Ռուսաստանն ու Իրանը զգուշացնում են ԱՄՆ-ին հեռու մնալ Վենեսուելայից

Ռուսաստանն ու Իրանը զգուշացնում են ԱՄՆ-ին հեռու մնալ Վենեսուելայից

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի հեռախոսոսազրույցի ժամանակ հույս են հայտնել, որ կմիավորվեն Վենեսուելայի սոցիալիստ առաջնորդ, նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործերին ԱՄՆ-ի՝ իրենց բնորոշմամբ անօրինական միջամտության փորձերի դեմ: Մոսկվան հայտնել է, որ պատրաստ է միջնորդ լինել Վենեսուելայի ղեկավարի և ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի միջև: Վերջինը ղեկավարում է Ազգային ժողովը: Ըստ տեղեկությունների, Կարակասն ընդունել է առաջարկը, որին հետևել է նաև Իրանի առաջարկությունը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի և Իրանի բարձրաստիճան դիվանագետները բանակցություններ են վարել Վենեսուելայում ընթացող քաղաքական ճգնաժամի վերաբերյալ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել կառավարությանն ընդդեմ ընդդիմության, որին պաշտոնապես ճանաչել են Միացյալ Նահանգներն ու մի շարք դաշնակիցներ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի հեռախոսոսազրույցի ժամանակ հույս են հայտնել, որ կմիավորվեն Վենեսուելայի սոցիալիստ առաջնորդ, նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործերին ԱՄՆ-ի՝ իրենց բնորոշմամբ անօրինական միջամտության փորձերի դեմ: Մոսկվան հայտնել է, որ պատրաստ է միջնորդ լինել Վենեսուելայի ղեկավարի և ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի միջև: Վերջինը ղեկավարում է Ազգային ժողովը: Ըստ տեղեկությունների, Կարակասն ընդունել է առաջարկը, որին հետևել է նաև Իրանի առաջարկությունը:

«Արտաքին գործերի նախարարները քննարկել են Վենեսուելայում ընթացող զարգացումները և նշել են իրենց պատրաստակամությունն աջակցելու Վենեսուելայի պատասխանատու քաղաքական ուժերի փոխըմբռնմանը`ներքին խաղաղությունը պահպանելու և անհետաձգելի սոցիալ-տնտեսական մարտահրավերները շուտափույթ լուծելու համար», – հայտարարության մեջ նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Իրանի ԱԳՆ-ն պարզապես նշել է, որ քննարկել են «երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները և Վենեսուելայի վերջին զարգացումները»:

Ռուսաստանն ու Իրանը Վենեսուելան համարում են իրենց սերտ դաշնակիցն Արևմուտքում, որտեղ երկուսն էլ հավակնում են հզորացնել իրենց ռազմական ներկայությունն ընդդեմ ԱՄՆ-ի ակնհայտ ագրեսիայի:

Վենեսուելան տարիներ շարունակ տառապում է ֆինանսական աղետից, հիպերինֆլյացիան հանգեցրել է հիմնական ապրանքների ու ծառայությունների պակասի, նաև փախստականների զանգվածային արտագաղթի, մարդիկ փախչում են տնտեսական անկումից և կառավարության իրականացրած մարդու իրավունքների ոտնահարումից:

Նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը պատժամիջոցներ են կիրառում Մադուրոյի նկատմամբ, որոնք խոչընդոտում են երկրի վերակառուցմանը կամ նոր պարտքի տրամադրմանը, ինչպես նաև զգուշացրել են ռազմական միջամտության հնարավորության մասին:

Մադուրոյի կողմնակիցների ու հակառակորդների ցույցերը երկրում նոր թափ են առել, քանի որ նախագահն այս ամսվա սկզբում երկրորդ անգամ ստանձնեց այդ պաշտոնը: Չորեքշաբթի Գուայդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակեց, ինչն ընդունեցին ԱՄՆ-ն ու նրա մի շարք դաշնակիցներ`Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Էկվադորը, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Իսրայելը և Միացյալ Թագավորությունը: Վաշինգտոնը հայտարարել է, որ Մադուրոյի իշխանությունը «անօրինական» է և անմիջական կապ է հաստատել Գուայդոյի հետ: Նա էլ իր ներկայացուցչին է ուղարկել Ամերիկյան պետությունների կազմակերպություն:

Ձախ ուժերի կողմից կառավարվող լատինամերիկյան պետություններ Բոլիվիան, Կուբան, Սալվադորը և Նիկարագուան դեմ են արտահայտվել այդ որոշմանը, իսկ Ռուսաստանն ու Իրանը միացել են Չինաստանի և Թուրքիայի կողմից Մադուրոյին ցուցաբերվող միջազգային աջակցությանը: Վենեսուելայի իշխող Միավորված սոցիալիստական կուսակցությանն իր աջակցությունն է հայտնել նաև Սիրիան, որտեղ Ռուսաստանն ու Իրանը միավորել էին ուժերը ԱՄՆ-ի կողմից հովանավորվող միջամտության դեմ, որն ի սկզբանե կենտրոնացած էր ոչնչացնելու Իսլամական պետություն ռազմական խմբավորմանը՝ (ISIS) չորս երկրի ընդհանուր թշնամուն:

Բացի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելուց, որը հիմնականում հաղթահարել է 2011 թվականի ապստամբների ու ջիհադիստների խռովությունը և վերականգնել տարածաշրջանային կապերը, Ռուսաստանն ու Իրանը ձգտեցին մշակել ընդհանուր ռազմավարություն`հույսով, որ կկանխեն Վենեսուելայի կառավարության տապալումը, տարածաշրջան, որտեղ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ աշխատել է ճնշել սոցիալիստական շարժումների աճը: 2002 թ.-ին ԿՀՎ-ն իբր որոշակի դեր է խաղացել Մադուրոյի նախորդի՝ Հուգո Չավեսի հեղաշրջման փորձի ժամանակ, որն ընդգծված թշնամական դիրքորոշում ուներ Վաշինգտոնի նկատմամբ:

Իրանի դատական համակարգի ղեկավար Այաթոլլա Սադեղ Ամոլի Լարիջանին երկուշաբթի հայտարարել է, որ «Վենեսուելայում տեղի ունեցած ամերիկյան ձևով հեղաշրջումը նոր միջադեպ չէ», ասելով, որ դա «նախազգուշացում է մյուս ազգերին, որպեսզի ավելի զգոն լինեն Ամերիկայի և Եվրոպայի իսկական էության հարցում» ,- հաղորդել է կիսապաշտոնական         «Մեհր » լրատվական գործակալությունը:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ՌԴ անվտանգության աշխատակիցների և օդանավերի տեղակայման մասին հաղորդումները, որոնք պետք է աջակցեն Մադուրոյին և հայտարարել է, որ «ոչինչ չի փոխվել», պատասխանելով այն լուրերին, թե Մոսկվան ռազմական օգնություն է ցուցաբերելու Կարակասին, հաղորդում է ռուսաստանյան «TASS» պետական լրատվական գործակալությունը:  Լավրովը պնդել է, որ «ամենակարևորն այսօր այն է, որ վենեսուելացիներն իրենք կարգավորեն իրենց միջև ծագած բոլոր տարաձայնությունները, և դրանք պետք է անեն սահմանադրության շրջանակում: Միակ օգնությունը, որ մենք կարող ենք առաջարկել, իրադրությանը չմիջամտելն է, ինչն ուղղակիորեն անում են որոշ երկրներ»:

Անցյալ ամիս Ռուսաստանը Վենեսուելա ուղարկեց օդային ուժերի պատվիրակություն, ցուցադրելով իր աջակցությունը Մադուրոյին, քանի որ նրա դրամական միջոցներից զուրկ կառավարությունը դիմակայում է Թրամփի վարչակազմի սպառնալիքներին: Գրեթե նույն ժամանակ էլ Իրանն է հայտարարել, որ ռազմածովային նավատորմ կուղարկի երկկողմ հարաբերությունները խորացնելու համար:

Քանի որ իրավիճակը Կարակասում շարունակում է վատթարանալ, Մեքսիկան և Ուրուգվայը, որոնք նույնպես ճանաչում են Մադուրոյի իշխանությունը՝ Վենեսուելայի կառավարությանն ու ընդդիմությանն առաջարկել են բանակցել: Գուայդոն երկուշաբթի կոչ է արել հակակառավարական նոր ցույցեր սկսել և համաներում է խոստացել դասալիքներին, հույս ունենալով ստանալ երկրի զինված ուժերի օժանդակությունը,  որոնք դեռևս աջակցում են Մադուրոյին և մտավախություն ունեն, որ հարևան պետությունները՝ ԱՄՆ դաշնակիցներ Բրազիլիան ու Կոլումբիան որոշակի գործողությունների կդիմեն:

Վենեսուելան խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Վաշինգտոնի հետ, երբ վերջինը որոշեց դադարեցնել հարաբերությունները Մադուրոյի հետ: Վենեսուելայի նախագահը չորեքշաբթի ԱՄՆ-ի դիվանագետներին 72 ժամ տվեց երկրից հեռանալու համար: Պետդեպարտամենտը սկզբում կոչ էր արել անձնակազմի մի փոքր խմբի մնալ, սակայն ավելի ուշ հրահանգել էր բոլոր դիվանագետներին դուրս բերել այդ երկրից, որպեսզի, ինչպես կոլումբիական NTN24 –ին էր հայտնել պետքարտուղար Մայք Պոմպեոն, «ապահովենք մեր դիվանագետների անվտանգությունը»:

Մեկ օր առաջ իր թվիթերյան էջում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախազգուշացրել էր, որ «ցանկացած բռնություն և ԱՄՆ դիվանագիտական ​​անձնակազմի, Վենեսուելայի ժողովրդավար առաջնորդ Խուան Գուայդոյի կամ Ազգային ժողովի դեմ որևէ գործողություն կդիտվի  լուրջ ոտնձգություն օրենքի գերակայության նկատմամբ և կստանա համարժեք պատասխան»: Երկուշաբթի Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է լուսանկարներ, որտեղ պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն քայլում է զորքի հետ, «ցույցադրելով նրանց բարձր ոգին ամերիկյան իմպերիալիզմի մշտական հարձակումների դեմ պայքարում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment