Ռասիզմը «համատարած սցենար» է Եվրոպական միությունում

Ռասիզմը «համատարած սցենար» է Եվրոպական միությունում

Հոդվածի առանցքում

  • Աֆրիկյան արմատներով մարդկանց հանդեպ ռասիզմը ԵՄ-ում «համատարած» է և «արմատացած», ինչն էլ հաճախ բերում է վատագույն կենսապայմանների և աշխատանքի։

Ուշադրությանն արժանի

ԵՄ հիմնարար իրավունքների գործակալությունը փաստաթուղթ հրապարակեց՝ կոչ անելով կատարել փոփոխություններ, որոնք կապահովեին «սև մարդկանց ամբողջական ներգրավումը» եվրոպական հասարակությանը։ 2015-16 թթ․ հարցում է անցկացվել 12 երկրներում 6 հազար մարդու շրջանում՝ ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, որպեսզի տեղեկություններ հավաքեին սևամորթ եվրոպացիների խնդիրների մասին։

«21-րդ դարում ներում չկա ռասիստական խտրականության համար։ Այդուհանդերձ, սև մարդիկ ԵՄ-ում այսօր էլ շարունակում են զոհ դառնալ լայնատարած և անընդունելի ռասիզմին և բռնությանը միայն իրենց մաշկի գույնի պատճառով»,- ասել է Հիմնարար իրավունքների գործակալության տնօրեն Մայքլ Օ՛Ֆլահերթը։ «Մենք պետք է վերացնենք դա հիմա և մեկընդմիշտ։ Դրա համար ԵՄ անդամ պետությունները պետք է արդյունավետ և թիրախավորված քաղաքականություն վարեն և օրենքներ ընդունեն, որպեսզի սևամորթներն ամբողջությամբ ներառվեն մեր հասարակություն»,- շարունակել է նա։

Հարցվածների մոտ 30 տոկոսն ասել է, որ վերջին 5 տարում առերեսվել է ռասիստական ոտնձգության, 5 տոկոսն էլ ֆիզիկական հարձակման է ենթարկվել։ 14 տոկոսին վարձով տուն չեն տվել, որովհետև սև են, ¼-ն էլ ասել է, որ խտրական վերաբերմունքի է արժանացել աշխատավայրում։ Սա այն դեպքում, երբ ԵՄ բնակչության 70 տոկոսն ունեն սեփականություն, հասարակության միայն 15 տոկոսն աֆրիկյան արմատներ ունի։

Իշխանությունների կողմից ռասսայական պրոֆիլավորումը ևս խնդիր է։ Հարցվածների մեկ քառորդն ասել է, որ վերջին 5 տարում նրանց կանգնեցրել են ոստիկանները։ 41 տոկոսը կարծում է, որ դա եղել է ռասսայական հիմքով։

«ԵՄ-ում խտրականությունն արգելող օրենսդրության ընդունումից գրեթե 20 տարի հետո աֆրիկյան արմատներով մարդիկ հանդիպում են լայնորեն տարածված և արմատացած նախապաշարմունքի և բացառման»,- ասել է Օ՛Ֆլահերթը,- «Մաշկի գույնով պայմանավորված խտրականությունը մնում է տարածված սցենար»։

Ըստ հարցման՝ «աֆրիկական արմատներով մարդկանց նկատմամբ ռասիստական հիմքով բռնության» ամենաբարձր ցուցանիշը Ֆինլանդիայում էր՝ 14 տոկոս։ Իռլանդիան և Ավստրիան ընդամենը մեկ տոկոսով էին զիջում, դրանց հետևում էր Լյուքսեմբուրգը՝ 11 տոկոս։ Գերմանիան և Դանիան նույն ցուցանիշն ունեին՝ 9 տոկոս։

Ուսումնասիրության հեղինակներից Ռոսալինա Լաչևան «The Guardian»-ին հաղորդել է, որ այս զեկույցներն «ի ցույց են դնում աֆրիկական արմատներ ունեցող երրորդ կամ չորրորդ, հինգերորդ սերնդի տարբեր մարդկանց փորձը»։ Ավելի երիտասարդ սևամորթ եվրոպացիները հակված են ներկայացնել խտրականության ավելի վատ օրինակներ, քան նրանց նախորդ սերունդները, ինչն էլ վկայում է ռասիստական տրամադրությունների հնարավոր աճի մասին։

Օ՛Ֆլահերթը կոչ է անում «ուժեղացնել ներառման ջանքերն» ամբողջ ԵՄ-ում՝ հույս հայտնելով, որ զեկույցը «իրականության ստուգողական» կլինի մայրցամաքով մեկ։

«Իրականությունը և՛ ամոթալի է, և՛ զայրացնող․ մաշկի գույնի վրա հիմնված ռասիզմը տարածված սցենար է ամբողջ Եվրամիության տարածքում»,- ասել է նա զեկույցում։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment