Ֆրանսիան սառեցնում է իրանական հետախուզության ակտիվները

Ֆրանսիան սառեցնում է իրանական հետախուզության ակտիվները

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիական երեք գերատեսչությունների ղեկավարները հավելել են` սառեցվել են մասնավորապես երկու իրանցիների ակտիվներ, որոնց կասկածվում են միջադեպին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Ուշադրությանն արժանի

Իրանի հետախուզական ծառայություններին Ֆրանսիան հրապարակայնորեն մեղադրեց Փարիզի մոտակայքում հունիսին կայանալիք իրանցի ընդդիմադիրների հավաքը տապալելու փորձի` պայթյուն կազմակերպելու մեջ: Փարիզը հայտարարեց, որ պատրաստվում է սառեցնել իրանական հետախուզությանը սպասարկող բանկային ակտիվներ:

«Ֆրանսիայի տարածքում նման լուրջագույն դավադրությունը հետևանքներ կունենա: Մենք կանխարգելիչ, համաչափ և նպատակային միջոցներ ենք ձեռնարկել և այս որոշումը կայացնելով՝ Ֆրանսիան վերահաստատում է ահաբեկչության դեմ պայքարելու իր վճռականությունը, հատկապես Ֆրանսիայի տարածքում», – հայտարարեցին Ֆրանսիայի ֆինանսների, արտաքին և ներքին գործերի նախարարները:

Այս որոշումը հատկապես ուշադրության է արժանի, քանի որ ի տարբերություն Վաշինգտոնի, Փարիզը վստահ է, որ թշնամական գործողությունների համար պատժելով Թեհրանին` միաժամանակ հնարավոր է պահպանել միջուկային գործարքը:

Նախագահ Թրամփը միջուկային համաձայնագրից դուրս եկավ այս տարի` Իրանի կառավարությանը հայտարարելով խարդախ, իսկ 2015-ի համաձայնագիրը` հավակնոտ, բայց անօգուտ: Ի տարբերություն ԱՄՆ-ի, եվրոպական երկրները փորձում են փրկել այս համաձայնությունը, քանի որ համոզված են` չեղարկումը միայն ավելի կբարդացնի Արևմուտք-Իրան հարաբերությունները:
Միաժամանակ հետախուզական ծառայությունների ակտիվները սառեցնելու Փարիզի որոշումը փաստում է, որ Ֆրանսիային զայրացրել է միջազգային նորմերը խախտելու և անպատիժ  մնալու Իրանի հավակնությունը: Սա նաև նշանակում է, որ թեև անուղղակի, բայց Ֆրանսիան համաձայն է Թրամփի այն դիրքորոշմանը, ըստ որի իրանական կողմից բանակցել է խարդախ ռեժիմը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Քասեմին հերքում է մեղադրանքը` պնդելով, որ Թեհրանը որևէ առնչություն չունի նախապատրաստվող պայթյունի հետ, հայտնում է Իրանի պետական լրատվական գործակալությունը: 

Ֆրանսիական երեք գերատեսչությունների ղեկավարները հավելել են` սառեցվել են մասնավորապես երկու իրանցիների ակտիվներ, որոնց կասկածվում են միջադեպին անմիջական մասնակցություն ունենալու մեջ: Նրանցից մեկն Ասսադալլահ Ասադին է` իրանցի նախկին դիվանագետ Վիեննայից: Մյուսը` Սաիդ Հաշեմի Մողադամն է, ֆրանսիական մեդիայի տեղեկություններով` իրանական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա:

Այն ժամանակահատվածում, երբ կազմակերպվում էր հարձակումը, Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել էր երկու մարդու` ամուսինների, Բելգիայի և Իրանի քաղաքացիների: Նրանք պատրաստվում էին Բելգիայից մեքենայով հասնել Ֆրանսիա և իրականացնել պայթյունը. սա ըստ մեղադրանքի: Եվ նրանց մեքենայում հայտնաբերվել էր TATP տեսակի ինքնաշեն պայթուցիկ: Սրանից բացի նույն պայթյունի կազմակերպմանը մասնակցելու կասկածով մեկական մարդ է ձերբակալվել Բեռլինում և Փարիզում:

Պայթյունը պետք է տեղի ունենար հունիսի 30-ին, Փարիզի մոտակայքում գտնվող Վիլլեպինտե բնակավայրում:

Այնտեղ Մուջահեդին էլ Խալքի գլխավորությամբ Իրանի դիմադրության ազգային խորհուրդը, որը ներկայանում է որպես այլընտրանք Իրանում գործող կառավարությանը, կազմակերպել էր հավաք: Հանդիպմանը մասնակցում էր 25.000 մարդ: Իրանական ընդդիմադիր այս խորհուրդը հիմնադրել է այլախոհների մի խումբ` Իրանում: Նրանք աջակցել են շահի տապալմանը, ապա ընդդիմացել են հոգևորականներին, որոնց առաջնորդում էր Այաթոլլահ Ռուհոլլա Խոմեինին: Իրանցի այլախոհները գործակցել են Սադամ Հուսեյինի հետ և երկար տարիներ իրենց կենտրոնն են ունեցել Իրաքում, դառնալով ավելի ու ավելի մարգինալ: Խմբավորման անդամների մեծ մասն արտերկրում` Եվրոպայում և ԱՄՆ-ում ապրող իրանցի աքսորյալներ են: 1997-2012-ին Պետդեպն այս խմբավորումը հայտարարել էր ահաբեկչական: Այնուամենայնիվ, նրանք ԱՄՆ-ում դարձան պոպուլյար Իրանի հոգևոր իշխանության դեմ հանդես եկող ամերիկացի պահպանողականների համար։

Եվ այդ գործիչներից է, օրինակ, ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment