Որքա՞ն է քաղաքականացված այս տարվա Նոբելյան մրցանակը

Որքա՞ն է քաղաքականացված այս տարվա Նոբելյան մրցանակը

Սովորաբար Նոբելյան մրցանակի հանձնաժողովն իր ընտրությամբ փորձում է որևէ ուղերձ անել: Արդյոք այս տարվա թաքնված ուղերձում # MeToo-ն է կամ Բրետ Քավանոն:

Պատահականություն էր, արդյոք, որ հանձնաժողովը Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհեց սեռական բռնության դեմ պայքարող երկու ակտիվիստների հենց այն օրը, երբ մի մարդ, որին երկար տարիներ կհիշեն սեռական բռնության մեղադրանքի պատճառով, ստացավ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու երաշխիք: Ամենայն հավանականությամբ` պատահականություն է:

Նոբելյան մրցանակակրի անունը պետք է հրապարակվեր այս շաբաթ, իսկ Քավանոյի վերաբերյալ հարցի քվեարկությունը հետաձգվել էր և կայացավ նույն օրը, երբ հայտարարվեց Խաղաղության մրցանակակրի անունը: Ավելին, Քավանոյի դեմ հնչեցրած մեղադրանքներն անհնար համեմատել այն սարսափելի սեռական բռնությունների, պատերազմի ժամանակ գործած հանցանքների, խմբակային բռնաբարության ու սեռական ստրկության հետ, որոնց դեմ պայքարում են Իրաքի ակտիվիստ Նադյա Մուրադը և Կոնգոյի բժիշկ Դենիս Մուքվեգը:

Այնուամենայնիվ, դժվար էր նաև անտեսել այն փաստը, որ մրցանակի մասին հայտարարությունն արվեց «Նյու Յորք Թայմս» թերթում հրապարակված Հարվի Վեյնշթեյնի մասին հոդվածի տարեդարձի օրը: Այն #MeToo հաշթագը վերածեց միջազգային երևույթի, որի շնորհիվ հարյուրավոր սեռական ոտնձգություն իրականացրած անձինք ստացան արժանի պատիժ:

Օսլոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Բերիթ Ռեյս-Անդերսենը զգուշացավ այս տարվա մրցանակը կապել #MeToo- ի հետ, սակայն ընդգծեց, որ պատերազմի ժամանակ սեռական հանցագործությունների ու շարժման միջև կա փոխկապակցվածություն: Մուրադն ու Մուքվեգեն պայքարել են այն վերացնելու համար: «Նրանց գործունեության հիմքում կա մեկ ընդհանուր երևույթ` կնոջ տառապանքը», – ասաց նա:

Հանձնաժողովը զուգահեռներ անցկացնելու հարցում ցուցաբերեց զգուշություն` հավանաբար ելնելով բռնության բնույթից, որի դեմ պայքարում են Մուրադն և Մուքվեգեն: Մուրադը երեք ամիս եղել է «Իսլամական պետության» սեռական ստրկության զոհերից մեկը: ԻՊ անդամները բազմաթիվ եզդի կանանց հետ սպանել են նաև նրա մորը: Արևելյան Կոնգոյում Մուքվեգեն հազարավոր բռնաբարության ենթարկվածների է բուժել, իսկ ինքն ու իր ընտանիքը ենթարկվել են զինյալների հարձակմանը: ՄԱԿ-ն այդ երկրի մայրաքաղաքն անվանել էր «բռնաբարությունների քաղաք»:

Այնուամենայնիվ, Խաղաղության Նոբելյան մրցանակը կկորցնի իր արժեքը, եթե չանդրադառնա արդիական խնդիրներին: Վերջին տասնամյակում մրցանակն ավելի ու ավելի քաղաքականացված է դարձել, այսինքն, հանձնաժողովն իր ուղերձն ուղարկում ի աջակցություն այն շարժումների և անհատների, ովքեր հայտնվում են պատմության ճիշտ թևում: 1901 թ.-ից ի վեր, երբ իրականություն դարձավ Ալֆրեդ Նոբելի ցանկությունը՝ պարգևատրել նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովուրդների բարեկամության, այն աստիճանաբար դարձել է ոգեշնչող պարգև:

«Այն ավելի շատ ոգեշնչող է, քան պարգևատրող», – ասում է Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռոն Քրեբսն` ընդգծելով, որ մրցանակաբաշխությունը հատկապես կարևոր է ճնշումների պարագայում, երբ խաղաղության կամ մարդու իրավունքների համար պայքարողները ձերբակալվում են: «Էական չէ, թե այն հանձնվում է Եվրամիությանը, երբ այն ճնշման տակ է, թե Կոլումբիայի նախագահին, երբ նրա խաղաղության ծրագիրը ընթացքի մեջ է, թե ՄԱԳԱՏԷ-ին (Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը), քանի որ անհրաժեշտ է աջակցել նրա ջանքերը»:

2009 թվականին հանձնաժողովը մրցանակը հանձնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով պաշտոնավարում էր ընդամենը 37-րդ շաբաթը: Շատերի համար այդ քայլը դիտարկվեց գլոբալ արձագանք առ այն, որ Ջորջ Բուշ կրտսերն այլև ԱՄՆ նախագահը չէ:

Սակայն Օբաման պարզվեց, այդքան էլ խաղաղասեր չէր, ինչպիսին նրան պատկերացնում էր հանձնաժողովը: Մի շարք գործողությունների հետ մեկտեղ նա ավելացրեց ամերիկյան զորքերի թիվը Աֆղանստանում և եռապատկեց օդաչու սարքերի միջոցով հրթիռակոծումները: Այդ օրերի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Գեիր Լանդեսթադը իր հուշերում գրել է, որ «նույնիսկ Օբամայի կողմնակիցներից շատերը ընդունել են, որ մրցանակի հանձնումը նրան սխալ էր … Մրցանակը չէր ծառայել իր նպատակին»:

Ներկայիս մրցանակը կարող է նաև կապված լինել Նոբելյան մրցանակի կազմակերպության սեփական#MeToo սկանդալի հետ, երբ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի լուսանկարիչը, ով մտերիմ էր Շվեդիայում գրականության գծով մրցանակային հանձնաժողովի անդամների հետ, մեղադրվում է սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ: Շվեդական հանձնաժողովը (որը հիմնականում անկախ է նորվեգական հանձնաժողովից) սկանդալի պատճառով չեղյալ հայտարարեց այս տարվա գրական մրցանակը

«Նրանք ունեն իրենց սեփական խնդիրները», – ասում է Քրեբսը: «Եվ մի գուցե դա է դեր խաղացել, որ Նորվեգիայի հանձնաժողովը նախընտրել ընդգծել պատերազմի ժամանակ  սեռական

բռնությունների թեման: Նրանք կարող էին հեռու մնալ #MeToo շարժումից, սակայն կար նաև «շվեդական սկանդալը»:

Այնուամենայնիվ, Քրեբսն ու մյուս դիտորդները վստահ են, որ մրցանակները քիչ ազդեցություն կունենան այն խնդիրների վրա, որոնց դեմ պայքարում են մրցանակակիրները: Երբեմն լինում է հակառակ ազդեցություն: 2003 թվականին մրցանակի արժանացած իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին 2009 թվականին Թեհրանի ռեժիմի կողմից աքսորվեց:

Քրեբսն ասում է, որ այս տարվա մրցանակը նույնքան քիչ ազդեցություն կունենա սեռական բռնության հիմնախնդրի վրա թե պատերազմի և թե խաղաղության օրերին:

«Մի կողմից, գնահատելի է Նոբելյան կոմիտեի աշխատանքը` տարբեր հարցերի վրա  ուշադրությունը գրավելու առումով, բայց համոզված եմ` ԻՊ-ին դա քիչ է հետաքրքրում»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment