2018 թ.-ի Վրաստանի նախագահական ընտրությունները

2018 թ.-ի Վրաստանի նախագահական ընտրությունները

Հոդվածի առանցքում

  • Ընտրություններից մի քանի օր առաջ, զբոսանքը Թբիլիսիում կամ ուղևորությունը վրացական քաղաքները կապող հիմնական ճանապարհներով, հիշեցնում է անցորդին, թե ինչպիսին է մեկ անձի կողմից կառավարվող պետությունը: Նայելով Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզարշավին, չտեղեկացված անցորդները կարող են այնպիսի տպավորություն ստանալ, որ նախագահի պաշտոնում ընդամենը մեկ թեկնածու կա: Չնայած նախընտրական պատկերներին, նրա հաղթանակը մոտեցող ընտրություններին պարզ չէ:

Ուշադրությանն արժանի

2018 թվականի հոկտեմբերի 28-ին Վրաստանի քաղաքացիները կընտրեն նախագահ, որը նման չի լինի երկրի նախկին նախագահներին: Ըստ «Վրացական երազանք» կուսակցության հայտարարած սահմանադրական փոփոխությունների, սրանք կլինեն վերջին ուղղակի ընտրությունները: Սա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայացրած փոփոխության վերջին փուլն է, որի նպատակն է նախագահական քաղաքական համակարգը փոխարինել խորհրդարանականով: Նախագահը լինելու է օրենքի գերակայության երաշխավորը և պետության խորհրդանշական ղեկավարը: Ինչպես նախկին խորհրդային պետություններում, որտեղ նման փոփոխություններ են իրականացվում (օրինակ՝ հարևան Հայաստանը), դրանք պետք է կանխեն իշխանության չարաշահումները և իշխանության կենտրոնացումը իշխող էլիտայի ձեռքում: Վրաստանի դեպքում դրա անհրաժեշտությունը կապված է Սահակաշվիլիի իշխանության վերջնական փուլում կատարված չարաշահումների և հափշտակումների հետ: Ցավոք, առաջարկվող փոփոխությունները հստակ չեն և կարող են բացասական հետևանքներ ունենալ: Մեծ խնդիր կլինի ընտրողների շրջանում հետաքրքրության բացակայությունը: Հասարակական կարծիքի մի քանի անկախ հարցումներից ակնհայտ է, որ մասնակցությունը, ամենայն հավանականությամբ, կլինի ամենացածրը Վրաստանի պատմության մեջ: Հարցումները ցույց են տալիս, որ մեծ է չկողմնորոշված ընտրողների թիվը: Ըստ որոշ տվյալների, ինչպիսիք են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատրաստած ուսումնասիրությունները, այն կազմում է մոտ 70 տոկոս: Գրանցված ընտրողների մոտ 40 տոկոսը չի ցանկանում մասնակցել ընտրություններին:

 

Պահպանել ժողովրդավարությունը

Հասարակական կարծիքը դեմ է փոփոխություններին: Փորձագետները նշում են այն փաստը, որ ընտրական համակարգի հարցում  միասնական կարծիք ունեցող ընտրողները կողմ են ուղղակի ընտրությունների պահպանմանը: Վրացիների ավելի քան 60 տոկոսը իրականում չի հասկանում փոփոխությունները կամ էլ նույնիսկ չգիտի ներկայացված ծրագրերի մասին: Հնարավոր է, որ հասարակական կարծիքը ճիշտ է: Անուղղակի ընտրված նախագահը շատ ավելի կախված կլինի խորհրդարանական մեծամասնությունից: Այն կարող է հատկապես խնդրահարույց լինել քաղաքական համակարգերում, որոնք ընտրություններից ընտրություններ շարժվում են դեպի գերիշխող կուսակցական մոդելը: Վրաստանում հիմա այդ խնդիրն է, որտեղ ընտրողները վճռականորեն աջակցում են մեկ քաղաքական տարբերակին, սակայն մի քանի տարի հետո իրական կամ երևակայական հիասթափությունից հետո դրան դեմ կարտահայտվեն: Ուղղակի ընտրված նախագահը կարող է կայունացնող գործոն լինել քաղաքական անորոշ իրադրություններում:

Ավելի վատը, սակայն, սահմանադրության և դրա շրջանակում նախագահի դերի մասին որոշակի ծրագրի բացակայությունն է, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին դա սպասվածից ավելի մեծ ազդեցություն կունենա վրացական քաղաքականության վրա: Սա վերաբերում է թե՛ներքին, թե՛  արտաքին քաղաքականությանը: Նախագահը, ամենայն հավանականությամբ, կշարունակի զգալի ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքական ռազմավարության գաղափարական հիմքի և ներքին սոցիալ- քաղաքական իրավիճակի կայունացման վրա: Նախագահը, որը ընտրվում է վեց տարի ժամկետով,  արբիտրի դեր կկատարի կառավարության և խորհրդարանի միջև ներքին վեճերում: Նրան, հավանաբար, կվստահեն Սահմանադրական դատարանի երեք դատավորի և Արդարադատության բարձրագույն խորհրդի մեկ անդամի ընտրությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանադրական մեծամասնությունն ու կառավարությունը քաղաքական մեկ խմբակցության ազդեցության տակ են լինելու, նախագահի անաչառությունը վճռորոշ  կլինի (ինչը, թերևս այնքան էլ հեշտ չի ապահովել) կառավարության և անկախ դատական ​​իշխանության միջև հավասարակշռությունը պահպանելու հարցում:

 

Թեկնածուներ

Այս ամենը Վրացական երազանքին  բարդ ընտրության առաջ է կանգնեցնում, եթե հաշվի առնենք կուսակցության խնդիրը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի անկողմնակալության և անկախ քաղաքական գծի հետ: Չնայած իր ծագմանը (Մարգվելաշվիլին նշանակվել է «Վրացական երազանք կոալիցիայի» աջակցությամբ), նա կարողացավ բավական ուժեղ դիրք ստեղծել, որպեսզի անտեսի Բիձինա Իվանիշվիլիին մոտ կանգնած և որոշումներ կայացնող ներքին շրջանակի ճնշումները: Վրաստանի ամենահարուստ քաղաքացին ամեն ինչ անելու է, խուսափելու նախագահի վերը նշված արտոնությունների կրկնությունից: Մյուս կողմից, նախագահի պաշտոնն ապաքաղաքականացնելու և սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին հայտարարությունները 2016 թվականի ընտրություններում «Վրացական երազանք» -ի նախընտրական  առաջնահերթ խոստումներն էին: Արդյունքում, Իվանիշվիլին որոշեց ռիսկի դիմել և աջակցել նախկին արտգործնախարար, Ֆրանսիայում ծնված Սալոմե Զուրաբիշվիլիին:

Այս ընտրությունը մտահոգիչ է մի քանի պատճառով: Նախ, նրա քաղաքական անցյալը: Զուրաբիշվիլին նախարար էր Միխեիլ Սահակաշվիլիի օրոք: Թեև ավելի ուշ  դարձավ Սաակաշվիլիի քաղաքականության ամենախիստ քննադատներից մեկը: Վրացական երազանքի շատ ընտրողներ դա խնդրահարույց են համարում: Երկրորդ` Զուրաբիշվիլին հաճախ է հղում անում վրացական սխալներին ու 2008 թ. օգոստոսյան պատերազմի բռնկման պատասխանատվությանը: Ժողովրդականություն չվայելող այս տեսակետն արժանացել է Վրացական երազանքի բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչների քննադատությանը: Քարոզարշավի ընթացքում Զուրաբիշվիլիին ակտիվ և նկատելի աջակցում էին կուսակցության հայտնի գործիչները, այդ թվում Իվանիշվիլին, Կախա Կալաձեն և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ընդգծելով նախագահի դերի և Վրաստանի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսակետները: Սակայն Զուրաբիշվիլիի իրական հավատարմությունը կարելի է ստուգել միայն նրա նախագահ ընտրվելուց հետո: Զուրաբիշվիլիի պաշտոնական անկախությունը կարող է հիմք հանդիսանալ գործողությունների այն կուրսի համար, որը նախընտրել էր Մարգվելաշվիլին:

Սահակաշվիլիին հավատարիմ ընդդիմությունը սատարում է Գրիգոլ Վաշաձեին, որը ներկայացնում է Միասնության ուժը կոալիցիան: Այն միավորում է Միացյալ ազգային շարժումից դուրս եկած անդամներին և մի քանի փոքր արևմտամետ պահպանողական կուսակցություններին: Վաշաձեն երբեք ներքին քաղաքական խաղերի առաջատար գործիչ չի եղել: Նա փորձառու դիվանագետ է և նախկին արտգործնախարար (2008-2012): Խիստ ընդգծված եվրոպամետ ընտրողների համար Վաշաձեի խնդիրն այն է, որ նա սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ և մինչև 2012 թվականը նաև` ռուսական անձնագիր: Սակայն Վաշաձեի թեկնածության ամենամեծ խնդիրը ընդդիմության ցրվածությունն է: Եվրոպական Վրաստանը, որը ստեղծվել է 2017-ի հունվարին  Միացյալ ազգային շարժման ցրվելուց հետո, դեմ է արտահայտվել վաղ պայմանավորվածություններին և որոշել է ընտրություններին մասնակցել սեփական թեկնածույով, որը խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բախրաձեն է: Այս քայլը դիտվում է Զուրաբիշվիլիի դիրքերի ամրապնդում և կարող է հանգեցնել հակակառավարական ձայների ցրման:

Իրական քաղաքական պայքարը մղվում է վերոհիշյալ երեք թեկնածուների միջև: Այնուամենայնիվ, որոշ դիտորդներ նշում են, որ փոփոխությունների անորոշ ձևաչափը և ցածր մասնակցությունը կարող են հանգեցնել անսպասելի աջակցության ոչ հիմնական թեկնածուներին: Նրանց թվում առավել հաճախակի են նշվում Գիրչի ազատական կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի և Վրաստանի աշխատանքային կուսակցության առաջնորդ Շալվա Նատելաշվիլիի անունները, որոնք 2008 թվականից պարբերաբար մասնակցում են Վրաստանի բոլոր ընտրություններին: Խորհրդարանի խոսնակ և  Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի անունը նշվում է ժամանակ առ ժամանակ:

Չնայած ընդդիմության ոչ համախմբվածությանը, հարցումները ցույց են տալիս, որ Գրիգոլ Վաշաձեն ​​հաղթելու իրական հնարավորություն կունենա  վերջին տարիներին  «Վրացական երազանք» -ից հիասթափվածների ձայները ստանալու դեպքում:  Դա բավական ցնցող կլինի 2016 թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության ջախջախիչ պարտությունից հետո: Ցածր մասնակցությունն այս անգամ, ամենայն հավանականությամբ, կգօրծի հօգուտ ընդդիմության թեկնածուների: Առավել հավանական արդյունքը Զուրաբիշվիլիի և Վաշաձեի ոչ-ոքին է( 30 տոկոս յուրաքանչյուրին), ինչը կպահանջի երկրորդ փուլ: Եթե դա տեղի ունենա, որոշիչ կլինեն Ջափարիձեի և Բախրաձեի պահվածքն ու ընտրությունը, նրանք կարող են հավաքել ձայների 20 տոկոսը: Եթե երկուսն էլ որոշեն աջակցել Վաշաձեին, «Վրացական երազանք» -ի ընտրողների վճռական մոբիլիզացիան էլ բավարար չի լինի  Զուրաբիշվիլիին հաղթանակ ապահովելու համար:

 

Այլընտրանքային սցենար

Ընդդիմության հաղթանակի հիմնական արդյունքը կլինի Վրացական երազանքի  հինգ տարվա իշխանության ավարտը: Թեև ընդդիմությունը բաժանված է և այժմ չի կարողանում կառուցել իրական քաղաքական ուժ,  որը կարող է դիմակայել Վրացական երազանքի գերազանցությանը, նախագահական հաղթանակը մեծ խորհրդանշական ձեռքբերում կլինի և կխթանի հետագա վերադարձը խորհրդարան: Այն կարող է նույնիսկ վերամիավորվել Միացյալ ազգային շարժման բաժանված մասերին: Սա մեծապես կախված է Վաշաձեից և նրա կատարած ընտրությունից: Նա ճնշման կենթարկվի անկողմնակալ արբիտր մնալու հարցում, միաժամանակ ունենալով իր քաղաքական բազային աջակցելու ցանկություն: Վաշաձեի հաղթանակը կխոչընդոտի «Վրացական երազանք»-ի սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Խորհրդարանի ներկա ձևաչափով էլ, Վաշաձեն, որպես նախագահ, ամեն ինչ կանի փոփոխությունները հետաձգելու համար:

Այսպիսով, չնայած նախագահական վարչակազմի աճող թուլությանը և թույլ, միակողմանի քարոզարշավին, նախագահական ընտրությունները կարող են որոշիչ նշանակություն ունենալ Վրաստանի քաղաքական ապագայի համար 2020 թ. Խորհրդարանական ընտրությունների նախօրեին և դրանից հետո:Ամեն դեպքում, ինչ էլ, որ ասեն ու անեն, բոլոր հիմնական թեկնածուները ներկայացնում են նույն եվրոպամետ ու արևմտամետ կուրսը: Ինչ էլ որ տեղի ունենա, Վրաստանը չի պատրաստվում փոխել սեփական աշխարհաքաղաքական ընթացքը,  բացառությամբ այն անակնկալ իրադարձությունների, որոնք  ցնցող կլինեն ներկա հետագծի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment