Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է Կոստանդնուպոլսի հետ կապերը
Հոդվածի առանցքում
- Կրոնական պառակտում՝ ուկրաինական եկեղեցու անկախացումից հետո:
Ուշադրությանն արժանի
Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ հարաբերությունները կդադարեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա քաղաքական հակասությունների հետևանքով առաջացած կրոնական պառակտման պատճառով:
Երկուշաբթի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդը հավաքվել էր՝ որոշելու Կոստանդնուպոլսի Էկումենիկ պատրիարքարանի հետ, որը համարվում է աշխարհի 300 միլիոն ուղղափառ հավատացյալների առաջնորդող ուժը, կապը խզելու հարցը:
Պառակտումը Ռուսաստանի ուժի ցուցադրումն է ի պատասխան ուկրաինական եկեղեցու անկախություն ստանալուն:
Անցած շաբաթ Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս 1-ինը, ով արևելյան ուղղափառ եկեղեցականների շրջանում «հավասարների մեջ առաջինն է», անկախություն տվեց Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն, որը ենթարկվում էր Մոսկվային:
Եթե երկուշաբթի օրվա որոշումը լինի վերջնական, հզոր և հարուստ ռուսական եկեղեցու կորուստը լուրջ հարված կլինի համաշխարհային եկեղեցուն: Դա նաև ընդգծում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջացած պառակտման նոր կողմը: Երկու պետությունները թշնամացել են Ղրիմի անեքսիայի ու Դոնբասի պատերազմի պատճառով:
Վոլոկոլամսկիի Միտրոպոլիտ Հիլարիոնը, Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցական արտաքին կապերի ղեկավարը, երկուշաբթի հաղորդել է ռուսական եկեղեցու որոշումը և ասել, որ Ռուսաստանը հույս ունի, թե Կոստանդնուպոլսի պատրիարքարանը կփոխի իր որոշումը:
«Քանի դեռ Կոստանդնուպոլսի արած բոլոր անօրինական որոշումներն ուժի մեջ են, մենք չենք կարող շփվել մի եկեղեցու հետ, որն այսօր հայտնվել է պառակտման մեջ», – ասել է նա:
Համաշխարհային ուղղափառ եկեղեցիները միասին ունեն 300 միլիոն հավատացյալ: Ստամբուլում այսօր կա մոտ 3,000 ուղղափառ:
Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացնում է ուղղափառ քրիստոնյաների մեծամասնությանը և ունի հսկայական հարստություն ու իշխանություն: Նրա առաջնորդ Պատրիարք Կիրիլը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում համարում է «Աստծո հրաշք»:
Ռուսական եկեղեցու և Կոստանդնուպոլսի պատրիարքի միջև մրցակցությունն Արևելյան Ուղղափառության առանձնահատկություններից է: Կիրիլը դեմ է Հռոմի կաթոլիկ եկեղեցու Ֆրանցիսկոս պապի հետ Բարդուղիմեոսի սերտ հարաբերություններին:
Ուկրաինայի կառավարությունն աջակցել է եկեղեցու անկախությանը, որը դիտվում է երկրի գործերի վրա Ռուսաստանի ազդեցությունը վերացնելու ծրագրի մի մաս:
«Եկեղեցու անկախությունը մեր եվրոպամետ ու ուկրաինամետ պետական ռազմավարության մի մասն է», – հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անցած շաբաթ կայացած ելույթում:
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու նկատմամբ Մոսկվայի հսկողության կորուստը Պորոշենկոն համարել է «երրորդ Հռոմի անկում, որպես համաշխարհային տիրապետության համար Մոսկվայի ամենահին հայեցակարգային պահանջ»:
Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին լարված հարաբերություններ է ունեցել Ստամբուլում կրոնական իշխանությունների հետ:
787 թվականից հետո առաջին անգամ 2016 թ.-ի ամռանը նախատեսված 14 ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցիների առաջին համաշխարհային հավաքն օրակարգում եղած տարաձայնությունների պատճառով խափանվել է մինչև սկսվելը: Մի քանի եկեղեցի, այդ թվում` ռուսականը, սպառնում էին բոյկոտել «սուրբ և մեծ խորհուրդը», որը ծրագրվում էր 55 տարի ընթացքում:
Կոստանդնուպոլսի պատրիարքը ձգտում է վերականգնել հարաբերությունները Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ, որը գրեթե հազարամյակներ առաջ, 1054 թվականին անջատվեց արևելյան Ուղղափառից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: