ԱԶԲ-ն հաստատել է Վրաստանի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի բարելավման համար նախատեսված 415 միլիոն դոլարի վարկը

ԱԶԲ-ն հաստատել է Վրաստանի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի բարելավման համար նախատեսված 415 միլիոն դոլարի վարկը

Հոդվածի առանցքում

  • Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագիծը առաջինն է «Հյուսիս-հարավ» միջանցքի  արդիականացման ծրագրում: Այն կարևոր տարանցիկ ուղի է Վրաստանի, Հայաստանի և տարածաշրջանի առևտրային գործընկերների համար: Միջանցքն անցնելու է մայրաքաղաք Թբիլիսիից հյուսիս ընկած Արևելք-արևմուտք մայրուղով, հասանելի կդարձնի ամենակարճ օղակը, որը Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի և Արևելյան Ասիայի հետ:

Ուշադրությանն արժանի

 

Զարգացման ասիական բանկը (ԱԶԲ) հավանություն է տվել Վրաստանին 415 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելուն նոր ավտոմայրուղի կառուցելու համար: Այն տրվում է երկրի տրանսպորտային ցանցի բարելավման ու Վրաստանը որպես տարածաշրջանային առևտրի և տուրիզմի կենտրոնի հաստատման վերաբերյալ կառավարության ընդլայնված ծրագրի շրջանակում:

Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագիծը առաջինն է «Հյուսիս-հարավ» միջանցքի  արդիականացման ծրագրում: Այն կարևոր տարանցիկ ուղի է Վրաստանի, Հայաստանի և տարածաշրջանի առևտրային գործընկերների համար: Միջանցքն անցնելու է մայրաքաղաք Թբիլիսիից հյուսիս ընկած Արևելք-արևմուտք մայրուղով, հասանելի կդարձնի ամենակարճ օղակը, որը Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի և Արևելյան Ասիայի հետ:

23 կիլոմետրանոց շրջանցող ճանապարհը կկառուցվի Քվեշեթի և Կոբի քաղաքների միջև ու կանցնի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կովկասյան հիասքանչ լեռներով: Դա կապահովի ավելի անվտանգ և արագ այլընտրանքային ճանապարհ բնակիչների, զբոսաշրջիկների և  բեռնատարների համար, որոնք ներկա ճանապարհին հանդիպում են խցանումների, հատկապես Ջվարի լեռնանցքում, որը ձմռանը ենթարկվում է ձնահյուսի:

Շրջանցող ճանապարհը կանցնի Խադայի հովտով և կներառի ինժեներական կառույցներ, ինչպիսիք են Վրաստանի ամենաերկար թունելը (9 կմ) և ժամանակակից կամարաձև կամուրջը, որը ձգվում է Խադիսծղալի գետի վրայով: Ճանապարհը նաև կապահովի կապը հովտի հեռավոր համայնքների միջև և հասանելի կդարձնի տարբեր ծառայությունների մատուցումը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Ներկայում 3500 տրանսպորտային միջոցներ ամեն օր օգտվում են գործող 35 կմ ճանապարհից ու դիմակայում են դժբախտ պատահարների մեծ վտանգին, ճանապարհն էլ կարող է փակ լինել տարվա ընթացքում ավելի քան 40 օր, հիմնականում ձմռանը: Սպասվում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում տրանսպորտի միջոցների թիվը կկրկնապատկվի: Դրա համար ամբողջ տարին գործող ավելի կարճ, անվտանգ և արագ ճանապարհի կառուցումը ազգային գերակայություն է:

«Բարձրորակ ճանապարհային ցանցը անհրաժեշտ է Վրաստանի աճի և զարգացման համար, որը գտնվում է Եվրոպան և Ասիան կապող տարանցիկ ու առևտրային ուղիների կենտրոնում», – ասել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցով գլխավոր տնօրեն Վերներ Լիեփեքը: «Նոր շրջանցող ճանապարհը մեծապես կբարելավի Հյուսիս-հարավ միջանցքը և կնպաստի առևտրի ու տարածաշրջանային կապի ամրապնդմանը, ինչպես նաև կավելացնի այցելուների թիվը տարածաշրջան, որը համարվում է համաշխարհային կարգի բնական և մշակութային ժառանգության արժեքների տունը»:

2015 թվականին Հյուսիս-հարավ միջանցքի տարանցիկ առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 1,3 միլիոն տոննա, կամ Վրաստանի ընդհանուր տարանցիկ առևտրի 12% -ը: Միաժամանակ տուրիզմը կազմում է Վրաստանի համախառն ներքին արտադրանքի շուրջ 7% -ը, ընդ որում հյուսիս-հարավ միջանցքում գտնվող քաղաքները` Գուդաուրին և Ստեփանծմինդան, երկրի գլխավոր ուղղություններն են: Շրջանցող ճանապարհով՝ Քվեշեթի-Կոբի ճանապարհային նախագիծը կնպաստի, որ Գուդաուրին դառնա միջազգայնորեն ճանաչված ձմեռային հանգստավայր:

Նախագիծը գնահատվում է 558,6 միլիոն դոլար, սպասվում է նաև համաֆինանսավորմամբ 60 միլիոն դոլար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), իսկ Վրաստանի կառավարությունից՝ 83,6 միլիոն դոլար: Ճանապարհը նախագծվել է եվրոպական չափանիշներին համապատասխան և յուրաքանչյուր ուղղությամբ լինելու է մեկ գոտի, ևս մեկ գոտի էլ սար բարձրացող ծանր մեքենաների համար: Կովկասյան լեռներում  բարդ տեղանքները հաղթահարելու համար կպահանջվի 5 թունել՝  11 կմ ընդհանուր երկարությամբ և 6 կամուրջ՝  1,6 կմ ընդհանուր երկարությամբ:

Ծրագրի նախապատրաստման ընթացքում Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը, ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ն անցկացրել են գնահատումներ և խորհրդատվություններ տեղի համայնքների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ու ծրագրի այլ շահագրգիռ կողմերի հետ: Բոլոր միջոցները ձեռնարկվել են, որպեսզի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունները հասցվեն նվազագույնի և մեղմացվեն, ներառյալ` Խադա հովտի կենսաբազմազանության և մշակութային ժառանգության վայրերի պաշտպանությունը:

Տեղացիների հետ խորհրդակցությունների հիման վրա շրջանցող ճանապարհը կլրացվի մոտ 5 կիլոմետրանոց մուտքային ճանապարհներով, որոնք կմիացնեն Խադա հովտի հեռավոր համայնքները, դրանք ձմռանը ծածկվում են ձյունով: Ծրագրի շրջանակում ստեղծվելու է նաև այցելուների համար բազմակողմանի կենտրոն: Այն լինելու է և զբոսաշրջային հանգույց, և ընդլայնելու է կանանց հասանելիությունը տնտեսական հնարավորություններին:

«Այս շրջանցող և միացնող ճանապարհները կապահովեն համայնքների մուտքը հիվանդանոցներ, դպրոցներ և այլ կարևոր ծառայություններ ամբողջ տարի», – ասաց ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի մասնագետ Կամել Բուհմադը: «Այցելուների կենտրոնը կկենտրոնանա համայնքային զբոսաշրջության վրա` ավելացնելով ճանապարհից ստացված եկամուտը»:

Ճանապարհի շինարարությունը կսկսվի 2020 թվականին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment