Փարիզը ոգեշնչվում է Երևանից և թինեյջերներին կտա թվային կրթություն

Փարիզը ոգեշնչվում է Երևանից և թինեյջերներին կտա թվային կրթություն

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական հիմնադրամի աջակցությամբ Փարիզում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը սկիզբ է առնում Հայաստանից և  12-18 տարեկան պատանիներին սովորեցնում է, թե ինչպես ինքնուրույն թվային ստեղծագործություններ անել:

Ուշադրությանն արժանի

Փարիզի կենտրոնական Լե ալ թաղամասի «Forum des Images» լուսավորված պատին մարդկանց շարժվող ֆորմաներ են, որոնք ստեղծում են սյուրռեալիստական մթնոլորտ: Շենքի ներսում ամեն շաբաթ երիտասարդ փարիզցիները հնարավորություն կունենան դպրոցից հետո գալ այստեղ և երկու ժամ սովորել ծրագրավորում ու թվային նկարչություն:

Հաստատությունը նախագծված է ընդհանուր 4 հազար աշակերտի համար, 800-ն արդեն հավաքվել են: Հարմարավետ բազմոցներով և լուսամփոփներով բուդուարի նմանվող մեծ «դասասենյակում» աշակերտները տարված են իրենց սեղաններով: Նրանք մասնակցում են ինքնաուսուցման կուրսի, որտեղ յուրաքանչյուրն աշխատում է իր տեմպով՝ տարբեր առարկաների վրա՝ ներառյալ վիդեո, կինո, երաժշտություն, նկարչություն և անիմացիա:

Դպրոց, որտեղ չկան գնահատականներ

16-ամյա Մաքսիմ Օսթինն էկրանին լոգոներն են սքրոլ անում: Նա փորձում է վերարտադրել դրանք՝ օգտագործելով իրեն տրված ուսումնական ձեռնարկը:

«Ես եկել եմ այստեղ, որովհետև ուզում էի հասկանալ, թե ինչ է ծրագրավորումը համոզվեի՝ հավանո՞ւմ եմ այն, թե՞ ոչ»,- պատմում է նա:

Մաքսիմի կողքին 12-ամյա Թիդիան Մենեգան է, որը տարված է երաժշտությամբ. «Բիթբոքսինգի վրա եմ աշխատում, նույնիսկ յութուբյան ալիք եմ բացել: Իսկ եթե ինչ-որ բան չգիտես՝ ինչպես անել, կարող ես մյուսներին հարցնել կամ համակարգողներին»:

Դավիթ Մարթինեզը նրանցից մեկն է, չնայած նախընտրում է «թիմավար» ներկայանալ. «Մենք այստեղ ենք՝ աջակցելու, ոգևորելու նրանց առաջ շարժվել: Ծրագրով նախատեսված է 8 տարբեր ոլորտ, որոնցում նրանք կարող են մասնագիտանալ: Չնայած նկատել ենք, որ մարդիկ ամենաշատը վիդեո խաղերի և կինոյի ոլորտներն են հավանում»:

Նրա հարաբերությունները երեխաների հետ ավելի շատ բաց են ու անկեղծ, քանի որ գնահատականներն այստեղ արգելված են: Որակավորումներ տալու պլաններ չկան, առաջնահերթությունը տրված է երեխայի զարգացմանը, որոնց խնդրում են կանոնավոր հաճախել դասերին և աշխատել իրենց նախագծերի վրա:

Մեկ միլիոն եվրո՝ նորարարության համար

«Թումոն աշխարհի ամենանորարար դպրոց ճանաչվեց 3 տարի առաջ: Այս դպրոցը սխալվելու և ձախողումը գնահատելու մասին է: Հրաշալի է տեսնել այստեղ եկող երեխաների ուրախությունը»,- ասել է «Forum des Images» գլխավոր տնօրեն Կլոդ Ֆարգեն հոկտեմբերի 16-ին կենտրոնի բացմանը:

Նրան ուղեկցում էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասը: Հաստատությունը ֆինանսավորել է Եվրամիությունը:

2017-ի նոյեմբերին Փարիզը հաղթեց Նորարարության եվրոպական մայրաքաղաք մրցույթը և 1 միլիոն եվրոյի անդորրագիր ստացավ: Այս մրցանակով այն պարտավորվում էր տեղական ինովացիոն ոլորտը զարգացնել՝ ի նպաստ բիզնեսի և քաղաքացիների:

Աշխարհի ամենամեծ ստարտափ կամպուսով՝ «Station F»-ով, որի բյուջեի 5 տոկոսը քաղաքացիների նախագծերի համար էր նախատեսված, ֆրանսիական մայրաքաղաքը ուներ մի շարք փաստարկներ, որոնք կարող էր ներկայացնել:

«Ես ասացի Անն Իդալգոյին՝ ի՞նչ եք պատրաստվում անել այս փողով: Նա ասաց, որ յուրահատուկ մի բան է տեսել Երևանում, և դա հրաշալի էր, որովհետև ես էլ գիտեի դրա մասին»,- հիշում է Մոեդասը:

Փարիզի ավագանու անդամը Հայաստանում Թումո էր այցելել 2016-ին, որտեղ նա տեսավ «դպրոց, որը կնշանավորի այնտեղ հաճախողների կյանքը: Քիչ նախաձեռնություններ, որոնք թինեյջերների համար են, սա հնարավորություն էր՝ փոխելու իրավիճակը »:

Ավելի քան 4 հազար տեղ հասանելի է, 35 տոկոսը զբաղեցրել են առաջնահերթություն ունեցող շրջաններում ապրող երեխաները: Սա խոսում է ծրագրի սոցիալական ասպեկտի մասին: Այն նաև պարբերաբար աշխատանք կառաջարկի թվային սեկտորի մասնագետներին դպրոցական արձակուրդների ժամանակ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment