Երևանի սիրիահայ փախստական ոսկերիչները
Հոդվածի առանցքում
- Հովհաննեսյանը տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերից մեկն է, ովքեր այստեղ են Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով: Երկու տարի առաջ նա ապրում էր Հալեպում, աշխատանքի գնալու ճանապարհին խուսափելով դիպուկահարներից: «Ամեն օր տնից դուրս գալով, գիտեի, որ չպետք է աջ չթեքվեմ», - ասաց Հովհաննեսյանը: «Միշտ պետք է գնայի ձախ, հակառակ դեպքում ինձ կարող էին սպանել: Մեր շրջանում մի փոքր տարածք կար, որը ստիպված էի անցնել աշխատավայրս հասնելու համար: Գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա ու վազում էի, որ նրա թիրախը չդառնամ: Ամեն օր ստիպված էի վազել»:
Ուշադրությանն արժանի
Հայկական ծագումով ավելի քան 20.000 սիրիացիներ պատերազմի պատճառով եկել են Երևան, նրանց մեջ շատ են ոսկերիչները:
31-ամյա սիրիացի փախստական և ոսկերիչ Վահե Հովհաննիսյանը Երևանի իր աշխատավայրում է:
Սեղանի վրա սուրճի դատարկ բաժակ է, լիքը մոխրաման, տափակաբերան աքցան, մոնոկուլիկ ապակյա լուփ և կշեռք, ինչպես նաև ոսկյա փոքր շղթաներ: Նրա մատները սև գույնով են ներկված, նա ձևավորում է ամուսնական մատանին: Իր փոքրիկ արհեստանոցի պատին Հիսուսի փոքր դիմանկարն է կախված:
Դրսում առևտրականները փոխանակում են և վաճառում մատանիներ, ապարանջաններ, ժամացույցներ և այլ ոսկերչական իրեր: Սովորական առավոտ է Հայաստանի մայրաքաղաքի «Ոսկու աշխարհ» շուկայում:
Հովհաննեսյանը տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերից մեկն է, ովքեր այստեղ են Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով: Երկու տարի առաջ նա ապրում էր Հալեպում, աշխատանքի գնալու ճանապարհին խուսափելով դիպուկահարներից:
«Ամեն օր տնից դուրս գալով, գիտեի, որ չպետք է աջ չթեքվեմ», – ասաց Հովհաննեսյանը:
«Միշտ պետք է գնայի ձախ, հակառակ դեպքում ինձ կարող էին սպանել: Մեր շրջանում մի փոքր տարածք կար, որը ստիպված էի անցնել աշխատավայրս հասնելու համար: Գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա ու վազում էի, որ նրա թիրախը չդառնամ: Ամեն օր ստիպված էի վազել »:
2016 թ.ի սկզբին, Հալեպի վրա Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հարձակումից առաջ Հովհաննեսյանի տան դիմաց հրթիռ է պայթել:
«Հրթիռն ընկավ մեր շենքի վրա», – ասաց նա: «Անօգուտ էր վազել կամ փորձել թաքնվել»:
Պայթյունն իրենց տունը հավասարեցրեց հողին:
«Այդ պահին հասկացա, որ պետք է հեռանալ Սիրիայից»:
Հովհաննեսյանը վարձեց տաքսի, որը նրան, ծեր ծնողներին և իր Վիտո կատվին հասցրեց Լիբանանի սահման: Այնտեղից նրանք տարբեր մեքենաներով հասան Բեյրութ, որտեղից էլ ուղևորվեցին Երևան:
«Մենք կարողացանք միայն անձնական իրեր ու հագուստ վերցնել, լրիվ կահավորված բնակարանը թողեցինք, բանալին տվեցինք հարևանին»:
Հովհաննեսյանը մոտ 22 հազար սիրիահայ փախստականներից մեկն է, որոնք Հայաստան են եկել 2011 թ.-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելու պահից:
Հովհաննեսյանների ընտանիքի ճանապարհորդությունը կամ վերադարձը ավելի քան մեկ դար առաջ է սկսվել, 1915 թ. Օսմանյան կայսրության իրականացրած զանգվածային սպանություններից հետո, որոնք հայերը բնութագրում են որպես ցեղասպանություն: Այդ ժամանակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին:
Քրիստոնյա հայերի համար Հալեպը դարձավ հանգրվան:
«Հայերը դարեր շարունակ ապրում են Սիրիայում», – ասում է Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի ազգագրության և մարդաբանության պրոֆեսոր Ադամ Պոմեցինսկին:
«Հայերի ցեղասպանությունից հետո ստեղծվեց մեծ սփյուռք: Այս վերքի հիշատակումը նրանց մշակութային ժառանգության կարևոր մասն է»:
Երևանում փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրող «Idea» հիմնադրամի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Մինասյանն ասում է. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է փախստական լինելը»:
Մի դար առաջ Սիրիան ընդունեց քրիստոնյա հայերին և, ըստ Մինասյանի, այսօր ներկայիս Հայաստանն է պատրաստակամություն հայտնել վերաբնակեցնել տասնյակ հազարավոր սիրիահայերի:
Հայաստանի կառավարությունը քաղաքացիության և աշխատանքի իրավունք է տրամադրում սիրիացի փախստականներին, որոնք ապացուցում են իրենց հայկական ծագումը:
«Բնական էր, որ Հայաստանը ողջունեց Սիրիայից փախստականներին և ոչ միայն հայկական ծագում ունեցողներին», – բացատրեց նա:
Հովհաննեսյանը ապրում է եղբոր՝ Զարեհի և ծնողների՝ Անդրանիկ Հովհաննիսյանի ու Վերգինե Խաչատուրյանի հետ: Նրա ծնողները ապրում էին Թուրքիայի հարավ-արևելքում, երբ սկսվեց 1915 թ.-ի բռնությունը:
Նրանք Հալեպում բնակություն հաստատեցին 1946 թ.-ին, և իրենց տանն ապրեցին 70 տարի: Հովհաննեսյանի հայրը աջակցել է ընտանիքին `հաճախակի աշխատանքի մեկնելով Լիբանան:
Մինչև սիրիական հակամարտությունը, ոչ Վահեն, ոչ էլ նրա ծնողները ոտք չէին դրել Հայաստան:
Փախստականի կարգավիճակով գալը ցնցող էր, ասում է նա: «Առաջին օրերը Երևանում շատ դժվար էին»:
Ռազմական գործողություններից հետո քաղաքականապես արևմուտք ձգտող Սիրիայում կանոնավոր ապրելակերպը խաթարվեց:
«Չնայած ես հայերեն գիտեի, բայց չէի կարողանում հասկանալ ինձ հետ խոսող մարդկանց: Նրանք շատ ռուսերեն բառեր ու արտահայտություններ էին օգտագործում իրենց խոսքում: Իմ կյանքում երբևէ ռուսերեն բառ չէի լսել»:
Հայաստանի թույլ տնտեսությունը, աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձերն ու բարձր բնակարանային ծախսերը կյանքը դժվար են դարձրել:
«Նրանք ստիպված էին սկսել զրոյից և ակնհայտ է, որ իրենց դժվարություններն ունեին », – ասում է Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգ և դոցենտ Հրաչ Չինգիրիրյանը, որը մասնագիտացել է Մերձավոր Արևելքի և հայագիտության մեջ:
«Հայաստանում ապրող սիրիահայերի խնդիրը տնտեսական է», – ավելացրեց նա: Շատերը զբաղվում են առևտրով:
Սիրիահայերի ներհոսքն ավելի շատ զգացվում է սպասարկման ոլորտում: Մայրաքաղաքում հայտնվել են տասնյակ ռեստորաններ, որոնք առաջարկում են սիրիական խոհանոց:
Սա լավ լուր է նաև Հովհաննեսյանի համար, որը կարոտում է սիրիական կերակուրը:
«Երբ կարոտում ենք սիրիական մշակույթը, գնում ենք Երևանի սիրիական ռեստորանները, որտեղ նույն սնունդն ու երաժշտությունն է, ինչ Հալեպում էր»:
Հովհաննեսյանը հաճախ աշխատում է 12 ժամ Զարեհի հետ, որը նույնպես ոսկերիչ է: Երևանում կյանքը օտար է թվում, բայց ոսկերչական աշխատանքն օգնում է հարմարվել շրջակա միջավայրին:
«Ոսկերչությունը հայերի մասնագիտությունն է», – ասաց Հովհաննեսյանը: «Մեր նախնիները այս մշակույթը իրենց հետ բերեցին, երբ փախչում էին արևմտյան Հայաստանից»:
Երբ 13 տարեկան էր, դուրս եկավ դպրոցից: Հովհաննեսյանի հորեղբայրը, որը Բեյրութում ոսկերիչ էր, համոզեց նրան տեղափոխվել Լիբանան: Դեռահաս տարիքից էլ սովորեց աշխատել թանկարժեք քարերի և մետաղների հետ:
«Ինձ դուր է գալիս այս արհեստը: Եթե փորձեմ ուրիշ գործ անել, վարպետության այս մակարդակին չեմ հասնի»:
Սիրիայից ժամանած հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայեր աշխատում են որպես ոսկերիչներ:
Հովհաննեսյանի արվեստանոցից մի հարկ վերև մեկ ուրիշ սիրիահայ Վրեժ Սրապյանը ակրիլով շատ մանրակրկիտ ներկում է արծաթյա նռաձև վզնոցը:
Յուրաքանչյուր կտորը մոտ 700 հայկական դրամ է(1.50 դոլար):
«Ես պետք է վճարեմ բնակարանի, արհեստանոցի վարձը և վաստակեմ մեր ապրուստի համար», – ասաց Սրապյանը, որը 2011 թվականին է հեռացել Սիրիայից: «Երեկ մենք արհեստանոցից դուրս եկանք ժամը 22: 30-ին, դա շուտ էր, երբեմն տուն ենք գնում գիշերը ժամը 1-ին:
Հայկական ոսկերչական հիմնադրամի հիմնադիր Պիեր Աքելյանը նշեց, որ արհեստը «հայկական ԴՆԹ-ի մի մասն է»:
Հալեպում մեծացած Աքելյանը 1970-ին բնակություն է հաստատել Կանադայի Մոնրեալում, Քվեբեկում:
«Անհիշելի ժամանակներից մենք ոսկերիչներ ու մետալուրգերներ ենք եղել, հայերը թանկարժեք իրերի նկատմամբ հակում ունեն, իսկ շվեցարացիները՝ ժամացույցների», – ասաց նա:
Երբ, ավելի քան երկու տարի առաջ Սիրիայի կառավարական զորքերը հետ վերցրին Հալեպը, հանգիստ կյանքը վերականգնվեց, բայց փոխվեց հայկական սփյուռքը:
Ի վերջո, Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որի ութերորդ տարին կլրանա այս տարվա մարտին, ստիպեց մոտավորապես 70 հազար էթնիկ հայերի հեռանալ այդ երկրից: Այսօր այնտեղ մնացել է ընդամենը 30.000 մարդ: Թեև մեծ թվով մարդիկն են հայրենիք վերադարձել, բայց տասնյակ հազարավոր սիրիահայեր էլ ցրված են Լիբանանում, Կանադայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում:
«Ամեն ինչ փոխվել է», – ասաց Հովհաննեսյանը, որը նորից Սիրիա վերադառնալու հույս այլևս չունի: «Մարդիկ, որոնց ճանաչում էի, չկան, էլ նախկինը չի լինի»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ