Միայն թե չկրկնվի. MH370 անհետացումից ամիսներ անց կորել է AirAsia-ի օդանավը
Հոդվածի առանցքում
- 2014-ի մարտին Մալայզիական Ավիաուղիների MH370 չվերթը կորցրել էր կապը դիսպետչերների հետ, երբ Սինգապուրից մի քանի հարյուր մղոն հյուսիս էր գտնվում: Փրկարարները մինչև հիմա չեն կարողացել գտնել MH370-ի կամ 239 ուղևորների ու անձնակազմի անդամների հետքը:
- AirAsia-ի օդանավը անհետացել է Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի և Սինգապուրի միջև: A320-200-ի մեջ գտնվել են 155 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ:
- Malaysian Insider –ի հաղորդմամբ` մալայացիները «շոկի մեջ են» մեկ տարվա մեջ արդեն երրորդ ավիաաղետից: Ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ սոցիալական ցանցերով իրենց ցավակցությունն են հայտնում:
Ուշադրությանն արժանի
Կորել է ասիական ևս մեկ օդանավ: AirAsia-ի QZ8501 թռիչքը դիսպետչերների հետ կապը կորցրել է կիրակի` տեղական ժամանակով առավոտյան 7:24-ին (ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով շաբաթ երեկոյան 7:24-ին): AirAsia-ն այդ մասին հայտնել է օդանավի անհետացումից չորս ժամ հետո: Օդանավը մեկնում էր Սինգապուր:
AirAsia-ն մասնավոր ավիաընկերություն է, որը տեղակայված է Մալայզիայում, այս երկիրը տարվա ընթացքում արդեն տուժել է ողբերգական երկու ավիավթարից:
2014-ի մարտին Մալայզիական Ավիաուղիների MH370 չվերթը կորցրել էր կապը դիսպետչերների հետ, երբ Սինգապուրից մի քանի հարյուր մղոն հյուսիս էր գտնվում: Փրկարարները մինչև հիմա չեն կարողացել գտնել MH370-ի կամ 239 ուղևորների ու անձնակազմի անդամների հետքը` չնայած որոնողական աննախադեպ ջանքերին:
2014-ի ապրիլին` MH370-ի անհետացումից մեկ ամիս անց, AirAsia-ի գործադիր տնօրենը ստիպված էր ներողություն խնդրել, երբ ընկերության ամսագրերում գովազդելով ավիաընկերությունը` նշել էր, որ AirAsia-ի փորձառու օդաչուները օդանավը երբեք չեն կորցնի:
AirAsia-ն պարզաբանել էր` նշելով, որ ամսագիրը հրատարակվել է մինչև MH370-ի անհետացումը, և ընկերությունը նկատի չի ունեցել իր մրցակից ավիափոխադրողին:
2014-ի հուլիսին Մալայզիական Ավիաընկերության MH17 թռիչքը խոցվել էր Ուկրաինայում, մահացել էին օդանավի մոտ 300 ուղևորներն ու անձնակազմի անդամները:
Մանրամասներ AirAsia-ի QZ8501-ի թռիչքի մասին
AirAsia-ի օդանավը անհետացել է Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի և Սինգապուրի միջև: A320-200-ի մեջ գտնվել են 155 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ: Օդանավը շահագործում էր Indonesia AirAsia ընկերությունը, որն ավելի մեծ AirAsia ավիափոխադրող ընկերության մասն է (այն ունի մի քանի մասնաճյուղներ, ներառյալ AirAsia India-ն և AirAsia X-ը): Indonesia AirAsia-ն շահագործել է 30 հատ A320:
AirAsia-ի պաշտոնյաներից մեկը կիրակի հայտարարել է, որ Ճավայի ծովում` մինչև դիսպետչերների հետ կապը կորցնելը, օդանավը խնդրել է «անսովոր երթուղի»: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարը պարզաբանել է` նշելով, որ օդաչուի խնդրանքը կապված էր վատ եղանակի հետ, որի պատճառով նա թռիչքի բարձրությունը փոխելու թույլտվություն է խնդրել:
AirAsia-ն հայտարարել է. «Ցավոք այս պահին հավելյալ տեղեկություն չունենք, որոնողափրկարարական աշխատանքները ընթացքի մեջ են և AirAsia-ն ամբողջությամբ աջակցում է փրկարարներին»:
Այս հայտարարության հրապարակումից հետո AirAsia-ն անմիջապես փոփոխություններ է կատարել սոցցանցերում: Օրինակ, ընկերության Facebook-յան էջից հեռացվել է ավանդական վառ կարմիր տարբերանշանը, այն փոխարինվել է մոխրագույնով: Փոխվել է նաև էջի մթնոլորտը, տոնական նկարի փոխարեն տեղադրվել է սև ֆոն:
Malaysian Insider –ի հաղորդմամբ` մալայացիները «շոկի մեջ են» մեկ տարվա մեջ արդեն երրորդ ավիաաղետից: Ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ սոցիալական ցանցերով իրենց ցավակցությունն են հայտնում:
Մի մալայացի Twitter-ում գրել է. «Մեկ այլ օդանավ է կորել.Ալլա’հ, միայն թե չկրկնվի. Աղոթենք QZ8501-ի համար»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ