Առողջապահության հայտնի նախարարը փորձում է մաքրել Լիբանանի սնունդն ու քաղաքականությունը

Առողջապահության հայտնի նախարարը փորձում է մաքրել Լիբանանի սնունդն ու քաղաքականությունը

Հոդվածի առանցքում

  • Վաել Աբու Ֆաուրը մեծ համբավ է ձեռք բերել փտած սննունդ մթերողներին հետապնդելու համար: Այս փոքրիկ արաբական երկրում առողջապահության նախարարը ղեկավարում է աղմկոտ ստուգայցը, որպեսզի մաքրի ռեստորաններն ու սպանդանոցները, ցածր գներով դեղատոմսով դեղորայքն ու պլաստիկ վիրաբուժության ստվերային կլինիկաները:
  • Աբու Ֆաուրն ասում է, որ իր նպատակն է պատասխանատվության ենթարկել հասարակական-առողջապահության օրինախախտներին: Նա խոստանում է ուժեղացնել կառավարական հաստատությունները ընդդեմ քաղաքական համակարգի:
  • Այս տղամարդն արել է այն, ինչ հուսով էինք, որ մի օր պաշտոնյաներից մեկը կանի», - ասաց Յահյա Հաքիմը, Լիբանանի Transparency Association-ի գլխավոր քարտուղարը: Նա կոռուպցիան նկարագրել է որպես Լիբանանի տնտեսության լուրջ արտահոսք, վկայակոչելով հովանավորչությունը և կաշառքի պահանջը, որն անհրաժեշտ է «ցանկացած գործարք ավարտին հասցնելու համար, նույնիսկ վարորդական իրավունք ստանալու դեպքում»:
  • Անցյալ ամիս տրանսպորտի նախարարը խոստացավ բարելավել Բեյրութի միջազգային օդանավակայանի չափանիշները, երբ Աբու Ֆաուրը քննադատեց դեղորայքի, մսի ու ձկնեղենի բեռների պահեստների հիգիենիկ պայմանները: Որոշ սննդամթերքի ժամկետներն էլ լրացել էին երկու տասնամյակ առաջ:
  • Էկոնոմիկայի նախարարը մեղադրել է Աբու Ֆաուրին, տեղական բիզնեսին «ահաբեկելու» համար: Նա իբր «կրկեսային շոու» է սարքում ​​օգտագործելով ասուլիսները, որոնց ժամանակ նշվում են սննդային խախտումներ թույլ տված օբյեկտների անունները:
  • Մրցակիցները Աբու Ֆաուրի ստուգայցները ընդունում են որպես նրա հովանավորի` Վալիդ Ջամբլաթի քաղաքական մանևր: Ջամբլաթը Լիբանանի մոտավորապես 300,000-անոց դուրզի կրոնական փոքրամասնության ամենահզոր առաջնորդներից է և գլխավորում է նաև Աբու Ֆաուրի առաջադիմական սոցիալիստական ​​կուսակցությունը:
  • Աբու Ֆաուրը դուրզի է հարավային Լիբանանից, նրա համաարաբական պաշտպանությունն ու սոցիալիստական ​​հակվածությունը երկար պատմություն ունի: Նա անշուշտ գիտակցում է հեգնանքը, որ օգտագործում է Ջամբլաթի պաշտպանությունը առողջապահության ոլորտի իր մրցակիցներին ետ մղելու համար: Բայց դա միակ ճանապարհն է փոփոխություն իրականացնելու հարցում, ասել է նա:
  • Շատերը Աբու Ֆաուրին ընդունում են փոքր մասշտաբի չեմպիոն, որն օգնում է իրենց ազատվել ժամկետանց սննդից, անորակ ապրանքներից ու շատ այլ թերություններից:

Ուշադրությանն արժանի

ԲԵՅՐՈՒԹ – Մի երկրում, որն ապրում է պատերազմական պայմաններում, Վաել Աբու Ֆաուրը մեծ համբավ է ձեռք բերել փտած սննունդ մթերողներին հետապնդելու համար:  Այս փոքրիկ արաբական երկրում առողջապահության նախարարը ղեկավարում է աղմկոտ ստուգայցը, որպեսզի մաքրի ռեստորաններն ու սպանդանոցները, ցածր գներով դեղատոմսով դեղորայքն ու պլաստիկ վիրաբուժության ստվերային կլինիկաները:

Կոռուպցիայի մեջ թաղված երկրում, Աբու Ֆաուրը դարձել է հանրաճանաչ, պարբերաբար հայտնվելով հեռուստատեսային թոք շոուներում և  թերթերի առաջին էջերում: Բայց նա  կուտակել է նաև թշնամիներ, որոնք հայտարարում են, որ նրա գործունեությունը քաղաքական օպորտունիզմ է և հանրության ուշադրությունը շեղում է ավելի հրատապ խնդիրներից, ինչպիսին է ավելի քան մեկ միլիոն փախստականների ներհոսքը պատերազմող Սիրիայից:

Աբու Ֆաուրն ասում է, որ իր նպատակն է պատասխանատվության ենթարկել հասարակական-առողջապահության օրինախախտներին: Նա խոստանում է ուժեղացնել կառավարական հաստատությունները ընդդեմ քաղաքական համակարգի, որն, ըստ լիբանանցիների, կաղում է  հզոր և անպատասխանատու կրոնական խմբերի ու մաֆիոզանման առաջնորդների պատճառով: Ստուգայցը, որ մեկնարկել է նոյեմբերին, կարող է նույնիսկ մոդել ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար, ասում է նա:

«Պետք է փոխել համակարգը, փորձել համոզել մարդկանց վստահել պետությանը», Աբու Ֆաուրն ասել է մայրաքաղաք Բեյրութում վերջերս տված հարցազրույցի ժամանակ:

«Մենք մի համակարգում ենք, որտեղ պաշտպանված չենք պետության, կառավարության, բանակի կողմից: Ձեզ պաշտպանողը ձեր աղանդն է, ձեր կուսակցությունը, քաղաքական գործիչը, ում ճանաչում եք», – ասել է նա:

Տղայական արտաքինով 42-ամյա Աբու Ֆաուրը շատ նման է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Մի տարածաշրջանում, որտեղ գերակշռում են ուժեղ քաղաքական գործիչները և տարեց կլեպտոկրատները, երկրպագուները նրան ընկալում են որպես թարմացնող փոփոխության, պատասխանատվության երիտասարդ չեմպիոնի:

Անցյալ տարի, ըստ Transparency International-ի Լիբանանը 39-րդ տեղում էր աշխարհում ամենակոռումպացված երկրների ցանկում: Կազմակերպությունը կոռուպցիան նկարագրել է որպես Մերձավոր Արևելքի երկրների «հիմնական խնդիրը» և 2010 -ի վերջին Թունիսում, Եգիպտոսում ու այլուր սկսված ապստամբության դրդիչ ուժը:

«Այս տղամարդն արել է այն, ինչ հուսով էինք, որ մի օր պաշտոնյաներից մեկը կանի», – ասաց Յահյա Հաքիմը, Լիբանանի Transparency Association-ի գլխավոր քարտուղարը: Նա կոռուպցիան նկարագրել է որպես Լիբանանի տնտեսության լուրջ արտահոսք, վկայակոչելով հովանավորչությունը և կաշառքի պահանջը, որն անհրաժեշտ է «ցանկացած  գործարք ավարտին հասցնելու համար, նույնիսկ վարորդական իրավունք ստանալու դեպքում»:

Աբու Ֆաուրի հսկողության ներքո առողջապահության նախարարությունը փակել է մի քանի տասնյակ չլիցենզավորված գեղեցկության կլինիկաներ, մսի պասաժներ, ռեստորաններ, արգելել ժամկետանց կոսմետիկ ապրանքների վաճառքը սուպերմարկետներում: Հունվարին, նա պարծեցել է, որ իր ստուգայցը հանգեցրել է չորս գործարարի, այդ թվում `շաքարի արդյունաբերության մագնատի ձերբակալությանը սննդի խախտումների համար:

Անցյալ ամիս տրանսպորտի նախարարը խոստացավ բարելավել Բեյրութի միջազգային օդանավակայանի չափանիշները, երբ Աբու Ֆաուրը քննադատեց դեղորայքի, մսի ու ձկնեղենի բեռների պահեստների հիգիենիկ պայմանները: Որոշ սննդամթերքի ժամկետներն էլ լրացել էին երկու տասնամյակ առաջ, առողջապահության տեսուչները ենթադրում են, որ բեռների մի մասը կամ կորել է կամ էլ մոռացվել: Աբու Ֆաուրը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ օդանավակայանի պահեստները նման էին «աղբանոցի»:

Լիբանանյան an-Nahar թերթի գլխավոր խմբագիր Նաբիլ Բումոնսեֆը ասել է, որ նախարարի գործունեությունը զգոնություն է հաղորդել գործարարներին ու պաշտոնյաներին: Այն հույս է ներշնչել մի ոլորտում, որտեղ, ըստ քաղաքացիների,  էլիտան օրենքից վեր է, ասել է նա:«Ժողովուրդը դա ողջունել է», – ասել է նա: Բայց շատ քաղաքական գործիչներ` ոչ:

Էկոնոմիկայի նախարարը մեղադրել է Աբու Ֆաուրին, տեղական բիզնեսին «ահաբեկելու» համար: Նա իբր «կրկեսային շոու» է սարքում ​​օգտագործելով ասուլիսները, որոնց ժամանակ նշվում են սննդային խախտումներ թույլ տված օբյեկտների անունները, որոնք մատուցում են, օրինակ աղիքային մանրեներով սնունդ:

Որոշ քաղաքական գործիչներ նշում են, որ Լիբանանը պայքարում է ավելի հրատապ խնդիրների, այդ թվում, անգործունակ քաղաքական համակարգի և Սիրիայի սահմանի մոտ արմատական ​​զինյալների հարձակումների դեմ:

«Աբու Ֆաուրը զբաղված է սննդի արդյունաբերությամբ, բայց կոռուպցիան շատ ավելի վատ է մյուս ոլորտներում», – ասաց Ալբերտ Կոստանյանը, հիմնականում քրիստոնյաներից կազմված Քաթաեբ կուսակցության ներկայացուցիչը:

Մրցակիցները Աբու Ֆաուրի ստուգայցները ընդունում են որպես նրա հովանավորի` Վալիդ Ջամբլաթի քաղաքական մանևր:

Ջամբլաթը Լիբանանի մոտավորապես 300,000-անոց դուրզի կրոնական փոքրամասնության ամենահզոր առաջնորդներից է և գլխավորում է նաև Աբու Ֆաուրի առաջադիմական սոցիալիստական ​​կուսակցությունը: Նա թոշակի գնալու տարիքում է և շատ պաշտոնյաներ ենթադրում են, որ Աբու Ֆաուրի արշավը Ջամբլաթն օգտագործում է ի վերջո իշխանությունն իր որդուն` Թայմուրին հանձնելու համար:

Աբու ֆաուրը կտրականապես մերժում է քննադատությունը, ասելով. «Ես չեմ անում, ոչինչ, բացի իմ պարտականությունից, առողջապահության նախարարի իմ պատասխանատվությունից»:

Թերևս նրա հավակնությունների ամենամեծ խոչընդոտը Լիբանանի կրոնական հիմքի վրա կառուցված քաղաքական համակարգն է, որը հավասարակշռում է պաշտոնապես ճանաչված 18 կրոնական խմբերի հարաբերությունները:

Այնպես որ, քաղաքական ենթատեքստ կա, երբ պաշտոնյաները հրաժարվում են 1932 թվականից հետո մարդահամար անցկացնել: Փոխարենը, նրանք անդրդվելիորեն ենթարկվում են 72-ամյա պայմանագրին, որի համաձայն նախագահ է նշանակվում քրիստոնյան, վարչապետ` սունի մահմեդականը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ` շիա մահմեդականը:

Շատ լիբանանցիներ ասում են, որ այդ համակարգը նպաստում է հովանավորչությանն ու կոռուպցիային: Առողջապահության նախարարն առաջխաղացման համար պարտական ​​է իր հովանավոր Ջամբլաթին, որը 15-ամյա քաղաքացիական պատերազմի ժամանակ զինված խմբավորումներից մեկի առաջնորդն էր և զգալի դեր է խաղացել Լիբանանի քաղաքական կյանքում ու բիզնեսի ոլորտում:

Քչերն են կարծում, որ Աբու Ֆաուրի գործը երկար կտևի: «Ոչ մի կասկած չունեմ, որ Աբու Ֆաուրի ղեկավարած այս արշավը կավարտվի, եթե վտանգվեն Ջամբլաթի անձնական ծրագրերը», – ասաց Ռանդա Սլիմը, SAIS արտաքին քաղաքականության ինստիտուտի գիտաշխատողը:

Աբու Ֆաուրը դուրզի է հարավային Լիբանանից, նրա համաարաբական պաշտպանությունն ու սոցիալիստական ​​հակվածությունը երկար պատմություն ունի: Նա անշուշտ գիտակցում է հեգնանքը, որ օգտագործում է Ջամբլաթի պաշտպանությունը առողջապահության ոլորտի իր մրցակիցներին ետ մղելու համար: Բայց դա միակ ճանապարհն է փոփոխություն իրականացնելու հարցում, ասել է նա:

«Ես գործում եմ համակարգի ներսում, համակարգի կանոններով: Դրա միջոցով էլ փորձում ենք կոտրել համակարգը », – ասել է նա:

Շատ լիբանանցիներ, հավանաբար, չեն սպասում, որ համակարգը կկոտրվի: Սակայն շատերը Աբու Ֆաուրին ընդունում են փոքր մասշտաբի չեմպիոն, որն օգնում է իրենց ազատվել ժամկետանց սննդից, անորակ ապրանքներից ու շատ այլ թերություններից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment