Տարօրինակ օտարացում. Պակիստան և Հայաստան

Տարօրինակ օտարացում. Պակիստան և Հայաստան

Հոդվածի առանցքում

  • Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի անկախությունը: Ինչո՞ւ: Եկեք դիտարկենք այն աշխարհաքաղական տարածքը, որի հետևանքով առաջացել է այս ճեղքը:

Ուշադրությանն արժանի

2017-ի ամռանը հարսանիքի հրավեր ստացա շատ սիրելի ընկերոջից՝ Ջիանլուկա Մարչիանոյից, իտալական օպերայի կատարյալ մի դիրիժոր, որը տեղեկացնում էր, որ օգոստոսին ամուսնանում է հայուհու հետ՝ Տաթևիկ Շահինյանի:

Շատ ոգևորվեցի, անմիջապես կապ հաստատեցի վրացի ընկերներիս հետ, և Թբիլիսիից Երևան մեքենայով հասնելու ճանապարհը գծեցինք: Հետո փորձեցի հասկանալ, թե ինչպես պետք է դիմել Հայաստան մուտքի վիզա ստանալու համար, և շոկ ապրեցի: Իսլամաբադում Հայաստանի դեսպանատուն չկա: Մի քիչ էլ փորփրեցի ու, ի զարմանս ինձ, պարզեցի, որ Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն:

Իմ կյանքի վերջին մի քանի տարում արածս ամենաարտառոց բացահայտումն էր: Մանկուց գիտեինք, որ Պակիստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն ու չեն էլ պատրաստվում ունենալ, բայց որ Հայաստանի հետ էլ… չգիտեինք:

Օրիորդ Տաթևիկին խնդրեցի դիմել Հայաստանի կառավարությանը և միջնորդել, բայց նույնիսկ այդ դեպքում պատասխանը հիասթափեցնող էր: Հայաստանը վիզա չի տրամադրում Պակիստանի քաղաքացուն: Այդ մերժման պատճառով ես բաց թողեցի իմ ընկերների հարսանիքը: Վրաստանի ընկերներս նույնպես տխրել էին, բայց ո՛չ ես, ո՛չ նրանք ոչինչ չէինք կարող անել:

Դա իմ հետաքննության սկիզբն էր, որպեսզի պարզեի երկու երկրների միջև այդ տարօրինակ անջրպետի պատճառը, որոնք ո՛չ ուղիղ կոնֆլիկտ են ունեցել, ո՛չ էլ միջազգային արենայում են վիճել: Այսպիսով, ի՞նչն է առաջացրել այդ ճեղքը:

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանն աջակցում էր Արցախին, որի պատճառով երկրները չունեն դիվանագիտական ուղիղ հարաբերություններ: Պայքարը հայկական էթնիկ տարածքի համար էր, որը Իոսիֆ Ստալինի ոչ հեռանկարային քաղաքական որոշման հետևանքով նվիրաբերվել էր նոր ձևավորված Ադրբեջանին:

Հայաստանը դիվանագիտական ուղիղ հարաբերություններ չունի նաև Թուրքիայի հետ: Չնայած այն 1991-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, և երկու երկրների քաղաքացիները կարող են մուտքի վիզա ստանալ:

Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի անկախությունը: Ինչո՞ւ: Եկեք դիտարկենք այն աշխարհաքաղական տարածքը, որի հետևանքով առաջացել է այս ճեղքը: Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Պակիստանն ու Աֆղանստանն աջակցում էին Ադրբեջանին: Պակիստանը պահպանել է սերտ հարաբերությունները Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի հետ: Ադրբեջանը պաշտպանում է Պակիստանի դիրքորոշումը Քաշմիրի հարցում՝ ընդդեմ Հնդկաստանի: Ի պատասխան Պակիստանի պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշման՝ Հայաստանը Քաշմիրի հարցում պաշտպանում է Հնդկաստանի դիրքորոշումը: Հայաստանի այդ պրոհնդկական դիրքորոշման պատճառով էլ ցեղասպանության վերաբերյալ հայ-թուրքական կոնֆլիկտում Պակիստանը պաշտպանում է Թուրքիայի տեսակետը:

Բայց կա նաև Ադրբեջանի հայտարարությունն ընդդեմ Հայաստանի՝ Խոջալուի հարցով, որտեղ ևս Պակիստանն Ադրբեջանի կողմից է:

Այս ամենն էլ, ի վերջո, հանգեցրեց Պակիստան-Հայաստան հարաբերությունների բացակայությանը: Երկու երկրների ժողովուրդները, որոնք 400-600 տարի գոյություն են ունեցել կողք կողքի, բայց շանս չունեն ճանաչել միմյանց: Երկու երկրների բազմադարյա հարուստ մշակույթը երկուստեք մնում է անճանաչելի: Տխուր է: Կարծես թե, ոչ մի կողմից որևէ ջանք չի էլ գործադրվել իրավիճակը շտկելու համար: Պակիստանն ամենայն հավանականությամբ մտավախություն ունի, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության ուղիղ ճանաչումը լարվածություն կմտցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ ավանդաբար ունեցած սերտ հարաբերություններում: Հայկական կողմն էլ չի շտապում քննարկումներ սկսել Պակիստանի հետ:

Բայց քաղաքական դիրքորոշումն ու երկրի ճանաչումը երկու տարբեր բաներ են, պետք չէ դրանք խառնել: Օրինակ՝ Պակիստանը հին կոնֆլիկտ ունի Հնդկաստանի հետ, բայց երկուսն էլ ճանաչում են մեկը մյուսի անկախությունը: Նույնը կարող է լինել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում: Ինչևէ, իրական դիլեման այն է, որ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի անկախությունը՝ չնայած երկուսի միջև ուղիղ կոնֆլիկտի բացակայությանը, ինչն էլ խոչընդոտում է երկու ժողովուրդների հարաբերություններին և հնարավոր գործակցությանը: Այդուհանդերձ, մի քանի պակիստանցի այցելել է Հայաստան: Օրինակ՝ Սայիդա Ղուլամ Ֆաթիման Հայաստան էր հրավիրվել՝ մասնակցելու «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը, որտեղ մարդասիրական մրցանակ է շնորհվում փոփոխություն բերող և մարդկային կյանքեր փրկող մերօրյա հերոսներին:

2018-ին Դավոսում անցկացվող տնտեսական համաշխարհային ֆորումին այնպես ստացվեց, որ ներկա էի Պակիստանի վարչապետի պատվին տրված նախաճաշին: Հարցուպատասխանի ժամանակ ուղիղ հարց տվեցի, թե ինչու Հայաստանն ու Պակիստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Վարչապետ Աբասին ակնհայտորեն զարմացած էր, հարցն անսպասելի էր, ու քանի որ արտգործնախարարությունից տեղեկացված չէր, չկարողացավ պատասխանել ինչպես հարկն է:

Մեր զրույցի ժամանակ Սոնա Մարտիրոսյանը նշեց. «Պակիստանի հանրության մեծ մասը, նույնիսկ կառավարության մակարդակով, պարզապես անտեղյակ է խնդրին և, երբ ես արձանագրեցի փաստը, որ Պակիստանը միակն է աշխարհում, որ չի ճանաչում Հայաստանի անկախությունը, նրանք զարմացան: Պարզապես արդար չէ, որ սովորական պակիստանցին չի կարող ճամփորդել Հայաստան, հայերն էլ՝ Պակիստան գնալ: Մենք պետք է ճանաչելի դարձնենք խնդիրը, որպեսզի այն լուծվի: Ամենաշատը ցանկանում եմ, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն մինչև 2020 թվականը»:

Մեր ժամանակներում, երբ աշխարհը գլոբալ գյուղի է վերածվել, որտեղ բոլորն իրար հետ կապված են տեխնոլոգիաների միջոցով ու կարող են ինֆորմացիա փոխանակել, երկու երկրների միջև խնդիրը պետք է դրական լուծում ստանա:

Ի վերջո, ով գիտի, գուցե մի օր Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան լուծեն իրենց խնդիրները, և այդ ժամանակ Հայաստանն ու Պակիստանն ինչպե՞ս են բացատրելու իրենց միջև հարաբերությունների բացակայությունը:

Առաջին քայլը կարող է լինել Պակիստան-Հայաստան մշակութային ֆորումը, որը հարթակ կտրամադրի երկու երկրների ժողովուրդներին ճանաչել միմյանց: Այս ֆորումին կարող էր հետևել ուսանողների փոխանակման ծրագիրը: Ժամանակի ընթացքում դա կարող էր նաև քաղաքական ենթատեքստ ստանալ, և որոշում կայացնողները պաշտոնական երկխոսություն կնախաձեռնեին՝ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» Չինաստանի նախաձեռնության համատեքստում սա կարող էր էական լինել երկու երկրների համար՝ սկսել երկխոսություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment