի պայմաններ, որոնք «ապահովում են վերջիններիս կյանքը, առողջությունն ու անվտանգությունը» և հնարավորություն չեն տալիս փախչել այս գերությունից: Վերահսկողությունը պետք է «մշտական» լինի:

Սակայն դա այդպես չէ: Անցյալ նոյեմբերին տեղական լրատվամիջոցների հաղորդման համաձայն մայրաքաղաք Երևանից 12 մղոն հեռավորության վրա գտնվող Էջմիածին քաղաքի փողոցներից մեկում վագրի ձագեր էին գտնվել: Չնայած այն հանգամանքին, որ անհետացման վտանգի տակ գտնվող վագրերը անմիջապես վայրի բնության պայմաններից չեն կարող բերվել, կենդանաբանական այգիներից նրանց ներմուծումը թույլատրվում է:

Վայրի ֆլորայի և ֆաունայի անհետացող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի 2008-2013 թթ տվյալների որոնման բազան ցույց է տալիս, որ Հայաստան են ներմուծվել 6 վագրեր: Այդ թվում՝ երեք Սիբիրյան վագրերը բերվել են Ուկրաինայից, մնացածը՝ Բելգիայից, Չիլիից և Ղազախստանից: Հայաստանի սահմանապահ ծառայության պաշտոնյաներից մեկը, որը հրաժարվել է հայտնել իր անունը, նշել է՝ վագրերը կարող են բերվել Հայաստան, եթե համապատասխան փաստաթղթերում նշվում է կենդանիների ծագման երկիրը և այն փաստը, որ դրանք հանդիսանում են կենդանաբանական այգու վագրերի երրորդ սերնդի ներկայացուցիչ:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության բաժնի ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, որը ստուգում է ներմուծման փաստաթղթերն ու կենդանիների առողջական վիճակը, նշում է, որ պահանջվում է նաև կենդանիների փոխադրումը լիազորող վկայական:  Hetq.am նորությունների կայքի լրագրողական հետաքննությունների հաշվետվությունների վկայությամբ՝ Հայաստան ներմուծվող ոչ բոլոր էկզոտիկ կենդանիներն են ներառնվում Վայրի ֆլորայի և ֆաունայի անհետացող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի տվյալների բազայում: Որպես օրինակ նշենք վտանգված տեսակ համարվող բոնոբոն:

Նույնը կարելի է ասել անցյալ տարվա դեկտեմբերին մայրաքաղաքի սուպերմարկետներում առաջարկվող, ամանորյա տոների համար նախատեսված կոկորդիլոսների մասին, որոնց վերաբերյալ տվյալների բազայում ոչ մի հիշատակություն չկա, քանի որ դրանք ներկրվել էին որպես սննդամթերք: Այնուամենայնիվ այս տվյալները ցույց է տալիս էկզոտիկ կենդանիների ներմուծման ծավալը: Կատվազգիների ցուցակը գլխավորում են ընձառյուծները. 2008-2013 թթ Հարավային Աֆրիկայից և Արաբական Միացյալ Էմիրություններից բերվել են 18 ընձառյուծներ: Նույն ժամանակահատվածում հիմնականում ԱՄԷ-ից բերվել են 9 առյուծներ:

2009-2010 թթ Հայաստան են բերվել Սահարայի բնակիչներ համարվող 41 ֆենեկ երկարականջ աղվեսներ, իսկ 2012 թ. Հարավային Ամերիկայից բերվել են 21 նանդուներ՝ ջայլամազգի թռչուններ: Սկզբում անհասկանալի էր, թե արդյո՞ք այս կենդանիները նախատեսված են եղել Երևանի կենդանաբանական այգու համար: Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշում է, որ այգին «անում է հնարավոր ամեն ինչ միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար» և ափսոսանք է հայտնում, որ Հայաստանը վայրի կենդանինիների ապօրինի վաճառքով զբաղվող երկրի համբավ է ձեռք բերել:

Մի քանի անձանց պատճառով Հայաստանը կենդանիների ապօրինի վաճառքի տեսանկյունից միջազգային վատ համբավ ունի,- ասում է Խաչատրյանը: «Միջազգային կոնֆերանսի ժամանակ [անհատները] կարող են մոտենալ և անհանգստությամբ հարցնել. «Ի՞նչ է կատարվում ձեր երկրում»»:

Hetq.am-ի լրագրողական հետաքննությունից հետո կառավարությունը քրեական գործ հարուցեց կենդանիների ներմուծման փաստի կապակցությամբ, սակայն արդյունքները չհրապարակվեցին: Էկզոտիկ կենդանիների նկատմամբ առանձնահատուկ սեր տածողների թվում է Հայաստանի քաղաքական գործիչ, միլիոնատեր գործարար, «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 2009 թ. YouTube-ում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ ավանակին մտցնում են առյուծի վանդակը: Այս միջադեպը հայտնի էր որպես Ծառուկյանի՝ մասնավոր կենդանաբանական այգի ունեցող երևանյան առանձնատանը կատարված նկարահանում: Նրա մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը ժխտում է այս դեպքի հետ Ծառուկյանի առնչությունը, սակայն նշում է, որ վերջինս երկու տասնյակ առյուծներ և սպիտակ վագրեր ունի, որոնք ապրում են «հիանալի պայմաններում»:

Ճաշակի հարցում Ծառուկյանը մենակ չէ: Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Ղարաբաղյան պատերազմի վետերանների ազդեցիկ կազմակերպության ղեկավար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Էջմիածին քաղաքում մասնավոր կենդանաբանական այգում վագրեր, առյուծներ, արջեր և տարատեսակ թռչուններ է պահում: Hetq.am-ի համաձայն Գրիգորյանի Էջմիածնի տունը պաշտպանում է իբրև թե անատամ մի վագր: Անցյալ տարի քաղաքի փողոցներում թափառող վագրի ձագը ևս ենթադրվում էր, որ պատկանում է Գրիգորյանին, որը, սակայն, չի պատասխանել այս մեղադրանքներին: Սակայն ցանկացած քաղաքական գործչի պատասխանատվության խնդիրը այս հարցերի կապակցությամբ բավականին բարդ է:

Էկոլոգները նշում են, որ կառավարությունը չի պատասխանել իբրև թե Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող, անհետացման վտանգի տակ գտնվող գորշ արջերի վերաբերյալ փաստաթղթերը ցույց տալու իրենց պահանջներին:

Այնուամենայնիվ, գյուղնախարարության ներկայացուցիչ Մկրտչյանը ասում է, որ «ամեն ինչ արվում է ըստ կարգի»:«Մենք անում ենք ամեն ինչ անվտանգության ապահովման համար»,- ասում է նա: Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է: 2012 թ իբրև թե ոստիկանության նախկին գնդապետին պատկանող առյուծը Թուրքիայի սահմանամերձ գյուղում լրջորեն վիրավորել էր երկու տարեկան մի երեխայի: Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ վայրի բնության մասին օրենքը պարզապես չի գործում:

«Օրենսդիրները պետք է լծակներ ունենան դաշտը վերահսկելու համար, մինչդեռ կատարվում է ճիշտ հակառակը», – նշում է նա:

Ողջ երկրի տարածքում ռեստորանները իրենց ճաշացանկում ազատորեն արջի, վարազի և եղնիկի միս են առաջարկում, մինչդեռ այդ բոլոր տեսակները Հայաստանում գտնվում են անհետացման վտանգի տակ: Երևանում ազատության մեջ կարելի է նաև արջերի տեսնել: Անցյալ տարվա ընթացքում նման երկու հաղորդում է եղել: Ադամյանն ասում է, որ քաղաքացիական հասարակության խմբերը խնդիրը քննարկելուն պատրաստ չեն: «Դաշտը վերահսկվում է որոշ ազդեցիկ մարդկանց կողմից, իսկ հասարակությունը այնքան զբաղված է այլ խնդիրներով, որ ուղղակի ժամանակ չունի այս հարցերին ուշադրություն դարձնելու համար»,- նշում է նա: Կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել մեղադրանքները:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment