Օգնել Թուրքիային վերադառնալ դեպի Արևմուտք

Օգնել Թուրքիային վերադառնալ դեպի Արևմուտք

Հոդվածի առանցքում

  • ՆԱՏՕ-ի երկար տարիների անդամ Թուրքիան այսօր հեռացել է ԱՄՆ-ից ու Եվրոպայից՝ նախընտրելով Ռուսաստանն ու Իրանը:

Ուշադրությանն արժանի

Երբ ես ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարն էի, ես ու տիկինս ժամանակ առ ժամանակ այցելում էինք Գերմանիայի Քյոլն քաղաք, որը գտնվում է Բրյուսելի հետ սահմանին: Այս տարածքը հայտնի է մի շարք պատմական վայրերով, սակայն ամենաշատը այն հայտնի է որպես Սրբազան Հռոմեական կայսրության կենտրոն: Աչենի մոտ է գտնվում Կառլոս կայսրի շիրիմը: Նա մահացել էր մ.թ. 814 թվականին: Մահմեդականների հարձակումները կանգնեցնելու համար նրան կոչել են Եվրոպայի հայր:

Անցած շաբաթ Քյոլնը հայտնվել էր միջազգային լրահոսում` մի շարք մահմեդական թոփ-թեմաներով. այնտեղ էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացմանը մասնակցելու համար: Չնայած Գերմանիայում առկա մի շարք հակասական տրամադրությունների` կապված մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության և անկախ դատական համակարգի նկատմամբ Էրդողանի վարած բիրտ քաղաքականության, կար որոշակի հույսեր, որ հնարավոր է ջերմացնել Թուրքիայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները:

ՆԱՏՕ-ի երկար տարիների անդամ Թուրքիան այսօր հեռացել է ԱՄՆ-ից ու Եվրոպայից և մտերմացել Ռուսաստանի ու Իրանի հետ:

Ինչ արժե Թուրքիան ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար: Երբեմն մենք կարծում ենք՝ այն «կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև»: Թյուրընկալում է: Թուրքիան ուժային կենտրոն է, Օսմանյան կայսրության ժառանգորդ և այսօր աշխարհի 13-րդ խոշորագույն տնտեսությունը: Այն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենախոշոր բանակը և արագ զարգացող բնակչություն՝ ձեռնարկատիրական, գյուտարար և կրթված, որը շատ շուտով` 21-րդ դարի կեսերին կանցնի Ռուսաստանը: Այն գտնվում է աշխարհաքաղաքական կարևորագույն գոտում, որտեղ կան խնդիրներ հարևանների հետ և երկար սահմաններ` չափազանց անհանգիստ արաբական աշխարհի հետ: Հետևաբար, Թուրքիային դեպի Արևմուտք վերադարձնելը  շատ կարևոր է:

Ըստ Էրդողանի տեսլականի` Թուրքիան պետք է շարունակի հետագա անդամակցությունը ՆԱՏՕ-ին (այն ռազմական գործընկեր էր Աֆղանստանում, Լիբիայում և Բալկաններում), ձեռք բերի որոշակի արտոնություններ ԵՄ տնտեսական հարաբերություններում (լիարժեք անդամակցության հեռանկարը դեռ շատ հեռու է), ուժեղ կրոնական հիմքով էլ ավելի մոտեցնի Թուրքիան մահմեդական մշակույթին  և կարողանա կառուցել պրագմատիկ փոխհարաբերություններ արևմտյան ազդեցությունից դուրս գտնվող ազգերի հետ, մասնավորապես` Ռուսաստանի ու Իրանի:

Գործադիր իշխանությունն իր ձեռքում պահելն Էրդողանին տվեց ժամանակ ու ներքին ռեսուրսներ`այդ հավակնոտ ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար: Դժվարությունների շարքում են իր և Արևմուտքի տեսակետների ակնհայտ բախումը Սիրիայի, Իրանի և տարածաշրջանի քրդական գործոնի հարցերում:

Թուրքիայի հեռացումը տրանս-ատլանտյան աշխարհից կհանդիսանա խոշոր աշխարհաքաղաքական սխալ: Այնուամենայնիվ, ԱՄՆ- ը և նրա եվրոպական դաշնակիցները չեն կարող խարխլել աշխարհաքաղաքական հիմնական  տեսակետներն ու արժեհամակարգը: ՆԱՏՕ-ի անդամ մնալու և ԵՄ հետ սերտ հարաբերություններ ունենալու համար, Թուրքիան պարտավոր է պահպանել օրենքի գերակայությունը, խուսափել կոռուպցիայից, չխոչընդոտել ազատ մամուլի աշխատանքը և հարգել մարդու իրավունքները: Դժվար է այսօր առաջ մղել Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունները, սակայն անհնարին չէ:

Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի հետ ջերմացնելու համար անհրաժեշտ են հետևյալ չորս քայլերը:

Նախ` պետք է օգտվել հնարավորությունից, ինչպիսին էր Էրդողանի այցը Գերմանիա: Այսօր Գերմանիայում բնակվում են թուրքական ծագում ունեցող 3 միլիոն քաղաքացիներ, հետևաբար չափազանց կարևոր է Էրդողանին հարգալից հյուրընկալելն այնպես, ինչպես պետական ​​այցի ժամանակ վարվեց կանցլեր Անգելա Մերկելը: Եթե ​​կան տնտեսական խթաններ, որոնք հնարավոր է առաջարկել Թուրքիային, հատկապես Սիրիայից մոտ 3 միլիոն փախստականներին օգնելու հարցում, ԱՄՆ-ը պետք է համագործակցի ԵՄ հետ աջակցություն ցուցաբերելու համար:

Երկրորդ, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարները պետք է ավելի հաճախ այցելեն Թուրքիա: Գրանցվեն ոչ միայն պետությունների ղեկավարների հազվադեպ այցելություններ, այլև հերթական առաքելություններ կառավարության ավելի ստորին օղակների ներկայացուցիչների և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Մենք պետք է քննարկենք արևմտյան արժեքներից Թուրքիայի հեռանալու մեր մտահոգությունները: Եվ մենք պետք է անկեղծորեն լսենք թուրքական մտահոգությունները քրդական ազատագրական և անկախության համար շարժումներին մեր տրամադրած աջակցության մասին: Սակայն երկու կողմերի համար էլ պետք է նախագծենք հասարակական փոխվստահության միջավայր:

Երրորդ, Վաշինգտոնը պետք է շարունակի Անկարայի հետ երկխոսությունը, որպեսզի կարգավորի մեր հարաբերություններում առկա անհամաձայնությունները: Ցանկում առաջինն է Սիրիայում քրդական ռազմական միավորումների շուրջ լարվածությունը, որը պետք է նվազեցնել: ԱՄՆ-ն ազդեցություն ունի քրդական շրջանակների վրա, որը առաջ է եկել «Իսլամական պետության» և Բաշար ալ-Ասադի դեմ պայքարում մեր աջակցության միջոցով: ԱՄՆ-ը նույնպես ուժեղ ազդեցություն ունի Հյուսիսային Իրաքում, որը Մերձավոր Արևելքում քրդական համայնքի կենտրոնն է: Մենք պետք է ամեն ինչ անենք երկու կողմերին խաղաղ կարգավորմանը մոտեցնելու համար, մասնավորապես` Էրդողանին և քրդերի չափավոր շրջանակներին: Մի քանի տարի առաջ`նախքան  «Արաբական գարունը», կողմերը մոտ էին դրան:

Եվ ի վերջո, մենք պետք է ավելի շատ աշխատենք Թուրքիայի հետ ռազմական տեխնոլոգիաների զարգացման և վաճառքի հարցում: Ռուսաստանի կողմից S-400 հակաօդային համակարգի ձեռքբերումը լուրջ հարված է դաշինքի միասնությանը և, քանի որ այն չի համապատասխանում ՆԱՏՕ-ի համակարգերին, մեծապես կբարդացնի ընդհանուր օդային պաշտպանության համակարգի ամրապնդումը: Ավելի բաց դիրքորոշում ռազմամթերքի վաճառքի և ռազմաարդյունաբերության հարցում կօգնի Թուրքիային վերադարձնել դեպի Արևմուտք: Այսինքն, վարչակազմը և Կոնգրեսը պետք է ուշադիր քննեն Թուրքիային նոր F-35 կործանիչներ վաճառելու դրական և բացասական կողմերը՝ վստահ լինելու համար, որ ընդունած որոշումը մաս է կազմում ավելի մեծ ռազմավարության:

Հուսանք, որ Էրդողանի այցը Քյոլն ի ցույց կդնի, որ թուրքերը փնտրում են ուղիներ դեպի Արևմուտք: Ամերիկան և նրա գործընկերները պետք է իրենց կողմից մեկնեն համագործակցության ձեռքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment