Սովետական գիտնական Ժորես Մեդվեդևը, որը ձերբակալվել էր և աքսորվել, մահացել է 93 տարեկանում

Սովետական գիտնական Ժորես Մեդվեդևը, որը ձերբակալվել էր և աքսորվել, մահացել է 93 տարեկանում

Հոդվածի առանցքում

  • Իր կարիերայի սկզբում Մեդվեդևն աշխատել է ԽՍՀՄ առաջատար լաբորատորիաներից մեկում և մոտ 100 հետազոտական աշխատաներ տպագրել, մինչև քաղաքական ակտիվությունը դուրս կտրեց նրան գիտական գործունեությունից:

Ուշադրությանն արժանի

Ժորես Մեդվեդևը նախկին Խորհրդային միության գիտնականներից էր ու գլխավոր քաղաքական այլախոհներից, որի գրվածքները ներկայացնում էին սովետական գիտական ծրագրերի շառլատանությունն ու խարդախությունները, ինչն էլ, ի վերջո, նրա ձերբակալման, հետո աքսորի պատճառ դարձավ: Նա մահացել է այս տարի նոյեմբերի 15-ին Լոնդոնում՝ 93-ամյակը բոլորելուց մեկ օր հետո: Նրա երկվորյակ եղբայր, այլախոհ պատմաբան Ռոյ Մեդվեդևն ասել է, որ եղբայրը մահացել է սրտի կաթվածից:

Իր կարիերայի սկզբում Մեդվեդևն աշխատել է ԽՍՀՄ առաջատար լաբորատորիաներից մեկում և մոտ 100 հետազոտական աշխատաներ տպագրել, մինչև քաղաքական ակտիվությունը դուրս կտրեց նրան գիտական գործունեությունից: Լինելով միկրոբիոլոգիայի, կենսաքիմիայի և գենետիկայի ոլորտների գիտակ՝ նա անհանգստացած էր 1930-ականներից քարոզվող Տրոֆիմ Լիսենկոյի գաղափարներով, գիտական շառլատան, որն իր երևակայությամբ գերազանցել էր Իոսիֆ Ստալինին:

Լիսենկոն ժխտում էր գեների գոյությունը և հավատում էր, որ բույսերն ու կենդանիները կարող են կախարդանքով փոխակերպվել կամ «կրթվել» կամքի ուժով և համապատասխանել սովետական իդեալներին: Նա պնդում էր, որ ցորենը կարող է փոխվել տարեկանի, և սառը ջրով ներծծված սերմերը կարող են հարմարվել սառը կլիմային: Նա կանխատեսում էր, որ մի օր Սիբիրում  նարնջի ծառեր կաճեն:

Երբ այս գաղափարները փորձարկվեցին, դրանք անխուսափելիորեն բերեցին աղետի. Մշակաբույսերը փտեցին, հողը կորցրեց սննդարարությունը և, ի վերջո, սա էլ հանգեցրեց համատարած սովի: Այնուամենայնիվ, տարիներ շարունակ Լիսենկոն փորձարկումներ էր արել սովետական գյուղատնտեսության ոլորտում, և նրա ազդեցությունը կարող էր մնալ, մինչև Նիկիտա Խրուշչովի հեռացումն իշխանությունից 1964-ին:

Դրանից հետո Մեդվեդևը 3 տարի գրեց Լիսենկոյի և նրա ցավալի դոկտրինների մասին: Իրական կերպարը բացահայտելու գործում նա աշխատում էր նաև այլ գիտնականների հետ, ինչպես օրինակ՝ ֆիզիկոս Անդրեյ Սախարովն էրը, որն ավելի ուշ Նոբելյան մրցանակի արժանացավ։ Լիսենկոյի մասին Մեդվեդևի աշխատությունը չհաստատվեց պաշտոնական տպագրության համար, բայց սամիզդատը դրա օրինակները տարածեց ինտելիգենցիայի շրջանում: 1969-ին գիրքն անգլերեն թարգմանվեց և հրատարակվեց «Լիսենկոյի վերելքը և անկումը» վերնագրով:

Դոկտոր Մեդվեդևին հեռացրին գյուղատնտեսական հետազոտությունների լաբորատորիայից, և մի քանի ամիս չանցած նրան կանչեցին հոգեբույժի մոտ՝ դեռահաս որդու պահվածքը քննարկելու պատրվակով: Փոխարենը նրան փակեցին ճաղերի հետևում, որտեղից նա փախավ: Շուտով՝ 1970 թվականի մայիսի 29-ին սեփական տան մեջ դեմ առ դեմ դուրս եկավ ոստիկանների ուղեկցությամբ իրեն այցելած երկու հոգեբույժների: Այս մասին գիտնականը պատմեց «Խելագարության հարցը» գրքում:

«Եթե հրաժարվում եք խոսել մեզ հետ,- ասաց բժիշկներից մեկը,- ստիպված ենք անհրաժեշտ հետևություններ անել… Եվ ինչպե՞ս եք զգում, Ժորես Ալեքսանդրովիչ»:

«Պատասխանեցի, որ հիասքանչ եմ զգում»:

«Բայց եթե այդքան լավ եք զգում, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ենք մենք այսօր այստեղ»:

«Ակնհայտ է, որ դուք ինքներդ պետք է տաք այդ հարցի պատասխանը»,- ասացի ես:

«Մայոր ոստիկանը ժամանեց: «Ո՞վ կարող եք լինել Դուք,- հարցրեց Մեդվեդևը,- Ես Ձեզ չեմ հրավիրել»:

«Նա դիմադրեց, բայց ապարդյուն: Կարծում էր, թե սովետական քաղաքացու տունը մասնավոր տարածք է, և նրա նկատմամբ պետությունը բռնի ուժ չի գործադրի»:

«Ոտքի՛,- հրամայեց մայորը Մեդվեդևին,- Ես քեզ հրամայեցի ոտքի կանգնել»:

Երկու ավելի ցածր պաշտոնյաներ ոլորեցին Մեդվեդևի ձեռքերը և դուրս բերեցին տնից՝ նստացնելով Շտապօգնության մեքենան: Նրան տարան հոգեբուժարան:

Նախնական ախտորոշումն էր՝ «հանրության համար վտանգավոր հոգեկան հիվանդություն»: Դոկտոր Մեդվեդևին մի քանի անգամ զգուշացրել էին դադարեցնել իր «հրապարակախոսական գործունեությունը»:

Միևնույն ժամանակ նրա եղբայրը, Սախարովը և այլ ակտիվիստներ Պերեստրոյկայի ժամանակ  հեռագրեր ուղարկեցին և բաց նամակներ հրապարակեցին՝ կոչ անելով ազատ արձակել Մեդվեդևին: Նրա ընկերներից գրող Ալեքսանդր Սոլժենիցինը համարձակ և բարձրաձայն դատապարտեց Մեդվեդևի կալանավորումը:

«Ազատ մտածող առողջ մարդկանց հոգեբուժարաններում փակելը հոգեսպանություն է,- ասաց նա,- Դա դավադիր և երկարատև տանջանք է… Այս հանցանքները երբեք չեն մոռացվի: Բոլոր նրանք, որ մասնակցություն են ունեցել, ի վերջո, հավիտյանս դատապարտվելու են իրենց կյանքի ընթացքում և մահից հետո: Կարճատեսություն է՝ կարծել, թե հավերժ կարող ես հույս դնել ուժի վրա՝ անընդհատ անտեսելով խիղճը»:

Այդ տարի Սոլժենիցինն արժանացավ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում:

19 օր հետո Մեդվեդևն ազատ արձակվեց: Այդ ժամանակ նա և եղբայրը հաշվետվություն գրեցին՝ հիմնվելով սեփական փորձի վրա. «Խելագարության հարցը»: Գիրքը Խորհրդային միությունից դուրս բերվեց մաքսանենգ ճանապարհով և 1971-ին հրատարակվեց ԱՄՆ-ում:

Ոստիկաններն անմիջապես Ռոյ Մեդվեդևի Մոսկվայի տուն եկան՝ թղթերն առգրավելու: Նրան հեռացրին հետազոտական ինստիտուտից: Այդ ընթացքում դոկտոր Մեդվեդևն ընդունվեց լաբորատորիա՝ գերոնտոլոգիա ուսումնասիրելու:

1972-ին, երբ նա փորձեց Կիևում փաստաթուղթ ներկայացնել, առանց համազգեստի ոստիկանները բռնեցին նրան և վախեցրին, հետո հետ ուղարկեցին Մոսկվա:  

1972-ի դեկտեմբերին Մեդվեդևը Մեծ Բրիտանիա այցելելու հազվադեպ վիզա ստացավ, որտեղ նա պետք է մեկ տարի աշխատեր բժշկական հետազոտությունների լաբորատորիայում: Գիտնականն Անգլիա տեղափոխվեց կնոջ և երկու տղաներից մեկի հետ, մյուս որդին սովետական բանտում էր:

Անգլիայում ապրելու տարիներին Մեդվեդևը գիրք հրատարակեց Սոլժենիցինի և սովետական իշխանությունների դեմ նրա պայքարի մասին, որը կարծես վերջին կաթիլն էր: Երբ նրան անհրաժեշտ էր Կալիֆորնիա այցելելու թույլտվություն, որպեսզի մասնակցեր կոնֆերանսի, գնաց ԽՍՀՄ դեպսանատուն: Թույլտվության փոխարեն նրանից վերցրին անձնագիրն ու զրկեցին քաղաքացիությունից:

Մեդվեդևը մնաց Լոնդոնում և դարձավ բուժհետազոտող և գրեց գիտության ու Սովետի պատմության մասին: 1979-ին «Միջուկային աղետն Ուրալներում» գրքում նա պատմեց 1957-ին Խորհրդային միությունում տեղի ունեցած միջուկային պայթյունի մասին, որը հարյուրավոր կյանքեր խլեց: Նա նաև բացահայտեց նաև 1960-ի հրթիռի պայթյունը, որի հետևանքով Սովետական տիեզերական ծրագրի տասնյակ անդամներ զոհվեցին:

1989-ին իշխանությունն, իր վերջո, ընդունեց, որ Մեդվեդևի նկարագրած 1957-ի միջուկային պայթյունն իրականում եղել է:

«Ես ավելի լավ զգացի, երբ վերջապես նրանք գիտակցել էին, որ այդ ամենը գաղտնի պահելը ստիպել է տառապել,- ասաց նա,- Ավելի լավ է, մարդիկ իմանան այդ մասին»:

Նա նաև հրատարակեց սովետական գյուղատնտեսության պատությունը և ԽՍՀՄ լիդեր Միխայիլ Գորբաչովի կենսագրությունը, որը երկիրն ուղղորդեց դեպի Արևմուտքի հետ ավելի ջերմ հարաբերություններ։

Ժորես Ալեքսանդրովիչ Մեդվեդևը և եղբայրը ծնվել են 1925 թվականի նոյեմբերի 14-ին Թբիլիսիում, նախկին ԽՍՀՄ-ում։ Նրանց մայրը թավջութակահարուհի էր, հայրը՝ փիլիսոփայության պրոֆեսոր Լենինգրադում, որտեղ և հասակ են առել երկու եղբայրները։ 1930-ականների ստալինյան բռնաճնշումների ժամանակ նրանց հայրը ձերբակալվեց, և այլևս ոչ ոք չտեսավ նրան։

Եղբայրները երդվեցին պահել ժառանգած ազատ մտածողությունն ու հետաքրքրասիրությունը։ Ռոյ Մեդվեդևը Խորհրդային միության առաջին պատմաբաններից էր, որ քննադատեց Ստալինին և նրա ռեժիմը։ Եղբայրները միասին գրեցին Ստալինի կենսագրությունը, որը տպագրվեց Անգլիայում 2004-ին։

1989-ին Կոմունիստական կուսակցությունը կորցնում էր վերահսկողությունը։ Այդ ժամանակ դոկտոր Մեդվեդևին թույլ տվեցին այցելել Մոսկվա և 16 տարի անց կրկին տեսնել եղբորը։ Ավելի ուշ վերականգնեցին նրա քաղաքացիությունը, բայց գիտնականը շարունակեց ապրել Լոնդոնում։ 1951-ին նա ամուսնացավ Մարգարիտա Բուսինայի հետ, և նրանք երկու տղա ունեցան ու մի քանի թոռներ։ Նրանց մասին ամբողջական տեղեկություն հասանելի չէ։ 1990-ին Մեդվեդևը գրեց Չեռնոբիլի միջուկային աղետի մասին, որն, ըստ նրա, անխուսափելի էր՝ դատելով Սովետական միության գիտական և բյուրոկրատական անտեղյակությունից։  

«Ի վերջո, ես զարմացած էի, թե իրականում որքան խղճուկ էր նախագծված ռեակտորը,- ասել էր նա Նյու Յորք Թայմսին 1990-ին,- Ես ուզում էի գրել այս գիրքը, որպեսզի ոչ միայն ցույց տամ այս աղետի իրական մասշտաբը, այլև որոշ գաղտնինքներ բացահայտեմ և ցրեմ միտումնավոր արված մոլորությունները»։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment