Փաշինյանը փոփոխության մանդատն ապահովելու եզրին է

Փաշինյանը փոփոխության մանդատն ապահովելու եզրին է

Հոդվածի առանցքում

  • Ավելի քան 5 ամիս ղեկավարելով Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմի դեմ շարժումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարձակ որոշում կայացրեց` հրաժարական տալ, որպեսզի ցրի խորհրդարանը, և արտահերթ ընտրություն անցկացվի: Խնդիրն այն է, որ ԱԺ-ում դեռ շարունակում են մեծամասնություն կազմել նախորդ իշխանությանը հավատարիմ պատգամավորները:

Ուշադրությանն արժանի

Մորուքավոր Փաշինյանն արագացրեց ընտրությունը, որպեսզի խաղից դուրս մղի իր մրցակիցներին՝ հույսով, որ իր դաշնակից ռեֆորմիստները կկարողանան մանդատներ ստանալ խորհրդարանական արտահերթին, որոնք չեն նույնացվում նախորդ ռեժիմի հետ և հավատարիմ են բարեփոխմանը, Հայաստանի տնտեսության խթանմանը:

Փաշինյանին խորթ չեն պայքարի արտասովոր մեթոդները, որոնցով նա կստիպի հետևել իր օրակարգին: Այս ամսվա սկզբին հազարավոր աջակիցների նա առաջնորդեց խորհրդարան՝ շրջափակման մեջ գցելով շենքի ներսում գտնվող Սարգսյանի կողմնակից պատգամավորներին, որպեսզի ճնշում գործադրի՝ գնալ արտահերթ ընտրության:

Ավելի վաղ նա ձերբակալել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ մեղադրելով մի քանի ցուցարարների սպանության համար: Սպասելով հնարավոր կալանավորմանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Քոչարյանն ասաց, որ կվերադառնա քաղաքականություն և երդվեց կոտրել «հեղափոխական ռոմանտիզմը», որը ներկայացնում է խաղաղ ցույցերի միջոցով իշխանության եկած Փաշինյանը:

Անցած 5 ամսվա հեղափոխական ռոմանտիզմը Փաշինյանին բազմաթիվ ձեռքսեղմումների և գովասանքի արժանացրեց միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին կանգառը, որը սկսած 1991-ից ԱՄՆ ամենաբարձր մակարդակի պաշտոնական այցն էր Հայաստան, Փաշինյանի տնտեսական հավակնոտ ծրագրերի և ԼՂ կոնֆլիկտի 30 տարվա նրա մոտեցման հանդեպ հավանության հաստատումն էր:

Բոլթոնն ասաց, որ դեկտեմբերի 10-ին սպասվող Փաշինյանի հաղթանակը նրան ուժեղ մանդատ կտա վճռական քայլեր անել, որոնք կարող են փոխել Հայաստանը:

Հայաստանի և Արևմուտքի միջև պոտենցիալ ոլորտը, որը կարող է աճ արձանագրել, զենքի առքն ու վաճառքն է: Մայրաքաղաք Երևանում Բոլթոնն ասաց, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է թույլ տալ Հայաստանին ամերիկյան զենք գնել, որպեսզի դուրս բերի նրան Ռուսաստանի «չափից մեծ ազդեցության տակից», որն արտահայտվում է նաև Հայաստանում 10 հազարից ավելի ռուս զինվորականների ներկայությամբ և ԵԱՏՄ անդամակցությամբ:

Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանի կառավարությունը կաշկանդված չէ և, եթե գրավիչ առաջարկ լինի, կքննարկի՝ ամերիկյա՞ն զենք ձեռք բերել, թե՞ եվրոպական:

Վերջին տարիներին հայ պաշտոնյաներին վրդովեցրել էր Մոսկվայի կողմից Ադրբեջանին մատակարարվող բարձր տեխնոլոգիական զենքերի վաճառքի աճը: Զինամթերք, որը մեծապես գերազանցում էր Հայաստանին վաճառված զենքերի որակը, որոնք հիմնականում պատրաստված էին սովետական շրջանի նախագծերով: 2016-ի ապրիլին Ղարաբաղյան կոնֆլիկտի վերջին ամենախոշոր բռնկման ժամանակ Ադրբեջանը Հայաստանի զինված ուժերի դեմ օգտագործեց նոր գնված ռուսական ժամանակակից զենքերը:

ԱՄՆ նոր հետաքրքրությունը կախված է, թե որքանով է Երևանը պատրաստ միանալ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերին՝ մեկուսացնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը: Սա այն երկիրն է, որը սահմանակից է Հայաստանին, և նրանք երկուստեք ջերմ հարաբերություններ ունեն՝ շնորհիվ առևտրային կապերի և Իրանի հյուսիսում պատմական հայկական համայնքի ներկայության:

Չնայած ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու հեռանկարը կարող է գայթակղիչ լինել Փաշինյանի համար, դժվար թե նա ռիսկի գնա և զայրացնի Ռուսաստանին ու Իրանին՝ իր տնտեսական հիմնական գործընկերներին:

Դատելով Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ընդունելությունից՝ Փաշինյանը կարող է համարել, որ Արևմուտքի հետ հարաբերությունները կարող են ավելի հեռուն գնալ: Դրան նախորդել էր հուլիսին կայացած նրանց հանդիպումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ազնավուրի մահից շատ չանցած անձնական կապն այս երկուսի միջև, կարծես թե, ավելի խորացավ, երբ Երևանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը:

Որպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկիր՝ Փաշինյանը կարող է համարել, որ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը կբերի վիզային ազատ ռեժիմի, առևտրային ավելի մեծ հնարավորությունների, կրթական փոխանակման ծրագրերն ավելի հեշտ իրագործման: Սա կարող է ավելի օգտակար թվալ, քան համապատասխանել Թրամփի վարչակազմի խիստ նախապայմաններին, որպեսզի ներքաշվել ավելի մեծ երկխոսության մեջ՝ հայ-ամերիկյան հարաբերություններն աննախադեպ մակարդակ տեղափոխելու համար:

Փաշինյանը հայտնվել է ունիկալ վիճակում, նա պետք է կապիտալիզացնի այն վստահությունն ու կամքը, որ ստացել է վերջին ամիսներին: Հայաստանի մոտ ապագայի համար լավագույնը կլինի, եթե Փաշինյանն իր եռանդն ուղղորդի երկիրը Սարգսյանի ժամանակաշրջանից դուրս բերելուն և այն ավելի մոտեցնի միջազգային հանրությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment