Ռուսաստանն ասում է, որ Ասադը կմնա իշխանության և որ աշխարհը դադարեցրել է նրան իշխանությունից հեռացնելու փորձերը

Ռուսաստանն ասում է, որ Ասադը կմնա իշխանության և որ աշխարհը դադարեցրել է նրան իշխանությունից հեռացնելու փորձերը

Հոդվածի առանցքում

  • Բարձրաստիճան ռուս դիվանագետը հայտարարում է, որ օտարերկրյա տերությունները դադարել են պահանջել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, և համաշխարհային հանրությունը փորձում է կարգավորել այդ երկրում յոթ տարի տևող ճգնաժամը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ռուսական պետական «Sputnik » լրատվական գործակալության հետ զրույցում երկուշաբթի օրը հայտարարել է, որ « ոչ ոք չի բարձրացրել Սիրիայի նախագահի հրաժարականի հարցը» այս տարվա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախարարական նիստերի ընթացքում: Բազմաթիվ արևմտյան երկրների և Միջին Արևելքում նրանց դաշնակիցների կողմից պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Ասադը կարողացել է ընդհանուր առմամբ ճնշել 2011 թ. զինյալների ու ջիհադիստների ապստամբությունը Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ:

ԱՄՆ-ը, Իսրայելը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան այն երկրների շարքում են, որոնք օժանդակել են Սիրիայի առաջնորդին տապալելու ջանքերին: Սակայն, պատերազմի սկսվելուց հետո, ծայրահեղ սունի իսլամական կազմակերպության՝ Իսլամական պետության առաջացումն ու սիրիական կառավարական ուժերի վերականգնումը զգալիորեն փոխեց ռազմական գործողություների դինամիկան և ըստ Վերշինինի, օտարերկրյա տերությունները գիտակցեցին, որ միայն Սիրիան ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:

«Կա ընկալում, որ այս երկիրը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ, ունի իր ճակատագիրը ընտրելու իրավունք, և այս երկրի ժողովուրդը պետք է որոշի, թե ով է նրանց ղեկավարը», – ասել է Վերշինինը: «Ուստի ես կասեի, որ մենք արդեն հաղթահարել ենք այդ խնդիրը, և դա շատ լավ է»:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը մեղադրում էին միմյանց Սիրիայի պատերազմի երկարաձգման և տարածաշրջանում հետագա անկայունության հաստատման մեջ: Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի եկավ իշխանության: Կենտրոնական հետախուզական վարչության օգնությունը Սիրիայի ընդդիմությանը դադարեց: Հանրապետական ​առաջնորդը պաշտոնապես դադարեցրեց նաև ապստամբ զինյալների աջակցությունը, ում նախկինում կապում էին Ալ Քայիդայի հետ: Նա նույնիսկ հնարավոր համարեց Սիրիայում Ռուսաստանի հետ դաշինքը, և վարչակազմի ղեկավարները դադարեցրեցին հետապնդել «Ասադը պետք է հեռանա» քաղաքականությունը :

Սիրիայի Իդլիբի շրջանում քիմիական զենքի հարձակման մասին զեկույցից հետո, 2017 թ. ապրիլին Թրամփը չկոշտացրեց իր դիրքորոշումը Ասադի նկատմամբ: ԱՄՆ-ն արձագանքեց ռազմական ​​գործողություններով և կրկնեց դրանք այս տարվա ապրիլին այս անգամ մեկ այլ շրջանում թունավոր գազի հարձակման մեղադրանքներից հետո: Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ի պաշտոնյաները իրենց կոշտ դիրքորոշումն են հայտնում Ասադի ղեկավարության դեմ և սպառնում գործողություններ ձեռնարկել ի պատասխան քիմիական զենքի կիրառման, սակայն բացահայտ չեն պահանջում Ասադի հեռացումը:

Պենտագոնը հայտարարում է, որ Սիրիայում իրենց առաքելությունը շարունակվում է սահմանափակվել ISIS- ի դեմ պայքարով: Սակայն պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը օգոստոսին լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ի նպատակն է «Սիրիայի քաղաքացիական պատերազմը տեղափոխել Ժնևյան գործընթացի ներքո, որպեսզի սիրիական ժողովուրդը կարողանա հաստատել նոր կառավարություն, որը չպետք է առաջնորդի Ասադը, և նրան տրվի հնարավորություն կառուցելու իր ապագան, որը մերժել էր Ասադը ռուսական և իրանական օժանդակությամբ»:

Պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի մյուս բարձրաստիճան դիվանագետների կողմից ներկայացված փաստաթուղթը շեշտում է, որ  վերջիններս չեն աջակցի Սիրիայի վերակառուցման ջանքերին, քանի դեռ «ՄԱԿ-ի քաղաքական գործընթացի ներքո հնարավոր չի եղել գրանցել համապարփակ, ազնիվ և ճշմարիտ քաղաքական անցում, որը անհնար լինի շեղել»: Դրա մասին է գրում սաուդյան «Asharq Al-Awsat » թերթը:

Այնուամենայնիվ, տարածաշրջանի ամերիկյան մի շարք դաշնակիցներ անտարբերություն են ցուցաբերում Ասադի իշխանությանը մնալու հարցում: Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի քաղաքական մարմինը, հիմնականում քրդական խմբավորումը, որն առաջ է եկել ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ներքո ISIS- ի դեմ պայքարում, բանակցություններ է սկսել սիրիական կառավարության հետ և հայտարարել, որ կարող է բարձրացնել Սիրիայի պետական դրոշը և միանալ ազգային բանակին, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Պենտագոնի աջակցության տակ գտնվող այս զինյալները վերահսկում են երկրի ավելի քան մեկ քառորդը, այդ թվում շահութաբեր նավթային հանքերը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսին հայտարարել է, որ «խնդիր չունի Ասադի ռեժիմի հետ», եթե այն հարգի Հոլանդյան բարձունքների շուրջ հրադադարի պայմանագիրը: Իսրայելը ռմբակոծել էր ռազմական մի շարք օբյեկտներ՝ կասկածելով, որ դրանք կապ ունեն իր վաղեմի թշնամի Իրանի հետ: Ասադի մեկ այլ տարածաշրջանային քննադատ՝ Հորդանանը, վերաբացել է իր հյուսիսային սահմանը Սիրիայից հետո, երբ կառավարությունը ճնշեց այստեղ ISIS- ի զինյալներին և ծայրահեղականներին:

Ավելի զարմանալի հանգամանքներից է այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախօրեին դիվանագիտական ​​հանդիպումների ժամանակ Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալիդ բին Ահմադ ալ-Խալիֆային գրկախառնվելով և համբուրելով ջերմ ողջունեց Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլիմին անցյալ շաբաթ համաարաբական հավաքի ժամանակ:  Բահրեյնը, որը Սաուդյան Արաբիայի մտերիմ դաշնակիցն է և Ասադի և Իրանի մշտական քննադատը, հայտարարել էր, որ «Սիրիայի կառավարությունն է կառավարում Սիրիան, և մենք աշխատում ենք այդ երկրների հետ, նույնիսկ եթե ունենք անհամաձայնություններ»:

Ավելի ուշ Ասադն իր առաջին հարցազրույցը տվեց արաբական մամուլին 2011 թ.-ից ի վեր, ընդգծելով, որ նա մի շարք արաբական պետությունների հետ հասել է «փոխըմբռնման» և «արևմտյան և արաբական պատվիրակություններն արդեն սկսել են գալ Սիրիա՝ քննարկելու իրենց դիվանագիտական, տնտեսական կամ արդյունաբերական վերադարձը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment