Տրյուդոն և Լեգոն Հայաստանում մասնակցում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Տրյուդոն և Լեգոն Հայաստանում մասնակցում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Հոդվածի առանցքում

  • Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոն Երևանում են՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Եռօրյա գագաթնաժողովը Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում է հավաքել 84 անդամ երկրների լիդերների 5 մայրցամաքներից:

Ուշադրությանն արժանի

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Կանադան 4 մանդատ ունի. Ֆեդերալ կառավարությունը, Նոր Բրանսուիկի և Քվեբեկի նահանգները լիիրավ անդամներ են, Օնտարիոն դիտորդի կարգավիճակ ունի: Երևան ժամանած կանադական պատվիրակության մեջ է նաև Զբոսաշրջության, պետական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ջոլին: Նա ավելի վաղ է ժամանել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարների 35-րդ համաժողովին:

Լոբբինգ՝ հօգուտ Միկայել Ժանի

Գագաթնաժողովի այս տարվա կարգախոսն է «Ապրել միասին, կիսել մարդասիրական սկզբունքները և հարգել բազմազանությունը․ սա է զարգացման և խաղաղության աղբյուրը»։ Տրյուդոն կընդգծի միասին աշխատելու կարևորությունը՝ մարտահրավերները հաղթահարելու, տնտեսական աճի, բազմազանությունը և ներառումը խրախուսելու համար, նշված է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ակնկալվում է, որ նա լոբբինգ կանի՝ հօգուտ ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկայել Ժանի, որին թեժ մրցակցություն է սպասվում՝ ի դեմս Ռուանդայի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոյի։

Կանադայի նախկին նահանգապետ Ժանը պայքարում է քաղաքական կարիերայի ապագայի համար՝ գլխավորելով մի կազմակերպություն, որը նվիրված է ֆրանսերեն լեզվի և մշակույթի տարածմանը։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացավ 2004-ին՝ որպես դիտորդ, 2012-ին դարձավ լիիրավ անդամ։ Երևանյան գագաթնաժոովը նաև յուրօրինակ տուրք է ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին։ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հրավիրել էր Ազնավուրին՝ մասնակցելու գագաթնաժողովին, նույնիսկ սպասվում էր, որ 94-ամյա երգիչը բեմ կբարձրանար գալա համերգի ժամանակ։

Տրյուդոյի երկրորդ այցը Հայաստան, բայց առաջին պաշտոնականը

Գագաթնաժողովից հետո Տրյուդոն կմնա պետական այցով։ Սա կլինի նրա երկրորդ այցը, բայց առաջին պաշտոնականը՝ որպես վարչապետ։ Հուլիսին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս Տրյուդոն ասել էր, որ Հայաստան այցելել էր հոր հետ 1988-ին՝ նախկին վարչապետ Պիեռ Էլիոթ Տրյուդոյի, և լավ հիշողություններ ունի։

Գերազանց հարաբերություններ

Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացավ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին հաջորդ տարի։

«Կանադան գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և ես ակնկալում եմ ավելի խորացնել երկու երկրների բարեկամությունը»,- ասել է Տրյուդոն սեպտեմբերի 21-ի հայտարարության մեջ՝ հաստատելով իր մասնակցությունը գագաթնաժողովին և երկկողմանի այցը Հայաստան։

«Միասին կքննարկենք, թե ինչպես ավելի շատ տնտեսական հնարավորություններ ստեղծել բիզնեսի և մեր երկու երկրներում ապրող մարդկանց համար»։

Կանադայում ավելի քան 60 հազարանոց հայ համայնք կա՝ ներառյալ Մոնրեալի, Տորոնտոյի և Վանկուվերի։ Շատ կանադահայեր 1915-ի Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են։ 2006-ին, չնայած ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ուժեղ դիմադրությանը, Կանադան դարձավ 28-րդ երկիրը, որը 1,5 միլիոն հայերի կոտորածը և զանգվածային տեղահանումները Առաջին համաշխարհայինի ժամանակ պաշտոնապես ճանաչեց՝ որպես ցեղասպանություն։

Վերջին տարիներին Կանադան հազարավոր հայ փաստականների է ընդունել Իրաքից և Սիրիայից, ինչպես նաև ՏՏ մասնագետ-ներգաղթյալների՝ հենց Հայաստանից։

Այդուհանդերձ, երկու երկրների միջև երկկողմանի առևտրի ծավալը մնում է շատ համեստ։ 2017-ին Կանադայից Հայաստան արտահանումը կազմել է 9,3 միլիոն դոլար, ներմուծումը Հայաստանից՝ 26 միլիոն։

Ինչևէ, նախկին խմբագիր և ընդդիմադիր լիդեր 43-ամյա Փաշինյանը, որը մայիսին դարձավ Հայաստանի վարչապետ՝ նախկին իշխանությունների դեմ անցկացված բողոքի զանգվածային փողոցային ակցիաներից հետո, խոստացավ արմատախիլ անել կոռուպցիան և գրավել արտասահմանցի ներդրողների։

Փաշինյանը հույս ունի, որ գագաթնաժողովը կօգնի ներկայացնել Հայաստանի ներուժը՝ որպես գրավիչ վայր ներդրումների և զբոսաշրջության համար՝ իր բարձրորակ աշխատուժով, ծաղկող ՏՏ և բարձր տեխնոլոգիական սեկտորով, հարուստ մշակույթով և պատմությամբ։

Եվ վերջում, ավարտենք դրական նոտայով՝ հայկական ընկերությունն ակնկալում է ավելացնել Տրյուդոյի աչքի ընկնող գուլպաների հավաքածուն։ Բրեյնդ թվային բրենդային ընկերությունը գուլպաներ է պատրաստել Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, որպես հատուկ նվեր Տրյուդոյի և Փաշինյանի համար։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment