Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Թավշյա հեղափոխության դեմ պայքարը

Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Թավշյա հեղափոխության դեմ պայքարը

Հոդվածի առանցքում

  • Ժողովրդավարական «Թավշյա հեղափոխություն»-ից հինգ ամիս անց, Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող նախկին նախագահը հայտարարում է, որ վերադառնում է քաղաքականություն` մարտահրավեր նետելով նոր իշխանություններին:

Ուշադրությանն արժանի

Ռոբերտ Քոչարյանը, ով 10 տարի առաջ իր նախագահության վերջում 10 ցուցարարների մահվան պատճառով կարող է ազատազրկվել , քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր իշխանություններին «հեղափոխական ռոմանտիզմի» համար: Փաշինյանն իշխանության է եկել մայիսին՝ ընդդիմության խաղաղ զանգվածային ցույցերն առաջնորդելուց հետո:

Այս շաբաթ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Փաշինյանը հյուրընկալել էր համաշխարհային առաջնորդներին, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին և Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյին: Նա շարունակում է լայն վստահություն վայելել հանրության շրջանակում, որին զայրացրել էր նախկին իշխանությունների համատարած կոռուպցիայի և անօրինականության պատճառով շատ քաղաքացիների  աղքատության եզրին գտնվելը: Նա դեռևս ջանքեր է գործադրում ամրապնդել իր իշխանությունը, քանի որ խորհրդարանը վերահսկում է Քոչարյանի հաջորդի ղեկավարած կուսակցությունը:

«Ես տեսնում եմ կառավարության բացթողումները: Նրանք չափազանց մեծ կարիք ունեն ռացիոնալ քննադատության»,- ասում է 64-ամյա Քոչարյանը Երևանում տված իր հարցազրույցի ժամանակ: Նա չի մանրամասնել, թե ինչ փոփոխություններ կառաջարկեր ինքը:

Կրեմլը ուշադրությամբ հետևում է 3 միլիոն բնակչություն ունեցող կովկասյան երկրի, որն իր տարածքում ունի ռուսական ռազմակայան և Լեռնային Ղարաբաղի շրջանի համար ներգրավված է հարևան Ադրբեջանի հետ 30-ամյա հակամարտության մեջ, քաղաքական զարգացումներին: Քոչարյանի և մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը ստիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հուլիս ամսին իր բողոքի ձայնը հնչեցնել՝ նշելով, որ Մոսկվան մի շարք առիթներով Հայաստանի առաջնորդի ուշադրությունն  է հրավիրել իրենց մի շարք մտահոգող խնդիրների վրա:

 

Ծննդյան տարեդարձի շնորհավորանքներ

 

Կրեմլի հրապարակած տեղեկությամբ, օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Քոչարյանին և ջերմ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:

Քոչարյանը նշել է, որ ինքը և Պուտինն այս ամբողջ ընթացքում եղել են մշտապես կապի մեջ և ունեն ընկերական հարաբերություններ:

«Ռուսաստանի հայտնած մտահոգությունները նախկին առաջնորդների նկատմամբ որդեգրած մոտեցումների վերաբերյալ չափազանց բնական են»,- ասում է Քոչարյանը՝ չպատասխանելով, թե արդյոք ինքն ու Պուտինը քննարկել են նրա նկատմամբ առաջ քաշած մեղադրանքները:

Ըստ Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, Քոչարյանը չպետք է ապավինի Ռուսաստանի աջակցությանը, անգամ այն դեպքում, երբ Ռուսաստանը շատ չի վստահում Հայաստանի նոր առաջնորդներին:

«Ռիսկը չափից դուրս մեծ է անկայունության պարագայում, որը կարող է առաջանալ սխալ խաղադրույք անելու դեպքում»,- ասում է Կիրակոսյանը:

Օգոստոսին ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքին՝ Փաշինյանն ասել է, որ նա լավ հարաբերությունների մեջ է Պուտինի հետ և որ ռուս-հայկական ռազմավարական բարեկամությունն ավելի է խորանալու՝ չնայած նրան, որ նա ևս փորձում է խորացնել կապերը Եվրամիության հետ:

«Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր մեղադրվում են հանցագործությունների մեջ, զանգում են Ռուսաստան ու բողոքում, թե իբր մենք թիրախավորել ենք Ռուսաստանը»,- հայտարարել է նա:

Քոչարյանը նախագահի պաշտոնում էր 10 տարի, նախքան Սերժ Սարգսյանին իր հետնորդ ընտրելը 2008 թվականի ընտրությունների ժամանակ, որոնք ավարտվեցին ընդդիմության բողոքի ցույցերով ընդդեմ ընտրությունների կեղծման մեղադրանքների: Նրան այժմ մեղադրանքներ են առաջադրում ընդդեմ ցուցարարների ոստիկանության և զորքերի օգտագործման իր որոշման համար, որի արդյունքում եղավ 10 զոհ: Փաշինյանն այդ օրերին ընդդիմության առաջնորդներից էր, ով դիմեց փախուստի ու ավելի ուշ ձերբակալվեց:

Սարգսյանը փորձեց մնալ իշխանության՝ ապրիլին նախագահից դառնալով վարչապետ, որը բերեց Փաշինյանի գլխավորությամբ հեղափոխությանը: Արդյունքում` նա հեռացվեց պաշտոնից:

 

Ձերբակալման նախադեպ

 

Հուլիսին Հայաստանը ստեղծեց մի նախադեպ, երբ Քոչարյանը դարձավ հետխորհրդային հանրապետությունների պատմության մեջ առաջին նախկին ղեկավարը, ով կալանավորվեց դատարանի որոշմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց: Քոչարյանը պնդում է, որ նա գործել է ի պաշտոնե տրված լիազորությունների շրջանակում, իսկ հարուցված գործի հիմքում Փաշինյանի` նրա նկատմամբ անձնական ատելությունն է:

Փաշինյանն իր հերթին փորձում է ամրացնել հեղափոխությունը ՝ պահանջելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա պնդում է, որ օրենսդիր մարմինը չի արտացոլում Հայաստանի քաղաքական իրականությունը, հատկապես այն բանից հետո, երբ իր կուսակցությունը Երևանի ավագանուն ընտրությունների ժամանակ հավաքեց 81 տոկոս: Նա սպառնում է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ արագացնելով խորհրդարանի նոր ընտրությունների նշանակման գործընթացը, որին ՀՀԿ-ն դեմ է:

Չնայած քաղաքական ասպարեզ իր վերադարձի և գործող իշխանությունների հասցեին քննադատությանը, Քոչարյանն ասել է, որ այս պահին չի հավակնում բարձրագույն պաշտոնի:

«Անգամ, եթե հեղափոխական իշխանությունը ձախողվի, Քոչարյանի վերադարձը քիչ հավանական է»,- ասում է Լոնդոնում գործող IHS Market կազմակերպության ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը: «Նա չի առաջարկում փոփոխության որևէ տեսլական, այլ ընդամենը՝ վերադարձ դեպի օլիգարխիա, որն անօրինական հարստացել է և յուրաքանչյուր երրորդ հային դարձրել աղքատ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment