Ստալինի ծննդավայրը դարձել է տուրիստական կենտրոն

Ստալինի ծննդավայրը դարձել է տուրիստական կենտրոն

Հոդվածի առանցքում

  • Վրաստանում չգիտեն ինչպես վարվել Ստալինի թանգարանի հետ: 2013-ին Զբոսաշրջության նախարար Գեորգի Սիգուան առաջարկել էր Ստալինին «օգտագործել» տուրիզմի զարգացման համար. «Մենք պետք է Իսրայելի նման վարվենք: Ինչպես հրեաները «վաճառում» են Քրիստոսին»: Անցած տարի 162,000 տուրիստ է այցելել Ստալինի թանգարան: «Վրաստանում սա ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է»,-ասում է տուրիստական կենտրոնի աշխատակից Տայա Չաբինիձեն:

Ուշադրությանն արժանի

 

Վրաստանի Գորի քաղաքը, որտեղ ծնվել է Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինը, ամենաշատ զբոսաշրջիկներ հյուրընկալող վայրերից մեկն է:

Թանգարանային համալիրի հիմնական շենքը կառուցված է Ստալինյան ճարտարապետական ոճով, այն կառուցվել է 1951 թվականին՝ որպես տեղական պատմության թանգարան՝ նպատակ ունենալով հետագայում դառնալ Ստալինի թանգարան։ Թանգարանի 6 սրահներում ներկայացված են բազմաթիվ իրեր, որոնք փաստացի կամ ենթադրյալ պատկանել են Ստալինին, այդ թվում՝ գրասենյակի կահույք, անձնական իրեր, տարիների ընթացքում նրա ստացած նվերները։ Ներկայացված են նաև փաստաթղթերի, լուսանկարների, նկարների և լրագրային հոդվածներ: Թանգարանի մուտքի ձախ հատվածում ցուցադրված է Ստալինի մեքենան:

Թանգարանի հատակները ծածկված են կարմիր գորգով: Ցուցադրված է նաև Ստալինի 12 մահադիմակներից մեկը, որ ստեղծվել է անմիջապես նրա մահից հետո։ Սակայն թանգարանում չկան վկայություններ 1930-ականների բռնաճնշումների մասին: «Մեծ զտման» հետևանքով միլիոնավոր մարդիկ մահացան, ինչի մասին որևէ հիշատակում չկա, և ոչ մի բառ համակենտրոնացման ճամբարների մասին:

Վրաստանում չգիտեն ինչպես վարվել Ստալինի թանգարանի հետ: 2013-ին Զբոսաշրջության նախարար Գեորգի Սիգուան առաջարկել էր Ստալինին «օգտագործել» տուրիզմի զարգացման համար. «Մենք պետք է Իսրայելի նման վարվենք: Ինչպես հրեաները «վաճառում» են Քրիստոսին»:

Անցած տարի 162,000 տուրիստ է այցելել Ստալինի թանգարան: «Վրաստանում սա ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է»,-ասում է տուրիստական կենտրոնի աշխատակից Տայա Չաբինիձեն:

Ստալինը շատերի համար այստեղ դեռ ոգեշնչման աղբյուր է: Գորիում, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը, մարդիկ՝ հատկապես մեծահասակները, նրա մասին խոսում են ինչպես հերոսի: Մշտապես նշում են, որ նա ստեղծեց կայսրություն, որը տապալեց Նացիզմը 2-րդ Համաշխարհայինին:

«Նա սովորական, պարզ մարդ էր, որը մեծացավ և դարձավ երկրի առաջնորդ»,-ասում է 70-ամյա Մերա Բչատաձեն,-«Նա իսկական հանճար էր»:

Ստալինն այնքան էլ զգայուն չէր իր ծննդավայրի նկատմամբ և տասնամյակներ շարունակ ճնշել է երկիրը: Ավելի քան 400,000 վրացիներ աքսորվել են, նրանցից շատերը գնդակահարվել:

Գորիի բնակիչների մեծ մասին քաղաքական հարցերն այնքան էլ չեն հետաքրքրում: Ստալինի անունը նրանց օգնում է գումար աշխատել: Թանգարան տանող հարակից փողոցներում տեղացիները ստալինյան թեմատիկայով արձանիկներ, բաժակներ, գրիչներ ու այլ հուշանվերներ են վաճառում: Նրանք համոզված են. որ Ստալինը ձևացնում էր թե կոմունիստ է, իրականում նա վրացի ազգայնամոլ էր:

«Այստեղ ում հետ խոսում ենք, ասում են, որ Ստալինն իր տանը խաչ ուներ, ինչը նշանակում է, որ նա քրիստոնյա էր»,-ասում է Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր Նուտսա Բատիաշվիլին,-«Նրանք վստահ ասում են, որ Ստալինը վրացական խոհանոցը հայտնի է դարձրել Կրեմլում և տարածել վրացիների կենաց ասելու ավանդույթը: Հասկանում եմ, որ այս ամենը տարօրինակ է հնչում, որովհետև ոչ ոք չի կարող մատնանշել մի բան, որը Ստալինն արել է ի օգուտ Վրաստանի»:

2010-ին կառավարության որոշմամբ Ստալինի հրապարակից հեռացվեց նրա արձանը: 2-րդ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 74-րդ դարեդարձին մի խումբ ակտիվիստներ պահանջում էին վերադարձնել արձանը հրապարակ: Սակայն պահանջներն անտեսվեցին:

«Այստեղ նա հերոս է»,-գլուխը ճոճելով ասում է գերմանացի Յոհեն Դիեքմանը,-«Նրանք ունեն հայտնի վրացի գրողներ, որ բոլորը հպարտանում են: Բայց կարծես նրանք չեն հասկանում, որ Ստալինը նրանց բոլորին ուղարկեց համակենտրոնացման ճամբարներ ու սպանեց բոլորին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment