Տնտեսագետների մեծ մասը կարծում է, որ Դոնալդ Թրամփը տնտեսական անկման հետ կառերեսվի 2020 թվականի վերջում
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ-ում տնտեսագետների մեծամասնությունը գտնում է, որ տնտեսական անկումը կսկսվի 2020 թվականի վերջին, հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ: Դրա մասին է վկայում 51 տնտեսագետների շրջանակում Բիզնես տնտեսագիտության ազգային ասոցիացիայի կողմից անցկացված հարցումը: Տնտեսագետների զգալի մասը համարում է, որ անկման հիմքում կլինի առեւտրային քաղաքականությունը:
Ուշադրությանն արժանի
Հարցմանը մասնակցող տնտեսագետների մոտ 10 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ում տնտեսական անկումը կսկսվի 2019 թվականին, իսկ 56 տոկոսը այն կարծիքին է, որ այն կսկսվի 2020 թվականին: Շուրջ 36 տոկոսն էլ վստահ է, որ մինչեւ 2021 թվականը լուրջ տնտեսական անկում չի գրանցվի:
«Առեւտրի վերաբերյալ հարցերն ակնհայտ ազդում են հարցման մասնակիցների տեսակետների վրա», – հայտարարել է NABE- ի հետազոտական հաստատության ղեկավար Դեյվիդ Ալթիգը:
Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը վերանայում է Եվրոպայի, Ասիայի, Մեքսիկայի եւ Կանադայի հետ առեւտրային քաղաքականությունը: Փոփոխությունները հանգեցրել են Չինաստանի նման երկրների հետ մի շարք առեւտրային պատերազմների:
Երկուշաբթի ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կփոխարինի NAFTA համաձայնագիրը Կանադայի, ԱՄՆ–ի եւ Մեքսիկայի միջեւ նոր առեւտրային համաձայնագրով՝ USMCA-ով: Այդ համաձայնության կնքման նախադեպը կարող է կիրառվել Չինաստանի հետ շարունակվող առևտրային պայքարում:
ԱՄՆ–ը երեք փուլով վերանայել է Չինաստանի հետ առևտրային հարցում սակագները, որը տարածվել է 250 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների վրա: Չինաստանն արձագանքեց 60 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների նկատմամբ սակագներ սահմանելով: Նախագահ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ մոտ ժամանակներում կարող է ևս մեկ փուլով բարձացվեն սակագները:
Թրամփը նաեւ երկուշաբթի օրը ասել է, որ ինքը դեռ չի պատրաստվում բանակցություններ վարել Չինաստանի հետ: « Դեռևս շատ վաղ է խոսել Չինաստանի հետ», – ասել է նա: «Նրանք դեռ պատրաստ չեն, քանի որ երկար տարիներ օգտագործել են մեզ: Դա այդքան արագ չի լինում»:
Դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության Հաթչին կենտրոնի տնօրեն եւ Բրուքինգս հաստատության ավագ հետազոտող Դեյվիդ Վեսելը պնդում է, որ Չինաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի որդեգրած քաղաքականությունը կարող է հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների, նույնիսկ՝ պատերազմի:
«Մենք պատմությունից գիտենք՝ երբ զարգացող տնտեսական խոշոր միավորը մարտահրավեր է նետում հեգեմոն դիրք ունեցող երկրին, ինչպիսին է Միացյալ Նահանգները, ապա կարող են տեղի ունենալ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, նույնիսկ ռազմական հակամարտություններ, որոնք կարող են արագորեն ծավալվել, իսկ ընթացքում երբեմն լինում են սխալ հաշվարկներ»:
Ըստ Վեսելի, առեւտրային պատերազմների հետեւանքները զգացվում են ոչ միայն ներմուծման ու արտահանման վրա: Ի վերջո, դրանք վնասում են բորսային:
«Օրինակ, եթե ֆոնդային շուկայի ներդրողները որոշեն մի օր, որ այս ամենը վատ ընթացք է ստանում, ապա այս տրամադրությունները կտրուկ կազդեն շուկայի վրա և այն կսկսի իջնել», – գրել է նա:
Թրամփը ծաղկուն տնտեսությունը ներկայացնում է որպես իր նախագահության ամենահիմնական նվաճումը:
«Մեր տնտեսությունն աճում է, ինչպես երբեք չի աճել նախկինում: Գործազրկությունը վերջին 50 տարիների ընթացքում ունի նվազագույն ցուցանիշ: Ֆոնդային շուկան գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, իմ նախագահությունից հետո ավելի քան 50 տոկոս աճել է», – ասել է նա երկուշաբթի օրը:
2020 թ. ընտրություններից առաջ տնտեսական անկումը մեծ հարված կհասցնի նրա՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու քարոզարշավին:
Տնտեսագետները գտնում են, որ ԱՄՆ տնտեսական աճը կշարունակվի նաեւ հաջորդ տարի: Անկման նշաններ դեռ չկան: Դաշնային պահուստային համակարգը բարելավել է տնտեսական աճի կանխատեսումն առաջիկա երկու տարվա համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։