Վրաստանում Երկրորդ  համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը դառնում է գաղափարական մարտադաշտ

Վրաստանում Երկրորդ  համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը դառնում է գաղափարական մարտադաշտ

Հոդվածի առանցքում

  • Մայիսի 9-ին Վրաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հուշահամալիրը դարձավ գաղափարական մարտադաշտ: Նախկին Խորհրդային Միության երկրների մեծ մասն այդ օրը նշում է որպես Հաղթանակի օր: Միմյանց թշնամաբար տրամադրված ակտիվիստները հիմնականում բաժանված էին Ռուսաստանի կողմ և դեմ ճամբարների, վիճում էին ժողովրդի անցյալի ու ներկայի համար:

Ուշադրությանն արժանի

 

Թբիլիսիում Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցող ռուսամետ և հակառուս վրացիները վիճում էին, թե ինչպես հիշել պատերազմը:

Մայիսի 9-ին Վրաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հուշահամալիրը դարձավ գաղափարական մարտադաշտ: Նախկին Խորհրդային Միության երկրների մեծ մասն այդ օրը նշում է որպես Հաղթանակի օր: Միմյանց թշնամաբար տրամադրված ակտիվիստները հիմնականում բաժանված էին Ռուսաստանի կողմ և դեմ ճամբարների, վիճում էին ժողովրդի անցյալի ու ներկայի համար:

Մի անկյունում վրացիները ներկայացնում էին «Անմահ Գնդի» տեղական տարբերակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի շարժումը ստեղծվել է Ռուսաստանում, երթի ժամանակ պատերազմում զոհվածների ժառանգները տանում են իրենց նախնիների լուսանկարները: Այդ գնդերը դարձել են Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի արարողության հիմնական մասը և ստանում են Կրեմլի աջակցությունը, որը վերջին տարիներին նացիստական Գերմանիայի նկատմամբ խորհրդային հաղթանակն օգտագործում է որպես նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող գաղափարական գործիք:

Շարժումը տարածված է հետխորհրդային մի շարք հանրապետություններում, որտեղ շատերը դա ընդունում են որպես Ռուսաստանի քարոզչական միջոց, որը  շահարկում է Երկրորդ աշխարհամարտի ընդհանուր ողբերգությունները: «Կազմակերպությունները ձևացնում են, թե նշում են նացիզմի դեմ հաղթանակը, իրականում նրանց ղեկավարում է Պուտինը և սա Վրաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մի մասն է», – «Netgazeti» լրատվական գործակալությանն է հայտնել, ակտիվիստ և լրագրող Նինո Դանելիան:

Անմահ գունդը առաջին անգամ Վրաստանում հայտնվեց երկու տարի առաջ: Այս տարի երկու մրցակից կազմակերպությունն Անմահ Գնդի միջոցառումներն  անցկացրեց երկրի խոշոր քաղաքներում, գրավելով այն ակտիվիստների ուշադրությունը, որոնք  այդ միջոցառումը համարում են շարունակվող ռուսական օկուպացիա. առաջինը 1921 թ.-ին Վրաստանի բռնազավթումն էր Խորհրդային Ռուսաստանի կողմից, մեր օրերում էլ Ռուսաստանի ռազմական ներկայությունն է Վրաստանից անջատված երկու տարածքներում՝ Աբխազիայում ու Հարավային Օսիայում:

Առավոտյան երկու ճամբարի ներկայացուցիչները հավաքվել էին Թբիլիսիի Վակե զբոսայգում, իսկ ոստիկանությունը ձևավորել էր մարդկային շղթա, կանխելու նրանց բախումը:

Խորհրդային կարմիր դրոշները ծածանվում էին ոստիկանների շարքի մի կողմում, վրացական ազգային սպիտակ ու կարմիր դրոշները՝ մյուս կողմում: Ռուսամետ ամբոխի մեջ երևում էր խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի նկարը: Այդ ճամբարը ցույց էր տալիս նաև այն վրացիների լուսանկարները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմում կռվում էին ռուսների հետ: Նրանց հակառակորդները բարձրացրել էին 2008-ին Հարավային Օսիայում Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվոր Գիորգի Անցուխելիձեի լուսանկարները:

«Դուք ցանկանում եք ջնջել պատմությունը» գոռում էին Անմահ գնդի հիմնականում տարեց ներկայացուցիչները, նրանցից ոմանք զարդարված էին խորհրդային շքանշաններով: Նրանք իրենց երիտասարդ հակառակորդներին մեղադրում էին նացիստական Գերմանիան հաղթելու հարցում  Խորհրդային Միության վճռորոշ դերը նվազեցնելու և այդ պատերազմում զոհված վրացիների հիշատակը չհարգելու համար: Հակառակորդ խումբը արձագանքել է թմբուկների հարվածներով: Նրանք հայտարարել են, որ խորհրդային դրոշներն ու կարգախոսները վիրավորում են խորհրդային հետապնդումների զոհերին և ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարում զոհված վրացիներին:

«Ինչու են նրանց թույլատրել ցուցադրել խորհրդային պաստառներ ու դրոշներ», ոստիկանության աշխատակիցներին հարցրեց «Ռուսաստանը՝ զավթիչ» շարժման ակտիվիստ Գիորգի Կալանդիան: «Տոտալիտար ռեժիմների խորհրդանիշները ցուցադրելն օրենքով արգելված է Վրաստանում: Կատարեք ձեր գործն ու հետևեք օրենքին»:

Կալանդիան Աբխազիայից է, որն անջատվեց  Վրաստանից1990-ականների պատերազմի ժամանակ, երբ ռուսներն աջակցում էին անջատողական ուժերին: «Ռուսներն ինձ դուրս արեցին իմ տանից և ես դարձա փախստական », – ասաց Կալանդիան Eurasianet- ին: Ռուսաստանը այժմ հազարավոր զինծառայողներ է տեղակայել Աբխազիայում և Հարավային Օսիայում: «Ես այստեղ եմ, որովհետև Վրաստանի սրտում անցկացվում է Կրեմլի կազմակերպած նեոկոմունիստական քարոզչություն, իսկ կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում»:

Երբ լեզվակռիվ սկսվեց, միջին տարիքի մի կին մոտեցավ հակառուսական ճամբարին ու քաշեց երիտասարդ կնոջ ձեռքը: “Ինչու եք սա անում?: Սա մեր պատմությունն է », – ասաց նա, մատնացույց անելով կրծքին ամրացված տղամարդու լուսանկարը, որը հավանաբար  Երկրորդ համաշխարհային պատերազմում սպանված հարազատներից  էր: «Սա էլ է», – պատասխանեց երիտասրադ կինը, ցույց տալով Անցուխելիձեի լուսանկարը:

Միջոցառման ժամանակ մի քանի բախում եղավ: Հինգ մարդ ձերբակալվեց, որոնց ավելի ուշ ազատ արձակեցին:

Մրցակից շարժումները երթով գնացին Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիր, որտեղ անցկացվեցին հիմնական տոնակատարությունները: Այգին լցված էր ոստիկաններով և ակտիվիստներով, որոնք տարբեր խմբերի էին բաժանվել, արտահայտելով Հաղթանակի օրը նշելու վերաբերյալ իրենց կարծիքները: Հակառուսական մի շարք ակտիվիստներ պնդում էին, որ այդ օրը չպետք է անցկացվի, քանի որ, ըստ նրանց, նացիստական Գերմանիայի դեմ Ռուսաստանի պատերազմում վրացիներին  որպես թնդանոթի միս են օգտագործել: Մյուսներն ասում են, որ այն պետք է նշվի մայիսի 8-ին, ինչպես Եվրոպայի շատ երկրներում և պետք է հարգել ինչպես նացիստական, այնպես էլ խորհրդային ռեժիմի զոհերի հիշատակը:

Ավանդույթի համաձայն `Երկրորդ համաշխարհային պատերազմի վերապրած շատ քիչ վրացիներ հավաքվել էին Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, որը շրջապատված էր հանդիսավոր պահակախմբով: Նորաձև հագնված մի քանի ռուսաստանցի զբոսաշրջիկ նկարվում էր  նրանց ու վրացական ավանդական հագուստով մյուս մասնակիցների հետ: Անմահ Գունդ ռուսաստանյան շարժման պատվիրակությունը վրացական բաժանմունքի հետ ծաղկեպսակներ էին դրել գերեզմանի վրա:

Ծաղկեպսակներ են դրել նաև Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և փորձել են անտեսել շրջապատի հուզական բանավեճերը: «Վրաստանն այս պատերազմում մեծ զոհեր է ունեցել», – ասել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Հարյուր հազարավոր վրացիներ որպես հերոսներ են դիմավորել պատերազմի ավարտը և ես ցանկանում եմ իմ հարգանքն արտահայտել նրանց հանդեպ»:

Դա չի հանդարտեցնում ակտիվիստներին:

«Նողկալի էր, որ Վրաստանի նախագահն ու խորհրդարանի խոսնակը կանգնած են այնտեղ, որտեղ կարմիր դրոշներն են ծածանվում ու ռուսական գործակալները շրջում », – դեպքի վայրում լրագրողներին ասել է «Քաղաքացիական շարժման» հիմնադիր Ալեկո Էլիսաշվիլին: «Այսօր մենք սգում ենք 300 հազար վրացիների` երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների և … խորհրդային օկուպացիայի զոհերի հիշատակը »:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment