Ռուսաստանի գազային ռազմավարությունն օգնություն է ստանում Թուրքիայից

Ռուսաստանի գազային ռազմավարությունն օգնություն է ստանում Թուրքիայից

Նոյեմբերի 19-ին Ստամբուլում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  նշել են Ռուսաստանը Թուրքիայի եվրոպական ափերին կապող Թուրքական հոսքի գազային խողովակաշարի ստորջրյա առաջին հատվածի ավարտը: Նախագիծը Մոսկվայի ռազմավարության վառ ապացույցն է Եվրոպա գազ մատակարարելու իր դիրքորոշումն ամրապնդելու հարցում, միաժամանակ նվազեցնելով Ուկրաինայի տարանցիկ միջանցքի նշանակությունը:

Անկարայի համար նախագիծը Թուրքիայի անկախ որոշումներ կայացնելու ունակության  և տարածաշրջանում երկրի նշանակության խորհրդանիշն է: Ակնհայտ է, որ Թուրքական հոսքը ծառայում է Անկարայի քաղաքական նպատակին: Այն նշում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ծաղկող բարեկամությունը և հաստատում է  միջազգային կարևոր հարցերի լուծումներին մասնակցելու Անկարայի ձգտումը, այս դեպքում` ԵՄի մեծ մասի համար գազի պահանջարկը ապահովելն է:

Այնուամենայնիվ, Թուրքական հոսքը կբարձրացնի Անկարայի կախվածությունը Մոսկվայից էներգիայի կարիքների հարցում:

Նախագծի երկրորդ կարևորությունն այն է, որ Թուրքիան նպաստում է Եվրոպայի խոշոր գազային մատակարարը լինելու Ռուսաստանի բազմամակարդակ, երկարաժամկետ ռազմավարությանը: Ուկրաինայով ու Բալթիկ ծովով առաքման երթուղիներից բացի ստեղծվում է գազային երրորդ միջանցքը: Այս ռազմավարությունը մի քանի ուղիներով է ընթանում` Ուկրաինա, Բալթիկ ծով, ինչպես նաև  Թուրքական հոսքի հետագա ընդլայնումը դեպի հարավային և կենտրոնական Եվրոպա (Բուլղարիա, Սերբիա, Հունգարիա, Սլովակիա, Հունաստան ու  Իտալիա):

Ռուսական այս ռազմավարությունը առաջացնում է Միացյալ Նահանգների շարունակական դիմակայությունը:

Հարկ է նշել, որ Թուրքական հոսքը ԵՄ էներգետիկ ծրագրերի մաս չի համարվում, քանի որ այն չի նպաստում մատակարարման դիվերսիֆիկացմանը: Իրականում, դա կամրապնդի Ռուսաստանի շուկայի գերակայությունը  Թուրքիայում և ԵՄ-ում:

Ուկրաինայում ռուսական գազը Արևմտյան Եվրոպա առաքող բազմախողովակաշարային ցանցը կպահպանի իր կենսունակությունը; Սակայն դրա օգտագործման նվազեցումը կարող է մեծ կորուստներ պատճառել Կիևի իշխանություններին տարանցիկ ծախսերի մասով, ինչը հանդիսանում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմավարության մի մասը:

Շատ բան է կախված 2019 թվականին ավարտվող Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրային համաձայնագիրը երկարացնելու շուրջ բանակցություններից: Կիևի մտահոգությունները մեղմելու համար Գերմանիան Ուկրաինայով տարանցման շարունակությունն ընդունել է որպես Nord Stream 2- ի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մաս: Դա էլ տարաձայնությունների պատճառ է դարձել ԵՄ-ի ներսում:

Ռուսական ռազմավարությունը ոչ մի կերպ չի սահմանափակվում եվրոպական մայրցամաքում ռուսական գազի վաճառքով: Այն տարածվում է, ընդգրկելով Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը: Եգիպտոսը որպես դրա օրինակ:

Այսպես կոչված Զոհր դաշտում,  Նեղոս  գետի դելտայի հյուսիսային և արևելյան շրջաններում նոր հանքավայրերի հայտնագործումից հետո,  Ռուսաստանը 2016 թվականին գնել է իտալական էներգետիկ ENI խմբի 30 տոկոս բաժնեմասը, իհարկե, Իտալիայի կառավարության համաձայնությամբ, որի հետ Մոսկվան երկար տարիներ սերտ հարաբերություններ ունի:

Ռուսաստանի ուշադրությունը գրավեցին նաև Լիբանանի ջրերում հայտնաբերված գազի հանքերը, չնայած հորատումը Լիբանանում հիմնականում իրականացնում են Ֆրանսիայի TOTAL-ն ու Իտալիայի ENI- ին, յուրաքանչյուրն ունենալով իր 40 տոկոս բաժնեմասը: Ռուսաստանի  NOVATEK-ը գնեց 20 տոկոս բաժնեմաս:

Չնայած շարունակվող պատերազմին, Ռուսաստանը  քայլեր է ձեռնարկել Սիրիայում նավթի և գազի ոլորտը վերահսկելու ուղղությամբ: Այդ գործողությունների արդյունքը կախված կլինի քաղաքական վերջնական պայմանավորվածությունից, որն ակնկալում է դադարեցնել գրեթե ութամյա քաղաքացիական պատերազմը: Սիրիայի նավթի և գազի շատ հանքեր գտնվում են Եփրատ գետի հյուսիսային և արևելյան շրջաններում, որոնք ներկայում ռեժիմի ուժերի հսկողությունից դուրս են: Շարունակվող ռազմածովային գործողությունների պատճառով, Սիրիայի ջրերում հետազոտություններ չեն իրականացվում:

Իրաքում էլ Ռուսաստանը ներգրավված է խողովակաշարերի գործարքներում, որոնք իրականացնում են Քուրդիստանի տարածաշրջանում գործող մի շարք նավթային և գազային ընկերություններ, չնայած, որ արտահանումը տեղի է ունենալու Թուրքիայի տարածքով, իսկ հեռավոր ապագայում նաև Սիրիայով:

Ռուսաստանի այս հավակնոտ ռազմավարությունը հիմնավորվում է Եվրոպայի գազի շուկայի սկզբունքներով:

Եվրոպայում գազի մեծ պահանջարկը հօգուտ Ռուսաստանի է: Oxford Energy- ի տվյալներով, վերջին երեք տարվա ընթացքում` 2015, 2016 և 2017 թվականներին, Եվրոպայում գազի պահանջարկը բարձրացել է հասնելով 548 մլրդ խորանարդ մետրի: Դա պայմանավորված է տնտեսական շարունակական վերականգնմամբ, կլիմայի փոփոխության ազդեցությամբ և էլեկտրաէներգիայի ոլորտում  գազի ավելի մեծ օգտագործումով: Միտումը կարծես թե շարունակվում է 2018 թվականին:

Ըստ Ֆինլանդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Ռուսաստանն օգտվել է մի քանի գործոնից` տնտեսության վերականգնումից, ԵՄում գազի արդյունահանման նվազեցումից, ռուսական վաճառքի ցածր գներից և ներկայում եվրոպական շուկայում ոչռուսական հեղուկ բնական գազի սահմանափակ հնարավորությունից:

Բացի այդ, արդեն լուծվել են Եվրամիության և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող վեճերը (ներառյալ «Գազպրոմի» դեմ հակամենաշնորհային հետաքննությունը և ԱՀԿին ռուսական բողոքները)` նշելով, որ գերակշռել են երկու կողմերի առևտրային շահերը:

Նման պայմաններում Ռուսաստանի դիրքերն ուժեղ են ԵՄին  գազ մատակարարելու հարցում,  որը 2016 թ.-ին կազմել է ԵՄ լրացուցիչ ներմուծման 40 տոկոսը, չնայած նոր զարգացումները կարող են խաթարել ներկա իրավիճակը, ինչպես օրինակ, Եվրոպա այլ աղբյուրներից հեղուկ գազի ստացման արագ զարգացումը:  2017 թ.-ին հեղուկ գազի ներմուծումը կազմել է ԵՄ գազի ընդհանուր ներմուծման միայն 14 տոկոսը, հիմնական մատակարարումները ստացվում են Կատարից (41 տոկոս), Նիգերիայից (19 տոկոս) և Ալժիրից (17 տոկոս):

Այս լայն կոնտեքստում  և ըստ բրյուսելյան դիտարկումների, Թուրքական հոսքը վերջնական հզորությամբ կազմելու է տարեկան 31.5 մլրդ խոր.մ., որից 15,75-ը կառաքվի Եվրոպա, ինչը ԵՄ գազի մատակարարման ավելի լայն ցանցի համեմատ փոքր  է: Փաստորեն, 2017 թ.ի մակարդակով դա կկազմի ԵՄ ներմուծման ավելի քան 6 տոկոսը:

Այնուամենայնիվ, Մոսկվայի խողովակաշարը պոտենցիալ նշանակություն ունի Ռուսաստանի  համար Եվրոպա (ներառյալ Թուրքիա) գազ արտահանելու հնարավորությունների տեսանկյունից: Եթե ավարտվի և գործարկվի Թուրքական հոսքի երկրորդ փուլը, այն կկազմի ԵՄ-ին ու Թուրքիային Ռուսաստանի վաճառքի 16-19 տոկոսը:

Այս իմաստով նոյեմբերի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած արարողությունն ավելին էր, քան պարզապես լուսանկարվելը: Դա Թուրքիայի օգնությամբ Արևմտյան Եվրոպայի ավելի լայն տարածքում Ռուսաստանի նպատակների հաջողության խորհրդանիշն էր: Թուրքիայի և Ռուսաստանի S-400 հրթիռային գործարքի հետ մեկտեղ, այն ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է Մոսկվան ի շահ իրեն օգտագործում Անկարայի հարաբերական դիվանագիտական մեկուսացումը: Անկարայի համար էլ սա  մի միջոց է ասելու աշխարհին, որ Թուրքիան կարևոր է:

Write a comment