Վրաստանում ԱՄՆ վիզա ստանալուն աջակցողների գաղտնի աշխարհը
Ուշադրությանն արժանի
Երբ ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցը հայտարարեց նրա անունը, Իրակլիի մարմնով դող անցավ: Սա այն պահն էր, որին պատրաստվել էր չափազանց երկար ժամանակ: Նախկինում մեկ անգամ ամերիկյան վիզա ստանալու նրա դիմումն արդեն մերժել էին, բայց այս անգամ նա պատրաստ էր` եկել էր եկամուտը փաստող և աշխատավայրի մասին կեղծ փաստաթղթերով, կեղծ կնոջ հետ:
Վրաստանի 40-ամյա քաղաքացու համար ամերիկյան վիզա ստանալը վերածվել էր իդեաֆիքսի: Դա նրա համար նոր աշխարհի տոմս էր, որտեղ նա ամեն ինչ նորից էր սկսելու, որտեղ նրա երաժշտական տաղանդը գնահատվելու էր և որտեղ, եթե ամեն ինչ հաջող ընթանար, մեծ բաների կհասներ:
Նա 12.000 դոլար էր վճարել, որ իրեն պատրաստեն Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանն հարցազրույցին, ձեռք էր բերել կեղծ հավատարմագրեր և նույնիսկ կազմակերպել էր, որ մի հաջողակ կին ներկայանա որպես իր կին: Հարցազրույցին պատրաստելիս նրան զգուշացրել էին, որ լուրջ տեսք ունենա, ասել էին` հագնվի այնպես, կարծես հոգեհանգստի է գնում:
Նույնիսկ այսքանից հետո Իրակլին (սա կեղծանուն է) չկարողացավ թաքցնել իր լայն ժպիտը, երբ արդեն հյուպատոսի աշխատասենյակում էր: Դա նյարդային լինելու նշանն էր: «Համալսարանի քննություններից հետո ես երբեք այսքան նյարդային վիճակում չեմ եղել: Իրականում ընդամենը մի քանի մարդ նստում են այստեղ և որոշում` արդյոք դու այնքան լավն ես, որ ազատ լինես ճանապարհորդել աշխարհով մեկ, թե ստիպված ես գամված մնալ ծննդավայրիդ», – հիշում է նա:
Ասում է` հյուպատոսը միայն արագ հայացք նետեց իր ուղղությամբ` բաժակի հետևից, քանի որ թերթում էր դիմումի փաստաթղթերը. «Բայց ես զգում էի, որ նա ամեն ինչ գիտի»:
Թեև դիմել էր Բ2 զբոսաշրջային վիզայի համար, Իրակլին գործազրուկ էր, միայնակ և պատրաստվում էր աշխատանք գտնել ԱՄՆ–ում:
Անվտանգությանը սպառնացող հնարավոր խնդիրները և անօրինական միգրանտներին հայտաբերելու նպատակով ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը վիզայի դիմորդների լայնածավալ ստուգումներ է իրականացնում: Օգտագործում են ամերիկյան պետական մի քանի գործակալությունների տվյալների շտեմարանները, գործընկեր կառավարությունների ունեցած տեղեկությունները: Եթե կարմիր դրոշներ չեն բացահայտվում, դիմորդի իրական մտադրությունը հասկանալու գործը մնում է հյուպատոսական ծառայության աշխատակիցներին` արդյոք դիմորդը պատրաստվում է վերադառնալ Վրաստան, թե պատրաստվում է անօրինական ճանապարհով հաստատվել ԱՄՆ–ում:
«Մեր ստուգումների ամենակարևոր փուլը հարցազրույցն է: Մեր հյուպատոսական ծառայության աշխատակիցները պատրաստված են, գիտեն` ինչպես կարդալ մարդկանց, ինչպես հասկանալ, երբ նրանք ստում են», – ասում է Թբիլիսիիում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայության ավագ աշխատակից Ջենեթ Ռեբերթը:
Այն երկրներում, որտեղ աշխատում են, հյուպատոսական ծառայության աշխատակիցներն ուսումնասիրում են տնտեսական, սոցիալական, ներգաղթի թրենդերը, ինչպես նաև խարդախությունների ձևերը: Բայց երբեմն նրանց կարողանում են խաբել: «Մարդիկ դեռ հիմարացնում են մեզ, իրականում մենք մտքեր կարդալու սուպերուժ չունենք»,- ասում է Ջենեթ Ռեբերթը:
Իրականում, Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ ամեն տարի հիմարացնում են ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը: Միայն 2017-ին վրացի այցելուների 9 տոկոսից ավելին` 603 մարդ, չարաշահել է զբոսաշրջային վիզան: Թեև 2016-ի 14 տոկոսի համեմատ ցուցանիշը նվազել է, դա դեռ ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում և նախկին Խորհրդային Միությունում:
Իրակլիի նման վրացիների համար, որոնք ուզում են սողոսկել ԱՄՆ, Թբիլիսիում կա բրոքերների հատուկ ցանց, որոնք նրանց պատրաստում են: Նրանք իրենց աշխատանքը գաղտնի են պահում: Աշխատում են միայն ընկերների կամ ծանոթների կողմից իրենց մոտ ուղղորդված հաճախորդների հետ:
Բայց Իրակլին, որին հանդիպել եմ մոտ մեկ տարի առաջ, բոլորին պատմում էր ԱՄՆ հասնելու իր ծրագրերի մասին, և, որ հատուկ մեկն իրեն օգնում է: Նա թույլ տվեց հետևել իրեն ամբողջ գործընթացի ժամանակ` պայմանով, որ չեմ հրապարակի իր անունը, այն գործիքը, որը նվագում է և այլ մանրամասները, որոնք կբացահայտեին նրա անձը: Կես կատակ, կես լուրջ ասում էր. «Երբ հայտնի դառնամ, բացառիկ պատմություն կունենաս»:
Արտասահմանում կյանք փնտրող վրացիների մեծ մասի նման, Իրակլին ցանկանում էր աշխատանք գտնել: Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալով, ամեն տարի ավելի քան 66.000 վրացիներ են արտագաղթում: Հիմնական պատճառն աղքատությունն է:
Բայց Իրակլին նաև ապացուցելու բան ունի իր ընկերների և ընտանիքին: Ապրում է ծեր ծնողների հետ, որոնք պնդում են, որ պետք է իրական աշխատանք գտնի, քանի որ երաժշտությունը նրան ոչ մի տեղ չի տանի: Երաժշտական այն ոճը, որով զբաղվում է, Վրաստանում պոպուլյար չէ, բայց համոզված է, որ Նյու Յորքում լրիվ ուրիշ պատմություն կլինի:
Նրա ամերիկյան երազանքը հոլիվուդյան ֆիլմերի կլիշեների ամբողջություն է` նվագում է Մանհեթենի փոքր բարում, իր երաժշտությամբ գերված հանդիսատեսի առաջ, հայտնի մի պրոդյուսեր հետնաբեմում մոտենում է, տալիս իր կոնտակտները. «Հետո գնում եմ բարի տիրոջ մոտ և ասում` վերջ, հեռանում եմ»,- ծիծաղելով և դրամատիկ ժեստերով պատմում է Իրակլին:
Իրակլին ժամանակ է վատնել փաստաթղթերը, այսպես ասած, կարգի բերելու համար, որպես հոգևոր գործիչ ներկայանալու նպատակով, բայց այդ մտքից հրաժարվել է տասնամյակ առաջ: Դրանից հետո ապրում էր երաժշտության դասեր տալով և երազելով իր մեծ ամերիկյան թռիչքի մասին: Նա նույնիսկ սովորում էր ամերիկացիների պես արտաբերել որոշ բառեր, հապավումներ:
Առաջին անգամ, երբ դիմեց ամերիկյան վիզայի համար, նրան մերժեցին: Պարտքով 7000 դոլար էր վերցրել և փոխանցել իր բանկային հաշվին` որպես եկամտի ապացույց: Հրավեր էր ստացել դպրոցական ընկերոջից, որը գրին քարտով տեղափոխվել էր ԱՄՆ, ապա ստացել քաղաքացիություն: Բայց հյուպատոսական ծառայության աշխատակիցն ասել էր` գործազուրկ լինելու պատճառով մեծ ռիսկ կա, որ թույլատրվածից ավելի երկար կմնա ԱՄՆ–ում: Դա իրականում հենց այն էր, ինչ նա պատրաստվում էր անել:
Մերժումից հետո նա հույսը չկորցրեց և անցած տարի գնաց հանդիպելու Մարինային, որն օգնելու էր վիզա ստանալու հարցում: Ես գնացի նրա հետ` որպես ընկեր և լուռ հետևում էին նրանց խոսակցությանը:
«Ֆենոմենալ է` վիզա ստանալուն աջակցողների աշխատանքի պահանջարկը Վրաստանում մեծ է: Նրանք հիմնականում առաջարկում են աշխատանքի և աշխատավարձի մասին կեղծ փաստաթղթեր, ֆինասնական կեղծ հաշվետվություններ` ապացուցելու, որ վիզայի համար դիմած անձիք Վրաստանում ունեն ապահով կյանք և վերադառնալու հիմքեր: Այդ կերպ նվազում է զբոսաշրջային վիզայով ապօրինի ներգաղթի ռիսկը»,- ասում է Թբիլիսիում Ներգաղթի միջազգային կազմակերպության ծրագրերի կոորդինատոր Մարկ Հալսթը:
Մարինայի «զբոսաշրջային գործակալությունը» Թբիլիսիի մի հին բնակարանում, բայց նա պնդում է, որ միջազգային մասշտաբների է հասել:
«Կարող եմ ձեզ հասցնել աշխարհի ցանկացած ծայրը: Կանադա, Բրազիլիա: Ամենուր, եթե վճարեք կանխիկ»,- ասում է նա` նայելով համակարգչի էկրանին: Նրա բերանի անկյունում ծխախոտից ծուխ էր բարձրանում դեպի սենյակի բոլոր ծայրերը:
Մարինայի տեսքն ու վարքը նրա ներկայությունը դարձնում էր վախեցնող: Սև մազերի սանրվածքը, ճապոնական նախշերով մետաքսե հագուստը, կատվի աչքերի էֆեկտով դիմահարդարումը և վառ շրթներկը նրան նմանեցրել էին 19-րդ դարի կալվածատիրոջ: Դժգոհելով իրեն շրջապատող անպատասխանատու մարդկանցից` նա հրամաններ էր տալիս օգնականների փոքր թիմին:
Իրակլիից միայն մի քանի տարի մեծ կլիներ, բայց նրան ասում էր տղաս, ապա` ապուշ, երբ իմացավ, որ առաջին անգամ վիզայի դիմելիս գործազուրկ էր. «Չեմ կարողանում հասկանալ այս մարդկանց: Գնում են, ամեն ինչ փչացնում, հետո նոր գալիս ինձ մոտ, ասում` խնդրում եմ, օգնիր, տիկին Մարինա, խնդրում եմ, փրկիր, տիկին Մարինա: Ինչու եք ծիծաղում: Չեք հասկանում, որ հիմա վնասված ապրանքի պես մի բան եք»:
ԱՄՆ դեսպանատունն ասում է, որ մեկ անգամ մերժվելը չի նշանակում, որ հաջորդ դիմումները միանշանակ կմերժվեն, բայց դա ավելի դժվար է դարձնում հյուպատոսական ծառայության աշխակցի հետ աշխատելը: Մարինայի գլխավոր մտահոգությունն այն էր, որ ստիպված կլինի Իրակլիին վերադարձնել գումարի մեծ մասը, եթե դեսպանատունը մերժի նրա դիմումը:
Մի քանի անգամ պոռթկալուց հետո նա, այնուամենայնիվ, համաձայնեց վերցնել Իրակլիիի գործը և բացատրեց իր պլանը: Նախ Իրակլին պետք է եվրոպական մի քանի երկրներ գնար, ճամփորդական պատմություն ստեղծելու համար: «Նրանք պետք է տեսնեն, որ քո միակ նպատակը Վրաստանից դուրս գալը չէ», – ասաց Մարինան: Առաջարկեց մի քանի տուրեր դեպի Չեխիա, Հունաստան, Իտալիա և պնդեց, որ Իրակլին մեկնի իր նշած ճամփորդական գործակալությունների տուրերով:
Անցած տարի ԵՄ–ն ազատականացրել է վրացիների համար կարճաժամկետ զբոսաշրջային վիզաները` զգալիորեն հեշտացնելով դեպի Եվրոպա ճամպորդությունները, բայց նաև նկատելի գերազանցելով վիզան չարաշահող, Եվրոպայում հաստատվող և ապաստան խնդրող վրացիների թիվը: Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից և Հունաստանից հետո ԱՄՆ–ը 5-րդն է ապաստան խնդրող վրացիներին ընդունելու թվով: Սա Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալով:
Վիզայի ազատականացումը փոքր–ինչ նվազեցրեց Մարինայի պես բիզնես ունեցողների եկամուտը, բայց նաև հեշտացրեց նրանց աշխատանքը: Նրանք իրենց հաճախորդներին ուղարկում են եվրոպական երկրներ, ինչն ավելի ուշ օգնում է նրանց օրինապահ զբոսաշրջիկ ներկայանալով մեկնել ԱՄՆ:
Բայց միայն ճամփորդական պատմությունը բավական չէ` ասում է Մարինան: Հաջորդ քայլը աշխատանք և կին գտնելն է, որը նույնպես բարձր աշխատավարձ կունենա և ճամփորդական պատմություն: Մարինան կապահովի երկուսն էլ: Իրակլին հետո պատմեց, որ Մարինայի առաջարկած կինն իրականում ամուսնացած էր և երեխաներ ուներ:
«Երբ զույգը ներկայանում է հարցազրույցի և պնդում է, որ ամուսնացած է, հյուպատոսական ծառայության աշխատակիցը հարցեր է տալիս նրանց հարաբերությունների մասին: Եթե պատասխանները համոզիչ չլինեն, դիմումը կուղարկվի մեր Խարդախության կանխարգելման բաժին` լրացուցիչ ստուգումների». – ասում է ԱՄՆ դեսպանատան աշխատակից Ռեբերթը: Իրակլիի հետ պայմանավորվելիս Մարինան պնդում էր, որ կեղծ ամուսնությունը հաճախ հնարավոր է իրականի փոխարեն ներկայացնել:
Իրակլին մտավախություններ ուներ այս ամենի իրավական հետևանքների մասով, բայց Մարինան ցրեց նրա մտահոգությունները. «Ով պետք է ապացուցի, որ այս ամենը սուտ է: Ընկերությունը քեզ ինչպես հարկն է աշխատանքի կընդունի և ով կարող է ասել, թե քո կինը քո կինը չէ: Ոչ բոլոր զույգերն են փաստաթղթերով ամուսնացած»:
Մարինան պահանջեց 12.000 դոլար, որից 9000-ը կվերադարձներ, եթե դիմումը մերժվեր: Ամեն դեպքում որպես կին ներկայացող կինը իրեն էր պահելու 2000 դոլար, Մարինան էլ իր վարձը` 1000 դոլար: Համաձայնելուց առաջ Իրակլին ասաց, որ Մարինայի պես մի քանի մարդկանց հետ էլ է խորհրդակցել, բայց ընտրում է նրան, քանի որ Մարինան խենթ է, բայց կոմպետենտ:
Նա վարկ վերցրեց Թբիլիսում գործող բազմաթիվ վարկային կազմակերպություններից մեկից, պարտք արեց ընկերներից: Նրանցից մի քանիսը նույնիսկ չէին ակնկալում, որ հետ կստանան իրենց գումարը, բայց պատրաստ էին աջակցել ընկերոջ մեծ պլանին: «Միայն թե Նյու Յորքում քո համերգի անվճար տոմս կուղարկես», – կատակեց նրա ընկերներից մեկը:
Մարինայի վերջին խորհուրդները էթիկետի մասին էին. «Երբ գնաս հարցազրույցի, հագնվիր տղամարդու նման, ոչ թե դեռահասի և Աստծո սիրուն վերջ տուր անընդհատ այդպես ժպտալուն: Դու չես ուզում, որ ԱՄՆ կառավարությունն այսքան շուտ պարզի, որ հիմար ես»:
Վեց ամիս անց երկու անգամ կարճ ժամկետով Եվրոպա այցելելուց հետո Իրակլին կանգնած էր ԱՄՆ հյուպատոսարանում: Նա իր սովորական պատռված ջինսով չէր, վառ գույներով շապիկով և մարզակոշիկներով: Հագել էր կոստյում, փողկապ: Նույնիսկ մորուքն էր սափրել: Բայց շարունակում էր ժպտալ:
«Նա մի քանի հարցեր տվեց, կարծում եմ մի քանի նախադասություն մրթմրթացի, կամ, հնարավոր է, ոչ: Որպես իմ կին ներկայացող աղջիկն էր հիմնականում խոսում: Միայն հիշում եմ, որ սիրտս արագ էր զարկում և ափերս խոնավացել էին», – պատմում է Իրակլին:
Մի քանի հարցերից հետո հյուպատոսական ծառայության աշխատակիցն ասել էր, որ չի կարող նրանց վիզա տալ. «Եվ ինձ էր նայում, կարծես` սպասում էր, թե ես ինչ կասեմ: Ուղղակի կանգնեցի, ապուշի նման ժպտացի, ասացի` լավ և դուրս եկա»:
Երբ հարցազրույցից հետո գնացի նրան տեսնելու, Իրակլին նորից մորուք էր պահել, ինչպես առաջ և ուզում էր պատմել իր հետ պատահածը: Հիմա նա կենտրոնացել է Եվրոպայի ուղղությամբ` որպես իրատեսական այլընտրանք ԱՄՆ–ին: «Ավելի մոտ է և ավելի հեշտ այցելել և եթե ես հաջողակ երաժիշտ դառնամ, այն ժամանակ ԱՄՆ մեկնելն այսպիսի խնդիր չի լինի»:
Ինձ կամ, հավանաբար, ինքն իրեն համոզելու համար, որ ծնվել է մեծ գործերի համար, մի քանի երաժիշտների օրինակներ բերեց, որոնք անցել են նույն դժվարությունների միջով: Միակ բանը, որ հիմա նրա համար դժվար էր, Մարինային այցելել և իր գումարը հետ պահանջելն էր:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: