Սուրբ Ծնունդը Երևանում. Ձմեռային հրաշքում

Սուրբ Ծնունդը Երևանում. Ձմեռային հրաշքում

Հոդվածի առանցքում

  • Տրամադրությունը սփռված է պատմական մայրաքաղաքով մեկ։ Երևանը դեկտեմբերին հաստատ տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար։ Չնայած ընդունված տեսակետին, թե Հայաստան այցելելու լավագույն եղանակն ամառն է, երբ արևն է փայլում, ձմեռն այս վառ երկրում այլ մթնոլորտ է առաջարկում զբոսաշրջիկներին։

Ուշադրությանն արժանի

Հայաստան.  Նոր թխած «Պոնչիկի» հոտը տարածվում է և ձուլվում  սուրբծննդյան շնչին, փառատոններ, զարդարանք, ժամանց և շոփինգ… Տրամադրությունը սփռված է պատմական մայրաքաղաքով մեկ։ Երևանը դեկտեմբերին հաստատ տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար։

Չնայած ընդունված տեսակետին, թե Հայաստան այցելելու լավագույն եղանակն ամառն է, երբ արևն է փայլում (մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը), ձմեռն այս վառ երկրում այլ մթնոլորտ է առաջարկում զբոսաշրջիկներին։

«Մոտ երեք տարի առաջ դեկտեմբերյան երկու շաբաթ անցկացրի Երևանում։ Եվ դա դարձավ արարողակարգ,- Բեյրութ-Երևան թռիչքի ժամանակ ասաց լիբանանցի զբոսաշրջիկ Սամարա Դաղերը, – Ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Ես ազնվորեն կարող եմ ասել՝ Հայաստանն ամեն ինչ է բաց երկնքի տակ։ Բառացիորեն դուք այնտեղ կարող եք գտնել ժամանցի բոլոր ձևերը՝ բնություն, պատմություն, արվեստ, ուտելիք, ամեն ինչ»։

Ռանիա Դաղերը ոգևորված լրացնում է քրոջը. «Մեզ ասել են, որ թավշյա հեղափոխությունից հետո այն «Նոր Հայաստան է»։ Այնքան ոգևորված ենք անձնապես տեսնել այդ փոփոխությունները»։

Հայաստանը դինամիկ երկիր է, և եթե որոշեք այցելել, հաստատ, չեք փոշմանի։ Մայրաքաղաք Երևանը՝ պատմականորեն Էրեբունին, հիմնադրվել է մ․թ․ա․ 782թ-ին՝ Հռոմից էլ շուտ։ Եթե Երևան այցելեք ձմռանը, համոզվեք, որ ճամպրուկում տաք հագուստ ու ճտկավոր կոշիկներ կան,  որովհետև ձյանը փողոցներով քայլելու և գեղեցիկ ճարտարապետությունն ուսումնասիրելու համար լրացուցիչ հանդերձանք է պետք։

Երևանը կոչում են «Վարդագույն քաղաք», քանի որ շատ շենքեր կառուցվել են բնական վարդագույն տուֆով։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան գեղեցիկ է մայրամուտը Երևանում։ Հանրապետության հրապարակում 1919-ին կառուցված Հայաստանի պատմության թանգարանն է։ Այնտեղ մոտ 400 հազար ազգային նմուշ կա։ Այնտեղ է աշխարհի ամենահին կոշիկը, որը հայտնաբերվել է 2008 թվականին Հայաստանում քարանձավի մեջ։ Ներսից թանգարանը նեոդասական կառույց է, որի դիմաց պարող շատրվաններն են և Սուրբ Ծննդի հսկայական տոնածառը, որը կողջունի ձեզ, եթե որոշեք հենց ամանորին այցելել Երևան։ Երբ տոնածառի լույսերը պաշտոնապես վառվում են, բոլորը հավաքվում են հրապարակում՝ ականտես դառնալու իրենց սիրելի քաղաքի գունավոր լուսավորմանը։

Երևանում կարող ես անընդհատ զբաղմունք գտնել, այնտեղ ձանձրանալն ուղղակի տարբերակ չէ։  Եթե պատմության և գրականության սիրահար եք, կա մեկ այլ կարևոր թանգարան, որն արժե այցելել՝ Մատենադարնը։ Այն հեռու չէ Պատմության թանգարանից։ Հին հայերենով անունը նշանակում է՝ «Գրքերի շտեմարան»։ Այն իսկապես ձեռագրերի ամենամեծ շտեմարանն է աշխարհում, այնտեղ ավելի քան 100 հազար արխիվային փաստաթուղթ կա, 17 հազար դասական  գրվածք։ Արվեստի թանգարանը նաև բացառիկ գրքերի հավաքածու ունի, նկարների և գրքերի շապիկների՝ կաշվից, թանկարժեք մետաղներից ու քարերից՝ վարպետների կատարմամբ։

Հանրապետության հրապարակից մի քանի րոպե քայլում ես, և բացօթյա «Վերնիսաժն» է, որտեղ կգտնեք հենդմեյդ ոսկյա և արծաթյա գործեր, հուշանվերներ և շատ այլ ապրանքներ։ Անհնար է «Վերնիսաժից» դատարկաձեռն հեռանալ։ Այն հրաշալի վայր է՝ Սուրբ Ծննդի եզակի շոփինգ կատարելու համար։

Եթե ցանկանում եք լավ ուտելիք, սուրճ և այլ գնումներ անել, քայլեք Հյուսիսային պողոտա, որտեղ կգտնեք բուտիկներ, սուրճի խանութներ, ռեստորաններ և, իհարկե, հարմարավետ սուրբծննդյան տոնավաճառ։ Հյուսիսային պողոտան կտանի ձեզ դեպի Երևանի հիասքանչ օպերայի և բալետի թատրոն, որը բացվել է 1930-ականներին։ Այնտեղ կարող եք տոմսեր գնել։ Ներկայացումները գրեթե ամեն երեկո են՝ հարմար գներով։ Թատրոնի հարևանությամբ Կարապի լիճն է, որը ձմռանը վերածվում է սահադաշտի։

Եթե բավարար ժամանակ ունեք, տաքսի վերցրեք և գնացեք «Խոր վիրապ»՝ նախընտրելի է մայրամուտին, որպեսզի դիտեք, թե ինչպես են ամպերը փոխում գույները Արարատ լեռան վրա։ «Խոր վիրապն» այն մարդու բանտախուցն էր, որը հետո դարձավ սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Նրան  13 տարի պահեցին փոսի մեջ։ Սուրբ Գրիգորն առանցքային դեր խաղաց, որ Հայաստանն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պաշտոնական կրոն։

Ինչպես նաև մայրաքաղաքից մոտ չորս ժամվա ճանապարհ է մինչև աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևեր»,  որն աշխատում է ամբողջ տարին։ 12-րոպեանոց թռիչքը բառերով չես նկարագրի։

Պատմական վայրերով հարուստ Հայաստան այցելելիս ավելի լավ է լավ զբոսավար ունենալ, ով կիմանա պատմությունը, որպեսզի ձեզ լավ ներկայացնի վայրի կարևորությունը։  Այս հինավուրց երկրի պատմություններից շատ զբոսաշրջիկներ ուղղակի կապշեն։ Հայաստան այցելել այն սեզոնին, երբ ջերմաստիճանը մի քանի սանդղակ է բարձր կամ ցածր զրոյից, կթարմացնի ձեր հոգին։ Երբ տեսնեք քաղաքը վերմակի տակ առած ձյունը, կզգաք ձեզ ձմռան հրաշքում։ Հեշտ ու մատչելի տրանսպորտը ևս հարմարավետ կդարձնի ձեր ճամփորդությունը։ Էլեկտրական տրոլեյբուս, ավտոբուս, երթուղային տաքսի, տաքսի, ինչպես նաև մետրո… այս փոխադրամիջոցները կհասցնեն ձեզ ցանկացած վայր։ Եթե ուզում եք ավելի սրել զգացողությունները, նստեք գնացք և 9 ժամում կհասնեք Թբիլիսի, Վրաստան՝ ընդամենը 16-30 դոլարով։

Հոդվածի բնօրիակն՝ այստեղ

Write a comment