Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը Երևանում է

Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը Երևանում է

Հոդվածի առանցքում

  • Ֆրեզնոյի բժշկական առաքելության 30 անդամներից բաղկացած թիմը, որի կազմում են ատամնաբուժներ, վիրաբույժներ և այլ մասնագետներ, ժամանել են Հայաստան՝ անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է՝ սահմանակցելով Թուրքիային և Ադրբեջանին արևմուտքում և արևելքում, իսկ Վրաստանին ու Իրանին` հյուսիսում և հարավում: Մարդիկ այստեղ ասում են, որ իրենց երկրի ջուրը համեղ է, իսկ մթնոլորտը ջերմ:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում էին Ֆրեզնոյի բժշկական առաքելությանը: Երեխաները ավանդական պար էին պարում ավանդական երաժշտության տակ: Նրանք ողջունում են Ֆրեզնոյից ժամանած պատվավոր հյուպատոս Բերջ Ապկարյանի գլխավորած թիմը՝ բաղկացած 30 անդամներից, որի կազմում են ատամնաբուժներ, վիրաբույժներ, այլ մասնագետներ և փորձագետներ: Նրանք ժամանել են այս փոքրիկ երկիր՝ անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Մոտ երեք միլիոն մարդ է ապրում Հայաստանում, որոնցից 1 միլիոնը՝ Երևանում, մնացածը հիմնականում գյուղական համայնքներում և քաղաքներում են: Այստեղ խրախուսվում է զբոսաշրջությունը, որը նպաստավոր է հայկական ժառանգության ցուցադրման համար:

«Առաջին անգամ Հայաստան գալուց հետո, ամեն տարի վերադառնում եմ», – ասում է Ֆրեզնոյի քահանա Արա Գյուքգուեզյանը: Քահանա Գյուքգուեզյանն իր 15-րդ շրջագայություն է կատարում Հայաստան, որի ընթացքում  առաջնորդում է բժիշկների առաքելությունը: Առաջին կանգառը Վերնիսաժն է՝ փողոցային շուկան:

«Իմ ընտանիքը Հայաստանի այս հատվածից չէ, մենք պատմական Արևմտյան Հայաստանից ենք, բայց դուք գալիս եք այստեղ և ձեզ զգում տանը: Դժվար է այստեղ անտարբեր մնալ», – ասում է Գյուքգուեզյանը:

Հայաստանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր այցելության վայր է: Մեկ խմիչքով ընթրիքն այստեղ արժե մոտ տասը դոլար, այնքան, որքան Միացյալ Նահանգներում, սակայն երկրում առկա է համատարած աղքատություն: Խորհրդային կարգերն այստեղ տևել են 70 տարի: 1991 թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզումը ծանր հետևանք է ունեցել երկրի տնտեսության վրա: Գործազրկությունը կազմում է 18,5 տոկոս: Շատերը չեն կարող իրենց թույլ տալ այցելել ատամնաբուժի կամ բժշկի:

«Մեր նպատակն է սպասարկել աղքատ բնակչությանը, ովքեր չունեն միջոցներ բժշկական ծառայություններից օգտվելու համար», – ասում է պատվավոր հյուպատոս Բերջ Ապկարյանը:

Ֆրեզնոյի բժշկական թիմն այստեղ կաշխատի երկու շաբաթ: Առաջարկվող օգնությունն անվճար է, ճիշտ այնպես, ինչպես Հանրապետության հրապարակի երգող շատրվանները:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment