«Փրկիչն Իջևան մոլորակից». Անձի աճող պաշտամունքի վավերագրություն

«Փրկիչն Իջևան մոլորակից». Անձի աճող պաշտամունքի վավերագրություն

Հոդվածի առանցքում

  • Չափազանց պոպուլյար վարչապետը պատկերվում է որպես քրիստոնեական սուրբ և հռոմեական կայսր, նրա պատկերը օղու շշերի և եղունգների վրա է:

Ուշադրությանն արժանի

Մայիսին գալով իշխանության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց պոպուլյար է դարձել Հայաստանում: Նա արմատախիլ արեց նախկին ռեժիմն ու դա արեց դինամիկ մեդիաոճով, որն աննախադեպ է հայկական քաղաքականության մեջ:

Կառավարման այս մոտեցումը բորբոքել է հայերի երևակայությունը: Հոկտեմբերին հրապարակված հարցումը ցույց է տվել, որ նրա կառավարությունն արժանացել է հարցվածների 82 տոկոսի հավանությանը: Կենցաղային խոսակցություններում մարդիկ ասում են՝ «մեր սիրելի վարչապետ»:

Այդ հիացմունքը բերում է, ինչպես ոմանք են ասում, անձի պաշտամունքի: Փաշինյանի պատկերն այսօր զարդարում է շապիկներ, տորթեր, մոմեր, այֆոնի քեյսեր և այլ ապրանքներ, որոնք վաճառվում են Երևանով մեկ: «Նիկոլ Փաշինյան» երգը Յութուբում 7 միլիոն դիտում է հավաքել, որտեղ վարչապետին անվանում են «ազգի հերոս»:

Անցյալի ավտորիտարիզմը մերժելու և դեպի լիբերալ ժողովրդավարություն շարժվելու՝ Փաշինյանի հայտարարած օրակարգով հանդերձ, անհանգստություն կա երկրի ապագայի համար: Երկիր, որտեղ այնքան շատ հույս են կապում մեկ մարդու հետ: Մասնավոր զրույցներում որոշ հայեր խորապես շփոթված են փաշինյանամանիայով:

Կիբերանվտանգության մասնագետ երևանաբնակ Ռուբեն Մուրադյանը հավաքում է և ֆեյսբուքի իր էջում հրապարակում այդ հիացմունքի տարբեր դրսևորումները: Ալբոմն անվանել է «Հեղափոխական արվեստ»:
«Երբ ամեն ինչ սկսվեց ապրիլ-մայիսին, Փաշինյանի փառաբանման ժողարվեստին հետաքքրասիրությամբ էի նայում,- Եվրասիանեթին ասել է Մուրադյանը,- Հուլիսին մի վիդեո տեսա մանկապարտեզի միջոցառումից, որտեղ փոքրիկ տղան Փաշինյանի ստորագրությամբ գլխարկով, կամուֆլյաժ շապիկով և ուսապարկով «աջակիցների» հետ քայլերթ էր անում՝ երգելով հեղափոխական երգեր»:

«Դա բեկումնային պահ էր ինձ համար,- հստակեցրել է Մուրադյանը,- Սկսեցի հետևել, թե ինչպես է դրսևորովում այդ սերը»: Այդ ժամանակ էլ նա սկսեց ֆեյսբուքյան վավերագրությունը:
«Ես 41 տարեկան եմ, 1991-ին 14 էի: Հայաստանի քաղաքական պատմության մեջ երբեք այսպիսի բան չեմ տեսել: Երեխաները երբեք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին երգեր չեն երգել»,- զարմացած է Ռուբեն Մուրադյանը:
Ահա Ռուբեն Մուրադյանի հավաքածուից մի քանի նմուշ:

Մետաղադրամ, որի վրա Փաշինյանն է հռոմեական կայսեր պատկերով.

… և քրիստոնեական սրբի պատկերով.

Հարցազրույց քաղաքացու հետ, որը Փաշինյանին Հիսուս է կոչում.

Եղունգների երկարացում՝ Փաշինյանի գլխի կաղապարով.

Հայտնի «Despacito»-ի ադապտացիան՝ որպես ձոն Նիկոլ Փաշինյանին: «Միայն Նիկոլն է արժանի լինել մեր վարչապետը»,- ասվում է երգում:

Փաշինյանի պատկերով օղի.

Մուրադյանն ասում է, որ ստալինյան տարիների հանդեպ հետաքրքրությունն է իրեն զգայուն դարձրել այս ֆենոմենի նկատմամբ: Մինչ այս ամենը ծիծաղելի է թվում, նրան անհանգստացնում են անձի պաշտամունքին աջակցող պաշտոնական նշանները:

Նա օրինակ է բերում Փաշինյանի մասին «Փրկիչն Իջևան մոլորակից» վերտառությամբ գիրքը, որը հրատարակվել է Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հանրության արձագանքից հետո քաղաքապետարանի կայքից և սոցիալական մեդիայի հաշվից ջնջվեցին գրքի մասին բոլոր հիշատակումները:

Կառավարությունը ևս միացավ այս շարժմանը: Հուլիսին Մշակույթի նախարարությունը հայտարարեց թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի մասին, որը պետք է տեղի ունենար Պատմության թանգարանում:

Եվ հոկտեմբերին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավարը հավաքել էր Մշակույթի նախարարությունը՝ մեծ տեղ հատկացնելով Փաշինյանի հեղինակած գրքին: Դրա մասին վկայող լուսանկարը հրապարակեց մշակույթի փոխնախարարը: Քննադատություններից հետո այն հեռացվեց ֆեյսբուքից:

Մուրադյանը խոստովանում է, որ հեշտ չէ պատասխաններ գտնել. «Ես չգիտեմ, թե ինչ է պետք անել: Սա պետք է զվարճացնի՞ Փաշինյանին, թե՞ նա պետք է չխրախուսի այս ամենը: Չգիտեմ: Կարծում եմ, մենք պետք է հավաքենք նմուշները: Եվ երբ անձի այս պաշտամունքը ծաղկի, ոչ ոք չի կարողանա ասել, թե չէին տեսել, որ այն գալիս է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment