Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում. Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ազնավուրին

Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում. Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ազնավուրին

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիան պետական մակարդակով հրաժեշտ տվեց Շառլ Ազնավուրին՝ հեղինակ-երգչին, որը հռչակվել էր 20-րդ դարի մեծագույն կատարողներից մեկը: Հայ գաղթականների որդուն նախագահ Մակրոնը բնորոշեց՝ որպես Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը:

Ուշադրությանն արժանի

«Ներգաղթյալների որդի»՝ նման Ապոլիներին, որը մեծ գնահատանքի արժանացավ ֆրանսիական մշակույթում ունեցած ավանդի համար:

Ֆրանսիան պետական մակարդակով հրաժեշտ տվեց Շառլ Ազնավուրին՝ հեղինակ-երգչին, որը հռչակվել էր 20-րդ դարի մեծագույն կատարողներից մեկը: Հայ գաղթականների որդուն նախագահ Մակրոնը բնորոշեց՝ որպես Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը:

Ազնավուրը պոետ էր, որը տասնամյակների ընթացքում կերտեց ու սահմանեց ֆրանսիական պոպուլյար մշակույթ և դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի երգիչներից մեկն աշխարհում, որը հաճախ օգտագործում էր տպավորիչ մեղեդին՝ ներկայացնելու հուսահատություն ու տաբուներ՝ միասեռականների դեմ նախապաշարմունքից մինչև տղամարդկության խնդիրներ և դեպրեսիա:

70 տարուց ավելի տևած կարիերայի ընթացքում նա ձայնագրել է 1200-ից ավելի երգեր, 180 միլիոն ձայնագրություն վաճառել և հանդես եկել ավելի քան 60 ֆիլմերում: Մինչև մահ նա շարունակեց շրջագայել և հանդես գալ բեմում, և հաճախ ասում էր, որ ուզում է ապրել մինչև 100 տարի կամ մահանալ բեմի վրա:
Ազնավուրին ազգային տուրք մատուցվեց Փարիզի Հաշմանդամների տանը, որտեղ թաղված է Նապոլեոնը: Այնտեղ Մակրոնը խոսեց Ազնավուրի պոեզիայի մասին՝ ասելով, թե այն ապրեցնում էր մեզ՝ ամոքելով մեր հույզերն ու զգացմունքները: Նա ասաց, որ երգչի խոսքերը միլիոնավոր մարդկանց համար դեղ էին ու դարման… Տասնամյակներ շարունակ նա մեր կյանքն ավելի քաղցր էր դարձնում, արցունքները՝ նվազ դառն:
Ազնավուրի հանճարը նմանեցնելով պոետ Գիյոմ Ապոլիներին, Մակրոնն ասաց. «Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»:

Ֆրանսիայի նախագահն Ազնավուրին լավագույն օրինակը համարեց, թե գաղթականների և փախստականների երեխաները որքան շատ բան կարող են տալ իրենց ընդունած երկրին:
Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել էր Փարիզում 1924 թվականի մայիսի 22-ին: Դերասան հայրն ու երգչուհի մայրը հայ գաղթականներ էին, որոնք փրկվել էին իրենց հայրենիքում տեղի ունեցած եղեռնից: 9 տարեկանում Ազնավուրը թողեց դպրոցն ու դարձավ դերասան: Ավելի ուշ նա վերապրեց Փարիզի գերմանական պաշարումը՝ երգելով կաբերեներում, երբ իր ծնողները տանը թաքցնում էին հայ, հրեա, ռուս և կոմունիստ երիտասարդների, իսկ հայրը նաև միացավ ապստամբությանը:

«Նա գիտեր, որ իրական Ֆրանսիան հյուրընկալ է»,- ասաց Մակրոնը՝ խոսելով Ազնավուրի մեջ ապրող ժառանգության համադրության և ֆրանսիական մշակույթի մասին: «Գաղթականների որդին, որը չէր սովորել, գիտեր, որ Ֆրանսիայում մայր լեզուն է ամենասուրբ տաճարը, բոլոր սրբերից ավելին»:
Մակրոնի կողքին էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ Ազնավուրը նոր շունչ էր տվել հայի հպարտությանը. «Նա իրագործեց հայերի ձգտումները և ազգային հերոս հռչակվեց իր երգերի և Հայաստանին մատուցած ծառայությունների համար»:

Ինչպես վայել էր մեղեդուն նվիրված և թախիծը նկարագրելու հանճար ունեցող մարդուն, արարողության ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ սալաքարերին իջնող իրենց ռիթմիկ ոտնաձայներով զինվորականները խախտեցին լռությունը՝ բերելով նրա դագաղը՝ ծածկված ֆրանսիական դրոշով և հայկական եռագույն ծաղկեպսակով:

Եվ վերջում նրա դագաղը տարան իր իսկ երգի հնչյունների ներքո՝ «Emmenez-Moi» («Տար ինձ»):
Արարողությունը Ազնավուրի կատարած հսկա աշխատանքի և վճռականության, երբեք չհանձնվելու ճանաչումն էր: Չէ՞ որ սկզբում ֆրանսիացի քննադատները նրան համարում էին տգեղ, շատ կարճ, տարօրինակ ձայնով, կասկածելի վերնագրով երգերի հեղինակ: Նրա աստեղային հաջողությունը Ֆրանսիայում ունեցած իր հմայնքի մասն էր՝ ազգային ձախողակ, որը դարձավ չեմպիոն, մարդ, որը կարող էր որոշակիացնել հույզն ու բազմապատկել այն:

Ֆրանսիացի պոետ և արտիստ Ժան Կոկտոն մի անգամ ասել է. «Շառլի իրական հաջողությունն այն է, որ նա ավելի շատ սրտով է երգում, քան ձայնով»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment