Սարսափելի լռություն 1915-ին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության հանդեպ

Սարսափելի լռություն 1915-ին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության հանդեպ

Հոդվածի առանցքում

  • Ժամանակակից Թուրքիան կազմակերպել է ցեղասպանությունը ժխտող մասսայական արշավ:
  • Թուրքիայում այսօր կարող ես հայտնվել բանտում, եթե հաստատես, որ 1915-ին ցեղասպանություն է եղել:
  • Ճշմարտության մասին խոսելու դեպքում` Թուրքիան սպառնում է փակել ՆԱՏՕ-ի:
  • Ավստրալիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հայերը ցեղասպանության զոհեր չեն:
  • Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելը Ավստրալիայի կառավարության համար ավելի անհարմար երբևէ չի եղել:
  • 1915-ին բռնագրավված ունեցվածքի մի մասը դեռ կարելի է գտնել, կան բազմաթիվ քանդված եկեղեցիներ, որոնք հնարավոր է վերականգնել և վերադարձնել իրենց տերերին:
  • Արարատ վեհ լեռը, որը նայում է Երևանին, Թուրքիան, որպես հաշտության քայլ, կարող է հանձնել:

Ուշադրությանն արժանի

Լեհաստան ներխուժելուց գրեթե անմիջապես առաջ Ադոլֆ Հիտլերը կարգադրեց իր գեներալներին չցուցադրել ոչ մի խղճահարություն ժողովրդի նկատմամբ` վստահեցնելով, որ ոչ մի պատասխան նրանք չեն կրելու, որովհետև «Ո՞վ է հիմա հիշում հայերի ոչնչացումը»:

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այն սկսվել է 1915-ի ապրիլի 24-ին` Գալիպոլի ափհանման նախորդ գիշերը: Աքսորված և «անհետացած» համայնքային առաջնորդների ու մտավորականների ճակատագրի մասին հայկական հիշողությունը առավել քան երբևէ կարևոր է դարձել:

Ինչպես Հիտլերի դեպքում, որը 1939-ին քրիստոնեական հին ժողովրդի մեծ մասի կոտորածը Օսմանյան թուրքերի կողմից ընդունել է արարք, որը պատասխանատվության երբեք չի արժանացել, նույն կերպ էլ Թուրքիայի համար այդ հարցը ներողության կամ փոխհատուցման հարց չի եղել:

Երիտթուրքերը, որոնք իշխանության եկան Օսմանյան կայսրությունում, գազի խցեր չեն օգտագործել, բայց նրանք կոտորել են տղամարդկանց և աքսորել կանանց, երեխաներին և ծերերին` մահվան քայլերթով ուղարկելով դեպի անապատ` տարածքներ, որոնց մասին այսօր լսում ենք միայն այն պատճառով, որ այդտեղ գործում է Իսլամական պետությունը: Հարյուր հազարավոր մարդիկ ճանապարհին մահացել են սովից և հարձակումներից, փրկվածներից շատերը համակենտրոնացման ճամբարներում մահացել են տիֆից: Կառավարությունը այդ բռնի տեղահանումը կազմակերպել էր 1915-ին, որից հետո ընդունել էր հայկական հողերը, տները և եկեղեցիները առգրավելու մասին օրենքներ` հիմնավորելով, որ դրանք ամայի են:

Ավելի քան մեկ միլիոն հայերի ոչնչացումը 1915թ-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ճանաչել էին «մարդկության դեմ հանցագործություն», դաշնակիցները խոստացել էին այդ արարքը անպատիժ չթողնել:

Պատերազմի ավարտին ԱՄՆ-ի անցկացրած հետաքննությունը տեղի ունեցածը որակեց «աննախադեպ ոճիր` մասսայական հարձակում ժողովրդի վրա»: Բայց Սևրի պայմանագիրը, որը կազմվել էր Առաջին աշխարհամարտի ավարտին աննախադեպ ոճրի համար Երիտթուրքերին պատժելու նպատակով, (որն այսօր կոչվում է ցեղասպանություն), երբեք կյանքի չի կոչվել:

Ժամանակակից Թուրքիան կազմակերպել է ցեղասպանությունը ժխտող մասսայական արշավ` հայտարարելով, որ զանգվածային տեղահանությունը իրականում տեղափոխություն էր ռազմական նկատառումներով, իսկ անժխտելի սպանությունները (Եփրատն այնքան լիքն էր մարդկանց մարմիններով, որ փոխել էր իր հունը) մի քանի անվերահսկելի պաշտոնյաների մեղքն էր: Թուրքիայում այսօր կարող ես հայտնվել բանտում, եթե հաստատես, որ 1915-ին ցեղասպանություն է եղել. Երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն դա որակվում է հանցագործություն, որը «վիրավում է թուրքականությունը»:

Հետաքրքիր է, որ եվրոպական որոշ երկրներում հանցագործություն է համարվում ճիշտ հակառակը` Հայոց ցեղասպանության ժխտումը: Ժողովրդավարական որոշ երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, Հունաստանի և Կանադայի խորհրդարանները, ինչպես նաև ամերիկյան 43 նահանգներ, այն շատ հստակ ճանաչում են: Խնդիրն այն է, որ Թուրքիայի համար այդ հարցը «նյարդային» է (բառը կիրառում է բրիտանական ԱԳ նախարարությունը` ցույց տալու համար իր վերաբերմունքը խնդրահարույց հարցերին), և սպառնում է ծանր խնդիրներ առաջացնել: Հարցը շատ կարևոր է աշխարհաքաղաքական իրողությունների տեսակետից, այս հանգամանքը ճշմարտությունը սադրանքի է վերածում, քանի որ Թուրքիան ճշմարտության մասին խոսելու դեպքում սպառնում է փակել ՆԱՏՕ-ի ռազմաբազաները և բացել դաշինքի անդամների սահմանները փախստականների առաջ:

Հետևաբար, Բարաք Օբաման, որը կտրուկ դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը 2008-ին և խոստանում էր այդպես էլ շարունակել նախագահ ընտրվելուց հետո, չհամարձակվեց արտաբերել G(ցեղասպանություն) բառը: Դրա փոխարեն նա արտասանեց Մեծ Եղեռն (Հայերեն`«մեծագույն ոճիր») և հավաստիացրեց, որ իր կարծիքը չի փոխվել:

Նույն երկակի չափանիշներն է հաստատել Ավստրալիայի կառավարությունը: Թոնի Էբոտը, երբ ընդդիմության առաջնորդն էր, Հայոց ցեղասպանությունը դատապարտելիս չէր մտահոգվում, բայց, երբ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ճանաչեց այն, Թուրքիան սպառնաց արգելել ավստրալացի պատգամավորներին մյուս տարի` Անզակի հարյուրամյակին, այցելել Գալիպոլ:

Այդ երկակիությամբ է բացատրվում նաև ԱԳ նախարար Ջուլի Բիշոպի` հունիսին արված տարօրինակ հայտարարությունը, թե 1915-ի դեպքերը «ողբերգություն» են եղել, բայց «մենք չենք ընդունում այդ դեպքերը որպես ցեղասպանություն»: Նա ավելացրել է.

«Ավստրալիայի կառավարության դիրքորոշումը այս զգայուն քննարկմանը չներգրավվելն է»: Անսխալ մոտեցումը, ըստ նրա, ցեղասպանությունը չճանաչելն է:

Նախարարը ըստ արժանվույն է գնահատվել Թուրքիայում` որպես ցեղասպանությունը ժխտող: «Ավստրալիայի ԱԳ նախարար.հայերը ցեղասպանության զոհեր չեն». այս վերնագրով Ստամբուլում թերթ է լույս տեսել: Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելը Ավստրալիայի կառավարության համար ավելի անհարմար երբևէ չի եղել: Կառավարության շատ անդամներ մյուս տարի ապրիլի 25-ին կլինեն Գալիպոլում: Բայց ոչ ոք չի լիազորվել ներկայացնել Ավստրալիան դրանից մեկ օր առաջ Հայաստանի մայրաքաղաք Երևանում սպասվող ցեղասպանության միջազգային հիշատակման միջոցառումներին:

Սա ամոթալի է, քանի որ Դարդանելում ավստրալացիների ափհանման առիթը դարձավ հենց ցեղասպանության մեկնարկը (Թուրքիայի արևելյան ճակատում Ռուսաստանի ակտիվությունը նույնպես), որը ներկայացվեց որպես զորակցություն հայերին, հենց դա դարձավ այն հանգամանքը, որը ստիպեց ավստրալացիներին միանալ դաշնակիցների ռազմական համատեղ գործողություններին:

Անգամ այսօր Թուրքիան պաշտպանում է մահվան քայլերթը` այն ներկայացնելով «ռազմական անհրաժեշտություն», կարծես ռազմաճակատից հեռու խաղաղ բնակչության կոտորածը և կանանց, երեխաների ու ծերերի էթնիկ զտումը երբևէ կարող է անհրաժեշտ լինել ռազմական հաջողության հասնելու համար: Միտքը, որ կառավարությունը ցեղասպանություն իրագործելու նպատակ է ունեցել, վստահություն է ներշնչում, դա գալիս է գերմանացի և իտալացի վախեցած, ինչպես նաև ամերիկացի չեզոք դիվանագետներից, որոնց երիտթուրքերի առաջնորդները ժամանակին հայտնել են, որ վերացնելով հայերին, պատրաստվում են վերացնել «Հայկական հարցը»:

Ցեղասպանության արդարացում երբեք չի կարող լինել: Սա հասկացել է Ռաֆաել Լեմկինը` լեհ իրավաբան, որը ստեղծել է համապատասխան բառ` համառորեն աշխատելով հայերի կոտորածը միջազգային հանցագործություն ճանաչելու ուղղությամբ: Հոլոքոստը շուտով մեկ այլ օրինակ դարձավ համապատասխան կոնվենցիայի համար, որը պետք է ստիպեր աշխարհին ընդդիմանալ այն կառավարություններին, որոնք փնտրում են ազգային կամ կրոնական փոքրամասնություններին ոչնչացնելու ուղիներ:

Երբեմն մոռացվում է, որ Ավստրալիան առաջինն էր, որ ընդունեց Լեմկինի փաստարկը` չնայած Դոկ Էվատի զգուշավորությանը, որը կապվեց Լեմկինի հետ և 1948-ին ներկայացրեց Ցեղասպանության կոնվենցիան ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայում իր նախագահության ժամանակ:

Ցեղասպանության` որպես հանցանքի նկարագիրը հիմնված է 1915-ի անհերքելի փաստերի վրա, հենց այդ փաստերն են այդ հանցանքի մեղավորության ձևակերպման հիմքում, մեղք, որի հանցավորությունը որևէ կասկածից վեր է:

Դա, իհարկե, մեկ դար առաջ էր. արդյոք այն առ այսօր կարևոր է: Անցնող դարը այսօր ապրող հիշողության մեջ է: Այս տարի 103-ամյա կինը, որը փոքր երեխա էր, երբ իր մայրը փրկում էր նրան այրվող հողերի մեջ, թեյ է խմել Օբամայի և աշխարհի ամենահանրահայտ հայերից մեկի հետ (Քիմ Քարդաշյանի): Հայկական սփյուռքում փրկվածների երեխաների և թոռների հոգեբանական վերքերը և վիրավորանքը չեն անցնելու, մինչև Թուրքիան չճանաչի հանցանքը և ներողություն չհայցի:

Միջազգային իրավունքը կարող է առաջարկել իր օգնությունը. 1915-ին բռնագրավված ունեցվածքի մի մասը դեռ կարելի է գտնել, կան բազմաթիվ քանդված եկեղեցիներ, որոնք հնարավոր է վերականգնել և վերադարձնել իրենց տերերին: Հայերը ցանկանում են վերականգնել իրենց պատմական հողերը Թուրքիայի արևելքում, որը շատ մեծ ջանքեր է պահանջում (Չնայած ես առաջարկել եմ, որ Արարատ վեհ լեռը, որը նայում է Երևանին, Թուրքիան, որպես հաշտության քայլ, կարող է հանձնել):

Բայց այն, ինչ նրանք ցանկանում են ունենալ ամենաշատը, իրականում նրանց իրավունքն է. ճանաչում Թուրքիայի կողմից, և որ Ավստրալիան նույնպես ճանաչի այն, ինչ տեղի է ունեցել իրենց ժողովրդի հետ 1915-ին, ճանաչում, որ դա ոչ թե ողբերգություն էր, այլ հանցագործություն:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment