Իրանի ճգնաժամի պայմաններում ԱՄՆ-ն մեծ ռազմական օգնություն է առաջարկում  Ադրբեջանին

Իրանի ճգնաժամի պայմաններում ԱՄՆ-ն մեծ ռազմական օգնություն է առաջարկում  Ադրբեջանին

Հոդվածի առանցքում

  • Պենտագոնի ծրագիրը ավելի քան 100 միլիոն դոլար կտրամադրի Բաքվին` բարելավելու իր ծովային անվտանգությունը: ԱՄՆ ուժեղացրել է դիվանագիտական և ռազմական ճնշումները Իրանի վրա և հարևան Ադրբեջանին առաջարկել է ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այն նախատեսում է հակազդել Թեհրանի սպառնալիքներին:

Ուշադրությանն արժանի

 

Պենտագոնի ծրագիրը ավելի քան 100 միլիոն դոլար կտրամադրի Բաքվին` բարելավելու իր ծովային անվտանգությունը:

ԱՄՆ ուժեղացրել է դիվանագիտական և ռազմական ճնշումները Իրանի վրա և հարևան Ադրբեջանին առաջարկել է ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այն նախատեսում է հակազդել Թեհրանի սպառնալիքներին:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը 2018 ֆինանսական տարում Ադրբեջանի սահմանային և մաքսային ծառայություններին հատկացրել է 58,6, իսկ հաջորդ տարի՝ 42,9 միլիոն դոլար, ասված է Կոնգրես ուղարկված Պենտագոնի հաղորդագրություններում, որոնք ձեռք է բերել և հրապարակել  Security Assist Monitor-ը (SAM), Վաշինգտոն,Կոլումբիայի շրջան:

Ըստ ֆինանսավորման ծրագրի, անցյալ տարվա համեմատ զգալի աճել է Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, այն գերազանցել է տարածաշրջանի ցանկացած այլ երկրին տրվող աջակցությանը: Երկու ֆինանսական տարվա ընթացքում Ադրբեջանին հատկացված գումարը կգերազանցի Վրաստանին տրամադրված ռազմական օգնությանը, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահավատարիմ գործընկերն է:

Ավելին, Պենտագոնը չի հրապարակել 2019 ֆինանսական տարվա ծրագրի համար նախատեսված բյուջետային ամբողջ տեղեկությունը, ինչը նշանակում է, որ այս տարվա ընթացքում գումարի իրական ցուցանիշը կարող է կազմել ավելի քան 42.9 միլիոն դոլար: Այս մասին Eurasianet-ին ասաց SAM- ի տնօրեն Քրիստինա Արաբիան:

Գումարը ստացվում է Պենտագոնի վերապատրաստման և վերազինման հիմնադրամից, որն ավելի թույլ հսկողության է ենթարկվում, քան Պետդեպարտամենտի կողմից իրականացվող ռազմական օգնության ավելի մեծ ծրագրերը: Անցած երկու տարվա ընթացքում Ադրբեջանը երրորդ պետությունն է Լիբանանից ու Հորդանանից հետո, որ օգնություն է ստանում այդ ծրագրից: «Երկու պետությունն էլ ԱՄՆ ռազմավարական խոշորագույն գործընկերներ են հակաահաբեկչական պայքարում», – ասել է Արաբիան: Հայտնի չէ, իրականում օգնությունն առաքվել է, թե` ոչ: Նույնիսկ եթե օգնությունը չի ստացվել, «փաստը, որ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Կոնգրեսին» ծրագրի մասին, «չափազանց նշանակալի է, քանի որ այս ծրագրով նույնիսկ օգնություն չստանալու դեպքում, երկիրը ձեռք է բերում 2019 թվականի ֆինանսական տարում օգնություն ստացող երրորդ պետության վարկանիշը, ասաց Արաբիան:

Երկու կողմերն, այնուամենայնիվ, շատ հանգիստ են վերաբերվել օգնությանը: Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ծրագրերի մասին պաշտոնական հայտարարություններում չի նշվում ոչ Ադրբեջանի, ոչ էլ Կասպից ծովի մասին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել մեկնաբանելու խնդրանքին:

Օգնության ծրագրի մասին Eurasianet- ի գրավոր հարցերին  Բաքվում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է հակիրճ հայտարարությամբ. «Միացյալ Նահանգները մասնակցում է պաշտպանության և անվտանգության ամրապնդման ծրագրերին, որոնք կներառեն նաև աշխարհում ցանկալի գործընկեր պետությունների հետ սահմանային անվտանգությանն ու միջուկային զենքի չտարածմանն ուղղված ջանքերը»:

Տարիներ շարունակ Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է մի շարք օգնություն նավթով և գազով հարուստ Կասպից ծովում ռազմածովային և առափնյա պահպանության ուժեր ստեղծելու համար: «Ահաբեկչության դեմ պայքարի» առաջին տարիներին Կասպիական գվարդիայի ծրագիրն օգնեց մարզել Ադրբեջանի ռազմածովային հատուկ նշանակության ուժերին: ԱՄՆ-ը նաև օգտագործված պարեկային նավակներ է նվիրել Ադրբեջանին, ինչպես նաև Ղազախստանին ու Թուրքմենստանին:

Ամերիկյան տեսանկյունից, Կասպից ծովը ռազմավարական առումով զգայուն է, քանի որ այն սահմանակից է Իրանին: ԱՄՆ-ն երկար ժամանակ հանգիստ աշխատել է, որ օգնի Ադրբեջանին սեփական ուժերով դիմակայելու Իրանի Կասպյան ռազմական ներկայությանը: 2009-ին իրանական և ադրբեջանական նավերի միջև լարվածության ժամանակ Միացյալ Նահանգները Բաքվին խորհուրդ էր տալիս, թե ինչպես կարգավորել իրադրությունը և առհասարակ, օգնում էր Ադրբեջանին նրա ծովային անվտանգության հարցում:

Թեև նոր օգնության մասին փաստաթղթերում Իրանը բացահայտ նշված չէ, կան մի շարք տարրեր, որոնք մատնանշում են այդ ենթադրյալ սպառնալիքը: Այն, որ Կասպից ծովը փակ տարածք է, նշանակում է, որ հավանական սպառնալիքները սահմանափակ են: Այս ֆինանսավորումը ներկայացվում է որպես ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Հարավային սահմանի անվտանգություն» ծրագրի մի մասը, որը վերաբերում է Ադրբեջանի հարևաններից միայն Իրանին:

Նոր օգնության փաթեթի ժամկետը հատկանշական է, քանի որ մինչ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունն աճում է 2017-ին Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո, Ադրբեջան-Իրան հարաբերությունները հարաբերական հանգստության փուլում են: Անցյալ տարի ստորագրվեց Կասպից ծովի սահմանները գծելու մասին համաձայնագիրը: Իսլամիստ ​​ Մահմուդ Ահմադինեժադից հետո Հասան Ռոհանիի իշխանության գալով շիաիզմի առաջխաղացումը արտերկրում, որը Թեհրանի դեմ ուղղված Բաքվի ամենամեծ բողոքներից մեկն էր, «երկրորդական է դարձել», – գրել է ադրբեջանցի վերլուծաբան Ազադ Գարիբովը Eurasia Daily Monitor-ում . «Հիմնախնդիրները, որոնք առաջացրել են փոխադարձ կասկածներ և լարված հարաբերություններ Ադրբեջանի հետանկախության շրջանում, հիմնականում լուծվել են», – գրել է Գարիբովը:

Այդ ջերմացումն արտացոլվել է նաև երկկողմ ռազմական հարաբերություններում: Երկու տարի առաջ իրանական և ադրբեջանական ռազմանավերն առաջին անգամ սկսեցին բարեկամական այցեր կատարել միմյանց նավահանգիստներ: Այդ պրակտիկան շարունակվել է այս ամառ,  հուլիսի 28-ին երկու իրանական պարեկային նավ ժամանեց Բաքու՝  միջազգային ռազմածովային ընկերական մրցույթի շրջանակում:

Ֆինանսավորման նոր փաթեթի նպատակն է «հակազդել անդրազգային սպառնալիքներին» և «աջակցել Ադրբեջանի կայունությանը, նրա անվտանգության ուժերին օգնել զարգացնելու  սահմաններն ապահովելու, ահաբեկչական գործողությունները հայտնաբերելու և կանխելու, WMD- ի տարածմանը հակազդելու և ճգնաժամերին արձագանքելու հնարավորությունները», – քաղաքականության հարցով պաշտպանության փոխնախարարի տեղակալ Դեվիթ Թրախտենբերգը գրել է  Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ուղղված զեկույցում: Զեկույցը ստացել է SAM-ը և տրամադրել Eurasianet- ին:

Գումարը հատկացվում է փոխադրամիջոցներին, այդ թվում`15 գերարագ նավերի, 14 «ստորջրյա թիրախների հայտնաբերման» համակարգերի, 25 պիկապ բեռնատարների և 34 ամենագնացների ձեռքբերմանը: Ադրբեջանի համար նախատեսված փաթեթը պետք է ներառի կապի սարքավորումներ, այդ թվում` ռադիոկայաններ, ռազմածովային ռադարներ և ավտոմատ նույնականացման համակարգի տրանսֆորմատորներ: Այն հատկացնելու է միջոցներ նաև «ստորջրյա վերահսկողության» դասընթացների համար, սակայն մահաբեր ոչինչ չի ներառելու: ԱՄՆ-ն երկու տարի կպահպանի սարքավորումները, որից հետո Ադրբեջանը կստանձնի այդ պատասխանատվությունը:

ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին սահմանափակված է օրենքի դրույթով, որ հայտնի է որպես 907 հոդված, բայց 2001 թվականից հետո այդ սահմանափակումը պարբերաբար փոփոխվում է: Ապրիլին ստորագրված օրենքը թույլ է տալիս ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ այն օգնում է հակազդել ահաբեկչությանը, աջակցում է ԱՄՆ ուժերին կամ նպաստում է Ադրբեջանի սահմանային անվտանգությանը և չի օգտագործվում Հայաստանի վրա հարձակման համար:

Վերլուծաբան Էմիլ Սանամյանն իր բլոգում նշել է, որ որոշ սահմանապահ զորքեր ներգրավված են եղել Հայաստանի հետ մարտերում: Սանամյանն առաջինն էր, որ բարձրաձայնեց Ադրբեջանի ֆինանսավորումը և նշեց, որ մինչ Ադրբեջանը մեծ խթան է ստանում, ԱՄՆ-ն կրճատում է ռազմական օգնությունը Հայաստանին:

Սանամյանի գրառումը որոշ քննարկումների առիթ տվեց հայկական և ադրբեջանական մամուլում: «Իր ցամաքային, ծովային և օդային սահմանների նկատմամբ Ադրբեջանի հսկողության ուժեղացումը համընկնում է ԱՄՆ-ի ռազմավարական շահերին, ում ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ներդրել Կասպից ծովի նավթային և գազային նախագծերում, ԱՄՆ-ի զինված ուժերն էլ Ադրբեջանի տարածքով են իրականացնում տարանցումն Աֆղանստան»,  1news.az լրատվական կայքին ասել է Ադրբեջանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեյովը: Նա նշել է որ առանցքային քայլերից մեկը Վաշինգտոնի ռազմավարական հետաքրքրությունն է Ադրբեջանի նկատմամբ. «Ադրբեջանի համար կարևորը օգնության և դրա աղբյուրի փաստն է, այլ ոչ թե գումարը»:

Մուսաբեյովը նաև պնդում է, որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման  ակտիվացումը կապված է ֆինանսավորման այս ծրագրի հետ: «Կարծում եմ այս գործունեությունն է հիմք տալիս հայ լոբբիստներին ԱՄՆ կոնգրեսում խափանելու Ադրբեջանի սահմանային ուժերի համար նախատեսված ամերիկյան լայնածավալ (100 միլիոն դոլար դոլար) օգնությունը»:

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը ասել է, որ օգնությունն ավելի շատ ուղղված է իրավապահներին և պարտադիր չէ, որ այն օգտագործվի Իրանի հետ ռազմական բախման ժամանակ: Նա ասել է, որ Ադրբեջանը օգուտ է քաղում Իրանի նկատմամբ ԱՄՆ աճող ուշադրությունից: «Ամերիկա-իրանական հարաբերությունները բավական արագ վատանում են, ուստի Ադրբեջանը գտնվում է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում, իսկ Հայաստանը՝ ոչ: Հայաստանը, հավանաբար, ընդունվում է որպես Իրանի դաշնակից», – ասել է Ֆելգենհաուերը «Մոսկվա-Բաքու» կայքին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment