Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալը քրդերին հարվածի տակ է դնում

Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալը քրդերին հարվածի տակ է դնում

Հոդվածի առանցքում

  • Էրդողանն ասել է, որ հեռախոսով իր ծրագիրը քննարկել է Թրամփի հետ և ստացել նրա «դրական պատասխանը»: Երբ թուրքական բանակն ու դաշնակից սիրիացի ապստամբները գրեթե մեկ տարի առաջ սկսեցին հարձակումը քրդական Աֆրին տարածաշրջանի վրա, Ժողովրդական պաշտպանության միությունը (YPG) երկու ամիս պայքարեց, մինչև որոշում կայացրեց դուրս գալ անվտանգ տարածքներ, որտեղ տեղակայված էին ԱՄՆ զորքերը: Այս անգամ սիրիական քրդերը տեղ չունեն գնալու

Ուշադրությանն արժանի

Սիրիայում Իսլամական պետություն (IS) խմբավորման դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի որոշման պատճառով  շատ դիտորդների մոտ հարցեր են ծագել. Ի՞նչ կպատահի Վաշինգտոնի հիմնական գործընկերների՝ քրդերի հետ, և դրա փոխարեն ի՞նչ է նրանց թշնամի Թուրքիան առաջարկել  Թրամփին:

Չորեքշաբթի Թրամփի հայտարարությունը, որ հյուսիս-արևելյան Սիրիայում տեղակայված 2000 ամերիկյան զինծառայողները սկսելու են անհապաղ դուրս գալ տարածաշրջանից, նվեր է Թուրքիային, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

Աջակցելով Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր (SDF) կոչվող քրդական և արաբական ապստամբների դաշինքին՝ Վաշինգտոնն անուղղակի հսկողություն էր սահմանել Սիրիայի ռազմավարական ռեսուրսների կեսի նկատմամբ`ներառյալ նավթահանքերն ու ամբարտակները և առավել բերրի գյուղատնտեսական հողերի մեծ մասը, լծակներ ուներ Ասադի և նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ երկրի ապագային վերաբերող քննարկումների ժամանակ:

Այժմ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերն անկյուն են մղվել, քուրդ զինյալները՝ Ժողովրդական պաշտպանության միությունը (YPG), որոնք մեծամասնություն են կազմում դաշինքում, կանգնած են երկու հավանական սցենարի առջև:

Անկարան ասում է, որ Ժողովրդական պաշտպանության միությունը (YPG) Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) շարունակությունն է, որը  1984 թվականից պայքարում է քրդական ինքնավարության համար, և այն համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ շաբաթ հայտարարեց, որ թուրքական ռազմական ուժերը պատրաստվում են հարձակվել Եփրատ գետի արևելքում գտնվող և Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի կողմից վերահսկվող տարածքների վրա:

Պենտագոնը արձագանքեց՝ նախազգուշացնելով, որ նման միակողմանի գործողություները «անընդունելի» են:

Սակայն երկուշաբթի Էրդողանն ասել է, որ հեռախոսով իր ծրագիրը քննարկել է Թրամփի հետ և ստացել նրա «դրական պատասխանը»:

Երբ թուրքական բանակն ու դաշնակից սիրիացի ապստամբները գրեթե մեկ տարի առաջ սկսեցին հարձակումը քրդական Աֆրին տարածաշրջանի վրա, Ժողովրդական պաշտպանության միությունը (YPG) երկու ամիս պայքարեց, մինչև որոշում կայացրեց դուրս գալ անվտանգ տարածքներ, որտեղ տեղակայված էին ԱՄՆ զորքերը:

Այս անգամ սիրիական քրդերը տեղ չունեն գնալու:

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը վերահսկում են Սիրիայի 30% -ը և իրենց հրամանատարության ներքո ունեն ավելի քան 60.000 զինյալ, սակայն Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ-ի միջամտության բացակայության դեպքում թուրքական զորքերը կարող են քրդական ուժերին հետ մղել սահմանից:

Թուրքական բանակը օդուժի աջակցությամբ մեծ առավելություն ունի քրդերի հետ ցանկացած ճակատամարտում, ինչպես դա երևաց Աֆրինում: Այն իր տրամադրության տակ կունենա նաև Եփրատի արևմուտքում գտնվող Աֆրինում և մյուս սահմանամերձ քաղաքներում տեղակայված մոտ 15 հազար սիրիացի ապստամբի:

Էրդողանը հույս ունի նաև, որ կկարողանա Սիրիայի դեմոկրատական ​​ուժերում կռվող արաբ ապստամբներին համոզել  չխառնվել թուրք-քրդական հակամարտությանն ու հրաժարվել դաշինքից:

Երկրորդ տարբերակն այն է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը(SDF) կփորձեն գործարք կնքել Սիրիայի կառավարության հետ:

Չունենալով այն ռազմական հզորությունը, որ կարողանա գրավել Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի տարածքները, Ասադն ի վերջո կհասկանա, որ քրդերի առաջնորդած դաշինքը ավելի քիչ սպառնալիք է ներկայացնում, քան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի երկարաժամկետ ներկայությունը:

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը միշտ բաց է եղել սիրիական կառավարության հետ բանակցելու համար: Նրա ներկայացուցիչներն այս տարվա սկզբին առնվազն երկու անգամ հանդիպել են Դամասկոսի պաշտոնյաների հետ, թեև բանակցությունները զգալի արդյունք չեն տվել:

Կառավարության վերաբերմունքի փոփոխությունը հնարավոր է այն դեպքում, եթե տեղի ունենա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հարաբերությունների խզում, որոնք միասին աշխատում են Սիրիայի կայունացման և երկրում քաղաքացիական պատերազմի քաղաքական լուծման ուղղությամբ:

Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է թուլացնել Թուրքիայի ծրագրերի հետ համաձայնվելու Ռուսաստանի ու Իրանի պատրաստակամությունը: Մոսկվայի հակաքրդական և թուրքամետ դիրքորոշումը հիմնականում բխում է ԱՄՆ-ին տեղացի դաշնակիցներից զրկելու և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև սեպ խրելու փորձերից:

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին ցուցաբերած ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ քրդերն ու նրանց դաշնակիցները դարձան Սիրիայի խոշոր ուժերից մեկը: Միաժամանակ նրանք ձեռք բերեցին հզոր թշնամիներ:

2017 թ.-ի դեկտեմբերին Վաշինգտոնը հայտարարեց, որը կօգնի Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին Արևելյան Սիրիայում ստեղծել 30000-ոց հզոր «սահմանային ուժ», ինչը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը թույլ տվեց թուրք զինվորներին հարձակվել Աֆրինի վրա:

Վերջերս Թրամփի վարչակազմի կողմից կրկնվող հայտարարությունները, թե ԱՄՆ-ն որոշել է մնալ Սիրիայում մինչև իրանական ուժերի հեռանալը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին դրդեցին քրդերի և նրանց դաշնակիցների դեմ առաջ քաշել անջատողականության մեղադրանքները:

Եթե ԱՄՆ-ն դուրս է գալիս տեսադաշտից, Մոսկվան այլևս ստիպված չի լինի ջանք թափել Արևելյան Սիրիայում քրդերի ազդեցությունը սանձելու հարցում:

Հարցը, թե արդյոք Թուրքիան կարող էր ինչ-որ բան առաջարկել ԱՄՆ-ին դուրս գալու դիմաց, կանդրադառնա նաև Ռուսաստանի հետագա դիրքորոշման վրա:

Թուրքիային Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրի վաճառքը հաստատող Պետդեպարտամենտի որոշումը ստացվել է  ամերիկյան զորքի դուրսբերման մասին հայտարարության օրը, ինչը  ենթադրում է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև որոշակի համակարգում է եղել:

Սակայն քիչ հավանական է, որ Էրդողանը կասեցնի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները և մոտ ժամանակներն աջակցի Թրամփի հակաիրանական քաղաքականությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment