Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքից հետո Գուգլ Պլյուսը կփակվի

Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքից հետո Գուգլ Պլյուսը կփակվի

Հոդվածի առանցքում

  • Գուգլը հայտարարել է, որ 2019-ի օգոստոսից կանջատվի Գուգլ Պլյուսի՝ հաճախորդների տարբերակը, իսկ կորպորատիվ հաճախորդների համար ստեղծված տարբերակը դեռ կաշխատի։

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի Գուգլը հայտարարեց, որ փակում է Գուգլ Պլյուսը: Երկարատև պայքարից հետո սա  ընկերության պատասխանն է սոցիալական ցանցի հսկային՝ Ֆեյսբուքին, երբ բացահայտվեց ընկերության խոցելի անվտանգությունը և 500 հազար օգտատերերի անձնական տվյալների արտահոսքը:

Անվտանգության խնդիրը Գուգլը բացահայտել էր դեռ մարտին, բայց այդ մասին չէր տեղեկացրել օգտատերերին, քանի որ կարծում էր, թե տվյալները ոչ մեկի ձեռքում չեն հայտնվել: Ընկերության «Անձնական և տվյալների պաշտպանության գրասենյակը» որոշել էր, որ այդ մասին հայտարարելու օրենքի պահանջ չկա։

Լուռ մնալու որոշումը զարմացրեց կիբերանվտանգության համայնքին։ Այն հակասում է Եվրոպայի և Կալիֆոռնիայի նոր օրենսդրությանը, ըստ որի՝ ընկերությունը պարտավոր է  հայտարարել  խնդրի մասին։

Տվյալները հասանելի էին այլ ընկերությունների կողմից մշակված 438-ից ավելի հավելվածների համար։ Դրսի ծրագրավորողները կարող էին տեսնել օգտատերերի անունները, էլեկտրոնային փոստի հասցեները, զբաղվածությունը, սեռը և տարիքը։ Նրանց հասանելի չէին հեռախոսահամարները, հաղորդագրությունները, Գուգլ Պլյուսի փոսթերը կամ Գուգլ հաշիվների այլ տվյալներ, ասում է ընկերությունը։

Գուգլն ասել է, որ չի գտել ապացույց, թե դրսի ծրագրավորողները տեղյակ էին անվտանգության խոցելիության խնդրի մասին, և չկա գեթ մեկ նշան, որ դիպչել են օգտատերերի հաշիվներին։ Թերությունը շտկվել էր մարտին կատարված թարմացման ժամանակ։

Գուգլն ուսումնասիրում էր «այնպիսի տվյալներ, որոնք առնչվում էին խնդրին, թե արդյոք մենք կարող էին բացահայտել օգտատերերին և տեղեկացնել նրանց, արդյոք կար չարաշահում և արդյոք ծրագրավորողները կամ օգտատերերը կարող էին պատասխան գործողությամբ հանդես գալ։ Այս դեպքում ոչ մեկն էլ չէր հայտնաբերվել», գրել է Գուգլի՝ ինժեներիայի գծով փոխնախագահ Բեն Սմիթը։

Երկուշաբթի արված բացահայտումը կարող էր լրացուցիչ քննության առնվել Գուգլի քաղաքականության և իրավաբանական թիմերի պատրաստած հուշագրի պատճառով, որով  ընկերությունը պետք է տեղեկացնի իր հետ առնչվող խնդիրների մասին այնպես, ինչպես այս տարի եղավ Ֆեյսբուքի հետ, երբ հանրայնացվեց խոցելիությունը։

Ըստ Wall Street Journal-ի՝ հուշագիրը զգուշացնում է, որ պրոբլեմի բացահայտումը կարող է նորմատիվային վերահսկողութուն առաջացնել և որ Սունդար Փիչայը՝ Գուգլի գլխավոր գործադիր տնօրենը կհրավիրվի Կոնգրես՝ վկայություն տալու։ Գուգլի խոսնակ Ռոբ Շիլկինը հրաժարվել է մեկնաբանել հուշագիրը։ Այս տարեսկզբին նա ասել էր, թե Ֆեյսբուքն ընդունել է, որ Քեմբրիջ Անալիտիկան, բրիտանական հետազոտական կազմակերպությունը, որոնք  աշխատել էին Թրամփի քարոզարշավի համար, անզգուշաբար օգտագործել էին Ֆեյսբուքի ավելի քան 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ։ Այս մասին խոստովանել էր Մարկ Ցուկերբերգը Կոնգրեսի առաջ տված վկայության ժամանակ, որը տևեց 2 օր։

Մայիսին Եվրոպան նոր օրենք ընդունեց «Տվյալների պաշտպանությունը կարգավորելու վերաբերյալ»։ Ըստ դրա՝ ընկերություններն անձնական տվյալների հավանական արտահոսքի մասին պետք է ծանուցեն կարգավորող մարմիններին 72 ժամվա ընթացքում։ Գուգլի անվտանգության հետ կապված խնդիրն ավելի շուտ էր եղել՝ մարտին, մինչև նոր օրենքի ընդունումը։

Վերջերս Կալիֆոռնիան ընդունեց անձնական տվյալների մասին օրենք, որն ուժի մեջ կմտնի 2020-ին՝ թույլ տալով հաճախորդներին տվյալների անվտանգության յուրաքանչյուր խախտման համար մինչև 750 դոլարի հայց ներկայացնել դատարան։ Այն նաև իրավունք է տալիս գլխավոր դատախազին մեղադրել ընկերություններին՝ անձնական տվյալների գաղտնիությունը կանխամտածված խախտելու համար։

Սան Դիեգոյի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Անդրեսը, որը դասավանդում է տվյալների բազայի կառավարում, ասել է, թե չկա օրենքի ակնհայտ պահանջ, որով Գուգլը պետք է բացահայտեր անվտագության վերաբերյալ խնդիրը։ Նա, սակայն, ավելացնում է՝ մտահոգիչ է, բայց ոչ անակնկալ ընկերության քննարկումը, թե կարգավորողներն ինչպես կընկալեին խոցելիության մասին ծանուցումը։

Չկա ֆեդերալ օրենք, որը կպարտավորեցնի ընկերություններին բացահայտել անվտանգության խոցելիությունը։ Փրինսթոնի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր Արվինդ Նարայանանը, որը հաճախ է քննադատում ընկերություններին թույլ անվտանգության համար, Թվիթերում գրել է, որ բնական է, թե ինչպես են ընկերությունները շտկում խնդիրը, մինչև այն կշահարկվի։ «Ամեն տարի հազարավոր այդպիսի դեպքեր են տեղի ունենում։ Դրանք բոլորը բացահայտելու պահանջը բացարձակ արդյունավետ չէ»,- գրել է պարոնը Նարայանանը։

Անցած ամիս օրենսդիրների հետ փակ հանդիպման ժամանակ պարոն Փիչայը խոստացել է վկայություն տալ մինչև տարեվերջ, թե որքանով են տեխնոլոգիական ընկերությունները ֆիլտրում պահպանողական ձայներն իրենց արտադրանքում։ Սպասվում է, որ նրան կհարցնեն նաև չինական շուկա վերադառնալու ծրագրերի մասին։ Մարտին բացահայտված խոցելիությունը և կարգավորող մարմինների արձագանքի մասին ընկերության քննարկումները ևս վկայության մաս կկազմեն։

Անցած ամիս Գուգլին քննադատեցին այն բանի համար, որ պարոն Փիչայը չէր մասնակցում Ֆեյսբուքի և Թվիթերի ղեկավարների լսումներին։

2011-ին ներկայացված Գուգլ Պլյուսը պետք է լիներ Ֆեյսբուքի մրցակիցը, բայց մի քանի լոյալ օգտատատերերից այն կողմ այն չանցավ։ Գուգլը չի հրապարակում, թե քանի ակտիվ օգտատեր ունի Գուգլ Պլյուսը, բայց բլոգ փոսթում նշվում է, որ ծառայությունը ցածր կիրառություն ունի՝ օգտատերերի 90 տոկոսի գործողությունները չեն գերազանցում 5 վայրկյանը։

Երբ Գուգլի ինժեներները բացահայտեցին անվտանգության խնդիրը, հասկացան, որ Գուգլ Պլյուսը պահպանելու համար անհրաժեշտ աշխատանքն արդարաված չէ՝ հաշվի առնելով պրոդուկտի խղճուկ կիրառությունը, ասում է ընկերությունը։

Գուգլն ասաց, որ պատրաստվում է անջատել Գուգլ Պլյուսի՝ հաճախորդների տարբերակը 2019-ի օգոստոսին, մինչդեռ կորպորատիվ հաճախորդների համար ստեղծված տարբերակը դեռ կմնա։

Գուգլ Պլյուսի ձախողումը Գուգլին ազատեց Ֆեյսբուքի և Թվիթերի կողմից եկող որոշ ճնշումներից, մասնավորապես ռուսական դեզինֆորմացիայի ջանքերից։

Օգոստոսին, երբ Գուգլը հայտարարեց, թե ջնջել է իրանական ազդեցության արշավների հետ կապի մեջ կասկածվող ընկերությունների հաշիվները, բացահայտեց, որ ի տարբերություն իրենց ջնջած 13 հաշիվների, նույն խնդրով Ֆեյսբուքը 652 հաշիվ է ոչնչացրել։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment