Ռուսաստանը պատրաստ է օգնել թալիբներին Աֆղանստանի բանակցություններում

Ռուսաստանը պատրաստ է օգնել թալիբներին Աֆղանստանի բանակցություններում

Հոդվածի առանցքում

  • Աֆղանստանում ՌԴ-ի  նախագահի  ներկայացուցիչ Զամիդ Քաբուլովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ-ի և Թալիբանի միջև բանակցություններին:  Հասկանալի չէ, թե ինչ օգնություն են առաջարկում ռուսները: Քաբուլովը նաև ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Թալիբանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Ուշադրությանն արժանի

 

Բարձրաստիճան ռուս դիվանագետը հանդիպել է Թալիբանի ներկայացուցիչների հետ և հայտնել Մոսկվայի աջակցությունը Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու հարցում:

Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում աֆղանական հայտնի գործիչների և Թալիբանի ներկայացուցիչների միջև երկօրյա բանակցություններից և ԱՄՆ-ի զորքի դուրս բերման մասին հակասական հայտարարություններից հետո:

Թալիբանի բարձրաստիճան պաշտոնյան չորեքշաբթի  հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խոստացել է ապրիլի վերջին իր զորքի կեսը դուրս բերել Աֆղանստանից, սակայն հետագայում հրաժարվել է պնդումից:

Թալիբանի պատվիրակության ղեկավարն ասել է, որ երկրից ԱՄՆ-ի դուրս գալու ժամկետը որոշված չէ և բանակցությունները շարունակվում են:

ԱՄՆ-ի գլխավոր բանակցող Զալմայ Խալիլզադը թվիթերում նույնպես հերքել է այդ հայտարարությունը:

ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Աֆղանստանում ՌԴ-ի  նախագահի  ներկայացուցիչ Զամիդ Քաբուլովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ-ի և Թալիբանի միջև բանակցություններին:

Հասկանալի չէ, թե ինչ օգնություն են առաջարկում ռուսները: Քաբուլովը նաև ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Թալիբանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Մինչև հիմա ԱՄՆ-ը  բանակցությունների առաջատարն էր: Անցյալ տարվա սեպտեմբերին աֆղանական հաշտեցման հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակվելուց հետո Խալիլզադն անցկացրել է մի շարք հանդիպումներ թալիբների և Աֆղանստանի մյուս շրջանների, ինչպես նաև Պակիստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հնդկաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ դեսպանի վերջին բանակցություններն անցել են Դոհայում անցյալ ամիս, որտեղ երկու կողմերը հանդիպեցին վեց օր:

Խալիլզադը «Նյու Յորք Թայմզ» թերթին ասել է, որ նախագիծը համաձայնեցված է  և ի վերջո, կարող է վերածվել համաձայնագրի:

Վաշինգտոնը ցանկանում է հավաստիացումներ ստանալ, որ Աֆղանստանը չի թաքցնի խմբավորումներին, որոնք երկիրը կօգտագործեն որպես բազա ԱՄՆ-ի վրա հարձակվելու համար:

Թալիբենրը ցանկանում են, որ ամերիկյան զորքը լրիվ դուրս գա Աֆղանստանից: Դեկտեմբերին ստացվեցին բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրել է կիսով չափ կրճատել մոտ 14.000 ամերիկյան զորքն Աֆղանստանում:

Երեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ զորքի դուրս բերումը պետք է կապված լինի խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացի հետ:

Թալիբանը հրաժարվում է ուղղակի բանակցություններից Աֆղանստանի նախագահ Ասրաֆ Ղանիի հետ, նրան համարելով Արևմուտքի խամաճիկ:  Կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել թալիբների հետ բանակցություններին Մոսկվայում, Դոհայում կամ մեկ ուրիշ տեղ:

Արդյունավետ հանդիպում

ԱՄՆ բարձրաստիճան գեներալն ասել է, որ Քաբուլը պետք է մասնակցի բանակցություններին, որպեսզի հաջողության հասնեն խաղաղության գործարքում:

«Ի վերջո, մենք պետք է հասնենք թալիբների և Աֆղանստանի միջև քննարկումներին», ամերիկյան օրենսդիրներին է ասել ԱՄՆ Գլխավոր հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը: Միայն նրանք կարող են լուծել քննարկումներում ներառված առանցքային հարցերը»:

Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը «բավարար» է համարել քննարկումները:

Ղանին ասել է, որ երեքշաբթի խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որը կարևորել է «խաղաղ գործընթացում աֆղանական կառավարության կենտրոնական դերի ապահովումը»:

Աֆղանստանի նախագահը հիասթափված է, որ դուրս է մնացել բանակցություններից, քանի որ նրա քաղաքական թշնամիներն աղոթքներով և հացով են կիսվում Թալիբանի հետ՝ քննարկելով երկրի ապագան:

Մոսկվայի կոնֆերանսը վերջին շրջանում Աֆղանստանի ներկայացուցիչների հետ Թալիբանի կարևորագույն փոխգործակցությունն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment