Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևից իր հուշերն է հրապարակել

Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևից իր հուշերն է հրապարակել

Հոդվածի առանցքում

  • Չնայած թույլ կողմերին, «Կյանք և ազատությունը», այնուամենայնիվ, արժեքավոր փաստաթուղթ է: Գրքի գրեթե յուրաքանչյուր էջում իրեն ճգնաժամային մենեջեր ներկայացնելու Քոչարյանի մոլուցքը կարևոր է հայաստանյան քաղաքական իրողությունը հասկանալու համար, քանի որ այն արտահայտում է շատ հայերի տեսակետը, որ ազգային առաջնորդը պետք է աշխատասեր ու ուժեղ լինի: Եվ չնայած Քոչարյանը վաղուց արդեն հեղինակություն չունի ժողովրդի մեջ, այնուամենայնիվ, ղեկավարման նրա ոճն ընդունելի է, ինչը վկայում է Պուտինի հանդեպ բազմաթիվ հայերի հիացմունքը: Նույնիսկ Փաշինյանն իր եռանդով և հակառակորդներին հաճախակի կոպիտ քննադատելով, անկախ իր նախորդի հետ ունեցած անձնական տարաձայնություններից, երբեմն կրկնում է այդ կերպարը:

Ուշադրությանն արժանի

Իր նոր ինքնակենսագրականում Հայաստանի երկրորդ նախագահն իրեն ներկայացնում է որպես իմաստուն պետական գործիչ, քննադատում է Նիկոլ Փաշինյանին և նկարագրում  Հեյդար Ալիևի նկատմամբ իր հարգանքը:

Հայաստանում մեծ մասի կողմից արհամարհված և այժմ Երևանի բանտում գտնվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուշեր է հրապարակել, որտեղ թիրախավորում է իր ներկայիս երդվյալ թշնամի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու գովաբանում ադրբեջանցի գործընկերոջը՝ Հեյդար Ալիևին:

2008 թ.-ին Քոչարյանը հեռացավ պաշտոնից և հիմնականում դուրս մնաց հասարակության տեսադաշտից: Բայց անցած տարի Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պահից, Քոչարյանը վերստին հայտնվեց որպես նոր կառավարության անցանկալի անձ: Նա ձերբակալվեց 2008թ-ի բողոքի ցույցերը բռնի ուժով ցրելու համար։  Նա հետխորհրդային առաջին ղեկավարն է, որ կանգնում է դատարանի առաջ:

«Կյանք և ազատություն. Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահի ինքնակենսագրությունը» գիրքը գրվել է ռուսերեն և հրատարակվել Մոսկվայում: Քոչարյանն ասել է, որ գիրքը սկսել է գրել անցյալ տարի, «թավշյա հեղափոխությունից» առաջ, բայց ավարտել է բանտում:

Ինչպես քաղաքական գործիչների մեծ մասի հուշերում, այստեղ էլ, սկսած 1980-ականների վերջերից, երբ նրան ճանաչեցին որպես Ղարաբաղի հայերի անկախության շարժման առաջնորդներից մեկը, մինչև 2008 թվականը, Քոչարյանն իր քաղաքական կյանքը բավական սուբյեկտիվ է ներկայացնում: Գրքում Քոչարյանը ներկայանում է որպես ապաքաղաքական առաջնորդ, տաղանդավոր կառավարիչ, որը երբեք չի ձգտել իշխանության, սակայն նրան միշտ հրավիրել են ու համոզել: Նա կարող է կարգավորել ցանկացած ճգնաժամ, ղեկավարել ու վերականգնել կառավարությունն ու ազգը:

Գիրքը գրված է սոցիալիստական ռեալիզմի ոճով. Քոչարյանն անընդհատ զբաղված է ամենօրյա կառուցողական աշխատանքով `ընդունելով ոչ ժողովրդական, բայց իմաստուն որոշումներ, լուծելով մի շարք ճգնաժամեր: Նրա թշնամիները, հակառակը, բանսարկուներ են, որոնք առաջնորդվում են ագահությամբ ու շահամոլությամբ:

Նա խոստովանում է իր գիտելիքների պակասը տնտեսության ու ֆինանսների ոլորտում, սակայն պնդում է, որ փայլուն հիշողությունը, սովորելու ունակությունն ու գործին նվիրումը բավարար էին պակասը լրացնելու համար: Նա գրում է հոգեբանության նկատմամբ իր հետաքրքրության մասին, և գիրքը լցված է հոգեբանական կլիշեներով: Հակառակորդների հետ հանդիպումները նկարագրվում են որպես անհատների բախումներ: Քոչարյանի ուժեղ անհատականությունն անխուսափելիորեն պարտության է մատնում անվճռական հակառակորդին: Մյուս կողմից, համագործակցությունը իր դաշնակիցների հետ, եղել է հարթ ու բարեկամական գործընթաց:

Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է նաև իր կարիերայի մի շարք տխրահռչակ գլուխներին: Մի դրվագում նա մանրամասնում է Փաշինյանի հետ նախկինում ունեցած բախումները, երբ վերջինս ընդդիմադիր գործիչ էր և օգնում էր 2008 թ. Սարգսյանի ընտրությունների դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը: Քոչարյանը Փաշինյանին նկարագրում է որպես անողոք քաղաքական գործիչ, որի անհավասարակշիռ հռետորաբանությունն ու անպատասխանատու վարքը արյունահեղության պատճառ դարձան: «Զանգվածների նպատակաուղղված մանիպուլյացիան և ատելության մթնոլորտ ստեղծելու ջանքերը հանգեցրին վրդովված մարդկանց անկառավարելի և ավերիչ գործողություններին», – գրում է Քոչարյանը `Փաշինյանին առանձնացնելով «որպես քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած անկարգությունների գլխավոր դերակատար, որոնք զոհերի պատճառ դարձան»: Արյունահեղության հանգեցրած տեսարաններում, նա բազմիցս Փաշինյանին նկարագրում է որպես «բազմությանը վերահսկող անձի»:

Գրքում, սակայն, չի հիշատակվում Պողոս Պողոսյանի պատմությունը, ում 2001 թվականին Երևանի կենտրոնի ռեստորանում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին: Այդ պատմությունը ձևավորեց Հայաստանի նախկին նախագահի ոչ միայն ուժեղ, այլև «մարդասպանի» կերպարը: Այդ մեղադրանքը բազմիցս ներկայացրել են նրա հակառակորդները, այդ թվում Փաշինյանը: (Սպանության մասնակից թիկնապահներից մեկն, ի վերջո, կանգնեց դատարանի առաջ, դատապարտվեց երկու տարվա ազատազրկման, բայց բանտում չհայտնվեց):

Քոչարյանն ավելի վառ է նկարագրել համաշխարհային առաջնորդների հետ իր հանդիպումները: Նա զգուշությամբ է խոսում նրանց մասին, ովքեր դեռ պաշտոնավարում են, օրինակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամ Ադրբեջանի Իլհամ Ալիևը: Միաժամանակ ավելի շատ պատմում է թոշակառուների կամ մահացածների մասին: Ռուսաստանյան Բորիս Ելցինին նկարագրում է որպես հրամանատարի և հեղինակավոր գործչի, բայց և ցուլի՝ ճենապակյա իրերի խանութում: Բիլ Քլինթոնը օրինակելի, խորապես տեղեկացված պետական գործիչ է: Ջորջ Բուշ կրտսերը պարզունակ է, ցրված ու անջատված, Ժակ Շիրակը միշտ հետաքրքրված է, հասկանում է բոլոր նրբությունները, նրա հետ հաճելի է աշխատել:

Գրքի, թերևս, միակ առավել ազդեցիկ մասը Քոչարյանի բազմաթիվ զրույցներն են Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդար Ալիևի հետ: Քոչարյանը պնդում է, որ Ալիևը ոչ միայն պատրաստ էր ճանաչել Ղարաբաղը որպես Հայաստանի մի մաս, այլև իր հետ անկեղծ խոսել է այլ թեմաների մասին, հայտնել իր վրդովմունքը ներքին ընդդիմության նկատմամբ և  իշխանությունը որդուն փոխանցելու մտադրությունը: 2001 թ. Քի Ուեսթում խաղաղ բանակցությունների ձախողման մասին պատմելով, Քոչարյանը ներկայացնում է, որ իր ադրբեջանցի գործընկերն ընտանիքի ճնշման ներքո հետ կանգնեց նախնական պայմանավորվածությունից: Դա անձամբ հաստատել է Իլհամ Ալիևը: Ընդհանուր առմամբ, այս գրքում ավագ Ալիևի կերպարը դրական է, նա փորձառու ու իմաստուն պետական գործիչ է, միաժամանակ սրամիտ ու գրավիչ զրուցակից:

Քոչարյանը թույլ է տալիս մի քանի այլ խոստովանություններ, որոնք սովորաբար Հայաստանի հիմնական ազգայնական դիսկուրսում մեղք են համարվում: Նա խոստովանում է, որ երբեք չի հավատացել Աստծուն և չի թաքցնում, որ լավ չի տիրապետում գրական հայերենին: Դա կրկնվող թեմա է 1990-ականների վերջում որպես վարչապետ Հայաստան տեղափոխվելու մասին պատմող գլխում: «Ես դժվարություններ ունեի հայերեն գրելու և կարդալու հարցում», – գրում է Քոչարյանը, որն իր սերնդի շատ ղարաբաղցի հայերի նման, տեղական ղարաբաղյան բարբառը համարել է մայրենի լեզուն, իսկ ռուսերենը՝ հիմնական պաշտոնականը: «Հայաստանում բոլոր փաստաթղթերը, բնականաբար, հայերեն էին և դա ինձ համար աղետալի փորձություն էր», – խոստովանում է Քոչարյանը:

Գիրքը լայն տարածում գտավ Հայաստանում: Վարչապետ Փաշինյանի դաշնակից, Գյումրիի Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն առաջարկել է նրանց, ովքեր ջանք են թափել կարդալ այդ գիրքը, դիմեն բժշկի օգնությանը: Սոցիալական կայքերում դա դարձել էր ընդհանուր թեմա. մեկ օգտատեր հռետորական հարց էր ուղղել գրքի ընթերցողներին. «Տղե՛րք, դուք ուրիշ անելիք չունե՞ք: Դուք ամեն ինչ կարդացե՞լ եք Ջեյմի Օլիվերի մասին» (ի նկատի ուներ բրիտանական հեռուստատեսային բեղմնավոր ավագ խոհարարին):

Մյուսները քննադատում էին Քոչարյանին գիրքը հայերեն չգրելու ու հրատակելու որոշման համար: «Ինչո՞ւ է գիրքը ռուսերեն գրված», – հարցրել է մի մեկնաբան: «Գրողը տանի, ինչո՞ւ է հրատարակվել ռուսական հրատարակչությունում, տպագրվել ռուսական տպարանում»:

Գրքում հիշատակվածների թվում է Արամ Սարգսյանը, որը 1999 և 2000 թթ. վարչապետ էր Քոչարյանի նախագահության շրջանում և արձագանքողների մեջ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Ֆեյսբուքյան գրառման մեջ Սարգսյանը դեմ է արտահայտվել Քոչարյանի այն վարկածին, որը վերաբերում է 1999 թ. խորհրդարանի կրակոցներին, որոնց ժամանակ ութ մարդ սպանվեց, այդ թվում խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը և Արամ Սարգսյանի եղբայրը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Գրքում Քոչարյանը հերքել է լուրերը, որոնք պահպանվում են մինչև հիմա, թե ինքն ինչ-որ ձևով կանգնած է եղել հարձակման ետևում, Վազգենի` մոտիկ ընկերոջ մահը ներկայացնելով որպես անձնական կորուստ:

Բայց Արամ Սարգսյանը վիճարկեց այդ մոտեցումը և ներկայացրեց հարցեր, որոնց Քոչարյանը պետք է անդրադառնար իր գրքում: «Եթե դուք բարեկամներ էիք, ինչո՞ւ նույնիսկ գրքումդ չես թաքցնում զզվանքդ Վազգենի շրջապատի մարդկանց հանդեպ: … Ինչո՞ւ չարագործների հետ քո բանակցությունների ձայնագրությունը չկա: Քանի դեռ քննությունը շարունակվում էր, ինչո՞ւ որոշեցիր, որ այն պետք է իրականացվի քաղաքային ոստիկանության մակարդակով»:

Չնայած թույլ կողմերին, «Կյանք և ազատությունը», այնուամենայնիվ, արժեքավոր փաստաթուղթ է: Գրքի գրեթե յուրաքանչյուր էջում իրեն ճգնաժամային մենեջեր ներկայացնելու Քոչարյանի մոլուցքը կարևոր է հայաստանյան քաղաքական իրողությունը հասկանալու համար, քանի որ այն արտահայտում է շատ հայերի տեսակետը, որ ազգային առաջնորդը պետք է աշխատասեր ու ուժեղ լինի: Եվ չնայած Քոչարյանը վաղուց արդեն հեղինակություն չունի ժողովրդի մեջ, այնուամենայնիվ, ղեկավարման նրա ոճն ընդունելի է, ինչը վկայում է Պուտինի հանդեպ բազմաթիվ հայերի հիացմունքը: Նույնիսկ Փաշինյանն իր եռանդով և հակառակորդներին հաճախակի կոպիտ քննադատելով, անկախ իր նախորդի հետ ունեցած անձնական տարաձայնություններից, երբեմն կրկնում է այդ կերպարը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment